Հայնրիխ Բյոլ | Հրաման եւ պատասխանատվություն

Մտորումներ Այխմանի դատավարության մասին

Երուսաղեմում վաղը կսկսվի մի մարդու դատավարություն, որը մեղավոր է Համբուրգի բնակիչներից ավելի շատ մարդկանց մահվան համար: Համբուրգը եւ նրա մերձակա տարածքը լքված են. մենք անկարող ենք պատկերացնել, որ այն մարդիկ,  ում մահվան համար պատասխանատու է Ադոլֆ Այխմանը, նույնքան սովորական քաղաքացիներ էին, որքան Համբուրգի եւ նրա մերձական տարածքի բնակիչները: Նրանք դպրոց էին հաճախում, հաշիվներ պահում, հեռախոսազանգեր էին կատարում, նստում տրամվայ, գնում կինոթատրոն, հայհոյում եւ աղոթում, հետո ձանձրանում էին, անհամբեր սպասում օրվա ավարտին. նրանց մեջ կային ինչպես մտավորական, այնպես էլ ոչ մտավորական մարդիկ: Նրանք Համբուրգի բնակիչներն էին, որոնք ամեն առավոտ հետեւում էին եղանակին, նախաճաշում եւ քիչ թե շատ դժկամությամբ մեկնում աշխատանքի: Այդ բոլոր մարդիկ ունեցել են իրենց տեղն այս երկրում, որքան էլ այն խղճուկ լիներ, եւ նրանց մեջ կային ինչպես ջանասերներ, այնպես էլ անընդունակներ: Նրանց մահվան համար պատասխանատու մարդը երբեք իր ձեռքով չի սպանել նրանցից ոչ մեկին: Նա մարդասպան չէ, յուրաքանչյուր մարդասպան ունի շարժառիթ`խանդ, ագահություն, ատելություն կամ կործանման այն մութ, անհուն հակումը, որը միշտ պաթոլոգիական է: Ադոլֆ Այխմանը հիվանդ չէ, նա հավանաբար նույնիսկ չի ատել իր զոհերին, նա հանցագործ չէ, նա միայն իր գործն է արել: Նա նախապատրաստել եւ ուղղորդել է սպանությունը, նա միջակ մարդ է, որի գործունեության սասրսափելի բնույթին արժե ուշադրություն դարձնել: Նա, առանց ուշադրություն գրավելու, կարող էր բախել մեր դուռը`որպես ապահովագրական ընկերության ներկայացուցիչ, որպես մարզային թերթի խմբագիր` ծանուցելու վթարների եւ հրդեհների մասին, որպես սանիտարական ընկերության մենեջեր, որը սիրալիր մեզ է հանձնում մեր` լվացած տաբատը: Նա միանգամայն նորմալ գերմանացի է:  Գերմանիայի  պատմությունը նրան ուղղորդեց այնտեղ, որտեղից նա կարողացավ ավելի շատ մարդկանց մահերը տնօրինել,  քան  Համբուրգի ողջ բնակչությունն էր:

Եթե մենք չհաղթահարենք մեր անհանգստությունը, չյուրացնենք բառերը Գերմանիայի   պատմությունից` հրճվելով, որ նոր բառակապակցություն ենք գտել, նախքան այն օգտագործելը, պետք է զարմանանք, թե որքան դրական ներգործություն ունեն այդ երկու բառերը`հարմարավետություն եւ տիրապետում: Արդյո՞ք իսկապես կարելի է պատկերացնել, որ թեկուզ մեկ գերմանացի կարող է հաշտվել իր անցյալի հետ եւ իր բազկաթոռին հարմարավետ փռված` նայել դեպի ապագա: Առանց պատասխանատվության անցյալի հաղթահարումը կլիներ ինքնախաբեություն, ինչպես այն հարմարավետությունը, որով տեղավորվել եւ բնակվում են այսօրվա Գերմանիայում: Այխմանի դատավարությունը լույս կսփռի այն ամենի վրա, ինչը հնարավոր չէր իմանալ առանց դատավարության: Այխմանի գործը պարզ է. Երուսաղեմի դատավորները կորոշեն`արդյո՞ք մեղավոր է Այխմանը:  Պարզ է, որ այնտեղ` դատարանում, Այխմանը մենակ չէ: Պատմությունը, որը նրան բերեց այդ վայր, պատահական չէր, այնտեղ պատահական կարող էր լինել միայն  Այխմանի հայտնությունը, որին կարող էին փոխարինել: Նա գործում էր հրամանով, եւ այդ  ՙհրաման՚ բառը հաճախ կարելի էր լսել նրա բերանից: Նա կատարել է հրամանը, փոխանցել, հետո անթիվ լրտեսներ ու կամակատարներ կատարել են կեղտոտ գործը: Այխմանի տրամադրության տակ էր մի գաղտնի պետություն` SS պետությունը, այդ մութ ցանցը, որն այդ անիծյալ պետության միայն  մեկ շերտն էր, որը բաղկացած էր բազմաթիվ  շերտերից, անքակտելիորեն միահյուսված շերտերից:

Եկեղեցիներում հաղթանակի համար աղոթում էին նույն դավանանքի հետեւորդ քահանաները, որոնց  եղբայրները ճամբարներում կամակատարների կողմից ենթարկվում էին դաժան վերաբերմունքի: Կային բազմաթիվ մարդիկ, որոնք փորձում էին կանխել այդ ամենը, սակայն դա չէին կարող անել` առանց նման պատմությունների մեջ խճճվելու: Եղել է բացահայտ դիմադրություն եւ գաղտնի, հզոր բանակ, որտեղ միախառնվել էին խճճվածությունն ու դիմադրությունը, կար նաեւ անտարբեր մարդկանց մի մեծ զանգված, որը չէր ցանկանում ոչինչ տեսնել, լսել, որեւէ նոր բան իմանալ, ապրում էր պատերազմի սարսափելի առօրյայով, իսկ մյուս կողմում նրանք էին, որոնք Երուսաղեմում դատվում էին Ադոլֆ Այխմանի հետ: Պարզ է, որ Այխմանի դեմ հայցով շատ հեշտ կլիներ ազատվել պատասխանատվության հերթական բաժնից: Այսքանը` Օլենդորֆի հաշվին, այսքանը` Հյոսի հաշվին, մեկ մահ` Բախ-Զելեւսկու հաշվին, մինչեւ հաշիվը չփակվի, ամեն ինչ չի պարզվի: Պատասխանատվության մի մասը միշտ կմնա անընդունելի եւ կփոխանցվի անմեղներին`մեր երեխաներին, եւ այդ պատասխանատվությունը պահանջվելու է անմեղներից: Նացիոնալ-սոցիալիստական համաճարակի սարսափն այն էր, որ այն չի կարելի համարել ավարտված դրվագ. այն թունավորել է միտքը, օդը, որը մենք շնչում ենք, բառերը, որոնցով խոսում եւ գրում ենք, այնպես, որ հնարավոր չէ այդ ամենը հանգուցալուծել դատարանում: Համաճարակի շրջանում պատասխանատվություն բառը տեղ չունի, այն փոխարինվում է հրաման բառով, եւ հենց այդ բառն է շրջանառվում Երուսաղեմի դատարանում: Նացիոնալ-սոցիալիստներին ծայրահեղ արհամարհանքի է արժանացրել այն փաստը, որ 1945 թվականից հետո նրանցից ոչ մեկը չի մնացել ասպարեզում: Նրանք, թողնելով իրենց արկածախնդիր մասնագիտությունները, աշխարհի ամենահեռավոր անկյուններից  քարշ են գալիս դատարաններում, որպեսզի հրաժարվեն պատասխանատվությունից: Այդ  ժանտախտով վարակված բոլոր մարդկանց հիմնական հատկանիշն  անհիմն վախկոտությունն ու կատարյալ անպատասխանատվությունն են: Այն բառի ամբողջական իմաստով անհասկանալի է, եւ այն, ինչ անհասկանալի է, մամուլը չի մեկնաբանում, ոչ մի խորագիր չի կարող  ընկալելի  լինել: Այխմանի դատավարությունից սենսացիա ստեղծելը նույնքան անպատասխանատու գործ է, որքան նրանից քաղաքական վարկանիշ ակնկալելը կամ նրան վարկաբեկելը: Այն ամենն, ինչ այս դատավարության ընթացքում պտտվում է Ադոլֆ Այխմանի շուրջը, չափազանց պարզունակ է մի քանի տողից ավելին գրելու համար: Անձնական տվյալները, ինքնակենսագրությունն անհերքելի փաստ են` մեղավոր է  Համբուրգի բնակչությունից  շատ մարդկանց  մահվան համար: Սակայն ֆիլմերի սցենարներն արդեն գրվում են, նկարահանումները սկսվում են, ֆիլմերի գլանափաթեթներն արդեն դրվում են տեսախցիկների մեջ, ստուգվում է լուսաչափերի հուսալիությունը, աշխարհը սպասում է մի բանի, որի մասին վաղուց տեղյակ էր, որի մասին գիտեր գրեթե քսան տարի:  Ագահությունը ոչինչ չի բուժի, չի մաքրի որեւէ բան, որը հնարավոր չէ բուժել եւ մաքրել բառերով, այն խոսքով, որը կանգնած է Երուսաղեմի դատարանի առջեւ: Դա հրամանն է: Այն սկսվում է փոքրիկ հրամաններից, որոնց վրա դուք կարող եք ծիծաղել, որոնք կարող եք կատարել ներքուստ ծիծաղելով, աջ ու ձախ շրջվելով: Դրան հետեւում են ավելի ծանրակշիռ հրամաններ, ստվարաթղթի վրա կրակելու հրամաններ, փոքր ու մեծ հրամաններ, որոնք գումարվում են մարդկանց սպանելու հրեշավոր հրամանին:  Այդ  քայլն անելու համար կան շատ տարբերակներ. պարզապես պետք է  շնորհակալ լինել, որ նրանք, ում սպանում եք, գործ չունեն այս երկրի վրա: Նրանք թշնամիներ են, տականքներ, եւ դուք պատասխանատվություն չեք կրում նրանց մահվան համար, քանի որ դրա հետեւում կա մի սարսափելի բառ, որն ազատում է ձեզ պատասխանատվությունից: Դա հրամանն է: Երուսաղեմում հաճախ կլսվի այդ եւ նրանից անբաժան երկրորդ բառը` հնազանդություն: Պետք չէ Ադոլֆ Այխմանի հետ միայն վկաներին եւ վերապրածներին առերեսել, այդ թվում` նրանց, ովքեր չեն կատարել հրամանը: Այս պատերազմում, որի համար Այխմանը դատվում է, շատ բաներ մեր կասկածից վեր են եղել, շատ հրամաններ ուղղակի չեն կատարվել` կրակելու, պայթեցնելու հրամաններ: Մարդիկ փրկվեցին մահվանից, քաղաքներն ու կամուրջները փրկվեցին ավերումից, քանի որ հրամանները  չկատարվեցին: Հրամաններին հնազանդվելը պատվաբեր հանցագործություն է, այն պետք է հավերժացվի մեր երեխաների դասագրքերում, այն անթիվ-անհամարները, որոնք չեն ենթարկվել հրամաններին, մահացել են, քանի որ չեն ցանկացել սպանել եւ ոչնչացնել, այլ փորձել են հաղթել իշխանությանը: Նրանցից Ադոլֆ Այխմանն ուղարկվել է այնտեղ, որտեղ նա կարող էր կատարել հրամանները: Նա հնազանդ էր մի ժամանակ, երբ անհնազանդությունն առաքինություն էր: Մի քանի օր առաջ մի բանաստեղծից լսել եմ այս խոսքերը. ՙՕրվա համազգեստը համբերություն է ներշնչում,  պարգեւը`  հույսի խեղճ աստղն է  սրտից վեր: Նրան պատվում են դրոշից հրաժարվելու, ընկերոջ աչքի առջեւ խիզախության, անարժանապատիվ գաղտնիքները բացահայտելու եւ ամեն հրամանի չհնազանդվելու համար՚:

                                                  (1961)

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

  1. Ադոլֆ Այխման- գերմանացի սպա, Գեստապոյի աշխատակից, SS-ի փոխգնդապետ: Պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունից թաքնվել է Հարավային Ամերիկայում: Այնտեղ իսրայելական ՙՄոսադ՚ հետախուզության գործակալները գտել են նրան, առեւանգել եւ տեղափոխել Իսրայել, որտեղ էլ նա ենթարկվել է մահապատժի:
  2. Օտտո Օլենդորֆ- գերմանացի SS-ի աշխատակից եւ Հոլոքոստի հեղինակը նացիստների ժամանակաշրջանում: Նա պատասխանատու էր Գերմանիայի տարածքում հետախուզության եւ անվտանգության համար: Օլենդորֆին դատել են, դատապարտել մահապատժի` կախաղանի միջոցով, 1951 թվականին:
  3. Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հոս- գերմանացի SS սպա` նացիստների ժամանակաշրջանում, որը նացիստական Գերմանիայի պարտությունից հետո դատապարտվեց ռազմական հանցագործությունների համար:
  4. Էրիխ Յուլիուս Էբերհարդ ֆոն դեմ Բախ-Զելեւսկի- նացիստական Գերմանիայի SS բարձրաստիճան հրամանատար:
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *