Հայկ Հովյան | Էրիվան noir: Հորադիզի Թզուկը

Էրիվանի սահմանն
էրիվանցիների լեզվի ծայրին էր…

Աշնան առաջին հովը վրա հասավ ծուլորեն, մի կերպ քարշ գալով իրեն նետեց ցամաք տափարակին ու տապալվեց անուժ` անկարող անգամ փոշի բարձրացնել:
Հսկայական սարահարթին չէր աճում գեթ մի ծառ անգամ, որ սաղարթի շրշյունով ազդարարեր տերյանականի գալուստը:
Հովը սողաց մի փոքր էլ` փորձելով դողդողացնել կավահողից վեր ցցված թաքուբիր ցողունները, հասավ վրանի երկայնքով շարված բատինկեքին ու մարեց․․․
— Պադյոմ, արա՜, հելաք հլը,- էժանագին վաքսը գոլորշանում էր շարք կանգնած բատինկաների մաշված երեսներից և շուրջը լցնում թունավոր հոտերով: Արևի վեր ելնելու հետ վաքսին կավելանային նաև այլ բույրեր` խոնավ վրանի չորանալուց արտանետվող գարշահոտը, 25-30 տղամարդու գուլպաների հոտը, երեկվա բորշից քամված ռագուի կաղամբային թթվահոտը, վրանից մի 100 մետր հեռու նշանակված գառլախնոցի գոզահոտն ու բանակային տմույնը…
Ավագ Նորոն լայն հորանջեց, նայեց ժամացույցին: Ինքն էլ չգիտեր, ինչու էր զորքին պադյոմ տալիս: Արդեն 10 օր կլիներ սպայակազմից ոչ ոք չկար ու վաշտը լռված էր
Գրավյալ Տարածքներում` մոխրագույն գոտում, ուր արյունով գրավված հողը միայն արյունով էր հնարավոր հանձնել, իսկ լոսեցի բարերարի կառուցած բուժկետի կառավարումը ոչ ոք իր վրա չէր վերցնի:
Մոտակա 30-40 կիլոմետրի վրա չկար ոչ մի մարդկային շունչ, միայն անկյանք ավերակներ, որ հատկապես գիշերներում ուրվականն էին դառնում ու իրար ձայն տալիս`մեռած քաղաքների մի ծայրից մյուսը:
Վրանի քշտած փեշերի տակից սկսեցին դուրս սողալ շալվարները վեր քաշող մարմինները:
Անփույթ, անհավես, ծուլորեն…. գլորվեցին նրանք մինչև քարերի շարքով առանձնացված գառլախնոցը` մի գարշ տարածություն, ուր զույգ ոտքերի վրա երկար կանգնելն անգամ պղծվել էր թվում:
Տափարակի ծայրին շարված կիսաքուն մարմինները, մեզի շիթի հետ սկսում էին խխունջի պես մեջքներն ուղղել, գլուխները ետ քցել հաճույքից ու խուլ տնքոցով ազատագրվել գիշերվա մեղքերից:
Ավագ Նորոն ռեզինե հողաթափերը խցկեց անկյունային մահճակալի տակ… «Ուգլավո» էր քնում:
— Մի ամիս մնաց ,— մտտմաց` հաշվելով վրան թթված իրականությունը:
Մինչ զորքը նախաճաշի խաշած ձուն կսկսեր կլպելը, Նորոն պտույտ տվեց ГАЗ 66-ի և ժանգոտ գրեյդերի կողքերը: 10 օրվա մեջ արդեն երկու անգամ սալյարկա էին քաշել մեքենաներից ու փոխանակել սահմանապահ «զաստավներից» բերված սպիրտի հետ:
Մի անգամ նույնիսկ զորքի «տուշոնկեքի» հետ էին փոխանակել 2 լիտր մաքուր թթի օղին:
Ոչինչ , թող զորքը մի քիչ էլ չոր գրեչկա ուտի` ատամները չեն թափվի…
Խմում էին միայն լավերով` տենց 3-4 հոգով… արաղն ինչ հարիֆության բանն էր` կարևորն ուտելու հացն էր, որ գնդից ուղարկում էին տենց 5 օրը մեկ: Հերիք էր:
Մատերով թմբկահարեց գրեյդերի բակի ծռմռված մակերեսին: Վառելիքը ներսից ճողփաց խուլ դատարկությամբ:
— Չէ, էսօր չարժի… ,— իրար կպած ունքերի տակով հայացքն անց կացրեց տափարակից ցած ձգվող ամայությունից անդին,— կարող ա բոզերից գան…
Բոզերը սպայակազմն էր: Գողականից մտել էր բանակ ու էլ դուրս չէր գալիս՝ ջլելով ու ջլատելով ողջ համակարգը:
Բոզերը եկան կեսօրից հետո: Թարմ ներկած վիլիսը տափարակը բարձրացավ փոշու ամպի ուղեկցությամբ: Զորքը փորձեց արագի մեջ դզվել, բայց արդեն ուշ էր, հազիվ հասցրին պահել կարտերն ու խաշխաշի ամանը:
Սպաները երկուսն էին ու զորքի բախտից` շատ շտապ: Անգամ վիլիսից չիջան ցած, արագ իջեցրին հետևի նստարանին ծվարած մալադոներին, մի քանի պարկ նպարեղենն ու հեռացան` Նորոյի հետ հազիվ մի երկու բառ փոխանակելով:
— Տոշնի ա Նորո՞, ցռիկ, բան հո չեք կպե՞լ ,— Նորոն բացասական տարուբերեց գլուխը` հույսով, թե չեն հայտնաբերի վրանի ներսում պառկած երկու քյավառցուն, որ քանի օր է արյուն էին քաքում:
— Բա ռազվեդկա-մազվեդկա՞ ,— ջահել կապիտանը քմծիծաղ տվեց:
— Ի՞նչ ռազվեդկա ,— Նորոն լարվեց, չլինի՞ վաշտից բոզացող էր եղել… մի երկու անգամ գիշերային լույսեր էին նկատել սարի փեշերին, բայց դե ուր զեկուցեին… հազիվ էր կպել, որ զորքը շունչ քաշի աֆիցեռությունից, հո չէին վտանգելու կպցրած բարդակը…
— Ինչ ես վախցնում հարիֆներին… քշի-քշի, խաշլամեն սառավ ,— մյուսն էր: Եզդի Սիաբոյի մոտ էին շտապում, որ զորամասի թիկունքի պետի պաշտոնը համատեղում էր Գրավյալ Տարածքներում գյուղ պահելու հետ, ուր ճորտերը ոչխար ու ձի էին աճեցնում Էրիվանցի գեներալների համար:
Վիլիսը պոկվեց տեղից: Փոշելեզվակը դեռ երկար գալարվեց` կենդանության շունչ տալով անապատ տեսարանին: Կաղ շունը մի երկու բերան հաչաց նրանց ետևից։
Մալադոները երեքն էին՝ սովորական պուճուր-մուճուր նաիրցի տղերք։ Զորքը դուրս եկավ ծակերից և սկսեց շրջապատել տղաներին:
Մոտեցավ և Նորոն: Երեքն էլ էրիվանցի էին ու քանի դեռ զորքը հարցուփորձ էր անում, թե ով որ թաղից ա և ով ում է ճանաչում, Նորոն փորձում էր գլխի ընկնել, երեքից ով էր բջոտ և ով՝ հարիֆ, ով էր պատասխանում հարցերին և ով՝ լռում, ով էր արդեն հասցրել փոքրիկ խմբի մեջ իրենը դնել և ով էր պոչը ոտքերի արանքը մտցրել, ով ով էր և ով ինչի համար…
— Արա ինչ եք թռել դեմքներին, ցրվաք հլը, դավայ ,— ձայնը լսվեց վրանի ներսից ու հավաքվածները զգաստացան: Մեկ, երկու ու զինվորական խեբեն ուսերին գցած, հողաթափերը քստքստացնելով՝ բրեզենտի տակից դուրս եկավ մի փռչոտ գլուխ: Տարիքակից որձերի մեջ, երբ ամեն երրորդ նաիրցին Արթուր կամ Արման էր և առանց մականունի յոլլա գնալ հնարավոր չէր, այս մեկի անունը ոչ մեկի հետ չէիր շփոթի… Ասում էր Բռուն` կրճատված Բռունիսլավից: Ով գիտե թե Բռունի պապը ժամանակին Բալկաններում ինչ էր կորցրած եղել, ծառայել էր, թե ինչ, բայց թոռան ծննդականում դրոշմել էր` Բռունիսլավ, անվան գաղտնիքը չբացահայտելով սեփական կնոջն անգամ: Դե կամ էլ բանակային մականվան մեղավորը հայրենի Բռուն գյուղն էր… այդպես էր մտածում Նորոն: Դարձրու անուն այն, ինչը քեզ խոցում է և բառերն այլևս չեն ցավեցնի ․․․ դարձրու անուն այն և բոլորը կվախենան․․․
Բռունը փրչոտ գլուխը տմբտմբացնելով եկավ կանգնեց մալադոների դիմացը, նայեց: Տանել չէր կարողանում Էրիվանցիքին: Հատկապես Նորոյի ջգրու:
Հայրենի գյուղի խեղճությունն ի համեմատ նաիրյան Էրիվանի նա փորձում էր լրացնել էրիվանցիքին նեղացնելով: Նորոյին ճնշել Բռունը չէր կարողանում: Միասին էին խմում ճիշտ է, բայց լուռ մրցակցության մեջ էին և այդ մուռը թափվում էր խեղճ ու կրակ մյուս Էրիվանցիքի վրա:
Դրան ի հակառակ Բռունն իր զեմլյակներին լավ էր նայում, տեղ տալիս, հոգ տանում իսկ էրիվանցիքին նեղացնելու գործում՝ ստեղծագործում էր: Էրիվանցիք չունեին սովորություն զեմլյաչեստվա անելու` «մարդս մարդ լինի» ասում էին ու ջարդում իրար բերան… եթե իհարկե արանքում լավ ախպերներ ի հայտ չգային:
— Ուրդից եք բա ,— հարցրեց, չնայած, որ լավ էլ լսել էր:
— Էրիվանից ենք,— մեջների կարճլիկը առաջ եկավ, մյուս երկուսը լուռ մնացին: Բռունն այդ լռությունը նկատեց ու մսահոտ առած գայլի պես լայնացրեց ռունգերը:
— Միջի՞ց,— Հաջին էր: Իսկական անունը ոչ ոքի հետաքրքիր չէր:
Էհ, Հաջի, Հաջի…Հաջիին էր պատկանում ծեծ ուտելով ամենաերկար տարածություն սողալու ռեկորդը` ճաշարանից մինչև շտաբի դուռը… զամպալիտի աքացիների ներքո:
Նորակոչիկ Հաջիին, Բռունը համոզել էր, որ ճաշարան գնալու վաշտի երգը՝ երգել է պետք․․․

բազմել ես *լրիս,
ունես հազար շեն,
արծիվների բույն ես,
չքնաղ Գետաշեն…

Մնացածն արդեն պատմություն էր` երեք կար քունքին, 15 օր գուբախտ և մականուն Հաջի` Հաջաթից…
— Միջի՞ց,— կրկնեց: Մալադոները չհասկացան, զորքը հռհռաց: «Միջից» ասում էին մարզերի բնակիչները, տարբերելու համար՝ հենց բուն քաղաքից են, թե կողքի գյուղերից:
Էրիվանը գյուղ չուներ, Էրիվանը մենակ էր բովանդակ Նաիրիում…
— Գիժ գանդոն,— ծիծաղեց անգամ Բռունը, որ սովոր էր, որ միայն իր հումորներին են ծիծաղով արձագանքում:
Հռհռոցը տարածվեց վրանից անդին ու ով գիտե գուցե լսվեց լեռնաշղթայի փեշերին:
Դա լավ ծիծաղ չէր, այլ ծանր ու չարահամ, ինչպես ծիծաղում են ֆիլմերի չարագործները:
Կարմրավուն ժայռերը չարձագանքեցին այդ ծիծաղին:
Նորոն բատինկայի կրունկի տակ ճզմեց կավահողից գլուխը բարձրացրած փշոտ թփիկը:
— Թուլցեք տղերք, ստեղ կարանտինը չի ․․․ նորմալ պոռնո ա ,— ձեռքը դրեց խոսք ասող մալադոյի ուսին,— ոնց ա՞ ախպոր անունը..
— Արթուր,— թվով չորրորդ Արթուրը կլիներ վաշտում, ու կարճլիկ հասակն արդեն կանխագուշակում էր, որ շուտով տափարակում կհնչի Ճուտ մականունը:
Մյուս երկու մալադոն անվարժ իրար եկան` հույսով, որ Նորոն իրենց ուսերին էլ ձեռքը կդնի:
— Իմ կոյկի վերևի յառուսը ազատ ա, քել տեղավորվի,— Նորոն էդպես էլ չնայեց այն երկուսի կողմը: Լոխերի հետ հավես չկար: Էս մեկը բիթին էր երևում ու Նորոյի մորական տատի թաղերից էր… արանքում ախպերություն էլ դուրս կգար հաստատ:
Բռունը դժգոհությամբ ծռմռեց բերանի անկյունը: Ոչինչ, մյուս երկուսը դեռ կան… չկար ավելի մեծ հաճույք գավառական յախշու համար քան էրիվանցի լոխերի ստորացումը:
Դա նրա վրեժն էր սեփական ծննդավայրի խեղճության համար:
Նորոն հայացքը պտտեց մալադոների վրա: Կանգնած էին մոլորված՝ չհասկանալով թե ինչ չոլ էին ընկել ․․․ առաջին անգամ էին Էրիվանից այսքան հեռու հայտնվում:
Նորոն իհարկե կուզեր թևերը փռեր նրանց վրա էլ ու իր կողմ քաշեր: Բայց թափը չէր հերիքի, Բռունի հետ հեշտ չէր: Նույնիսկ հարցն էն չէր, որ այդ փռչոտ գլուխը ողջ գիտակից կյանքն անց էր կացրել հանցագործ շրջանակներում ու մեծ քեռին Կոշում էր նստած: Նորոն էլ պատի ծակից չէր դուրս եկել, համալսարանում լավ էլ իրենը դրած ուներ, լեզուն ճարտար էր, քաշն էլ Բռունից մի 15-20 կիլո ավել: Բայց Բռունն ուներ մի ի ծնե չարություն, որ նրան սադիստական հակումներ էր հաղորդում: Ի տարբերություն Նորոյի՝ Բռունը դաժանությունից հաճույք էր ստանում ու հաճույքը, երբ գումարվում էր լիդերական հատկանիշների և չարագործ հանճարի հետ ստացվում էր իսկական բռնակալ … ու Բռունն այսպիսին էր:
Դաժանությունը ստեղծում էր վախ, իսկ վախն այն գործիքն էր, որ ստիպում էր հպատակվել և ենթարկվել չարի իշխանին:
Նորոն անկարող էր մրցել Բռունի դաժանության հետ, նա չուներ գիշատչի այն բնազդը, որ կստիպեր մյուսներին վախից ենթարկվել իրեն: Փոխարենը նա կարողանում էր օգտագործել ավագի դիրքը՝ պաշտպանելու համար ինքն իրեն ու փորձում էր յուրայիններ ձեռք բերելով դիմակայել Բռունին:
Բռունն ընդունում էր Նորոյի գոյությունը: Ընդունում էր, որպես ավագի … ում վրա եթե ինչ՝ կբարդվի ողջ պատասխանատվությունը: Նորոյի գոյությունը անհրաժեշտ էր Բռունին: Դա սառը պայքար էր իրական և թղթով իշխանությունների միջև:
Նորոն թղթի գերին էր ու Բռունն իրականության արքայազնը …
Արևը մոտենում էր իր ճամփորդության գագաթին և շուտով կսկսեր գլորվել այնտեղից վար: Հարավ-արևմուտքում ամպեր սկսվեցին նկատվել: Գալու էին անշուշտ: Աշնան առաջին անձրևներից փախչել հնարավոր չէր:
Զորքը մրջյունների պես գնում գալիս էր տափարակին` ամեն մեկն իր գործերով ․․․
— Իրիկունը հյուր ա գալու,— Բռունը ուսերը քաշեց խեբեյի մեջ ու հայացքը մեխեց Նորոյի աչքերին…
— Հաստա՞տ,— Նորոյի հարցը ճշտելու համար չէր: Զորքն անշարժացավ` ամեն մեկն իր տեղում:
— Ես եմ ասում… Նորո՜,— մի պահ լռելուց հետո դանդաղ արտասանեց փռչոտ գլուխն ու քստքստացնելով քայլեց դեպի վրանը…
Զորքի միջով շշուկ անցավ … Ասքանա՜զը…Հորադիզի թզուկը…
Մալադոներն իրար խառնվեցին, կաղ շունը կլանչեց գառլախնոցից անդին ու ամպերն ավելի մոտեցան հարավ-արևմուտքից…
— Հորադիզի թզու՞կ,— Ճուտը աչքերը չռեց դեպի Նորոն:
— Մութը հենց ընկնի կհելնես երկրորդ յառուսդ… թե բան ասեն, կասես` Նորոն ա ասել,— ու քայլեց դեպի տափարակի եզրը, որտեղից ցած սկսվում էր խաղողի երբեմնի այգիների փոխարեն մնացած բետոնե սյուների անտառը: Զորքն իջնում էր տափարակից ցած` դեպի այդ անտառները, կոտրում էր բետոնե սյուները, հանում միջուկի մետաղե ձողերը, ապա մուրճով և հատիչով կտրատում դրանց կապերը: Հաճախ կապերը կտրելիս մետաղի փաթիլները թռչում էին աջ ու ձախ` թրատելով տղերքի դեմքերն ու ձեռքերը, էնպես, որ զորքի կեսը ման էր գալիս դեմքին սպիերով:
Կտրատված ձողերի հետևից գալիս էին մոսկվիչով չարչիները, դրանք փոխանակում էին սպիրտի հետ և գեներալի կամազների՝ խողովակ, արմատուրա, կուբիկի (խեցաքարի բլոկներ ) բեռներին խառնած տանում Էրիվան` մեխ սարքելու:
Սպիրտը բացում էին արտեզյանի ջրով ու խմում լավերով ․․․ արաղն ինչ հարիֆության բանն էր։
Ոտքը մետաղի կտորի դեմ առավ: Ժանգոտ պատառին կյուրեղատառ գրեր էին ընթերցվում՝ գիրն անմեկնելի: Նորոյի ներսով տհաճ լարվածություն անցավ, շրջվեց նայեց տափարակի վրա աշխատող մրջյուններին: Մեծ մասը գաղափար չուներ, թե որտեղ էին… բերել էին ծառայության, գլորեին պիտի 2 տարին ու վերադառնային իրենց էրիվանները` կապուչինոյի մեջ պեչենի թաթախելու…
Սյուները գլուխները ձգած նայում էին Նորոյին ու անհասկանալի շշնջում: Մի երկուսի գլխին ծակ սաղավարտ էր հագցրած․․․ կրակում էին վրաները, երբ հավես ու փամփուշտ էր լինում։
Նորոյին թվաց, թե լսում է նրանց ձայները… ովքեր էին եղել Նրանք, այն մարդիկ, որ տնկել էին անծայր այգիները, ինչպես էին ապրել ու հեռացել այստեղից․․․ երկոտանի է՞ին եղել գոնե իրենց պես…
— էն ծերի տունը դպրոցի դիրեկտըրի տունն էր… ա գիտեք ինչքան եմ դրանց տանը հաց կերել,— ամեն անգամ աղբյուրի մոտի կանգառին գոհունակությամբ ցած ընկած կիսավերին նայում էր տարիքն առած սպան։
— Բա դպրոցը՞․․․
— Դպրոցը այ են պլաշադկումն էր, որ հիմա պլացի տեղ շարվում եք…հինչ ա , սըվորել ես օզու՞մ..
Ու բիձու հռհռոցը սղոցում էր Նորոյի ականջները ու զորքն էր հռհռում ու հռհռում էին վրեժխնդրության ու ժամանակի աստվածները ու որդիները, որ պատասխան էին տալու հայրերի փոխարեն: Հա հա հա ․․․
Եթե դպրոց է եղել, ուրեմն խոսել են իմացել, գրել, կարդալ… երկու ոտքի վրա կանգնել ․․․ դպրոցի դիրեկտորի տունը պատկերացրեց։ Ոնց էր կամանդիրը գնացել-եկել, բոնբոներկա տարել… չնայած ով գիտի, թե էտ ժամանակներում բոնբոներկա կար- չկար․․․
Նորոն ոտքով մի կողմ նետեց ժանգոտած վահանակը:
… Կարող ա ամեն դեպքում երկոտանի չէ՞ին…կամ խոսել չգիտեին ու հաչում էին շան պես ․․․
Սյուների անտառը լռեց։
… Բա ո՞ր հետ գան Նրանք… չորս ոտքի վրա ․․․ մեկ-երկու, մեկ-երկու, երեք, չորս․․․ հետ գան իրենց անտառը…
Սառը քրտինքը ծորաց Նորոյի թիկունքով, կրկին պտտվեց, նայեց պարաններին մայկա-տռուսիկ փռող մրջյուններին: Առաջին ամպը գոռաց աշխարհի ծայրին։
… Խույ թե կգան … մոտեցավ վահանակին ու մի անգամ էլ քացով պինդ հարվածեց: Սյուների անտառը գռմռաց ու Նորոն բանի տեղ չդրեց այդ գռմռոցին, հետ քայլեց դեպի տափարակը ուր վերջին պատրաստություններն էին տեսնում խորհրդավոր հյուրի գալստյանն ընդառաջ:
Վրան տանող միակ արահետը ջնջում էր իր հետևից բոլոր հետքերն ու դեպի այնտեղ գնացողն այլևս անկարող էր լինելու վերադառնալ… մինչև ժամանակների ավարտը: Արահետի վրա ջնջվում էին «գրաժդանսկի»-ում ապրածն ու արժանիքները` հանձնելով կյանքը ծովային հրեշին ․․․ Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու․․․
Մալադոները տափարակի ծայրին էին, ինչ-որ բան էին բզբզում տղերքի հետ: Նորոն մի պահ նայեց նրանց կողմն ու անցավ վրանի փեշերից ներս:
Լամպից սևացած սյուներ, գունաթափ ճաղերով ճռճռան մահճակալներ, երեք ոտքով մնացած աթոռակներ, ծակ գուլպաներ, կեղտոտ ներքնաշորեր, բթամատի հաստության գոզահոտ ներքնակներ, քրքրված վերմակներ ու ճանճեր, ճանճեր…
Բոսոր լույսը թրթռում էր ճաղերի արանքներով ձգվում, երկարում, դաղում էր տղերքի աղվամազոտ երեսներին ու տղամարդկացնում նրանց: Բրեզենտե փեշերը ներկվում էին ծորացող կարմիրով, որ իջնում էր ցած, խառնվում գառլախված հատակին, դառնում մացուծիկ ցեխ ուր խրվում էին մինչև գոտկատեղ, անկարող շարժվելու առաջ կամ ետ, մերկ, ասես նորածին, որոնց շեռը մեռոն պետք է լիներ, ճչալու փոխարեն պինդ փակում էին բերաններն, այլապես հոսուն պղծանքը ներս կսողոսկեր ու կապականեր ամեն սրբություն…բայց փրկություն չկար, մեռոնը դարձել էր գառլախ, որից սարսափում էին ու մեջն ապրում… մոլորված որդիները, որ պետք է պատասխան տային հայրերի փոխարեն՝ չիմանալով թե հանուն ինչի… չիմացություն, որ խրված էր մինչև գոտկատեղը… ոչ առաջ ու ոչ ետ…
Նորոն քայլեց մահճակալների արանքով: Քյավառցիները դեռ վնգստում էին ցավից… թող դիմանան, դիվական պարը չէր կարելի խաթարել և ոչ մի փորացավով:
Սավանները ընկնում էին հատակին, ապա բարձրանում վեր, կախվում երկհարկանի
մահճակալների ճաղերից, պար գալիս, պտտվում, դաղում ու խճճվում իրար…
Բոսոր լեզվակները խաղում էին սպիտակի վրա, հերթական խժռվող տուլիկի միջից գտնված հավի ծանրահամը կպնում էր սնիկերսներին, կարմիր խնձորներին ու ցայտում սավանների վրա:
Սևացած ատամները կրծում էին հավի թոշնած թևիկները, արնոտ աչքերը խոլրտում էին փորացավից գալարվողների կողմը, մռնչում ու ժանիքների տակ փշրվում էին կիսահում կրճիկները:
Ռաստովցի Անդրանիկը, որ խնդրում էր իրեն Անդրյուշ անվանեին, ներարկիչից հեղուկ էր ցայտեցնում աջ ու ձախ…
— Բռուն ջան, մի հատ էլ կարող ա սրանց ոռներից ուկոլ անե՞նք,— հռհռոցից ճոճվում էին երկհարկանի մետաղակույտերն ու առանց ասեղ ներարկիչը ցողում էր ծաղրի կաթիլները…
Նորոն աչքը գցեց իր մահճակալի վերևի հարկում ծվարած Ճուտին…
— Հըն, Նորո… մի թավուր ես,— Բռունը ձեռքը տարավ տուլիկի խորքը` թռչունի ազդրը որոնելու: Ժպիտի մերը տենց էլ հավ սարքել չսովորեց, բայց ոչինչ Ժպիտը լուծ չէր կպնի, գրեչկից լուծ չէին կպնում: Բուդը կռթած ու պոկ եկավ կաշվից,— էսօր կինո ենք բռնելու …
— Բա, ո՞ր մեծ ախպերները գան,— Նորոն ներքնակի տակից հանեց «Զինվորի» տուփը: Ֆիլտրով սիգարետներն արդեն վաղուց վերջացել էին ու հերթը հասել էր աշխարհի ամենաանորակ ծխախոտին: Բայց սա ոչինչ, վատթարը դեռ առջևում էր, երբ ստիպված էին լինելու թեյի խոտ ծխել:
— Վրեն… ,— բուդը վերջնականորեն կուլ գնաց,— ձեն տվեք թող գան ու դավա՜յ անցեք տեղներդ, Անդրյուշ վեր ընգի…
Նորոն չպատասխանեց, զորքն իրար եկավ ու վրանի քշտված փեշերն իջան ցած՝ ամեն բան մթության քողի տակ թաղելով:
Ամպրոպը ճայթեց: Աշնան առաջին անձրևները հասան տափարակին: Կաթիլներն առան գետնին ու փոշուն շաղախվելով գնդիկներ դարձած սկսեցին գլորվել այս ու այն կողմ, հարվածել իրար, ապա միաձուլվել ու թրջել հողը:
Մալադոները ներս մտան իրիկնամուտի հետ:
Հաջին քայլում էր առջևից: Հասցրել էր տղերքին պատմել, որ տարին մեկ անգամ, գետնի տակ փորված թունելներով, գալիս է Հորադիզի թզուկը…գալիս է ստուգելու նորեկների տղամարդկային սկիզբը…
— Որ չլինի գյոթ եք կամ ծծող,— պարզ բացատրեց Հաջին,— Հորադիզի թզուկին չխաբեք… իրան խաբել չի լինի, պալիտ կանի…
— Ու ի՞նչ կանի,— երկուսից ավելի թմբլիկն էր:
Հաջին թեք նայեց:
— Հետը կտանի,— ու ժպտաց քինոտ,— Ասքանազը հինգ ախպերներից մեկն ա ․․․իրանց մերը թորք ա ու հերը ֆիդայի ․․․ ասում են բայրամին, հինգ ախպերով անցնում են էն կողմ ու թորքի արուն խմում… չխաբե´ք, հետը կտանի թունելներով ու պիզդեց:
Լամպի լույսը ցատկոտեց Հաջիի պզուկոտ դեմքին ու անցավ մահճակալների ճաղերի արանքներով: Անկողիններին կիսանստածների դեմքերը քառակուսի էին թվում, հայացքները դատարկ և միայն բերանների անկյուններից ծորացող լոզերն էի մատնում նրանց ակնակալիքը` մասնակցել խրախճանքին ասես միջնադարյան համհարզներ, որ չէին կարող օգտվել արքաների սեղաններից, բայց կողքից լուռ նայում էին երգ-պարին ու ներկայացումներին: Քառակուսի գլուխները տմբտմբացնելով նրանք գնահատում էին աստվածների բարեհաճությունը՝ հետևելու «պեռվիյ կռուգ» նստողների կայֆերին:
Տղեկները անցնում էին մահճակալների արանքներով, ճաղերի հետևից նայող սառը հայացքները ճանապարհում էին նրանց դեպի մթին անհայտությունն ուր կրակի ստվերները վախենում էին սողոսկել:
Անձրևի կաթիլները թմբկահարում էին վրանի տանիքը, աստիճանաբար թրջում բրեզենտն ու թափանցում ներս: Մետաղյա ճաղերից ձևված թունելի վերջում մութ էր:
Խեբեն ուսերին գցած, փռչոտ գլուխը ծխախոտ վառեց… ֆիլտրով:
Հաջին ձուլվեց արանքներում մի տեղ ու մալադոները վարանոտ կանգ առան:
— Արեք, արեք,— ձեռքով կանչեց Բռունը:
Մի երկու քայլ էլ ու նկատելի դարձավ, որ անկյունում էլի մեկը կար:
— Բա հիմա ինչ ա լինելո՞ւ,— Ճուտը վերևից շշնջաց Նորոյին: Նորոն չարձագանքեց: Լուռ էր և զորքը, միայն հայացքներն էին թրատում ճաղերի միջև ընկած տարածությունները` տեղի ունեցողից ոչինչ բաց չթողնելու համար:
Անկյունում նստածը սպիտակով էր պատված, ոտքերը տարօրինակ ծալած, տակից երևում էին կոշիկների ծայրերը, աչքերին արևային ակնոցներ ու գլխին սրբիչ: Թվում էր, որ հասակը մեկ մետրից չպիտի անցնի: Հորադիզի թզուկն էր:
Մալադոները քար կտրեցին: Դիմացները երկու դատարկ աթոռակ կար:
— Դավայ, նստեք, ապե, …,— ու սեղմեց տղերքի ուսերից: Երկուսն էլ երկչոտ վար ընկան:
Զորքն իրար եկավ… հարմար տեղավորվեց կարմիր թավիշից աթոռներով շարքերին, վարագույրը դանդաղորեն սկսվեց ետ քաշվել, դադարեցին փոփքոռնի կրթկրթոցները ու բեմը լուսավոր դարձավ…. Ուշադրություն, ուշադրություն…
— Ուրդուց ե՞ք,— ծանր էր շնչում Հորադիզի թզուկը: Ճերմակ պատմուճանը բարձրանում-իջնում էր շնչառության հետ: Դեմքը մթության մեջ չէր երևում ու դա ավելի սարսափելի էր դարձնում նրան:
Բռունը քաշվեց կողքի մահճակալին ու թառեց ծալապատիկ: Կիսամթի մեջ զգացվում էր, թե ինչպես են փայլում նրա աչքերը:
— էրիվանից,— առաջինը պատասխանեց թմբլիկը:
— Ես էլ եմ Էրիվանից,— մյուսի ձայնը հազիվ լսելի եղավ:
— Գիտե՞ք՝ ես ո՞վ եմ,— Թզուկը ձգվեց առաջ։
Մալադոները գլխով արեցին:
Կայծակը խփեց ուժգին, ու մի ակնթարթ ճերմակեց վրանի ներսը: Ասքանազի ակնոցի ապակիների մեջ արտացոլվեցին երկու վախեցած կերպարանք:
— Բերաններդ խեռ դրած կա՞ք,— մռնչաց Հորադիզի թզուկը:
Զորքն աշխույժ իրար եկավ:
— Չէ՛, չէ… ,— թմբլիկը խառնվեց իրար․ չգիտեր ոնց ճիշտ պատասխաներ: Մյուսը գլխով բացասական պատասխան տվեց` վախից չբացելով բերանը:
Առաստաղից կաթացող ջուրը սկսեց ծորալ տղեկների ուսերին: Կեղտոտ անձրևաջուրը հասավ թմբլիկի թևին խնամքով կարված շեվրոնին ու շագանակագույն ներկեց արծվի թևերը:
— Չեք խաբո՞ւմ, արա՛, ձեր քուչա խաբար ա գնացել…,— Ասքանազի ձայնը ավելի բարձրացավ:
Զորքի մեջ աշխույժ խլրտոց ընկավ:
— Չէ, չէ հոպար ջան ,— գույնը գցած մալադոները հուզմունքից ոտքի կանգնեցին:
— Հոպարը պապադ ա, այ… ,— Հորադիզի Թզուկի խռպոտ ձայնը թնդաց վրանով մեկ: Տղեկները կիսամթի մեջ դարձան ծեփի գույն: Մի փոքր էլ ու լաց կլինեին:
— Ասքանազ ջան… նորմալ ախպերներ են, բան մի արա,— Բռունն էր, հայտնվեց տղերքի թիկունքում ու ձեռքերը դրեց ուսերին` ասես երկնքից իջած մի պահապան հրեշտակ, որի ոտքերին փարվել էին պատրաստ այդ պահին ավելին, քանց սեփական մայրերի կրծքերին,— նստեք տղերք, հլը …
Անձրևն ուժգին սկսեց հարվածել վրանի պատերին, ասես ուզեր պատռեր բրեզենտն ու ներս լցվեր, հանգցներ կրակն ու քշեր, տաներ մացուծիկ պղծանքը:
Նորոն փակել էր աչքերը։ Անգամներ էր տեսել այդ նույն տեսարանը ․․․ ինքն էլ հրեշտակ չէր ու պետքն եղած տեղը ճնշում էր՝ ում, որ հասնում էր, բայց նա դա անում էր պետքի վրով, այլ ոչ հաճույքի համար: Այդ հաճույքի մեջ նա հիվանդագին ինչ-որ բան էր տեսնում, ոչ պակաս զազրելի քան խեռը բերան դնելը: Եվ հատկապես, երբ այդ նվաստացման հաճույքը զորքն էր վայելում ․․․ նվաստներն ու ստորացվածները: Հայացքը գցեց վերև, Ճուտն այլալված նայում էր, բայց դա երկար չէր տևի… գառլախը սկսում էր բարձրանալ վեր, երբ երկար էիր նայում…
— Չեն խաբում, ախպերները, չէէ՜.. ,— Բռունը մատերով սեղմում էր մալադոների վզարմատներին,— թե չէ, որ խաբարն եկավ, գիտեն ինչ կլինի…չէ՞, ախպերներ…որ մի բան եղած լիներ կասեիք, չէ՞…
Տղեկներն իչքան ուժ ունեին գլուխներն էին թափ տալիս, մի երերուն հույսով, որ ուր որ է դուրս կպրծնեն այս դժոխային փորձությունից…
— Գիտե՞ք ինչ ա լինում Հորադիզի թզուկին խաբողի հետ,— Ասքանազը խոսում էր անշարժ…
— Հետդ կտանե՞ս…,— Թմբլիկն էր:
Զորքը պայթեց հռհռոցով: Վրանի պատերը սկսեցին ցնցվել ծիծաղից, տանիքի փոսիկներում հավաքված ջուրը ցայտեց աջուձախ ու անձրևն անգամ մի պահ դանդաղկոտ թվաց:
— Ձեններդ կդրեք, արա՛,— ընկճված մալադոների թիկունքից գոռաց Բռունը: Փչացնում էին հանդիսավոր տրամադրությունը։ Զորքը լռեց ու անձրևը նորից սկսեց ուժգին թակել վրանի պատերին: Հորադիզի թզուկը մի փոքր ձգվեց առաջ:
— Մոտ արի,— թմբլիկը վախվորած երկարացրեց վիզը,— էգ ես, ինչ ես՝ հետս տանեմ,— Ասքանազը էլ ավելի ձգվեց,— չլինի իսկականից գյոթ ե՞ս, արա՜… կշռեմ վրեդ …
Սպիտակ պատմուճանի տակից հանկարծ դեղնավուն հեղուկը ցայտեց՝ թմբլիկի կողմը: Կայծակը զարկեց ու վրանի ներսը կրկին լուսավորվեց: Տղան վեր ցատկեց շանթահար… աչքերի միջով ժապավենի պես անցան պղծված ծառայության գալիք դրվագները… շունչն արագացավ, արագացավ, արագացավ … հուսահատությունն ու զայրույթը կրծքավանդակից բարձրացան մինչև դողացող կոկորդը, բռունցքները սեղմեց, եղունգները խրեց մսի մեջ ու նետվեց դեպի վրանի դուռը…
— … ձեր լավը՜ ,— անմարդկային գոռոցը պայթեցրեց թռթռացող լամպը ու զորքի դիվական ծիծաղը լռվեց բկներին:
— Բռնեք արա՜, չթողե՜ք,— Բռունն էր: Փորձեց աթոռակը նետել հետևից, բայց ապարդյուն… փախչող եղնիկի ետևից կուշտ գայլը չէր կարող հասնել…
Մյուս տղան սողալով մտավ մահճակալի տակ: Սարսափած նայեց վերև։
— Քեզ էլ կպա՞վ,— Հաջին էր:
— Ուսիս, ոնց որ,— տղան դողում էր վախից,— բա հիմա ի՞նչ եմ անելու..
Հաջին նայեց Բռունին: Անձրևը չռռում էր վրանից ներս արդեն։
— Չդնե՜ս… կլողանաս կանցնի ,— ու հռհռացին` ցնցելով մետաղյա ճաղերը:
Դա լավ ծիծաղ չէր, որ կյանքն է գեղեցկացնում, այլ մի ծիծաղ էր, որ կյանքեր էր փչացնում… բայց ծիծաղում էին, ծիծաղում էին երկար: Վերջ, ամեն բան ավարտված էր ու զորքը փորձում էր, որքան հնարավոր է երկարաձգել ներկայացման բերկրանքը:
Ու ծիծաղում էր Բռունը, ու ծիծաղում էր Ճուտն, ու ծիծաղում էր Նորոն… ծիծաղում էր ռաստովցի Անդրանիկը, որ ուզում էր իրեն Անդրյուշ ասեին, նետել էլ վրայից սպիտակ սավանը, ակնոցներն ու սրբիչը, ոտքերը հանել էր աթոռակի արանքից ու ձեռքի ներարկիչից գույն տված ջուր էր ցայտեցնում բոլորի վրա:
Ծիծաղում էր և մահճակալի տակ մտած մալադոն… ծիծաղում էր ողբալով, ծիծաղում էր նվաստացումից, ծիծաղում էր գիտակցելով, որ այլևս շարունակելու է ծառայությունը, որպես լոխ, ծիծաղում էր ինչպես Հաջին, Անդրյուշը, Ժպիտն ու մյուսները, ծիծաղում էր իր հարիֆության, անճարակության ու մեծ ախպերներ չունենալու վրա… ծիծաղում էր…անձրևը կատաղի ցնցում էր վրանը՝ չդիմանալով այդ անտանելի ծիծաղին… ցնցում էր զգուշացումով ու մռնչում էր … Հորադիզի թզուկըըըըը՜…
— Մի բան չլինի դրան,— Նորոն էր ու դեռ հռհռացող Բռունը շրջվեց դեպի վաշտի ավագը:
— Ա դե ուր պիտի փախնի, Նորո՜… հեսա խելոք հետ կգա,— սրբեց ծիծաղից արցունքոտված աչքերը,— կգա, որ քֆուրի հըմար լավը ծռելու եմ…
— Բա որ չգա…
Զորքը լռեց: Անգամ Անդրյուշը մի կողմ նետեց դատարկ ներարկիչն ու բարձրացավ իր երկրորդ հարկը:
— Շատ ես ուզում… գնա հետևից, քո վզով ա ,— Բռունը ոտքով մի կողմ նետեց ընկած աթոռակը:
— Ո՞նց իմ վզով ա…
— Այ հենց ըտենց, դու չե՞ս ավագը…
Զորքը լրջացավ։ Նորոն մահճակալի վրայից վերցրեց խեբեն, հագավ: Ճուտը նույնպես իջավ վերևից:
— Լավ տղա լինելը մենակ զորքի տուշոնկեքը արաղի հետ փոխելով չի… լավ տղա լինելը զորքի համար արած ունենալով ա, նեղ պահին հասնելով ա:
— Լավ չե՞ս , Նորո՜ ,— փորձեց ձգվել Նորոյի հասակին․․․
— Անցած անգամ, որ հացը գնդից ուշացրին, ո՞վ գնաց գյուղից հաց վիզ դրեց, որ զորքը սոված չմնա,— Նորոն նայեց զորքին:
«Նորոն, Նորոն» գլուխների վրայով շշուկը անցավ:
— Որ սատկոյի կարդանը կտրեցի՜ր, ո՞վ վիզ դրեց, որ Էրիվանից ուղարկեին մինչև աֆիցեռների գալը, հը՞… որ տղերքը սամավոլկա են հելնում ո՞վ ա պահում, ո՞վ ա օտպուսկների համար վիզ դնում, հը՞։
Ու նորից «Նորոն, Նորոն»…
— Լավ տղեն զորքի համար արած պըտի ունենա, խեբեդ հագի ու հելանք հարիֆին ձեն տալու, ես մենակով չեմ դատվելու, լսա՞ր…
— Տո լավ, ա՛յ տղա … ,— Բռունի բառերը կիսատ մնացին..․
Կայծակի հարվածից տափարակը լուսականացավ: Վրանի ներսում ամեն բան ճերմակեց ու ստվերները ձգվեցին տղաների դեմքերի վրայով: Կաղ շունը վախեցած ոռնաց։
Բետոնե սյուները շարվել էին խիտ-խիտ, բեղերները կախ, գլխների սաղավարտները պինդ կապած դնչների տակ, մետաղե փողերը տարուբերվում էին չարագույժ ու սյուների առջևից կանգած էր մետրաբոյ մեկը, հագին նատովկից պատանք, աչքերին մութ անկնոցներ ու սև գլխաշոր կապած, ոտքերի տակ ընկած էր թմբլիկի պատառոտված շեվրոնը` արծվի թևերն կարմիրով ներկած։ Անձրևաբուքը ոռնաց․․․ Հորա՜դիզի թզու՜կը․․․
Պատահում է երբեմն, որ որոշ հորինվածքներ այնքան համոզիչ են թվում, որ տիեզերքն ինքն է անգամ սկսում հավատալ մոգոնվածի իսկությանը ․․․ հավատում է այնքան-այնքան ուժգին, որ մարմնացնում է դրանց ․․․
Տղերքն անշարժ էին իրենց մահճակալների վրա ․․․ ու չէին հավատում աստվածներին ու դևերին ու իրենց հայրերին ու պապերին ու լացող մայրերին ու հերոսներին ու դավաճաններին ու մեղքերին ու սխալներին ու հատուցման ժամին ու պատարագին ու բախտին ու բարեբախտին ու պատմական արդարությանն ու անարդարությանը ու չարությանը ու դաժանությանը ու տղայականությանը ու չմոյությանը ու դեմին ու ընդդեմին ու հայրենիքին ու ազգին ու ծովի հրեշին ու արծվին նայող առյուծին ու իրենց մատաղ կյանքին ու սկզբին ու վերջին, ոչնչին ․․․
Սյուները մռնչոցով խտանում էին թզուկի թիկունքում, անհասկանալի լեզվով քչփչում ու ուսերով իրար զարնվում` մետաղյա սայրերը զրնգացնելով: Անձրևը հոսում էր նրանց երկոտանի մարմինների վրայով, արյուն դարձած կաթկթում շեռոտ գետնին ու սողում վրանից ներս․․․
Նորոն հասկացավ… մեկ – երկու, մեկ – երկու , երեք, չորս։ Նրանք էին ․․․ վերադառնում էին իրենց անտառը…

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Ջուլի says:

    Վատ չէր, ուղղակի շատ երկար է, կեսից հոգնում ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *