Գայանե Մկրտչյան | Հրաշագործ զույգը

Գյումրիի և Համազգայինի համատեղ ներկայացումը

Ուիլյամ Գիբսոնի «Հրաշք գործողը» պիեսի հիմքում փոքրիկ աղջկա՝ կույր ու խուլ Հելեն Քելլերի կենսագությունն է։

Ամերիկացի հեղինակի պիեսն առաջին անգամ բեմադրվել է Բրոդվեյում 1959 թվականին, և 5 անվանակարգում  արժանացել Թոնի մրցանակի։ 1962 թվականին ներկայացումն էկրանավորվել է։ Կույրերի դպրոցի ուսուցչուհի Էննի Սյուրիվենին Մարկ Տվենն է անվանել «հրաշագործ»։

Համազգայինի և Գյումրիի թատրոնի համատեղ «Հրաշագործը» ներկայացման բեմադրիչը  Նիկոլայ Ծատուրյանն է, նկարչական ձևավորման հեղինակը՝ Գարեգին Եվանգուլյանը։ Ներկայացման երաժշտական ձևավորողը Հայկ Իսրայելյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Խաչատրյանը։

Բեմադրությանն աջակցել են  ԿԳՄՍ նախարարությունն ու Հայկական Կարիտասը։

Բեմադրիչը

Զարմանալի զուգադիպությամբ Նիկոլայ Ծատուրյանը բեմադրում է Հայաստանի անցումային  ժամանակների լավագույն,  մի քիչ էլ՝ կանխորոշող ներկայացումները։  1990 թվականին այդ ներկայացումը «Փրկենք մեր հոգիներն» էր,  ճակատագրական 2022-ին՝ «Հրաշագործը»։

Սունդուկյանի անվան թատրոնում Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը՝ «Փրկենք մեր հոգիները», անսովոր էր շփոթության մատնելու աստիճան, առաջին հայացքից  հակադիր  դրսում, հրապարակներում աղմկող կյանքի հետ։ Ազգային զարթոնքն ու դրան զուգահեռ հասարակարգի անկումը հրճվանքով ընդունող երիտասարդների համար անընկալելի էր, որ ներկայացումը կոչնակ էր՝  պատրաստ լինել դիմակայելու դեռևս  չնշմարվող փլուզումին ու փոփոխություններին։ Ընդամենը 12 ցուցադրում, և տասնամյակներ անց ներկայացումը քննարկում ենք խոշոր վրձնահարվածներով՝ ի՞նչ է մնացել հանդիսականի մտապատկերում։ Տուն, որտեղ չեն ուզում ապրել, և երկիր, որը փլուզվում է։ Գլխավոր հերոս Արմենը (Տիգրան Ոսկանյան) փոփոխական ժամանակների տառապյալ ու անօգնական պատանի է, և նրա համար «չկա փրկության մի երկիր, չկա փրկության ճանապարհ»(Չարենց)։

Հետո, տարիներ անց, «Մետրո» թատրոնում Նիկոլայ Ծատուրյանը բեմադրեց միջանկյալ մի ներկայացում՝ սարոյանական մոտիվներով  «Ուիլլի, Թիթի,  Ջիգ,  և երեքն էլ մի աղջիկը»։ Դեռևս մութ տարիներ էին, քչերն են դիտել, սակայն ընդհանուր գծերով՝  ուղեկորույս  մարդիկ, ոչ մի տեղ չտանող ընդհատված երկաթգիծ, աբսուրդային իրավիճակներ։

Փակել պարտության պատուհանը «առանց հոգին վնասելու»․ սա է 2022-ի «Հրաշագործը» ներկայացման գլխավոր մոտիվը։ Մեկ երեխայի հոգին փրկելը՝ անելանելի թվացող իրադրության մեջ, աշխարհը  սիրելու բանաձևն է։ Ընկճվելը, հուսահատվել- թևաթափ լինելը պարտության ճանապարհն է, պետք է անել անհնարինը, ավելին, քան կարող ես, ավելին, քան քո էությունն է ուզում։

Գայթակղիչ ու հուսատու է ներկայացումների ու կյանքի, իրական կյանքի և բեմական իրողության մեջ այսպիսի կապ ստեղծելը, քանզի  թատրոնը կենդանի արվեստ է՝ այսօր և հիմա, սակայն մի բան ակնառու է՝ Ծատուրյան բեմադրիչը ստեղծագործում է ժամանակահունչ։

Ընտանիքը

Քելլերների երկհարկ տան մանկասենյակից դուրս է գալիս  ընտանեկան բժիշկը (Ֆրունզիկ Ամիրխանյան), դժվարությամբ իջնում բարձր աստիճաններից, հրաժեշտի համար սուրճ խնդրում և անհամբեր ծնողներին ասում, որ փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, կապրի, բայց․․․ Այդ «բայցը» հանդիսականը տեսնելու է հաջորդ տեսարանում։

Խարակտերային դերասան Ֆրունզիկ Ամիրխանյանն ընդամենը խաղային մեկ դրվագով փորձ է արել ստեղծել մտապահվող կերպար։  Դասական ընտանեկան բժիշկ, որն օգտվում է առավելություններից, հոգնած է տարիքի և երկարատև ստաժի բերումով, չի ուզում պատասխանատվություն ստանձնել երեխայի հետագա առողջության համար, վախենում է անտառից լսվող գայլերի ոռնոցից։

Արիստոկրատ վարմունքով ու հագուկապով Քելլեր ընտանիքը հարմարավետությանը սովոր է, չափված-ձևված, անգամ դժվար ու արտասովոր տեսարաններում՝ քաղաքավարական։ Ընտանեկան անդորրն՝ առաջին տեղում, իսկ դստեր  անսովոր հիվանդությունն իրենց հարմարավետության գոտուց դուրս իրողություն է, ուստի կապիտան  Քելլերի(Տիգրան Գաբոյան) հիմնական ու մշտապես հնչող պահանջն է՝ «ձայնը կտրե՛ք»։ Եվ լուծումն էլ իրենց համար դժվար, բայցև հարմար ճանապարհն է՝ համապատասխան հաստատություն հանձնել երեխային, շա՜տ սիրելով  հանդերձ։

Աղջկա հիվանդությունը խախտել, ավելին՝ գլխիվար է շրջել  նրանց կյանքը։ Մի տեսարանում, երբ կապիտանը փորձում է գրկել երիտասարդ կնոջը (Քեյթ-Արփինե Մխիթարյան), և այդ պահին աստիճանների վրա է հայտնվում փոքրիկ աղջիկը, չլսող ու չտեսնող Հելենը, նրանք ցնցվում են և միմյանցից հեռանում։ Առանց բառերի ու խոսուն տեսարան։  Սովորականից, կանոնից դուրս ամեն ինչ դիմադրության է արժանանում ընտանիքում, և   այդ պեդանտությունը ամենից լավ է խաղում Քելլեր հայրը Առաջին տեսարաններից մեկում, երբ երեխային այցի եկած բժիշկը հրաժեշտին սուրճ է նախընտրում, նա բարեկամական սաստում- պարտադրում  է իրենց կարգը՝ գիշերները սուրճ չե՛ն խմում, այս ու այս հիմնավորումով։

Բարձրահասակ, գեղեցկատես, արտաքուստ քաղաքավարի ու զուսպ Քեյթը իրականում փլված ու շփոթված է, իր բոլոր ջանքերն ուղղված են Հելենին, այն աստիճանի, որ ժամանակ չի մնում նորածին տղայի համար։ Իսկ օգնելու մեկ ձև գիտե Քեյթ- Արփինե Մխիթարյանը, կոնֆետ տալ երեխային, ինչպես կրկեսում են հնազանդեցնում-պարգևատրում վայրի գազաններին։

Ընտանիքի ավագ որդին՝ Ջեյմս- Սարգիս Ղարիբյանը, առաջին հայացքից ոչ համարժեք վերաբերմունք ունի կրտսեր քրոջ նկատմամբ, ուղղակի ուզում է խնդրից հեռավորություն պահել, սա էլ իր ապահովության գոտին է։ Հեգնական ժպիտների ու խոսքերի է արժանացնում ուսուցչուհուն, բացարձակապես անհույս համարելով նրա ջանքերը։ Սակայն հոգու խորքում ուզում է հավատալ երիտասարդ աղջկա հաջողությանը, քրոջ հաղթահարումին, այլապես սարսափած դուրս չէր նետվի՝ հետ վերադարձնելու ուսապարկով հեռացող Էննի Սյուրիվանին։

Վիննի- Տաթև Ղազարյանը թխամաշկ, փաթթոցավոր գլխանոցով խափշիկ սպասավոր է, երկար տարիների աշխատանքի բերումով՝ ընտանիքի սրտացավ անդամը։ Իր արժեքն իմացող  Վիննին ամենուր է, ուր անելիք կամ անկառավարելի վարք կա, քիչ ու կարճ է խոսում, բայց նրա խորաթափանց հայացքը հետևում է բոլորին ու իրադարձություններին, կարգ ու կանոնին։ Գլխի աննկատ շարժումով կամ հայացքով ուսուցչուհու անձայն ուղղորդողն ու ոգեշնչողն է։ Ունի հատուկ՝ չբարձրաձայնվող կարծիք, դեմքի փոփոխվող արտահայտությամբ, կտրուկ շարժուձևով արտահայտելով դժգոհություն, ուրախություն, համակարծիք համաձայնություն։

Դերասա՞ն, թե երեխա

Պատումի  հուզական ուժը, որը շեշտել են բրոդվեյյան հայտնի ներկայացման քննադատները, նաև հայաստանյան բեմադրության ուժեղ կողմերից է, և այդ բեռն ու դափնիները Էննի- Հելեն  զույգինն է։

Հելեն- Անգելինա Զաքարյանի բեմական արհեստավարժ կեցվածքն ու վարքագիծը ակամա մտորել են տալիս, ի վերջո «ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»՝ երեխայի դերում դերասան, թե երեխա։

Հայ թատրոնի պատմության մեջ դասական հաջողված օրինակ կա՝1961 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում, Վարդան Աճեմյանի բեմադրությամբ, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Ջոնիի դերակատարը Վարդուհի Վարդերեսյանն էր։ Սիրված ու հաջող դերակատարում։ Ժամանակաշրջանով մեզ ավելի մոտ, դարձյալ հաջողված ուրիշ օրինակ կա։ Համազգային թատրոնում Սարոյանի «Փրկության կղզի» ներկայացման  տղեկին՝ Քլեյին, մարմնավորում էր դերասանուհի Տաթև Ղազարյանը։

Ինքնակենսագրական պիեսի իրական հերոսուհու դերակատարը գյումրեցի իննամյա Անգելինա Զաքարյանն է, Հելենի հասակակիցը, տեղ չթողնելով․ նվազագույնի հասցնելով բեմական ձևացումը։

Տեսնել է պետք, թե ինչպես է Հելեն- Անգելինա Զաքարյանն իջնում բարձր աստիճաններից՝ չտեսնողի լայն բացած, մի կետի հառած հայացքով, մի քիչ դանդաղ, բայց հատու և վստահ։

Չլսող երեխայի անկանոն ձայները տևական ժամանակ անելանելիության մթնոլորտ էին ստեղծում ոչ միայն ընտանիքում, այլև դահլիճում։ Գեղեցիկ աղջնակի չգիտակցված հնչյուններն ընդհատվում էին միայն, երբ մայրը կոնֆետ էր տալիս։

Քելլերների ընտանիքը փորձում է անօգնական աղջկան բժշկելու վերջին հնարը՝ վստահել կույրերի դպրոցի ուսուցչուհուն, առժամանակ մոռանալով ամենավերջինը՝ համապատասխան վայր ուղարկելը։

Կույրերի դպրոցի ուսուցչուհի Էննի- Նարինե Գրիգորյանը, նոր միայն հայտնվելով ու դեռևս չծանոթացած, ծնողների տարակուսած հայացքի առաջ, անսպասելիորեն գործի է նետվում՝ ինչպես մենամարտի։ Ժանրի  կանոնների մեջ է մտնում նաև աղջիկը՝ Հելենը ․ անհամաձայն դիմադրություն, զայրույթ, հրաժարում, աղմուկ, ագրեսիա։ Համահավասար մարտ, ով՝ ում, զանց առնելով տարիքային ու հասակի տարբերությունները։

Աղջնակն այնպես ուժգին է դիմադրում, ասես պայքարում է ոչ միայն ուսուցչուհու, այլև իր ներսի ուժերի դեմ։

Հելենը չգիտի, որ առարկաներն անվանումներ ունեն, և ուսուցանելու ողջ ընթացքում Էննին համառորեն աղջկա գիտակցությանն էր ուզում հասցնել խուլերի այբուբենը ՝ ափի մեջ նշագրելով, կոկորդից  կրքավանդակ՝ հոգուն, ասես հոգուց՝ հոգի, և դեպի գիտակցությււն՝ ուղեղ։

Մինչ դրան հասնելը պետք է պայքարել ու հաղթել փոքրիկ անկառավարելի գազանին, «առանց հոգին վնասելու»։ Մարտահրավերի հայացքով, նպատակասլաց, պահ-պահ՝ մտախոհ ու ընկճված Էննին սեփական փորձով է համոզվել, որ հրաշքը պետք է կերտել նաև համառությամբ, Ֆոլքների բնորոշումով՝ «99 տոկոս աշխատասիրությամբ»։

Եվ ուսուցչուհին կառչում է Քեյթ Քելլերի  ասես պատահական հուշումից՝ «ջուր» բառից, որը աղջկա գիտակցության մեջ եղել է  մինչև  հիվանդությունը։  Ի վերջո Հելենը դժվարությամբ արտաբերում է ջուր բառն այնպես, որ այդ դեպում հավասար է կյանքի, գիտակցված կյանքի։

Ազատագրումը ցնծության ցոլքեր է առաջացնում չտեսնող Հելենի արդեն գիտակից հայացքում, և դա տեսանելի է  հանդիսականին։ Եվ լավ բեմադրիչի, բարձրակարգ դերասանուհու   և շնորհալի աղջնակի «բեկման» արդյունքում ականատես ենք հրաշագործ զույգի խաղի, երբ երեխան ոչ թե գեղեցիկ ֆոն է, այլ՝  խաղընկեր։

 

Առանց հոգին վնասելու

Թույլ տեսողությամբ էննի-Նարինե Գրիգորյանը կենտրոնացած- մտասևեռված է իր իսկ սահմանած ի՛ր առաքելության վրա, ու Հելենից բացի, շուրջը ոչինչ չի նկատում։ Բեմում ասես միայն երկուսով լինեն։  Չի նկատում կամ նկատելով անտեսում է իր ջանքերի հանդեպ ամուսինների զայրույթը, երիտասարդ Ջեյմսի հետաքրքրասեր, Վիննիի՝ խրախուսական հայացքները։

Թեթևակի տարօրինակ, տարբեր ու առանձնացող այն ընտանիքից, ուր մուտք է գործել իբրև այլընտրանք,  Էննին ապրում  ու գործում է սեփական  հոգու օրենքներով։ Արտաքինից ինքն էլ երեխա է, դասական երկար փեշով, կիսաճիտքերով, պղնձագույն –կրակոտ  հյուսքերով, մազափունջը հիմնականում ներդրած ջանքից ու զայրույթից  թափվում էր աչքերի-ակնոցների վրա, և նա խանգարող վարսերը ճակատից հեռացնում է փնչալով-փչելով։ Իբրև խոչընդոտ ու գլխավոր գործից շեղող հանգամանք։

Խոչընդոտ է նաև դստերը ոչինչ չմերժող ընտանիքը, և անկասելի Էննին ուղղակի աղաչում է երկու շաբաթ առանձնացած ապրել սանի հետ։ Մինչ այդ Էննին արդեն անցել էր հերթագայող հիասթափությունների միջով, քիթն էր վնասել, ակնոցը կորցնել՝ խարխափելով մթության ու անելանելիության հորձանուտում։ Ձեռքերը լվանալով՝ ուսապարկը մեջքին գցել, ոռնալ ինչպես գայլ՝ ձայնակցելով գիշերային անտառի ոհմակին։

«Չե՜մ հավատում, որ նույն երեխան է»․ քնած Հելենին նայելով ասում է Էննին,  նույն խոսքի մեջ արտահայտելով զայրույթ ու գորովանք։ Գիշերային անտառից լսվող գայլային ոռնոցը մի պահ վախեցնում է միայնակ կացարանի ավագ բնակչին, դրդում ձայնակցել, որը շարունակության մեջ դառնում է երգի մրմունջ ու օրորոցային՝ Հելենի համար։  Երգի մեղեդուն ու բառերին անծանոթ հանդիսականի համար այս գիշերային բազմաձայնությունն ավելի բողոք է, լաց, ելքի փնտրտուք, ասես ուժ է խնդրում, բանալի՝ հասնելու աղջնակի հոգուն, գիտակցությանը։

Մարդկանց աչքերից հեռու ինքն էլ նույն անօգնական երեխան է, թույլ տեսողությամբ, միայնակ, ողջ կարողությունը՝ կես ուսապարկ,  բայց հոգով հզոր ու անկասելի  այն աստիճանի, որ պիտի օգնի մեկին  հաղթահարել․ առողջանալ, ապրել լիարժեք։ Նրա այդ հավատը ոռոգված է ծով համբերությամբ։  Իր կյանքի փորձը՝ աչքի լույսը դժվարությամբ վերագտնելու հաջող ելքը,  Էննիի համար նշան է՝  փրկել անօգնական մեկին․ «Լույսը ուղեղի համար ավելին է, քան աչքերի համար»։ Միակ վերամբարձ խոսքը, որ ասում է Էննի Սյուրիվանը։

Երեխան  արդեն ապավինում է ուսուցչուհուն, ոչ թե ենթարկվում, և այս փոխադարձ սիրո բերկրանքը փոխանցվում է ընտանիքին, հուզմունքով պարուրելով մեծ ընտանիքը ՝ դահլիճը։ Էննի Սյուրիվանը՝ քարացած, անբառ, ներքուստ ավելի ուժգին, վայելում է իր՝ գիտակցված կյանք շնորհելու հաղթանակը։

Ներշնչվելով հրաշագործ Էննի- Գրիգորյանի խաղային տարերքով, ակամա մտաբերվում է  Դոստոևսկու դիտարկումը «Ես ոչ մի կերպ չեմ կարող տաղանդը շփոթել պարտականությունների փութաջան կատարման հետ»։

Նարինե Գրիգորյանի վերջին տարիների թատերական բազմաձայն անցուդարձին  հետևելիս, ակամա գումարվում է ուրիշ դասականի միտքը «գումարած՝ 99  տոկոս աշխատասիրություն»։

 

թատերագետ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *