Մհեր Արշակյան | Հետքրիստոնեական մարդը


Մարդը պետք է սովորի ուղիղ նայել դատապարտվածության աչքերի մեջ: Եթե նրան չեն ուզում փրկել, նա պետք է ընդունի դա, եթե նրան չեն ուզում սիրել, նա պետք է հաշտվի սրա հետ:
Մարդը Աստված լինելու անասնական պոտենցիալ ունի: Եվ այդ անասնականության մեջ նրան ոչինչ հիշել պետք չէ: Մարդը մի անասուն է, որը չի կարող և չպետք է որոճա անցյալը: Ընդունել ի գիտություն բամբասանքը, չարը: Պետք չէ թքել մարդու երեսին, որը վիրավորել է ձեզ: Բավական է, որ փակեք նրա էջը մինչև վերջ, չի եղել նա ու չի լինելու: Վերջ ներողամտությանը:
Հետքրիստոնեական մարդն այլևս չունի հենակետային համակրանքներ, դա այն մարդն է, որն այլևս չպետք է խցանվի ապագայի մեջ: Նրա համար չկա անցյալ, ներկա, ապագա: Նա ընդհանրապես մերժում է ժամանակը: Հետքրիստոնեական մարդն ինչ-որ իմաստով մարդն է, որն սկսում է մինչև քաղաքակրթական առաջին քայլը, այսինքն, նետված քարին պատասխանում է պատասխան քարով: Այդ պատասխան քարը հաճախ ուղղակի լռությունն է, նույնիսկ համաձայնությունը վիրավորանքի հետ: Միայն թե այդ մարդը ջնջվում է, վերջ, նա գոյություն չունի նույնիսկ իր չեխովյան ներողություններով:
Հետքրիստոնեական մարդը «բազարներ» չունի, նրան պետք չէ, որ իրեն հաշիվ տան:
Հետքրիստոնեական մարդը հաշվետու չէ, նա չի ապավինում դիմացինի ըմբռնմանը: Եթե նրան սխալ են հասկանում, կամ ընդհանրապես չեն հասկանում, նա բացատրությունների կարիք չունի, հեռանում է դիմացինին կես բառի անգամ չարժանացնելով:
Հետքրիստոնեականն այն մարդն է, որը սրբորեն հեռու է մնում Քրիստոսի քննություն չբռնող դիրեկտիվներն ապականելուց: Այս մարդը պարտքեր չունի և բացարձակապես խաղադրույքներ չի անում արժանապատվության խնամքի վրա, նրա համար գլխավորը՝հեռու մնալ մարդուց, որը նրան կհիշեցնի Աստծո, Սատանայի և ուրիշների մասին, որոնք սովորեցնում են խաբվել:
Հետքրիստոնեական մարդը չափազանց նման է երկրի առաջնորդին, որն այդպես էլ դեմքով չի իմանալու նրանց, որոնց ինքը վերաբերվում է: Բայց նա վայրի մարդ չէ: Նա ուղղակի իր կյանքից դուրս է մղել պարտքը: Նույնիսկ Նարայամիի լեգենդի հերոսը պարտք ունի՝ ծերացող մորը հասցնել լեռան գագաթ, որտեղ նա պիտի մեռնի:
Հետքրիստոնեական մարդը ոչ մի պարտք չունի, նույնիսկ եթե ինքն այդ պարտքի մեջ է: Նա լինելու է մի օղակ խոշոր մարդասպանի և ճգնակյացի միջև, որտեղ երկուսն էլ այն չեն, ինչ որ կան: Այսպիսի մարդը գալու է գլխում ունենալով Ֆուկոյի «Ի՞նչ է ճշմարտությունը» հարցի պատասխանը, որը չի օգնում ապրել և կարեկցել: Սա այն մարդն է, որն ինքն իրենով զբաղվել է՝ նայելով աշխարհի դեմքին: Սա այն մարդն է, որը ճանաչել է ուրիշներին:
Հետքրիստոնեական մարդը ոչնչացնում է Դատարանն իր մեջ, որի հետ Սոկրատեսը հաշվի էր նստում: Նա չի ուզում լինել փիլիսոփա, կամ չի ուզում, որ փիլիսոփայությունը նրան հիշեցնի ապրելու խոչընդոտների մասին:
Հետքրիստոնեական մարդն իր խիղճը տնօրինելու է սիրով՝ այդպես էլ չցցվելով ոչ մեկի առաջ:
Հետքրիստոնեական մարդը Ժողովողն է, որը նախաքրիստոնեական մարդը չէ: Վերջ Հիսուս Քրիստոսին: Նոր աստվածությունը կրկին առաջ է մղելու ունայնության զգացումը հենց այն պատճառով, որ ոչինչ հավերժ չէ:
Իր սեփական հոգում ի՞նչ ունի փնտրելու հետքրիստոնեական մարդը, եթե մինչ այդ բոլոր մեղքերը գործվել են, բոլոր մարդիկ ծնվել են, բոլոր սերերը սիրվել են, իսկ աշխարհն ավելի վատն է, քան կարելի էր երևակայել:
Էպիկուրականները ճիշտ են, երբ ասում են, թե երբեք ուշ չէ տիրապետել սեփական հոգուն: Բայց առանց ժողովողյան ունայնության, սեփական հոգին միշտ ուրիշի Խաչն է քո ուսերին:
Սենեկան էլ է ասում՝ գնա դեպի քո հոգին:
Հիսուս Քրիստոսը նշում է Երկնային Արքայության ճշգրիտ հասցեն:
Հետքրիստոնեական մարդը բնավ կարիք չունի լինելու լավ մարդ: Բավական է, որ նա չլինի վատը: Մարդն ամենևին էլ ունիկալ չէ որպես հասարակական էակ, նա ունիկալ է, երբ գիտի դիմացինին հանգիստ թողնելու կոչումը իր մեջ: Այդ կոչումը նա չունի ուրիշի հանդեպ, այլ միայն՝ իր մեջ: Ահա այստեղ է սկսվում ազատությունը, որը չի վնասում ուրիշին:
Հետքրիստոնեական մարդը Հիսուս Քրիստոսից վերցնում է սոսկ մեկ ընկալում՝ մի վնասիր: Պատվել հորն ու մորը, չշնանալ մտքում, չգողանալ, սիրել մերձավորին, ապրել աղոթքով. սրանք արդեն երկրորդական են: Սրանք արդեն իրականացված են по сути своей:
Հետքրիստոնեական մարդը ասկետ չէ, նա իր հաճույքները զսպելու կարիք չունի, հենց նույն պատճառով, որ ամեն ինչ ունայն է՝ և այն, ինչ եղել է, և այն, ինչ կա, և այն, ինչ կլինի: Բայց արդյո՞ք հետքրիստոնեական մարդը հենց նա է, որը ճանաչել է ինքն իրեն, արդյո՞ք նա բավարար գործիքներ ունի ապրելու մի աշխարհում, որտեղ ոչ մեկն այլևս իրեն չի վերաբերվում:
Հետքրիստոնեական մարդը, հիշենք, ինքն իրենից չի հրաժարվում, նա հրաժարվում է ուրիշից, որին ոչնչով օգնել չի կարող: Նրա գլխավոր իմացությունն այն է, որ ինքը մեկ հոգի է:
Կազանձակիսն ասում է, թե այս օրին հասած աշխարհում մարդ լինելը բավարար չէ, պիտի և Աստված լինես, և Սատանա, որ դիմանաս: Կազանձակիսը խոսում է ինքն իրեն չբավարարող մեկ հոգու մասին:
Հետքրիստոնեական մարդը բացարձակ դիսկուրսիվ չի լինելու, նա կդառնա չափազանց տարողունակ մի մենակություն, որի բոլոր կռիվները տրվել են իրեն անհայտ մի անցյալում և այսօր նա իշխում է իրեն երբեք չվերաբերած պարտությունների վրա: Դիցուք, եթե հետքրիստոնեական մարդը տեղեկանա, որ Աստված իսկապես չկա, նա ընդամենը մտքում կասի՝ ինչ արած, Աստված ձեզ հետ: Լինել մեկ հոգի, նշանակում է ընդունել մյուսի հաղթական չվերաբերվածությունը, նա մի մարդ է, որին աշխարհում ոչ ոք չի վերաբերվում, որոնցից ոչ մեկի հետ ինքը կռիվ չունի:
Հետքրիստոնեական մարդու իրականությունում մնացել է միայն մարդը անկախ նրանից՝ Աստված կա՞, թե ոչ: Դա նրան այլևս հետաքրքիր չէ, որովհետև ամբողջ աշխարհում մարդը միակ մեծամասնությունն է առանց աստվածների, Աստծո կամ հոգևոր որևէ հենակետի… Նույնիսկ, եթե Աստված կա, հետքրիստոնեական մարդը ամբողջ էությամբ ապրում է առանց դրա, որովհետև նրա աշխարհում մարդը ոչնչացրել է ամեն ինչ, որին հենվելով նա տեղ կտար մյուսներին իր աշխարհում:
Ոչ մի Աստված չի կարող դժգոհել այսպիսի մարդուց և չի կարողանա մերժել նրան:
Հետքրիստոնեական մարդը մինչև ուղնուծուծը գիտի մյուս մարդուն, որը բոլոր բառերից որսում է միայն նրանք, որոնք շոյում են նրա պատիվը: Հետքրիստոնեական մարդու օրոք բառերը մնալու են իրենք իրենց հետ, դրանք ամեն առիթով չեն հնչի:
Հետքրիստոնեական մարդը անընդհատ փայլող ժպիտ է, որովհետև նա ազատագրվել է մարդուց, որն ունի արդարացումների կարիք, որն ուզում է լինել իրավացի, որը սեփական հաճույքի երկարացման համար պատրաստ է քծնել կամ սպանել:
Հազիվ, թե հետքրիստոնեական մարդն իր կյանքից դուրս մղի Աստծուն, եթե նույնիսկ ապացուցվի, որ նա չկա: Պարզապես և Աստծո լինել-չլինելը, և նրան հավատալ-չհավատալն այլևս ոչ մեկի գործը չէ: Ինչ-որ մեկն ի վերջո շատ համոզիչ է լինելու այս ամենում և մարդիկ բռնելու են նրա պոչից որպես ինտելեկտուալ առումով հուսալի մերձավորի:
Երբ ասում եմ, որ նա կարող է ապրել առանց Աստծո, նկատի ունեմ, որ նրա Աստծուն հնարավոր չէ ճանաչել երկրորդ մարդու մեջ:
Հետքրիստոնեական մարդն ավելի շատ նման է հատուկ ծառայությունների կողմից բացահայտված և ձերբակալված օտարերկրյա անվտանգության գործակալի, որը ոչ մեկին ոչինչ չունի ասելու: Հետքրիստոնեական փիլիսոփան չի լինելու Սոկրատես, նույնիսկ եթե համալսարանի դասախոս է: Այսինքն, նա երբեք իր շուրջը մարդկանց չի հավաքի:
Եթե Կամյուի ընդվզող մարդը իրավիճակներին ասում է «այո» կամ «ոչ», հետքրիստոնեական մարդուն մի բառն էլ հերիք է՝ լավ: Մնացած ամեն ինչը նրա աչքերում կկարդացվի: Դիցուք, ինչ անում եմ, լավ եմ անում, խնդիր կա՞: Նրա մեջ ամենից դժվարը կարդացվում է կյանքի ծարավը: Նա ամեն վայրկյան նման է ինքնասպանության շեմին գտնվողի, բայց դա խաբուսիկ տպավորություն է, պարզապես նա ոչ մեկին կարիք չունի ասելու համար, թե ինչքան է սիրում կյանքը: Նա այն մարդը չէ, որն արհամարում է մյուսին, նա այն մարդն է, որը մյուսի կարիքը չունի: Նա մի Սիզիփոս է, որը նույն քարն անընդհատ լեռան գագաթ է բարձրացնելու առանց մինչ այդ աստվածների կանքին ընդդիմացած լինելու, պայմանով, որ աստվածները չասեն, թե ինչ անի: Սա ճշմարտությունը չիմանալու, բայց նրան չընդդիմանալու գինն է:
Ոչ ոք ըստ էության նրա տեղը չգիտի, եթե նույնիսկ ամբողջ աշխարհն է նրա նման կամ նրա հետ: Իսկ ճշմարտությունն այն է, որ աշխարհը նրա մեջ է և այսպիսի աշխարհը նրան չի բավարարում:
Ի՞նչ կարող է առաջարկել նա: Ոչինչ: Նա բավարար սեր չունի հեղափոխական լուծումների համար և բավարար ատելություն, որպեսզի ոչնչացնի ամեն ինչ: Նա չունի իրեն բավարարող մյուս մարդը, իսկ իրեն նա առաջարկել չի կարող:
Հետքրիստոնեական մարդուց ընդվզումներ սպասել պետք չէ, քաղաքական համակարգերը պետք է վերակազմակերպվեն, եթե ուզում են նրան ներքաշել ընտրության մեջ: Միաժամանակ այսպիսի մարդու օրոք ցանկացած քաղաքական համակարգ բռնապետություն լինելու պոտենցիալ ունի: Ոչ ոք չի կարող ասել, թե երբ ձեռքը սեղանին կխփի հետքրիստոնեական մարդը: Այսպիսի ինքնամփոփ մարդու կատաղությունը կանխատեսելի չէ: Չմոռանանք, նա ճգնակյացի և մարդասպանի արանքում ընկած ինչ-որ մեկն է, մի Փոքր Մհեր կամ Մյորսո:
Այնուամենայնիվ, նրա մեջ տոտալիտարիզմի հաղթանակի համար բարենպաստ հումք կա: Որովհետև նրան երբեք չես տեսնի փողոցում մյուսների կողքին: Սակայն նա կյանքը չի մուրում այնպես, ինչպես Դոստոևսկու «Մեծ հավատաքննիչի» օրոք ապրող մարդը: Պարզապես նա ոչ մեկի ճանապարհին կանգնած չէ, նրա ձայնը չի լսվում ոչ մի տեղ, մի իսկական «հասարակական» Սելինջեր, որն իր«Ավետարանը» վաղուց է գրել:
Նույնիսկ սերը նրան ավելի խոսկան կամ հասարակական չի դարձնում: Ահա այսպիսի մարդը ճանապարհ է ընկել, ինչպես նրանից առաջ դա արեց կորոնավիրուսը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *