ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ|Բանաստեղծություններ

Հրանտ Ալեքսանյան

ԱՌՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՌ Ո/Օ/

Արդի ժամանակի ձայնավորը

Ով գոյն իր ոգուց փորձում է պոկել
Ոչնչի կոչով –
գոչյուն է սոսկ, որոմ, բոթի հորմոն, հետո`
մոյրանի դոնդող, ոլոր մոգոնվածք,
որոգայթ ու գող,–
կողոպտած բոցն է նա խոթում ի հող
մորմոքի փոշոտ որմերի ներքո:-

Օ ոգեորդի,
ովեւէ մի մոգ` բորբոքուն խանդով,
քո կողն ու գոտին, դրոշն ու հոգին
կօծի մեռոնով եւ օվսաննայով…


Խաղացկուն լույսի շղարշների ներքո
խռովյալն է ժպտում`
ասես գալիքի ծպտյալ խռովարար,
բայց կրկնակի նա խրախճանասերի դիմակի տակ
կեցած գիշատչի է նման,
որի ճանկերը ներկված են թեթեւ ոսկեգույնով:-

-Էյ-հեյ, իմ սիրասուն, հեռու բարեկամ,
քո դեմքի լույսը եղավ անհիշելի,
ստեպ-ստեպ լեզվիդ հառնող ընդվզումն է լոկ
սիլուետդ պահում հիշողության շեմին –

իբրեւ թրթռուն, գեղաշունչ թիրախ,
որ հույժ ձգում է հրաձիգներին:

 

ՍՈՄԱ – ՌԵՔՎԻԵՄ

Դյութանք վաղնջական, անշիջելի սեր,-
քեզ ցմրուր խմեցին
/փշրելով հոգի, երազ ու գավ/
մոգերն ու զվարճարարները,
իմաստասերները, գերյալները, բռնապետները,
աշխարհականներն ու հոգեւորականք,-

ներկալեցին քեզ անկշտորեն
արնահեղությունների ու խաղաղության օրոք,
Արեւելքում ու Արեւմուտքում,
խաչելության, սեքսի, խոնջանքի պահերին,
ճաշակեցին հեղուկ հուրդ աստվածային
հանուն քո փառքի, անձի փրկության –
ահից, մորմոքից, խանդավառությունից
վայելեցին քեզ, օ Սոմա, Սոմա,-

անունդ մաշեցին ներբողյաններով,
պաշտամունքով, խղճով, հաճկատարությամբ –
ճռռիկների նման, խզված ձայնապնակի պես,
գրով, բերանացի,-
անդադրում էին քեզ անմահությամբ,
արեգակներով օժտելու ճիգերն անագորույն`
աստվածներից, կրքից շարունակ դատարկվող երկնքի ներքո,-

քեզ Բանաստեղծը ձոներգեց ու խեւցավ,
մուրացիկը դողահար երկրպագեց, ապա
խեղդվեց Գանգեսի հորձանքի մեջ,-
քեզ զոհաբերվեցին պատեպատ զարկվող գլուխներ ու սրտեր,
օ Սոմա, Սոմա – տենչանք ոգելից,
քո պարգեւած կրակ խնդության չափը
ոչուրեք չեղավ արձանագրելի,
քեզնից ներշնչված տառապանքն ու մահը,-
օ Սոմա – վայրագ զմայլանք, հիպնոս, հաշիշ ու մորֆի,-
անսահմանելի մնացին հավետ
աստղերի, դիցերի, ամբոխների ու նահատակաց համար…

Հիմա ես ինչպե՞ս կառավարեմ սիրո ավերակաց ու պարապի վրա –
քո անվան «մեղա» մայրամուտով
եւ քո անհետացած հրաշքների սեղմ հիշատակությամբ,-
ոսկե հրթիռներով սեւագունատ բոսն է սրարշավում
հիդրա ժամանակի ողնաշարով,
պարականոն, ցասկոտ, միաբեւեռ կամքից
հրեշտակաց դասը ուշակորույս թափվում է օտարման հողին
եւ սարսուռի սրաչ արբանյակներն են
թրատում անհունի մաշկը նրբազգաց…

Օ Սոմա, ննջիր այս քերթվածի մեջ –
շունչդ թաքուն պահած Անահիտ դիցուհու կրծքանռներին,
մինչեւ Բանի աստված, վերջին տառով անգամ,
քեզ նոր հարությամբ փառավորի գալիք,
վերածնվող հոգու հայրենիքում:

 

ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍԵՐԻ ՀԱՄԱՐ

…Նույնիսկ առնական ու արի այրամարդիկ
վարակվում են սպիդով ու վախճանաբանական մտածումներով,
նրանք ամուր ու հուսալի են` որքան
անդնդափերը միակցող կամուրջն ինքնաշեն:
Աշխարհը հարբած է նոր պատերազմների առիթներով ու
հիշողություններով անցյալ ոճիրների:
Եղանակներն ավելի փոփոխական են նախորդ
դարերի համեմատությամբ
եւ զիգզագվում են հաճախ տարադրամի փոխարժեքին զուգահեռաբար,
իսկ կենսոլորտն անշեղ ջերմանում է սառչող սրտերի հակակորով:

Շքեղ առանձնատներն ու զվարճանքի վայրերն անթիվ են, սակայն
Աստված գիտե` ինչպես հառնեցին դրանք
եւ ում են պատկանում իրականում:
Ծափողջույնները հավասար են տարասփռվող
ոռնոցներին ու աղաղակներին,
եւ հստակ չէ` հասարակ ու երեւելի անձինք
ինչ ձայնոլորտում են բնավորված:
Ուժի մեջ է հատուցման օրենքը,
վրեժի կիրքը բնավ չի մարում:-

Հինգ մայրցամաքներում ամեն օր սպանվում են
1000-ից ավելի չափահաս ու երեխա,
այնուհանդերձ, բնակչության թիվն աճում է սլացիկ,-
այժմ 7 միլիարդ մարդ է ապրում եւ
ակամա խաղում Երկրի հոգու հետ:
Կա ավելի քան 200 պետություն եւ 6 հազար լեզու:
Շարունակ ստորագրվում են փոխըմբռնման հուշագրեր, մեկ է`
ամեհի է անվստահության ալիքը` բոլոր տաճարներում ու հրապարակներում:
Բուսաշխարհի հետ նվաղում է եւ կենդանականը`
կարեկցանք գտնելով լոկ «Կարմիր գրքի» հատորաշարում…

Սակայն դրախտային անկյուններ դեռ կան Երկրի վրա,
ուր բնությունը հրաշալի տեսք ու հնչեղություն ունի
եւ մարդիկ բարի են, տոկուն ու լիասիրտ,
գիտեն գեղեցիկ առասպելներ կերտել, սիրել ու հիանալ:-
Հավերժահարսեր, երբ ցանկանաք կրկին իջնել Երկիր,
լուր տվեք, որ ձեզ ես հիշեցնեմ իմ Հայրենիքի անունն ու հասցեն:-
Եւ ընդհանրապես` ձեր վերադարձի ժամանակն է հիմա:

 

ՍՊԻՏԱԿ ՎԱԳՐԵՐԻ,
ՍՊԻՏԱԿ ԲԱԶԵՆԵՐԻ
ԱՆՈՒՐՋՆԵՐԸ ՍՊԻՏԱԿ

Հոգին զանազանում է գույները
հազարերորդական երանգի ճշտությամբ,
գերհզոր մանրադիտակի պես,-
եւ հաճախակի հրապուրվում է նա /խռովվելու չափ/
սպիտակ վագրերի,
սպիտակ բազեների
անուրջներով սպիտակ:

Դա հոգու անթիվ առեղծվածներից մեկն է, անգին:
Մի սրդողիր, որ այն ընդգծում եմ հիմա:

Քո ներգոյի մեջ վաղուց եմ նշմարում
սպիտակ վագրին ու սպիտակ բազեին,
իսկ սպիտակ անուրջներ
ես սովորեցրի նրանց ունենալ:

 

ՁԱՅՆԻ ԳՐԱՖԻՏՏԻ

Հեռվից եկող ձայնը ադամորդու
անճանաչ, գունատ, միագիծ է, անգամ
աղեկտուր ճիչը տեղ է հասնում
զրկյալի, կողոպտվածի, դատվածի հլությամբ`
մեղկ ու անանուն…

Ես ձեզ մոտ եմ կանգնած, չափազանց մոտ,
լսում եմ` ձեր մաշկը ոնց է շնչում արագ ու առիթմիկ,
եւ խոսքն իմ տարածվում է ձեր ոտքերի տակ`
լի տակառից թափվող թթօղու պես:-
Վաղուց արձագանքի սիրահար չեմ,
թեեւ նման է դա արնահոսության –
չվիրակապվող` դիտմամբ, անառիթ:-
Վսեմ, անշփոթելի ձայնն իսկ կարող է անհրատապ լինել
սրտի, ականջի, հիշողության համար.
/սա գուցեեւ ուղիղ հետեւանքն է Աստծո
սուբյեկտիվ հայացք-մարդազննության/:-
Ուրեմն` ձայնի-խոսքի-շարժի ճգնաժամն է կրկին
խեղդում կոկորդը ժամանակի…

Ձայնը ադամորդու` հեռվից թե մոտիկ,
տարածության մեջ բեկբեկվում է, ինչպես
կատարյալ որբը խճուղիներին:

 

ԱՅՐՎՈՂ ԱՐԽԻՎՆԵՐ

…Կաղնին հավաքագրում է անտառահատների անունները եւ
ձայներանգները` տեղադրում իր հաստ կեղեւի տակ:

Քարայծը պատճենող աչքերով իր
պատկերահանում է բոլոր որսորդներին, գիշատիչներին
նենգ ու սանձարձակ, որ հպատակ չեն կարգ ու
օրենի, ավելին` զուրկ են գութ ու խղճից:

Լուսինը լուսանկարում է հրձիգներին ու դավագրգռողներին,
ցեղասպաններին, ավերիչներին ու ավարառուներին,-
դիմանկարներն այդ` սառն, մոխրագիծ,
զետեղում սեւկազմ թղթապանակներում:

Հողը գրանցում է դասալիքների ու դավաճանների
ոտնահետքերը, նրանց մտմտոցը ձյութախռիվ –
մի հավաքածու փաստ ու մտայնության,
որի դիմաց իրենց ողջ գանձարանը կբացեին շտապ
հազար ու մի հատուկ ծառայություն:

Ջուրը հիշում է իր հետ շփվողների եւ ջրտեսների
մեղայականները, նրանց աղոթքները հոգեսասան,
մտաշարժը` բոլոր շարժառիթներով ու խթանիչներով –
մտապահում է իր ալյակների ջրաթերթերում,
անգամ, երբ ակամա գոլորշիանում է`
հիշում է դարձյալ տեսած-զգացածը:

…Չգաղտնազերծված բյուր արխիվներ կան
կենսատարածքի ամեն բեկվածքում,
ամայուտներում անհունական – ցպահանջ, հարուստ, զարմանազան,
բայց վաղուց դրանք անտես վառվում են
մեծն ամոթի սեւ բոցերում:

ԴՅՈՒԹԱԲԱՆՈՂԻ ԺԱՄԱՆԱԿՑՈՒՅՑԸ

1. Վաղ առավոտյան խոսքի մարգարիտներ է ընտրում լռության անդնդախոր ծովից, զետեղում Լեզվի զարդատուփերում:
2. Հարդարվում է «Վեներա» գեղեցկության սրահում, որ գտնվում է Աստղամոր կախովի այգիների մոտ:
3. Հագնվում է «Վահագնի» նորաձեւության տանը` ավանդականի ու գերմոդեռն ոճի համադրությամբ:
4. Ելույթից առաջ այցելում է հմուտ հոգեբանին եւ լսում հորդորը անփոփոխ` մի ծամածռվիր, եթե անգամ քեզ համարում են լավագույն ընկալունակը եւ հմայաստեղծիչը անգերազանցելի:
5. Կեսօրին վերցնում է արեւի թողած ոսկե շշուկները եւ նստում օրվա դեմ-դիմաց` որպես կրկնուսույց:
6. Դյութաբանում է առանց դադարի` 7 ժամ անընդմեջ, մինչեւ երեկոյի անձնատրվելու խոստովանությունը եւ նրա ժպիտը հոմերական:
7. Կացարան է դառնում ամենավերջին բռնաբարվածի տաժանք-խոնջանքով եւ քուն մտնում ցնոր աքլորականչ: Ամեն գիշերվա ժամը 4-ին նա տեսնում է միեւնույն երազը երկիմաստ – վիշապ-օձը իր գլխին փշե պսակ է դնում եւ կամացուկ երգում մի հին օրորոցային:

Ծանոթագրություն:- Դյութաբանողի ձայնն ու պատկերը գրանցվում են սոսկ հորիզոնների ժապավեններին:

 

ԲԱՆԱԴԱՐՁՈՒՄ

-Ժամեր սրբակորով եւ փիրուզյա հույզեր,
թաք մի կացեք մթին անտառներում
եւ կիրճերում ներփակ,
տեսեք, թե հանուն ձեզ
ինչ զավակների արշալույսներ են արյունոտվում
ինքնասպան դայակների պես…

Կանչն է երկինք ու հող միանգամից սերտող պատանյակի,–
գնում` շրջոնքվում է կանչը հանկարծակի ու դառնում ետ –

ժամեր սրբակորով եւ փիրուզյա հույզեր,
թաք կացեք մթին անտառներում եւ կիրճերում ներփակ,
տեսեք` ձեր անունից կախյալ
ինչ զավակների արշալույսներ են
արյունոտված ճոճվում
ինքնասպան դայակների պես…

 

ՎԵՐԱՁԵՎԵԼՈՎ
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԳՐԱՈՃԸ

Երբ ծառ ես հատում,
շունչդ է հատնում:

Երբ ջուր ես ծեծում,
ջրիկանում ես:

Երբ լույս ես վառում,
լուսեղ ես դառնում:

Հո՞ղ ես մշակում –
ինքդ ես մշակվում…

Երբ ընթերցում ես Դավիթ Անհաղթին,
դավթանում ես եւ
անհաղթելիության զգացումով լրվում:-

Այսպես արարքդ կրկնվում է քո մեջ
Աստծո դրած կարգով:

Հիմա ցավ ունես
եւ Աստծուն ես կանչում սրտապատառ,
նրան աղերսում ես վանել տանջանքը
քո անմեղ ներսից,-
չի անցնում ցավդ,
եւ աստվածանալու ոչ մի նշան…

 

ՉԱՐ ՌԻԹՄԵՐԻ ԾՈՒՂԱԿԸ

Կյանքի ռիթմերը` չգրանցվող, անզուսպ –
խորհրդավորուրություն, ահ են ներշնչում գոյականներին,-
նրանք գունատ են, խուճապահար սաստիկ
եւ քրթմնջյուն է նրանց սարկաստիկ ու բարդ լեզուն.-
համեմատիր թեկուզ հոգոցը, պատերն ու էլեկտրալարերը:

Առավելաբար խոսքի ռիթմը նույնն է, ինչ
բալիստիկ հրթիռի անկանոն թռիչքը
վրեժի ու ցնորքի միջնատարածքում…

Սեփական ռիթմով ապրող արեգակին
եւ մանկանը նայիր,-
նրանք գիտեն` ինչպես
հոգին ձերբազատել ռիթմերից չար:

 

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՁԵՌՆԱՐԿ

Ինչու պաշտել սերը
/տեսար` լքեց ու աղարտվեց իսպառ
գոլորշապատ ապակուն գծված ծաղկի պես/,
արժե պաշտել «սերը» –
նույն մտապատրանքի հմայանքով նա
քեզ կգերի հավետ
եւ կտանի դուռը նոր սերերի…

Ինչու պաշտել լույսը
/տեսար` կտրվեց նա ու չքացավ վերջին ցինիկի պես/,
արժե պաշտել «լույսը»,
որ ավելի շատ պայծառություն ունի չանհետացող
եւ ունակ է քեզ առաջնորդել
առ լուսավորյալ դար ու հեռաստաններ…

Ինչու պաշտել աստծուն
/տեսար` նա չլսեց աղոթքներդ թեժ
եւ մատնվեցիր մի նոր ցավ ու փորձության/,
արժե պաշտել «Աստծուն»,
որ միշտ կպարեկի ներաշխարհիդ ցնցուն հարթակներին
եւ կներշնչի դիմակայության արվեստ ու տոն…

Նույնական, անխախտ, մշտարթուն է բանը –
կույսը հավերժական, երազն աննվաճ,
իսկ գոյերը կոչյալ, լուռ թե աղաղակով, տարալուծվում են
կյանքի տղմուտում
թղթե տնակի ու մոմե կուռքի պես:

 

ՔԱՐԱՑԱԾ ԱՌԱՍՊԵԼԸ,
ԱՌԱՍՊԵԼԱՑԱԾ ՔԱՐԸ

Արտույտը անտարբեր իջավ հնավանդ մարտադաշտի
/Ավարա՞յր, Բորոդինո՞, Աուստերլի՞ց…/
առասպելացած մի քարի վրա,
ինքնամոռաց երգեց զուգընկերոջ, գուցե` հենց իր համար,
ապա ծրտեց քարին եւ թեթեւացած թըռռ` հեռացավ…

«Թեպետ ամեն ինչ շրջվում է գլխիվայր,-
նկատում, խորհում է սրատես Պանը,-
ոչինչ չի փոխվի անցնող ժամանակի բորբոսի հետ,
դեռ երկար կհնչի քարացած առասպելը
առասպելացած քարերի շուրջ»:

 

ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆ

«Մուտանտների ծնունդը բազմապատկվում է
եւ շեղվածների թիվն է աճում`
հոմոսեքսուալների,
հոգեգարների.-
խուսափեք ազատ կենակցումից,
գալիք սերունդը ծանր պատիժ է լինելու ամենքիս,
անգամ` կենդանիների, բույսերի համար:
Մի բեղմնավորվեք,
սեքսը հաճույք է եւ այն խաղալիք ու պատուհաս մի դարձրեք,-
օգտվեք նորաոճ պահպանակներից,
գնեք մեր թողարկածը` ՊՊՊ-ն –
նոր սերնդի հանճարեղ մտքի արգասիքը`
«կապտող» այս աշխարհին ոգուն ներդաշնակ,
որ կանխում է բեղմնավորման թաքուն ցանկությունն իսկ»,-

շարունակ տարփողում է գովազդատուն
յուրաքանչյուր էկրանից, պաստառներից բազում,
եւ վաստակելով հացն իր հանապազօր`
նա գոհ դառնում է տուն –
սիրելի կնոջ ու երեխաների գիրկը տաքուկ:

 

ԲՆԱԽՈՍԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Տերեւները հավատարիմ են մայրենի ծառին ու կանաչ գույնին –
գոնե մի գարուն ու մի ամառ:
Գետը աներկմիտ, խոնարհ հոսում է վերեւից ցած – լիովին ազատ
բարձրանալու սին տենչ ու խանդից:
Օդավազանում թռչունը իրեն պահում է գոհության հրեշտակի պես,
թեեւ ցասման ու վշտի բացիլներ ունի ճախրանքներում:
Գազանը արգելափակված է նույն գազանության
սահմաններից ներս,
նրա վրիժառության հասցեատերերը անփոփոխ են
ու պատճառաբանված:
Ձկան համրությամբ ծովն ավելի հաշտ է եւ ընկալունակ,
նա հուզումնալից տառապում է միայն գեշ գրգիռներից արտածովյա:
Մարդը դեռ գիտե երգել ու սիրել, նույնիսկ`
ապականված տարիների միգում,-

ամփոփագրում է հմուտ բնախոսը,
եւ նրա աչքերը շողում են կախարդ երջանկությունից:

 

ԹԻԹԵՌԻ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակը եղավ մսխելու կեր`
համայն արոտներում անտիրական,-

վիշապի պես խժռում են օր, ամիս, տարի`
առանց վայելչորեն համտեսելու,
չզգալով նրա ախորժանքը,-
ինչ հրաշալի պատառներ թողնելով
դիպվածին, պարապին, ելուզակին`
որ արտաքուստ խոհեմ, կիրթ է նույնքան,
որքան իրականում գրավիչ է որդը, իսկ լուն` խոնարհ,-

երկարակյացներին խավարամիտ,
ժամանակասպաններին անագորույն –
իմ անարգանքն ու հեգնանքը թեժ.-

անհայտ է նրանց`
ինչ անհուններ կան վայրկյանների բիլ պսակներում,
գեղեցկության ինչ տոնահանդեսներ են թնդում այնտեղ,
նրանք նայում են ժամանակին, հանց
կույր ու մոլեգին դինոզավրեր` վարպետ
տրորելու եւ հոշոտանքի հին արհեստում:

Նրանք պղծում են ակնթարթներս
իրենց երկարաշունչ աղաղակով,
սնափառության ուտիճներով թույն արգելափակում են,
որ վառ օրյակս չդարձնեմ դարից քառակի ձիգ,-
ոնց են նրանք ճարպիկ քիլերի պես
գլխատում գունեղ թռիչքներս…

Թե երկար կյանքը թիթեռիս տան…
բայց ինչի՞, հանուն ո՞ր լույս ու կանչի…
իմ անզուգական երկու-երեքօրյա
բաժինքի ընկած փշուրն անգամ
չեմ փոխանակի նրանց ճահճահոտ «հավերժության» հետ:

 

ՄՈԽԻՐ ՈՒ ՍՅՈՒՔ,
ՄՈԽԻՐ ՈՒ ՏԱՊ

Դեռ չես վանել դրսի, այլուրեքության հմայանքը,-
տանիքին կանգնած արագիլի պես
խուլ հեռուների բնույթն ես պեղում պաղ կտուցով, երբ
աշխարհն իր ներքին նախագծմամբ
բնագրվում է քո ներաշխարհում`
իբրեւ անթերի մանրակերտ-վեպ:-
Ինչ որ առկա է տարածության խոռոչ-ոլորքներում,
արտատպվում է քո զգայության փայլաթիթեղին
հայելային ջինջ անդրադարձով:-

/Ժամանակի ոգին սաղմնավորվում է քայլերիդ մեջ,
թե նրանք եսիդ չեն պարգեւում լույս ու ազատություն,
ուրեմն օտար ոտքերով ես քայլում,
իսկ ձեռքիդ միայն կեղծ հասցեներ են ու թթվաշ հաց.-
արեւին նայիր` հուշարարին ազնիվ –
կասի` ուր թեքվես եւ որտեղ բանես համբերատար/:

Առ քեզ ճամփորդության գազան ահը
ծաղրի թիրախ է հեռագնացների ջոկի համար,
նրանք ամենուր վախլուկին են գամում
եւ դիմափոխին այսահնար,
մինչդեռ դու ընդմիշտ ճանաչելի ես
քո սրտանկար պարտեզներով,
եւ քեզ գաղտնալից երկրպագում են դից ու ասուպ:-

…Այլուրային սիրո ոչ մի դրոշ
չի ծածանվում ներգո փարոսներին,–
մոխիր ու սյուք է,
մոխիր ու տապ –
չվող սերերի տափաստանում:

 

ՊԱՀՄՏՎԱԾ ԿԱՅԾԱԿՆԵՐԸ,
ԿԵՑԱԾ ԾԻԱԾԱՆՆԵՐԸ

Սեւահողում թաղված կայծակները ճիշտ կռահելի են
բոբիկ ոտքերով, պարզապես հարկ է
մի առավոտ քայլել սեւ ցելերի առձիգ գեղեցկությամբ.-
պահիր որոտներդ մայր քնքշանքի բոսոր վարագույրի տակ,
կայծակներդ պահիր շշուկներիդ մեջ:

Ծառաբներում կեցած ծիածանները
կանխազգացվում են բաց ձեռնափով, եթե
հպվում ես կեղեւին հարազատի տաք կենսհայեցությամբ.-
թեւերիդ մեջ նիրհող ծիածանները
արթնացրու կայտառ մի շոյանքով,
որ ժառանգել ես գարնան անթառամ զավակներից:

Գուցե դրախտի դուռը բացահայտվի,
երբ ծաղկադաշտին երկար աղերսվի աչքը երազամույն…

Գուշակու՞մ ես, թե ինչ հրաշաբույլեր է արտածելու հոգին,
եթե ափիբերան լցվի նա երկնի լազուր մրմունջներով…

 

ԳԱԼԻՔ. NN-Ի ԽՈՐԱԳՐԵՐԻՑ

Անցյալը տիեզերակայան չէ, այլ` կախված կայքէջ:
Կյանքի գրավադրում` 10 տոկոս շահաբաժնով:
Միաձուլվող սեռեր:
Հոգու անկախությունը` կապիտալի ազատությամբ:
Երազի ընթերցման դասընթացներ:
Դեռահասների համար ուղեւորություն դեպի Սեւ խոռոչ:
Կողոպտված Երկրի սեւ հեծկլտոցը:
Ասուպներով գնվող երկարակեցություն:
Անմահների զինավառ ռասան:
Երջանկություն` օրգազմից առաջ եւ հետո:
Էլիտար մոլորակներ:
Կլոնային մաֆիան:
Նախնյաց չճանաչող, գալիքամոլ սերունդ:
Ստվերային պայքար` հանուն հանճարի:
Մատչելի գներով ջրածնային ու նեյտրոնային ռումբեր`
իբրեւ անտիկվար:
Խաղաղությունը լլկում է տարի ու դար:
Բնության ոգին ու գեղեցկությունը` ակվարումի մեջ:
Օֆշորային ժամանակներ` աշխարհիկ ու հոգեւոր վերնախավի համար:
Լազերային պարիսպներ` ազգերի, ազգությունների, ցեղախմբերի միջեւ:
Միջկրոնական սամումներ` տեղական խթանիչներով:
Նոր կարմիր խնձոր` հեռազգացությունն ու լիբիդոն չափող:


Ձանձրախտի մեջ խրված լեռնապարին նայիր
եւ օվկիանոսին մելամաղձոտ
/հանգիստ թող, նրանց մատով իսկ չդիպչես,
նրանց ինքնասույզ կերպարանքի տակ
հրաբուխներ կան ծովատարած/,-

դու ճամփորդ ես լոկ, անցվոր անցողիկ,
որ դեռ շարժունակ միջատի պես
սահում է կյանքի էկրանից ցած`
չնկատելով կերպափոխումը ճանապարհների –
հուսախաբված են, հույլ, ոտնակոխ եւ
ձգվում են` միայն հեռվում կորչելու խուլ ցանկությամբ…

-Ինքնասպանությամբ լցված ճամփեքին,
հորիզոնների քմծիծաղին նայիր:

 

ԿՐՔԵՐԻ ՊԱՀՈՑԸ

Ոչ մի պահոց վաղուց հուսալի չէ
կրքերիդ համար բազմացեղ,
առավելս` մարմինդ հուզահար եւ հանգարը կամքիդ,-

մի թեթեւ ցասումն իսկ բավ է,
որ խանդի անտառը խշշա ահեղ, խոլական,
վթարվի ԱԷԿ-ը սիրուդ,-
փետրագնդակից անգամ դիտապաստ փռվում է
արհեստավարժ վարձկանը բախտի,-
բայց առաջվա պես լացիր բնական արցունքներով…

Մի խելացի պահ միշտ կարելի է գտնել
Ժամաքաղաքի խառնակ մայթերին,
որ անվնաս հատես խաչմերուկը Ահի –
հողանցելով կրքերդ կուտակ,
հնագետի պես պեղելով անքթիթ
ամայացող երկրի խիղճն ու արվեստը…

 

ԱՆՏԻԹԵԶԻՍ-2013

Տղամարդու մեջ կորչող տղամարդկությունը:
Կնոջ մեջ չքվող կանացիությունը:
Գարնան մեջ խամրող գարնանայնությունը:
Արծվի մեջ մեռնող արծվայնությունը:
Մարմնի մեջ նվազող մարմնականությունը:
Հոգու մեջ ճզմվող հոգեկանությունը:
Երգի մեջ լռվող երաժշտականությունը:
Բարդու մեջ թոշնող բարդիությունը:
Լույսի մեջ դժգունող լուսավորությունը:

/Կապի մեջ աճող անկապությունը:
Ընտրության մեջ շաչող անելանելիությունը:
Իշխանության մեջ ահագնացող անիշխանությունը:
Խոսքի մեջ փրփրող անբառությունը/:

Եղնիկի մեջ մարող եղնիկությունը:
Մարտիկի մեջ անհետացող մարտականությունը:
Բանաստեղծի մեջ ճնշվող բանաստեղծականությունը:
Միասնության մեջ ահաբեկվող միասնականությունը:
Երազի մեջ շնչահեղձվող երազայնությունը:
Արարման մեջ հոշոտվող արարչությունը:
Թռիչքի մեջ ջնջվող ճախրայնությունը:
Պահի մեջ սպանվող պատեհությունը:
Արդարության մեջ խեղվող արդարամտությունը:
Գերազանցության մեջ պարտակվող գերազանցիկությունը:
Իրավունքի մեջ վանվող իրավացիությունը:
Վայելքի մեջ կորսվող վայելչաշնորհությունը:
Հողի մեջ հրկիզվող հողեղենությունը:
Քաղաքակրթության մեջ բացասվող քաղաքակրթվածությունը:-

Ժամանակի մեջ վերացող հավերժությունը:

 

ՑԻՆԸ ԼՈՒՍՆԱՀԱՐ

Թող արեւը լինի փոխանորդը
քմահաճ ու խենթ ճակատագրի
կամ` գարունը` հղի ծափ ու ծնծղաներով,
կամ թե ծիրանաբույր այգը Ոստանի,-

չէ, թող սիրո մատաղ հրեշտակը
խաղա ճակատագրի դերը խրթին,
նա շիտակ է, թովիչ, հրաբորբոք,
չի թողնի սիրտդ սառցապատի,
նա թեւերին իր կտանի քեզ
քաղցր ուղիներով ժամանակի`
անդադար, առանց ուղետոմսի.-

ուր կամենաս մնալ մեն-միայնակ,
նա կթողնի քեզ, կհեռանա,
բայց հետայդու, հիշիր, ճակատագրին
կփոխարինի ցինը դառնության,
նա կհետեւի քո դեգերումին
դատված պարեկի ցինիկությամբ
եւ ամեն հարմար պահի` սաստիկ
կկտցահարի հոգիդ փլված`
ինչպես սովահար մի լուսնահար…

 


Մի վայր, մի ժամանակ, մի բազմություն –
ուր դեռ չեն խոնարհվել ոչ մի աստծո առաջ
/մանուկ հանճարի պես խաղում են լույսի խաղերի հետ/,
արյուն չեն հեղել կուռքի, գահի ու ազատության համար,
ուր ժամերը օրվա մի աննման ծեսի դրվագներ են լոկ
եւ ստվերը չի ծածկում մերձության ոչ մի տառ ու անկյուն,
ուր բյուր առիթ կա`
հանդիպելու կնքյալ բանբերներին
եւ ճշտելու հարցը բախտորոշիչ –

ճի՞շտ է, որ մահը
զրկվել է իր սուր հիշողությունից,
իսկ մարմինը մարդու վերկերտում է իրեն
անդենականի կենսահոսքերից…

 

ԻՆՉՊԵՍ ԽՈՐ ԹԱՂՎԱԾ ԶԱՆԳԱԳԼՈԲՈՒՍ

Անվերջ աղմկում են սիբիլաները իրենց թաքստոցներից ու
բեմահարթակներից – հնավանդ երկրպագուի
ջերմեռանդությամբ – չխնայելով
հորինաբանելու առիթ ու հնար, պայծառատեսի
կիրք ու հովերով,- եւ բազմակի խճողվում է
ուրվանկարը վաղվա, խլանում ձայնը հեռուների –
ինչպես ժանգակիր զանգագլոբուս`
կասկածի մթին ջրերում թաղված:-

/Գուշակելի է անկումը խորին
ամենավերջին իր կետ-գծերով,
ոգետեսների աճյունները նույնպես
փոշիանում են անիմանալիի բավիղներում նեղ,-
օ կանխասացներ, դուք թաք կացեք դեռ/:

Եվ Երկրի խոսքը չի լսվում
անհուն խավարների մեջ, եւ դեմքը Երկրի
չի տեսածրվում տիեզերական ոչ մի տենչանքով,-
ջինջ, անդորրավետ շարժ ու խոկումից է
ծնվում լսելին գալիքապատկան –
հույժ տեսանելի` հախուռն դեպի մեզ
սլացող կույր ու խուլ աշխարհներին:

 

ՎԱՏՆԻՉԸ

Բյուր ծորակներ բացել`
ջրերն արձակել է գետաբարո, վտակաձեւ ու առվակաբար,
թեպետ ամենուր են ծարավ-երաշտի ուրուները
որոնում տոչոր զոհ ու տեղանք,-
գաղտնածածուկ նա հիանում է չքվող ջրերի խշշոցներով:

Եվ զեփյուռների դարպասներն է բացել լայնեղ ու քմահաճուն –
արձակել նրանց անհասցե, իզուր, անտիրական,-
ավար եղան նրանք գերազանցիկ
անապատներին ու տարբեւեռներին մրրկախռով,
երբ դրախտային եզերքները հերձվում-հեղձվում են շնչակտուր
մայր օդանույշի կրքահանգույն…

Նա վատնիչն է եւ բիլ-կանաչի,
լույսի, անդորրի վատնիչն է նա,
շռայլարարը լիամարմին` խանդի, բորբոսի, վայրագության,
անգուշակելի խաղացողն է չգծանշված հուզաշխարհի,
խուսանավում է վարպետորեն Աստծո եւ Չարքի միջակայքում
եւ քմծիծաղում Սպասման վրա,

քանզի ըմբռնեց գիտուն աչոք –
ինչ կուտակվում է`
պայթում է հուժկու ռումբի նման:-

Օ վատնիչ վերուստ ու անողոք –
օ բաշխիչ արդար ու ինքնակոչ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *