Չխըկ, չխըկ, չխըկ… Համակարգչի ստեղնաշարի չխկչխկոցը խաղում էր քնածների նյարդերի հետ: Սովետական հասարակարգում ծնված ծնողների համար ինֆորմացիայի այս ցաքուցրիվ դարաշրջանը անհասկանալի քաոսի էր նման: Ժամանակին «Մոսկվան» կխոսեր, բոլորը լուռ կլսեին. աշխարհը ուներ ընդամենը «փրկիչ» բոլշևիկներին և «նզովյալ» կապիտալիստներին: Իսկ հիմա՞: Ֆեմինիստ, սոցիալիստ, պացիֆիստ, հոմոֆոբ, շատ գիտեմ, զոոֆիլ ու նման կարգի բառերի ու տեսակների տեղատարափը «հին» մարդկանց բանը չէ: Իսկ այս ջահելները անդադար մտնում են մի լուսավոր էկրանի մեջ ու սկսում պատռել ինֆորմացիայի շերտերը: Լիլին, լինելով Բժշկական համալսարանի ուսանող, կազմում էր ժամանակակից կրթված երիտասարդության մի մասնիկը: Միշտ ձեռքին էր սմարթֆոնը, որը ծնողների նվերն էր համալսարան ընդունվելու կապակցությամբ: Սոցիալական ցանցերի մեր մշտական անդամը մինչև ուշ գիշեր հազար ու մի հաղորդագրություններ էր ընդունում և ուղարկում: Ծնողները հաճախ էին բարկանում, թե բա՝ դասերը չի հասցնի սովորել, աչքերը կփչանան, և այլ հետաքրքրություններ կբացակայեն իր կյանքում: Ինչպես ցանկացած երիտասարդի համար, հին սերնդի խոսքերը ռադիոյի անպետք խշշոցի են նման: Ընդhանրապես ժամանակակից աշխարհում կյանքի շուրջ պատկերացումները արհեսատական քողով ներկայացնում են սոցիալական ցանցերում: Վերցրու ֆեսբուքյան էջդ, ավելացրու բազմաթիվ նկարներ, որոնցում դու ժպտում ես, շրջապատված ես ընկերներով, վերջապես անդադար գործերի մեջ ես, ինքդ քեզ երևակայիր հաջող և կայացած մարդու կերպարում: Իսկ երբ միայնության մեջ ես, ճանկռիր բոլոր պատերը, աստղերին գծիր ճանապարհներ հեռու երկրների, ձեռքերով գրկիր մութը ու մատներով շոշափիր ստվերը ու զգա, թե որքան արճիճ է լցված ծակ երազանքիդ մեջ: Բոլորը վազում են, Երկիրը անդադար վազքի հայրենիքն է, ու թե հանկարծ կանգնես շունչ քաշելու, կամ կընկնես օրերի հեղեղի ոտքերի տակ, կամ մի անորոշ բաժանում մամուռ կկապի սրտիդ վրա, ու կրկին կսկսես վազել: Լեզուդ՝ դուրս ընկած, թուքդ՝ չորազած, մի առու՝ բերանիդ անապատում, ու միակ փրկությունը վազքն է, և դու չգիտես՝ ինչպես սիրել, մեռնել, ապրել: Նա դեռևս քանդում է հողը՝ սեփական արմատները փնտրելու: Որքան երջանիկ ու հավատավոր է երիտասարդը ու որքան միամիտ: Ինչևէ, անցնենք մեր Լիլիին: Այս աղջիկը, թվում է, ուներ ամեն ինչ աղջկական աշխարհի իր պատկերացումները երջանիկ ու կատարյալ տեսնելու համար: Նրբակազմ էր, դարչնագույն մազերով ու արտահայտված աչքերով: Գիտեր տղամարդուն գրավելու նազանքը, կանացի կոկետությունը հաճախ էր իր շուրջը հավաքում երկրպագուներին: Բայց ի՞նչ էր նա ցանկանում: Սե՞ր: Չեմ կարծում: Նա փնտրում էր կյանքը: 20-ամյա աղջկա համար կյանքն ինքն իրենով մի խաղ է փոխադարձ ֆլիրտի ու արկածների շրջանում: Մանր հրապուրանքները այս շրջանում նման են նոր հագուստ փորձելուն, հոգնեցիր, գցիր: Միշտ կգտնվի նոր գույնի, նոր մոդելավորմամբ ու տեսակով զգեստ քեզ համար: Նույնն էլ մարդիկ: Միակը լինելու գաղափարը որքան էլ ռոմանտիկ իդեալ է թվում, այնքան էլ հնուց մնացած թանգարանային նմուշի է նման: Եվ վերջապես այսօր ոչ ոք այլևս ցանկություն չունի ապրելու սովետական պլանային կյանքի ժառանգությամբ, երբ տասնութդ լրանալուն պես արդեն գիտես սեփական «երջանիկ» կյանքիդ գծագիրը՝ համալսարանից մինչև թոշակ:
Մեր այս աղջնակը թիրախ էր համակուրսեցիների, թաղի տղերքի և բոլոր արական սեռի ներկայացուցիչների համար, որոնք բախտ էին ունենում շփվել նրա հետ: Երբեմն նկատում ես, որ դաշտում սփռված անհաշիվ ծաղիկներից հենց մեկի վրա են վխտում մեղուները: Մարդիկ էլ են այդպես: Եվ անհաշիվ sms-ների մեջ նա էլ ավելի էր փքվում իր մեջ և հայելուն նայելիս չէր հարցնում, թե կա արդյոք իրենից գեղեցիկը: Ինքն իրեն երբեք հարց չէր տալիս, թե կգտնվի մեկը, որ իր հետ անկողին կիսելուց հետո ցանկանա մի տանիք կապել սիրո գլխին և ոչ հեռանալ մի ուրիշ անկողին: Նա երբեք չէր մտածում, թե որտեղ է սկսվում իր կյանքի փաթեփավորումը, և որտեղ է ավարտվում իրական կյանքը: Նա չգիտեր՝ ինչ բառերով են փնտրում մարդուն, ինչ բառերով են հրաժեշտ տալիս, և այնքան ծանր էր նրան գիտակցել այս: Լիլին այս երեկո սովորականի պես կրկին համակարգչով չխկչխկացնում էր ստեղները և չէր էլ նկատել, որ արդեն գիշերվա ժամը 2-ն է: Ժպտում էի: Էկրանին հայտնված բառերը գրկել էին նրա հոգին:
SMS 1 – Լիլի, երեկ վերջացրի սցենարի վերջին հատվածը: Ֆիլմը կնկարահանվի: Կերպարի ստեղծման հարցում բավականին օգտագործել եմ քո մարդկային բնութագիրը, կերպարը: Կարծում եմ ՝ սա կլինի մի փոքր գաղտնիք մեր երկուսի համար:
Լիլի – Վահե, հիմա ասա, ասա, որ քեզ պետք եմ:
SMS 2 – Ի՞նչ կարևոր են բառերը: Պիտի հասկացած լինեիր ամենը: Սցենարը կտանեմ հաստատման: Ինձ են սպասում:
Լիլի – Երջանիկ եմ:
SMS 3 – Բարի գիրշեր, բարի երազներ: Ուրախ եմ: 🙂
Առավոտյան շուտ արթնացավ: Թե ինչի չքնեց, ինքն էլ չգիտեր:
Հարց – Ինչպե՞ս է մեռնում կյանքը:
Պատասխան – Դատարկությամբ:
Իսկ ինքը հիմա լցված է երազանքով ու թքած, թե նրան բնավ չի տեսել, չի շոշափել, աչքերի մեջ չի նայել ու չի զգացել նրա բառերի միջև ընկած դադարները: Ահա վերջապես եկավ իր սպասված 32 համարի ավտոբուսը: Ավտոբուսը բավականին լիքն էր, քանզի առավոտյան ժամերին ուսանողների ու աշխատողների հոսքը գեթ մի գրամ ազատ շնչելու տեղ չի թողնում: Հետաքրքիր է, չէ՞: Դու հանդուրժում ես ընդհանուրի գոյությունը, իսկ սեփական ես-ի քանդած մասերը փորձում ես ուրիշ հայացքներում փնտրել: Ստացվում է՝ դու լուծված ես մարդկանց մեջ, և մարդիկ՝ քո մեջ, և զուր է ինքդ քեզ հավատացնել, որ քո տեսակը իր ամբողջ էությամբ տարբերվում է մյուս մարդկանցից: Մարդիկ նման են միմյանց, և սա ամենապարզ ճշմարտությունն է, ուզում ես՝ եղիր արվեստագետ թե քաղաքական գործիչ, բիզնեսմեն թե ուսուցիչ:
Մի հարմար տեղ գտավ ավտոբուսի պատուհանի մոտ: Ամռան տապին բաց պատուհանը կյանքի է նման: Ապա շարժվում է ավտոբուսը, և քաղաքը քայլում է աչքերիդ: Նա թափառում էր փողոցներում, անցորդներին գոչում.
– Ես եմ կյանքը:
Նա վազում էր անցյալի փողոցներում, գրկում էր 15-ամյա աղջնակի գույները, որ ինչ-որ մի տեղ՝ մի կորած աշխարհում ապրում էին դեռ: Նա գրկում էր արևը, ստվերները ծառերի, մարդկան քայլերն անստույգ ու հասկանում էր, որ սիրում է կյանքը, որ լուսաբացը կաթում է զարկերակից, ու կյանքի անունը սեր է:
Լիլին հանկարծ աչքը գցեց դիմացը կանգնած երիտասարդին: Վայելուչ տեսք ուներ և դասական հագուկապի մեջ ընդգծվում էր նրա պահպանողական բնույթը: Դասական սպիտակ վերնաշապիկը ընդգծում էր նրա մարմնի խոշորությունը, և ցանկացած կնոջ հաճելի կլիներ զգալ նրա կենդանական ամրությունը: Աչքերի մեջ անդունդից փչող ինչ-որ արտահայտություն կար, որ խոսում էր նրա սքողված ներաշխարհի մասին: Սա բավականին գրավիչ էր հետախուզել սիրող կանանց համար: Լիլին անդադար նայում էր նրան և աշխատում միաժամանակ աննկատ մնալ: Նայում էր նրա այտամորուսին, մեկ էլ շտապ գլուխը թեքում վարորդի կողմ, ապա հպանցիկ նայում աչքերին: Այս խաղը ճանապարհը կես դարձրեց: Իսկ տեսնես ինչպիսի՞ն է Վահեն: Գուցե հենց նա է, բայց ոչինչ չի արտաբերում, որ չիմանա: Իսկ ինչու՞ է թաքուն պահում: Հոպ… հանկարծ շեշտակի արգելակեց, Լիլին սթափվեց: Չէ, սա նա չէ, Վահեն սիրում է իրեն կամ գոնե հրապուրված է:
Համալսարանում մտավ ֆեյսբուք: Ահա: Հաղորդագրություն:
SMS 1 – Բարև, Լիլի: Սցենարը հաստատվեց: Շուտով կսկսվեն նկարահանումները TVStar հեռուստաընկերության հետ համատեղ: Անչափ զբաղված եմ: Կգրեմ քեզ:
Լիլի – Վահե, ուզում եմ տեսնել քեզ: Որքան կարելի է այսպես:
SMS 2 – Լիլի, զբաղված եմ, քեզ համար ժամանակ գտնելը և պատմելը իմ այս ամենանվիրական գործից պիտի որ շատ բան նշանակեին քեզ համար:
Լիլի – Վահե, կգամ, կօգնեմ քեզ, կողքիդ լինեմ:
SMS 3 – Չէ, դու ինձ անգամ չես ճանաչում իրական կյանքում: Ժամանակը չէ: Լավ մնա: Կգրեմ:
Լիլի – Վահե, կսպասեմ քեզ: Չմոռանաս իմ մասին:
«Երևի թե ոչինչ չարժեմ նրա համար: Չէ, երևի զբաղված է», – մտածեց նա: Անշրջելի գիտություն էր դրոշմվել հայացքին: Դասի ընթացքում ցրված նայում էր գրատախտակին, կենսաքիմիայի դասախոսւ հասցրեց անգամ նկատողություն անել նրան: Լքեց լսարանը: Հեռվից մի ձայն լսվեց.
-Սպասիր: Գալիս եմ:
Արմենն էր: Համակուրսեցին: Սա մի համակրելի երիտասարդ էր, որը գիտեր նրբաճաշակության ու ազնվականության բոլոր հիմունքները, սակայն զգացական համակարգը հասցրել էր տաշվել կյանքի ցրտից: Բավականին սառնասիրտ էր, ու հաճախ էին ասում, որ նրա երակներով գերմանացու արյուն է հոսում: Նա վաղուց էր համակրում Լիլիին, բայց ոչինչ չէր ստացվում: Նա էլ աղջկա ետևից վազողներից չէր:
Լիլին կանգնեց: Մոտեցավ մեր համակրելի ազնվականը, բռնեց ձեռքից և ուղիղ նայեց աչքերի մեջ:
– Ցրված ես: Աչքերիդ մեջ քաոս եմ կարդում:
– Քո գործը չէ:
– Գիտեմ: Պետք չի կրկնել ակնհայտը: Բայց նաև գիտեմ, որ երբ սիրտս ցանկանում է մեկին, նրա տխրությունը առաջինը ինձ է փաթաթում մենությամբ:
– Ինչե՞ր ես խոսում: Սա ոչ սերիալ ա, ոչ թատրոն, ոչ էլ հանրայինի վատ թարգմանված ֆիլմերից:
– Լիլի, մի ստիպիր, որ գնամ: Էդ ապուշը ինձնից լավը չի: Հաստատ: Հա, աչքերդ էլ պլշած մի զարմացի: Գիտես, թե չեմ նկատու՞մ՝ ինչպես ես ամբողջ օրը sms-ները կարդում, մտածում: Անիմաստ է մտածել մեկի մասին, ում գոյությունը քեզ համար քո պատկերացումների հանրագումարն է, մինչդեռ իր համար պահի քմահաճույք ես:
– Ատում եմ քեզ:
Հեծկլտաց: Փախավ: Արմենը ինչպես միշտ վերցրեց սիգարետը և սկսեց ծուխը լցնել բերանը:
Երեկոյան կողմ սկսվեց սովորական դարձած գլխացավը: «Արդեն 1 ամիս է անցել, ինչ շփվում ենք, իսկ նա ուղղակի չկա, գոյություն չունի: Անգամ ցանկություն չունի ինձ տեսնելու»: Երբ ստացավ այդ խորհրդավոր հաղորդագրությունը, մտածեց, թե ահա հայտնվել է մեկը, ով հետաքրքիր ռիթմեր կտա իր առօրյային: Իսկ հիմա՝ ոչինչ: Ինչի՞ համար այդ գիշեր գրեց իրեն, թե ցանկանում է բացահայտել մի նոր աշխարհ, փնտրել մի նոր կյանք: Մարդկանց թվում է, որ նոր մարդու էության բացահայտումը նոր քամիներ կբերի մի ուրիշ կյանքի: Երբ նայեց Վահեի նկարները, թվաց, թե գտել է նրան, ում հետ կարելի է քամել կյանքի բոլոր կաթիլները: Իսկ հիմա ոչինչ, ոչինչ չկա:
«Երևի չեմ հրապուրում նրան, հա, սխալն իմ մեջ է»:
Լիլի – Վահե, այ Վահե, հայտնվիր:
SMS 1 – Էհ, Լիլի, ո՞նց ես: Շատ հոգնած եմ: Էնքան աշխատանք կա:
Լիլի – Լսիր: Մի ամիս առաջ, երբ սկսեցինք շփվել, կյանքը եռում էր մեր մեջ: Հիմա ոչինչ չկա: Անգամ ինձ տեսնելու ցանկություն չունես:
SMS 2 – Սխալվում ես: Քեզ ասացի: Վերջին շրջանում շատ եմ զբաղված:
Լիլի – Գիտե՞ս, կարող ա և ես եմ մեղավոր: Գիտեմ՝ ինչ կանեմ:
Անցավ 15 րոպե: Նկարները կատարված էին:
Լիլի – Տեսնու՞մ ես ինձ: Մերկ եմ: Կգաս ու կարձակես կրծկալս: Ձեռքդ կսահի իմ վրայով, շուրթերդ կհամբուրեն կուրծքս, մարմինս, կսիրես ինձ:
SMS 3 – Լիլի, գեղեցիկ ես: Անչափ: Կսիրեմ քեզ:
Լիլի – Ե՞րբ հանդիպենք:
SMS 4 – Վաղը: Տեղը կգրեմ այսօր:
Հետաքրքիր է, չէ: Կինը փայլեցնում է բոլոր զենքերը, ամբողջ մարտակարգով պատրաստվում ահեղ ճակատամարտի, բայց մի փոքր քնքշություն սիրած տղամարդուց, ու զինադադարը դառնում է անխախտելի սովորություն: Ընդհանրապես կանացի աշխարհը սկսվում և ավարտվում է զգացմունքի մեջ, մինչդեռ տղամարդու համար զգացմունքը հերթական կարիք է, ինչպես ծխելը, խմելը:
Երեկոյան 7-ին, ինչպես պայմանավորվել էին, սպասում էր հյուրանոցի դիմաց: Իսկ նա չկար: Արդեն նյարդայնությունից կրծում էի եղունգները: Զանգ եկավ:
– Կուշանամ, Լիլի, մի 20 րոպե, մտիր ներս, էսօր քեզ շատ եմ սիրելու:
– Երջանիկ եմ, կսպասեմ:
Երջանկությունից փայլող աչքերով մտավ սենյակ: Որոշեց անակնկալ մատուցել: Ցնցուղ ընդունեց և ամենակրքոտ ձևով հագավ ներքնազգեստը: Արդեն 1 ժամ էր անցել, նա չկար: Վերցրեց հեռախոսը, զանգեց: Կրկին չկար: Սպասումը սկսեց կրծել առաստաղը, պատերը, հատակը սկսեց ընկղմվել սպասման ճահիճի մեջ:
«Սա ինձ ձեռք է առնում, ատում եմ սրան»:
3 ժամ անց հեռացավ հյուրանոցից: Ճանապարհին փղձկաց: Իրեն մի էժան ու լքված պոռնիկ էր զգում: Թեթևաբարո աղախին: Տեսնես՝ որտե՞ղ է սկսվում ու ավարտվում ամենապարզ հույսը: Հույսը երբեմն բորբոսի պես պատում է մեր սիրտը, և նրանից ազատվելու միակ ձևը սեփական սիրտը ծամելն է:
Տուն էր հասնում արդեն: Մտքերը զբաղված էին: Դեմքից հուսահատություն էր ծորում: Մտավ բակ: Հանկարծ մի սպիտակ մերսեդես կանգնեց, դուռը բացվեց:
– Արի, խնդրում եմ:
– Գնա, – ճչաց, – գնա: Արցունքները հոսում էին:
Դուրս եկավ մեքենայից: Գրկեց: Համբուրեց: Տարօրինակ հանդիպում էր: Առաջին անգամ հանդիպել մարդուն ու զգալ մի ամբողջ կյանք, կիրք, ատելություն, սեր ու հիասթափություն: Քիչ կպատահի:
Առավոտյան արթնացավ զարթուցիչի զնգոցից: Երջանիկ էր: Դեռևս զգում էր նրա գալարվող մարմինը իր վրա: Կեսգիշերին էր վերադարձել: Մի լավ կռվել էր ընտանիքի հետ: Բայց երջանիկ էր: Երջանկությունը չեն դատում, ինչպես էլ որ լինի: Շտապում էր դասի: Երջանիկ մարդիկ այնքան հեշտ են ներում:
Երթուղայինի մեջ մտովի գծում էր նրա աչքերի օղակները, ձեռքերի կոշտությունը ու անդիմադրելի ջերմությունը: Ապա զարթնում էր մի տագնապալի մտքի մեջ: Քնել լրիվ անծանոթի հետ: Խելագարություն է: Կրքով պատռված մարդուն առաքինության լոզունգները առավոտյան քնահարամ ճանճի են նման: Փորձիր խլել կրքի առարկան, ու ինչպես շունը իր ոսկորի համար, այնպես էլ մարդը կտոր-կտոր կանի քեզ: Իսկ կանայք երբեք չեն ների նրան, ում մեջ իրենց փշաքաղությունն են տեսել:
Հանկարծ զարթնեց թմրությունից, երբ աչքին ընկավ համալսարանի կանգառը: Մարդկանց կուտակված ամբոխի մեջ ենթագիտակցորեն ծանոթ հայացքն էր փնտրում: Չկար: Ծանոթ ձայնն էր փնտրում: Չկար: Ծանոթ բույրն էր փնտրում, չկար: Անհասկանալի երևույթ է կյանքը: Հայտնվում է մի անծանոթ դիպչում հոգուտ խաղաղության հասկերին որպես քամի, ու այլևս չես կարողանում սանձել կրքի փոթորիկը:
Մտավ համալսարան: Ահա Արմենը: Սառը ու անկենդան հայացքով նայում էր իրեն: Ոչինչ չասաց: Գրեթե հեռացել էր, երբ հետևից լսեց կծու շպչտված մի քանի բառ.
– Սիրում եմ թեթևաբարո կանանց:
Լիլին ջղաձգվեց: Չպտտվեց ետ: Լսեց նրա ծիծաղը: Արագ քայլերով փախավ: Նայում էր մարդկանց: Էլ ո՞վ գիտի, ո՞վ: Դեմքին խաղում էր կապույտ հուսահատություն:
Բացեց հեռախոսը: Ոչ մի հաղորդագրություն չկար: Նկարը տեսավ: Ֆիլմի նկարահանումները սկսվել էին: Որոշեց գրել նրան:
Երեկո էր: Ոչ մի պատասխան չկար: Հրաբխի ժայթքումից հետո լռությունը գերեզմանի է նման: Երեկ նրա հետ պառկած էր մի անկողնում, այսօր էլի անհետացավ, և էլի ոչ մի լուր չկար: «Չէ, վաղն անպայման կգնամ հեռուստաընկերություն, կփնտրեմ նրան, կգտնեմ ամեն գնով: Սիրում եմ քեզ: Գիտեմ, որ դու էլ ինձ: Անպատճառ»:
Կեսօր էր: Տաքսին կանգնեց մի մեծ շենքի առջև: Ահա հանրային հեռուստաընկերությունը: Ժպտաց: Մոտեցավ անվտանգության աշխատողներին: Անունը տվեց: Չճանաչեցին: Զարմանք պատեց և դժգոհություն:
Ներսում՝ հանդիսությունների սրահում, նոր հաղորդման նկարահանման պատրաստություններն էին: Ներսում՝ լիքը ամբոխ: Աչքերը դարձել էին մանրադիտակ: Երբ ցանկանում ես հագցնել կարոտդ, ամեն անկյունում սիրելի հայացքն ես գտնում: Հուսահատ կինը վիրավոր հովազի է նման, չի խնայի ոչ մեկին իր ճանապարհին:
Վերջապես ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում մի կիսաքանդած շինությունում: Հասցեն վերցրեց: Որոշեց անհապաղ այցելել: 20 րոպեից տեղում էր: Ցավոք նկարահանումները վերջացել էին: Ասացին՝ վաղն այցելի:
Մոտակա 2 շաբաթը սկսել էր անտանելի ջղաձիգ դառնալ: Չէր շփվում ծնողների հետ, կոպտում էր: Երբ հուսահատ ես, ինքդ քեզնից փախչելը թվում է միակ փրկությունը: Դու չես ուզում լսել անունդ, չես ուզում, որ հիշեն քո անունով մեկին: Սեփական գոյությունդ ամենամեծ ծանրությունն է թվում ուսերիդ:
Երեկոյան էլի զանգեց: Ոչ մի պատասխան: Հաղորդագրություններին կրկին պատասխան չկար:
«Կգտնեմ քեզ, սրիկա»:
Հաջորդ օրն իսկ այցելեց կիսաքանդած շինությունը: Նկարահանման հրապարակում մի ջահել կնոջ մոտեցավ:
– Սցենարիստ Վահեին գիտե՞ք:
– Իհարկե, ամուսինս է:
Սփրթնեց: Ինչպես թե: Չէ, շփոթում եմ երևի: Սա ուրիշ Վահե է: Ախր նա ամուսնացած չէր կարող լինել: Այդ պահին ջահել կինը կանչեց ամուսնուն: Նա էր: Վահեն քմծիծաղ տվեց: Սիրելիս ողջունեց, ապա ասաց, թե շատ ուրախ է նրան տեսնել: Կնոջը ծանոթացրեց, ասաց, թե ամենամոտ ընկերներից է:
Երեք օր է անցել, ինչ զանգեց նրան, հանդիպել ուզեց: Երկրում եղած բոլոր բառերով նզովեց իրենց միջև առկա բոլոր թելերը կրքի ու զգացմունքի: Ամեն ինչ ավարտվեց: Որքան հեշտ է քանդվում ավազե դղյակը, մինչ դու մի ամբողջ էսթետիկայով նրա զարդանախշերն էիր ուղղում:
Մեկ ամիս անց ինքը զանգեց: Զարմանալի է, բայց կանայք ամենավերջին տղամարդուն կարող են փրկել հանուն կրքի և սպանել մի ազնվական այրի, ում ուղղակիորեն չեն կարողանում ընդունել սեփական ցանկությունների օվկիանոսի: Ամբողջ գիշեր Լիլին նրա գրկում էր: Հեռացավ: Այս անգամ վերջին գիշերն էր:
Այս պատմությունից 3 ամիս հետո եկավ ինձ մոտ: Հոգեբան էր ցանկացել: Ինձ էին խորհուրդ տվել: Որոշել էր դիմել աբորտի: Մեղավոր էր զգում: Մեկ շաբաթից ամուսնանալու էր: Ասում էր՝ երաժիշտ է: Սիրում է իրեն: Հարցիս, թե իսկ ինքը սիրում է արդյոք, չպատասխանեց:
Էմոցիաների հիասքանչ խառնուրդ ապրեցի. ներսումս ժամանակակից կյանքի բույրը զգացի: