***
Հերոսից մինչև հակահերոս
Մեկ ակնթարթ է,
Եվ գնալ թե մնալ
Հարցի մեջտեղում
Տխուր է ավելի։
Գեղեցիկ հրաժեշտը
Տրված է կիսատ թողնելու համար,
Իսկ ես մինչև վերջ սիրում եմ,
Եվ կործանվելը լավագույն
Վերջաբանն է ինքնության։
Կան չտրվող հարցեր,
Որոնց պատասխանը
Շշուկով մրմնջում են,
Երբ հատվում ես բոլոր բառերին,
Բոլոր բառերը
Ծակում ես ասեղներով
Բացված ամենափտած նյարդի,
Ու թողնում,
Որ իմաստի կորուստը
Մարմինդ ծածկի
Անհրաժեշտաբար,
Հետո փակում ես հայացքները
Նոր ծնվող բոլոր հարցերի,
Որ հերոսից հակահերոս դառնալիս,
Այլևս ոչինչ չփորձես փրկել,
Երբ գնալ թե մնալ
Հարցի մեջտեղում
Տխուր է ավելի։
***
Ամեն օր վազում էի,
Աշխատանքի շտապելիս
Վազում էի,
Տուն դառնալիս,
Վազում էի,
Երկնքից երկիր,
Երկրից երկինք
Նկատում էի միայն
Վազքի փոշին,
Երբ մի օր ասացին,
Որ իմ կառուցածը
Քամին էր միայն
Ակնթարթի։
***
Անտարբերությունը
Սողում է ինձ մոտ,
Պատուհանների վրա է իջնում
Նոր բացված արևի հետ,
Ծածկում է ինձ անկողնում
Որպես տաք վերմակ,
Հագուստիս հետ կրում է մարմինս,
Կոշիկիս տակ է ընկնում հանկարծ,
Սողում է կտուրն ի վեր,
Ծխնելույզից նվերներն է գցում
Գալիք տարվա,
Ու ես չգիտեմ
Ինչպես կոչեմ նրան,
Երբ անունդ է տալիս։
***
Հիմա շատ են գույները,
Պսպղում են փայլերը
Պարանոցիդ,
Ու լավագույն շպարդ
Ազատությունն է,
Թելերի կծիկը քանդեցի,
Ու հիմա անծանոթ մի դեմք
Ձևում է զգեստները բառերի,
Որ թողել ես հեռվում
Լույսերից դուրս,
Փայլերից դուրս
Ու մերկ։
***
Իզաբելը փնտրում է խաղալիքները,
Իսկ ես շատ եմ հոգնել
Նույն սենյակում թաքցնել
Ամանորյա պսպղուն տուփը,
Ուր ապրում է նա,
Նամակները
Ու չկարդացված գրքերը
Չգրված երջանկության մասին։
***
Ոչ ոք չի ընտրում
Միայնությունը,
Պարզապես բառերը մի օր
Հագնում են վերարկուդ,
Կապում են փողկապդ,
Ու անունդ գրպանում պահած
Գնում են իմաստ որոնելու,
Մակագրված գրքերդ
Վերցնում են անունները
Ու կուլ տալիս ամսաթվին,
Դու ծնվում ես,
Որ ապրես մի կյանք,
Ուր արդեն ծնվել են
Փրկելու համար
Մեկ ուրիշի դատարկությունը,
Ու որքան սառն է փչում քամին,
Նոր հասկանում ես
Ինչպես փնտրել
Ջերմությունը։
Ոչ ոք չի ընտրում
Միայնությունը,
Մինչ քեզ չեն հիշեցնում
Նորից շոշափել սառույցը ներսիդ։
***
Քո մազերից կախվել են արեգակները
Նոր աշխարհների,
Հիմա քանդվում է ամենը,
Ու թվում է՝
Փոշին ընթացքն է
Նոր ժամանակի։
Հիմա քանդվում է
Մարմինը ետ թողածի,
Ու բոլոր անտառները
Լիքն են լույսերով պսպղուն,
Որ չգիտես զատել
Լուսատտիկը երազանքից,
Գայլը աստղի ցոլքից,
Հիմա մազերիցդ կախվել են
Արեգակներ
Նոր աշխարհների,
Ու ջարդվող բառերի կողքին
Փոշին նման է
Երկնքին։
***
Մենք վազում էինք,
Ու միասին լինելը
Շունչ քաշելու ակնթարթն էր։
Օրերի վրա վազում էինք,
Բառերի փեշերից կպած,
Էմոցիաների կեղևը բերաններս առած
Իրար հետ տուն գտնելու հույսով
Վազում էինք։
Ինձ պայուսակ նվիրեցիր,
Չապրած բառերը լցնում էինք մեջը,
Կիսատ օրերը լցնում էինք մեջը,
Իրար թողածը լցնում էինք մեջը,
Ու տուն գտնելու հույսով
Վազում էինք։
Վաղուց էր,
Հիմա մոռացության փողոցում
Տունն է վազում մեր փոխարեն։
***
Քեզ հիշելը անչափ սիրուն է,
Ձյան վրա քայլող հետքի նման,
Տերևից կախված անձրևի կաթիլ,
Ծաղիկների վրա օրորվող
Մի կարմիր զատիկ,
Չէ, քեզ չեմ կորցնի
Ու օրացույցին նշան կանեմ,
Քեզ հիշելու տարելից։
***
Երբ ասում են,
Թե տարիքի հետ
Բոլոր ռոմանտիկները
Դարձի են գալիս,
Ես գրում եմ հերթական կտակը
Ու ժառանգություն թողնում
Այս պատահական օրը նրան,
Ով մի 100 տարի անց
Միայնություն կփնտրի։
***
Ամեն առավոտ
Սպասում եմ,
Թե երբ պիտի
Բոլոր լրատուներն
Աղաղակեն,
Որ թույլատրված է
Ապրել ապրելու համար,
Ծնվել ծնվելու համար,
Ու իմաստավոր զոհվելը
Արգելված է արդեն։
***
Իվերջո
Ես էլի վերադառնում եմ քեզ,
Վազելով, չոքեչոք,
Հողին թավալ տալով,
Որովհետև ձանձրանում եմ,
Որովհետև չգիտեմ ինչպես
Լինել ու չլինել քեզ հետ,
Լույսի հետ մարել,
Թե ծնվել քեզ հետ,
Թևաթափ լինել,
Թե հառնել քեզ հետ,
Մարդկանցից դուրս
Ես դաշտում ընկած
Ստվեր եմ բույսի
Ու շնչում եմ օդը
Ազատ քամիների,
Մարդկանցից ներս
Սրճարան եմ ու փաբ,
Ու գլուխս պայթում է
Անկապ բառերից,
Ասում են՝
Ժամանակի շունչը դարձիր,
Իսկ ես հող եմ
Ու մի քիչ ծանր,
Հիմա որ
Աներևույթ կարոտել եմ,
Քեզնից հետո քեզ ապրելը
Փորձում եմ գտնել։
***
Քեզ հետ չլինելը
Դառնում է սովորություն,
Կեսգիշերին
Քո բոլոր շերտերը
Ամեն օր ծխելը
Դարձել է կյանքի լիություն,
Հիմա գիտեմ
Ինչպես տիրել
Խաղաղությունը
Հիշողությամբ
Գույնի։
***
Ժամանակն արագ է անցնում
Դուռը փակելիս,
Ձեռքդ դեռևս թակում է օդում
Որպես սովորություն,
Շատ հանկարծ գնաց,
Զգեստները թափված մնացին
Առավոտյան,
Հայելու մեջ մնաց սիլուետը
Թափթփված խաղաղության,
Ու պրկված են
Ջղերը համբերության,
Ու լռության վրա
Սուրծայր շեղբերը
Շատ են պրկված,
Դրսում պատերազմ է,
Իմ մեջ պատերազմ է,
Շատ հանկարծ գնաց,
Իսկ ես իրերն եմ հավաքում
Դեռ անցած օրվա։
***
Քեզ հետ
Վերջից սկսվեց,
Երբ բառերը ստերջ էին
Ու արյուն էին թքում
Չծնված կյանքից,
Դու գիտես
Անցյալի երակները
Լռությամբ շոշափել,
Դու գիտես
Մահից հետո
Ինչ շշուկով խոսել
Կյանքի մասին,
Դու գիտես
Ինչպես բացել դուռը,
Երբ ներսում
Թակոցի ձայնը
Սրտաշարժ է անում
Լռությունը,
Քեզ հետ վերջից սկսվեց,
Ու գուցե անհեթեթ էր
Սկզբից հետոն
Ապրել։
***
Հիմա գալիս են ու գնում,
Ու իմ ու քո միջև
Արդեն անուններն են ձգվում
Որպես չափման միավոր,
Բոլոր օրերում,
Ուր գալիս են մարդիկ,
Ու խեղդվում են
Չծնված,
Ինչպես արյունը երակներում,
Դու ամեն օր վազում ես իմ մեջ,
Մաշկիս տակ,
Արագ ու աներևույթ,
Հիմա առավել հեշտ է
Քեզ բառերի մեջ գտնել,
Երբ բառերից դուրս
Ոչինչ չկա փնտրելու,
Հիմա գալիս են ու գնում,
Ծխախոտի ամեն հատիկում,
Մի քիչ աշխարհն է այրվում,
Մի քիչ կրկնությունը
Չլինելուց հետո
Նորից ապրելու,
Հիմա գալիս են ու գնում,
Ու կյանքն արդեն
Միջանցք է ելումուտի
Բոլոր մարդկանցից հետո,
Բոլոր մարդկանցից առաջ։
***
Երբ մի օր նորից
Վայրկյանի դողով
Հպումը կլցնի մարմինդ
Հիշողությամբ քնքշության,
Ինձնից մի մասնիկ
Կորցրու բառերիդ նկուղներում,
Որով շոշափել ես
Կյանքի մեր ժամանակը,
Ու բաց թող բոլոր նրանց,
Ովքեր մարմնիդ քարտեզին
Կկորցնեն երազանքը
Քեզ մոտ վերադարձի,
Երբ գնացողների ոտքերը
Շտապում են առավել արագ,
Երբ գնացողի ոտքերը
Հետքեր չունեն ինքնության,
Ու վայրկյանի դողը
Ներդաշնակության
Այլևս չի փնտրի քեզ,
Այլևս չի փնտրի
Խաղաղությունը
Մարմնի ու հոգու
Միջև ընկած։