Վարդան Հակոբյան | Հեռուն իմ հայրենիքն է

 

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Այսօր բանաստեղծ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը կդառնար 75 տարեկան: Հավերժ հիշատակ և խոնարհում…

 

***
Երբ մոտեցավ, այնժամ
զգացի, թե
որքան հեռու եմ իրենից։
Ինչ գեղեցիկ, անսահման է
հեռուն՝
տիեզերքից մեծ։
Ես ծնվել եմ հեռվում,
հեռուն իմ հայրենիքն է։

 

***

Քաղաքակրթությունը մարդուն դարձրել է
ավելի վայրենի, քան այն ժամանակ,
երբ նա վայրենի էր:
Խաղաղություն երբեք չի հաստատվում
աշխարհում,
լինում է անվերջ, անդադար պատերազմ:
Մարդու փրկությունը միայն նրա մահն է։
Ամեն ինչ թվացյալ է՝ և ժպիտը ծաղկի,
երբ նվիրում ենք,
և լացը ծաղկի, երբ այն դնում ենք շիրմին:
Երկու դեպքում էլ սուտ է,
իրականում
ծաղիկը պոկելուց հետո մեռնում է արդեն:
Մարդն ակամա խեղաթյուրում է
իրականությունը
և երբ ուրախ է, ծագող արևի մեջ խինդ է տեսնում,
և երբ տխուր է, ծագող արևի մեջ տեսնում է սուգ։
Ադամն ու Եվան թե մեղքով չհանդիպեին,
այգին եդեմական չէր անվանվի։-
Սերը մաքուր է միայն թռչունների մեջ,
տեսնես ո՞վ է մարդուն զրկել թևերից:
Ամեն ինչ հարաբերական է,
թե ոչինչը, թե ամեն ինչը։
Թեև սեր չկա,
բայց սիրո երգերն այնքան շատ են:
Իսկ հայրենիքների պատերազմները
կապ չունեն
հայրենիքների պատերազմների հետ:
Առավել ևս՝ ժողովուրդների հետ:
Ցավալի է, բայց՝ ճշմարտություն՝ մարդ սպանելու
սովորական արվեստի մեջ
ամենակատարելագործվածը մարդասիրությունն է:

***
։չի իմացվում՝ որտեղից է
բացվում լույսն անակնկալ
և որտեղ է մայր մտնում
անսպասելի…
Դա արևելքի ու արևմուտքի
հարց չէ, այլ սիրո և ոչ սիրո։
Ծանր չէ տանել մութն ուսերիդ,
երբ գիտես, որ աշխարհում,
թեկուզ հեռու մի տեղ,
այնուամենայնիվ, ինչ-որ շող կա։

 

***
։թույլ տուր կրկին վերադառնալ քեզ մոտ
և ասել, որ չեմ հեռացել, երբ հեռացել եմ,
թույլ տուր կրկին վերադառնալ քեզ մոտ
և ասել երկու բառ՝ քեզ սիրում եմ,
թույլ տուր կրկին վերադառնալ քեզ մոտ
և… արժանանալ թեկուզ մերժումի։
Թույլ տուր կրկին վերադառնալ քեզ մոտ,
ոչինչ պետք չէ, պարզապես միասին լռենք։

 

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Թիթեռնակի թևերով մանկությունս թռչում էր
մեր դաշտերում, ձորերում, այնպես խաղաղ ու թեթև,
մինչև օրը հատնում էր, մինչև մայրս կանչում էր․․․
Մորս ձայնը հեքիաթ էր։

-Ջրի հերթը հասավ մեզ՝ Եխծուն տակե բոստանում,
լուսինն էլ, տես, դուրս եկավ, ասես սիպտակ մի վարդ է։-
Ձեռքս ափում՝ մայրիկս ինձ բոստան է տանում․․․
Մայրս լույսի հեքիաթ էր։

Ես կանգնում մեր մարգերում, ականջս՝ ջրի ձայնին,
և վեր թռում, կանչում եմ, երբ առուն հասնում է տեղ։
Մայրս երգում էր ջրի հետ՝ արխի մյուս ծայրին․․․
Մորս երգը հեքիաթ էր։

Իբրև մեծ եմ, հորս հետ քաշում եմ հոգսը մեր տան,
օջախի տղա դառնում ու լույս տվող մի կանթեղ։
Վարում, ցանում, հնձում եմ․․․ Միայն մայրս միշտ ժպտա․․․
Ժպիտն իմ մոր հեքիաթ էր։

Երբ ամառ է, գիշերը պառկում եմ տան կտուրին ՝
հայացքս վեր՝երկնքին,փորձում եմ աչք չթարթել,
գորովանքով մայրս ինձ ծածկում է-ոնց բարուրի․․․
Մորս ձեռքը հեքիաթ էր։

Քնում եմ՝չգիտեմ ոնց-աստղերի հետ ոտուծոց,
խոստանալով ինքս ինձ՝ արեգակից շուտ զարթնել…
Բայց շատ երկար քնեցի… Գաղտնիք չունեմ Աստծուց․․․
Կյանքս մո՞ւժ, թե հեքիաթ էր։

Ինձ իմ ձիու պոչից կապած քարշ տվին ամենուր
(խե՜ղճ իմ ձի), ծանակեցին, մաշեցին հոգիս թել-թել։
Ինչու է այսքան դաժան վերջն ու այսքան տխուր,
թե աշխարհը հեքիաթ էր։

Թիթեռնակի թևերով մանկությունս թռչում էր
մեր սարերում, ձորերում, այնպես ազատ ու թեթև,
մինչև օրը հատնում էր, մինչև մայրս կանչում էր․․․
Մորս ձայնը հեքիաթ էր։
2020թ․

 

***
Անձրևի ամբողջ հմայքն ապրեց ծառը՝
կաթիլ առ կաթիլ,
տերև առ տերև,
նրա հետ գնաց մինչև աշխարհի ծայրը:
Բայց… հետո անձրևն այլևս չերևաց,
ծառը չորացավ:
Իսկ ժամանակ անց, երբ անձրևը եկավ,
հեծեծաց երկար,
ծառի արմատի վրա մի փոքրիկ բողբոջ
բացեց աչքն ու շշնջաց.
-Գիտեի, որ կգաս:

 

***
Օրվա մեջ հանգիստ տեղավորվելու համար
պետք էր իմ բեռը որոշ չափով թեթևացնեի,
ինչ-որ բաներ դեն նետեի,
ասենք, ուսապարկս ճամփորդական,
թեև այն դատարկ էր բացարձակապես,
ինձ վրա բևեռված հայացքները,
որ աներեսաբար կպել էին թիկունքիս,
մտքերս, մանավանդ՝ դատարկությամբ լի,
հույսս, որքան էլ այն առանձնապես
տեղ չգրավի իմ ընդհանուր կառույցում,
բարությունս, որ ժառանգություն էր
հայրական, և որի շնորհիվ մարդիկ
մեկ-մեկ ինձ շփոթում էին
«Ապուշի» Լև Նիկոլաևիչի հետ (թեև
համոզված եմ ՝ կյանքում Դոստոևսկուն
շատերը չեն էլ կարդացել),
խիղճս, որ անգամ ինձ է խանգարում միշտ՝
տեղի-անտեղի գլուխը դուրս հանելով,
ճշմարտախոսությունս, որ ամենուրեք
իմ դեմ փակում է ճանապարհները…
Բոլորը չթվեմ, ուղղակի ասեմ, որ մի կերպ
ազատվեցի այս ամենից, բայց դարձյալ
օրն ինձ իր տիրույթներում չընդունեց,
պարզվեց, որ սերն է այն մեծագույն բեռը,
որը ես պիտի անհապաղ թոթափեի…
Սկզբում հեշտ էր թվում, բայց հետո տեսա, որ
դժվար է այն սրտից պոկել, չի ստացվում,
մնում էր ինքս ինձնից հրաժարական տալ,
ինչը և արեցի՝ անսալով ընկերներիս հորդորը։
Հիմա օրվա բոլոր տարածքները իմն են, բայց
ես բացակայում եմ ինձնից, ես արդեն ես չեմ։
2020թ․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *