Կարեն Անտաշյան | Հո արա

Չարի վերջը

Չարձագանքել «թրջելու և ֆռռալու» բնազդին –
դառնալ «մեծացվող և լայքվող» չարիքի վերջին կանգառը:

 

Հո արա

Էս տարվա էն սեզոնն է,
որ բոլոր թարմ տռուսիկներից
վառած տերևի հոտ է գալիս,
էն սեզոնը, երբ տաք շորով շոգ է,
բարակ շորով` ցուրտ,
ու ամեն օր ավելի շատ ցուրտ…
չգնա՞նք խաշի –
հղանում են բոլոր տամուկ կոլեկտիվների
ոչ ֆորմալ լիդերները.
լավ, ես հարիսա կուտեմ, ասում է մեկը
ի հեճուկս ընկերվարական լոզի։
Ավտոբուսներում էլի սեղմոցի է,
արդեն մի թավուր հաճելի –
տաքը դուր է գալիս`
անկախ օտար մարմնի բարոյական կերպարից
և առողջությունից վերարտադրողական –
իրար տաքացնելու ցանկության մեջ
էրոտիզմ չկա․ կա բարեհաջող ձմեռելու բնազդ,
բայց մրսողի տաքանալու հայտը դեռևս քաղաքական է։
Ինչպե՞ս անցկացրեցիք աշնանային արձակուրդները,
երեխաներ – կհարցնեն դպրոցում,
բալես, չասես, որ գնացել էինք
ամառային կալոսները ձմեռայինով փոխելու,
ասա ալոճ ու մասուր հավաքեցինք թեյի համար,
ասա, որ ալոճն ու մասուրն ապրելու տեղ ունենան,
չէ՞, որ մենք բնապահպաններ ենք –
ֆեյսբուքում անդամակցում ենք
համապատասխան խմբերի,
մեղվի մի տարվա աշխատածը
հալալ ախպերափայ արինք իրար մեջ,
իրար, ոչ` մեր ու մեղվի, որովհետև
մարդուն ամենից շատ տառապանքն է տրված,
բոլոր արարածներից –
պետք է քաղցրով ամրապնդել
թախծող սրտի թուլությունը,
էս վերջին վիռուսներն էլ մի կողմից…
Եվ որտեղի՞ց է լացակումելու այս մուդը՝
աշնան հետ ամեն անգամ ներս սողոսկում –
ախուվախ ինչ-որ մեկի մասին,
ով վաղուց անհավես, հաստաքամակ կնիկ է
ուրիշ մեկի ծոցում,
բայց յութուբյան գուռուն խորամանկ կասի`
դու ունակ ես մենակով տաքացնելու քեզ,
հոպար, հո՛ արա,
վերմակը քաշիր գլխիդ ու հո արա,
մի նվնվա անցած բաների համար.
Տերյանն ինչ պետք է՝ արել է,
իսկ դու ընդամենը միջին տարիքին բնորոշ
հորմոնալ ֆոնի տրանսֆորմացիան
շփոթում ես հուսահատության և պոեզիայի հետ –
հո արա, սրտիկ նկարիր ապակուն ու գրիր
իբուպրոֆեն:

 

Բան չի փոխվել

Նույն չեբուռեկից եռամսյակը մեկ
թունավորվելու չափ կանխատեսելի,
նույն պոռնոն երկրորդ անգամ
նայելու չափ սենտիմենտալ,
նույն գետը ամեն օր
սողոսկելու չափ միամիտ,
նույն օճառով սովետնանցկես
բուրելու չափ պարզունակ,
նույն մարդկանցից մի ամբողջ կյանք
ձանձրանալու չափ ծույլ՝
էն օրը որոշեցի, որ մի բան պետք է փոխել,
չէ, պետք է փոխել ծնունդների և մահերի
այս հավերժական շրջապտույտում –
թքա՛ծ․․․ էլ մատնաքաշ չեմ առնելու,
ինձ իրապես միայն բուխանկան է դզում։

 

Երկուստեք

Ուշ աշնան դեղնատաք արևն ու կապտասառը քամին
իրարից խռոված են արթնացել էսօր –
մեկը կարոտի անուշ ալիքներ է վառում,
մյուսը՝ հեգնում, որ մենակ ես եկող ցրտերի դեմ։
Էսօր ամեն ինչ և երկիմաստ է, և իրական,
ինչպես շոգելուց մրսել – հիվանդանալը,
ինչպես թքաարտածծիչի ծայրակալի ակցիան՝
երկուսը մեկի գնով։

 

Հաճույքների հանրագիտարան

Էն օրը, երբ տուն էինք վերադառնում սովորականի պես
պառկովկի տեղի համար հարևանի հետ լեզվակռվով,
երեխեքի վրա գիշերվա ժամին աղմկելու համար գորգոռալով,
սիթիի տոպրակներով ու լրահոսի քոմենթներով բեռնված,
և իրար, և ոչինչ չտեսնելու սովորականության չռթիկի տակ՝
ծտո, նկատեցի՞ր բակի էն խախանդ թավուտում
գիրկընդխառն թաքնված սիրածներին,
որ երբեք մեր պես չլինելու խոստումով նայեցին էս կողմ՝
իրար հետ լպստվելուց առաջ և գուցե շարունակության։

Ալարեցի, բայց ուզում էի մոտենալ ու ասել՝
այ ջահելներ, դուք ի՞նչ եք հասկանում սիրուց –
մենք սիրել ենք իրար պարտքերի տակ ճկռած
ու ճոխության մեջ առլի,
սիրել ենք իրար ծխած և Հայաստանում անծուխ,
սիրել ենք պալիտ չլնելու անաղմուկ
և շուխուրով թատերական,
սիրել ենք թափթփուկ և թվանոց հանգամանքներում,
սիրել ենք իրար սիրուն և գեշ, ահավոր գեշ, էն որ․․
սիրել ենք իրար կրքով և չուզենալով, անկապ,
սիրել ենք իրար զգոն և հարբած-տրաքած ասենք,
սիրել ենք իրար քո անմահական թանապուրից հետո
և անգամ էն աբոյի կլեյի համով թխվածքից,
սիրել ենք մեր միջև ուրիշին բռնացնելու ջանքերում,
և սիրել ենք իրար միակությունից հոգնած,
սիրել ենք ծտոտ վիճակներում և վիճակներում լխկած,
սիրել ենք գործից առաջ, հետո և անգամ ընթացքում,
սիրել ենք ուրիշներին ուզելու հուսահատությունից,
և ուրիշներից զզվելու ցնծությամբ,
սիրել ենք խոսքերով գեղեցիկ և ձանձրալի և լուռ,
սիրել ենք անանց հեռուներից, անհպում շատ ավելի ուժգին,
սիրել ենք մարմնակրկիտ և ձեռի հետ՝ կեսաչք հեռախոսում,
սիրել ենք առողջ ու պիրկ, սիրել ենք հիվանդ ու թույլ,
սիրել ենք բարի ու պուպուշ և հիստերիկ անգամ՝ նևրոզային,
մենք սիրել ենք իրար անթվելի դիրքերում
ու հնարավորի կեսին էլ դեռ չենք հասել՝
Էն որ ռոմանոյի ուսանողուհի ա միանում
կամ յոգայի տրեներ,
ծերունական մառազմն ա միանում
և մահվան շունչը․․․

ախր, այ ջահելներ,
դուք ինչ եք հասկանում սիրուց։

 

Զոռի

Ինչքան ուզում էս քեզ զոռի,
մեկ ա հեռուն չէս կարող տեսնել
ու պարզ չի ըստ էության՝
լավ ա լինելու, թե հոռի,
այնպես որ գնա այն ուղղությամբ,
ուր որ ուզում էս հասնել`
դբալավը ձյաձ, #դբալավը քշի՝
չերեզ պլանի գլուխ,
էն նոր ճանապարհով։

 

Դզոն արտֆուդի տոմատին

Կան բաներ իրանց քեֆին, իրանց հավեսով –
ամածյուռ տինտիրիտն է նրանց գոյության ձևը,
և կան բաներ, այնպես, ինչպես որ պե՛տք է –
այդ դու ես արտֆուդի տոմատ։

Ինչպես երիտթուրքի արյան խտանյութը
կգրգռեր երիտդաշնակին,
այնպես դու ինձ՝ արնակարմիրս,
որ ֆուլ էյջդի ապրվող կյանքի
հյութեղությունն ունես։

Վերջ անհամ ապրվող օրերին,
վերջ չուլանահոտին գավառի,
մեզ էլ ոչ մի լայվապետ չի խանգարի
ապրել այս կյանքը գունեղ –
թթվավաշոտս։

Քեզ կարելի է քսել, ճպպցնել,
քեզ կարելի է տարրալուծել,
քեզնովոտել ամեն ինչ, ամենքին –
տոմատություն իմ։

Չսիրված անխնամ մորքուրները
շամամները կախ տված հողին
արևով կերակրել են քեզ մի տարի,
առջևդ ծնկել, երկրպագել են
որպես իրենց մաշվող կյանքի
տարտամ տոտեմ,
կանաչ մացառներում թաքնված
անշտապ շիկնող լոլերիդ
իրենց թթվաշ սերն են հեղել
և թաքուն կարմիրը իրենց
ցավացած օրերի։

Լոզ, լոզան, լոզանք, նյամ-նյամ,
լոզանք ընդունենք միասին,
լիզ, լիզան, լիզանք, նյամ-նյամ –
չէ, առանց քեզ էն չի։

Բայց քանի որ արդեն եղել է
տոմատում խեղդվող արտիստ,
սնոբները սա կհամարեն էժան տեղայնացում
անցյալում ծեծված բաների
և իմ սերը քո հանդեպ կսպանեն քոմենթներում,
բայց դու հո հիշում ես այն դեպքը,
երբ թքագեղձերս ծորում էին քո կարոտից
և ես գիշերվա միլյոնին անլվա եկա
լֆիկանոցից քեզ տուն բերելու, աղչի –
ախ ոնց բացվեցիր իմ համար էդ գիշեր
մոռանալու չի։

 

Վերջակետ

Թե մի ամածյուռ հրաշագործ մոտենա ու ասի՝
ի՞նչ ա սիրտդ էս պահին ուզում, Անտաշովսկի,
բարեմիտ, որ էս ա կքաղցրացնի երեկոս
մտածելով, որ էս ա կասեմ՝
նապոլեոն (շերտերով թխվածքը),
կամ սերկևիլ բրդոտ արևգույն,
դասալիք մազերին՝ վաղաժամ լքած գանգոսկրս,
միգուցե դեր՝ մետրոպոլիտեն բալետում,
պայծառատեսություն՝ երկու տարի անց
էդ անտեր բիթքոյնի կուրսը տեսնելու,
ի վերջո՝ հայրենանվեր բան՝ կարգավորել
հարաբերությունները հայ-թուրքական,
կարդացած լինել մի հազար անուն գիրք,
որոնք կարդացած չլինելը պոետական ամոթ է,
իսկ կարդալը՝ զուտ մարդկային անմտություն․․․
կասեմ չէ՛, չէ՛, ո՛չ, նյե՛տ, սպասի՛ր,
գիտե՞ս ինչ եմ ուզում հիմա, ազիզ,
ուզում եմ մի ցուրտ ու մռայլ ծովում
սառցե բեկորի վրա մենակ կանգնած լինել,
քամի չլինի, լինեն աննշմար ալիքներ,
վերևներից հնչի մի ապոկալիպտիկ-սիրերգոտ բան՝
ասենք Վագների Տրիստան և Իզոլդայի նախերգանքը,
ես դանդաղ շնչեմ և արտաշնչեմ
հյուսիսի ծավալուն լերդացած օդը,
գրպանիցս հանեմ Նոյեմբերյանի կառալյոկը,
մի հատ կծեմ, հետո․․․ այ հետոն ա կարևոր,
ծովի կապտասև անդունդից մի երկնագույն կետ
դանդաղ, ոնց որ սլոու-մոուշն լողա դեպի ինձ,
դիպչեմ էդ դանդալոշի սառը ու անզգամ մռութին,
ինքը էսքան մեծ իմ տրտմության չափ,
ու ես էսքան փոքր, ապահով ու անկապ փոքր,
բայց մի տեսակ զգանք, որ ախպերներ ենք –
այ էդ պահն ա շատ կարևոր՝ սերը կիսելու,
կառալյոկիս կեսը տամ իրեն
ու ինքը, ազնիվ կաթնասունին վայել
երախտագիտությամբ վեր ցատկի ու չլոմփա
ուղիղ դիմացս՝ էսպես մի քանի մետրի վրա,
սառն ու աղի ջրաշիթը դեմքիս ցայելով․․․

Ահա թե ինչ է հիմա սիրտս ուզում, հրաշագործ,
ահա թե ինչ։

 

Նոր օրը

Արեգակս անսպասելի հարցրեց՝
պապա, որ՞ կողմում ա իրա հերթին սպասում նոր օրը,
մտածեցի, մտածեցի, ասեցի՝
աջ կողմում ապեր ))

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *