Չարլզ Բուքովսկի | Հեզերը պիտի ժառանգեն երկիրը

Երևելի մեկը

տեր աստված ինչ թախիծ է վրաս իջել
նստել է էս կինն ու
ասում է
դուք իսկապե՞ս Չարլզ
Բուքովսկին եք
ասի
թարգը տուր
լավ չեմ զգում
տխուր սատկում եմ
միակ ուզածս
քեզ շինելն է
նա ծիծաղեց
մտածեց թե ուզում եմ
խելոք երևալ
բայց ա՜խ նայեցի նրա դրախտային երկար բարալիկ ոտքերին
տեսա նրա լյարդն ու ցնցվող աղիները
Քրիստոսին տեսա էնտեղ
ֆոլք-ռոքի տակ թռչկոտելիս
սովամահության բոլոր երկար թելերը բարձրացան
իմ ներսում
քայլեցի դեպի նա
գցեցի մահճակալի վրա
քաշեցի հանեցի զգեստը
աչքիս էլ բան չէր երևում
բռնաբարություն թե աշխարհի վերջ
մի անգամ էլ
լինել էնտեղ
ցանկացած տեղ
իրական
այո
նրա վարտիքն արդեն
հատակին էր
իսկ բանս՝ ներսում
բանս տեր աստված բանս ներսում
ես Չարլզ
Երևելին էի:

 

Կապտավզիկ

մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես դաժան եմ նրա հանդեպ
ասում եմ՝ մնա իմ ներսում, թույլ չեմ տալու
որ ինչ-որ մեկը տեսնի
քեզ:
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես նրա վրա վիսկի եմ լցնում, խորը ներս քաշում
ծխախոտի ծուխը
ու պոռնիկները, բարմենները
խանութի գործակատարները
գլխի չեն ընկնում
որ նա
իմ ներսում է:
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես դաժան եմ նրա հանդեպ
ասում եմ՝
մնա էդտեղ, ինչո՞ւ ես ուզում ինձ վատություն
անել,
ինչո՞ւ ես ուզում փչացնել
ամեն ինչ,
ուզում ես որ գրքերս Եվրոպայում
չվաճառվե՞ն:
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես շատ խելոք եմ, միայն գիշերով եմ մեկ-մեկ
դուրս հանում
երբ բոլորը քնած են:
ասում եմ՝ գիտեմ որ էդտեղ ես,
էնպես որ
չտխրես:
հետո նրան նորից ներս եմ անում,
բայց նա դեռ մի քիչ էլ է
երգում, ես դեռ չեմ թողել որ նա
մեռնի
ու մենք միասին հանգիստ
քնում ենք
մեր գաղտուկ
դաշինքով.
սա էնքան գեղեցիկ է
որ մարդ կարող է և
արտասվել, բայց ես չեմ
արտասվում, իսկ
դո՞ւք:

 

Էն գիշեր երբ ես մեռնում էի

էն գիշեր երբ ես մեռնում էի
քրտնել էի անկողնում
լսում էի ծղրիդներին
դրսում կատուներն էին կռվում
ու զգացի որ հոգիս ներքև է թափվում ներքնակի
միջով
վեր թռա նախքան այն կհասներ հատակին
ու թեև թույլ էի քայլելու համար
վեր կացա ու միացրեցի բոլոր լույսերը
հետո վերադարձա
գցեցի այն մահճակալի վրա
լրիվ արթուն էի
լույսերը՝ վառած
հիշեցի 7-ամյա աղջկաս
զգացի որ նա հաստատ չի ուզի որ ես մեռնեմ
այլապես
ի՞նչ իմաստ ուներ
բայց ամբողջ գիշեր
ոչ ոք չզանգեց
ոչ ոք չեկավ՝ գարեջրի շշերով
ընկերուհիս չզանգեց
միայն ծղրիդներին էի լսում ու անտանելի
շոգ էր
էդպես էլ անցկացրի գիշերը
պառկելով ու վերկենալով
մինչև որ արևի առաջին շողը ներս մտավ
թփերի միջից
հետո նորից պառկեցի
հոգիս մնաց
ներսում ու վերջապես
քնեցի:
հիմա մարդիկ անցնում դառնում են
ծեծում են դուռ ու լուսամուտ
հեռախոսը զնգում է
հեռախոսը մի գլուխ զնգում է
լիքը նամակներ եմ ստանում
ատելության նամակներ ու սիրային նամակներ
ամեն ինչ նույնն է նորից:

 

Հեզերը պիտի ժառանգեն երկիրը

եթե տառապում եմ էս
գրամեքենայի մոտ
մտածում եմ՝ ո՞նց կզգայի ես
Սալինասի կաթնուկ
հավաքողների մեջ:
մտածում եմ նրանց մասին
ում ճանաչել եմ
գործարաններում
որտեղ
չկա ելք.
ապրելով խեղդվել
ծիծաղելով խեղդվել
Բոբ Հոուփում կամ Լուսիլ
Բոլում մինչ
2-3 երեխաներ
թենիսի գնդակներ են
տշում պատին:
որոշ ինքնասպանություններ երբեք
չեն արձանագրվում:

 

Դե իհարկե

ավելի վատ բաներ կան քան
մենակությունը
բայց երբեմն տասնամյակներ են պետք
սա հասկանալու համար
իսկ ամենից հաճախ
երբ հասկանում ես
շատ ուշ է լինում
ու չկա ավելի վատ բան
քան
շատ ուշը:

 

Պատճառ և հետևանք

լավագույնները հաճախ իրենց ձեռքով են մեռնում
ազատվելու համար,
իսկ նրանք ովքեր մնում են
երբեք երբեք չեն հասկանա
թե ինչու ինչ-որ մեկը
պիտի
ուզեր
ազատվել
իրենցից:

 

Իմ առաջին կապը հասուն կնոջ հետ

երբ հիմա հետ եմ նայում ու հիշում
թե ոնց էր էդ կինը չարաշահում
ինձ
սկսում եմ ամաչել որ էդքան
մաքուր էի,
բայց պիտի ասեմ
որ նա ինձ սազում էր բաժակն ընդ
բաժակ,
ու հասկացա որ նրա կյանքը
զգացմունքները
կամաց-կամաց
կործանվել էին
և որ ես ընդամենը մի
ժամանակավոր
ուղեկից էի.
նա տասը տարով մեծ էր
ու մահացու վիրավորված անցյալից
ու ներկայից.
նա ինձ վատ էր վերաբերվում.
լքվածություն, ուրիշ
տղամարդիկ.
նա ինձ անչափ ցավ էր
պատճառում
շարունակ.
նա ստում էր, գողանում.
կար լքվածություն,
ուրիշ տղամարդիկ,
բայց մենք ունեինք մեր պահերը. ու
մեր փոքրիկ օճառային օպերան ավարտվեց
նրանով որ նա կոմայի մեջ ընկավ
հիվանդանոցում,
ու ես ժամերով նստում էի
նրա մահճակալի մոտ
խոսում էի հետը,
ու հետո նա բացեց աչքերը
ու տեսավ ինձ.
«գիտեի որ դու կլինես»,
ասաց նա:
հետո փակեց
աչքերը:
հաջորդ օրը նա
մեռած էր:
դրանից հետո
ես երկու տարի
մենակ է

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *