Արթուր Աբգարյան |Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները

pic-artur-abgaryan
Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները «Դոն Կիխոտ» վեպում

Սերվանտեսի վիթխարի հանճարն իր ամբողջ ուժով դրսևորվել է
«Դոն Կիխոտ» վեպում, որը իսպանական և համաշխարհային դասական գրականության ինքնատիպ ստեղծագործություններից մեկն է:
«Դոն Կիխոտ»-ը դիտվում է իբրև բացառապես ասպետական վեպերի դեմ ուղղված գրական պարոդիա: Բայց հանճարի գրիչը միշտ ավելի մեծ է, քան նա ինքը, այն չի սահմանափակվում ժամանակավոր մտադրություններով և միշտ ավելի հեռու է գնում: Այն չի սպառվում ասպետական վեպերի քննադատութամբ. Սերվանտեսն ավելի բարձր նպատակ է հետապնդել: Նրա ստեղծագործությունը ճիշտ հասկանալու առաջին նախապայմանը պատմական մոտեցումն է: «Դոն Կիխոտ»-ը հանդես եկավ հեղափոխության շրջանում, երբ Հռոմի պապի և իսպանական միապետության գլխավորությամբ փորձում էին ետ դարձնել պատմության անիվը և վերականգնել պատմության գիրկն անցնող միապետական կարգերը: Այս պայմաններում հումանիստների առաջ ծառայած գլխավոր խնդիրներից մեկը պայքարել մարդկային արժեքների պահպանման համար, քանի որ մարդիկ ծնվել են երջանկության և ազատության համար: Հումանիստների հայացքների հենքը հարգանքն է մարդու, նրա արժանապատվության և իրավունքի նկատմամբ, իսկ էությունը` համատարած պայքարը կյանքի նպաստավոր պայմանների ստեղծման, անահատի ազատության և բազմակողմանի զարգացման համար: Սերվանտեսը նետվում է պայքարի մեջ` իր համար զենք ընտրելով ծիծաղը` «ամենաուժեղ զենքերից մեկը այն ամենի դեմ ինչ ապրել է իր դարը և դեռ շարունակում է գոյությունը քարշ տալ»:
Դոն Կիխոտի կերպարով Սերվանտեսը միանում է հումանիզմներին` ցանկանալով, որ մարդիկ կրկին ձեռք բերեն իրենց բնական վիճակը` ոսկեդարը: Պարզվում է, որ հենց այդ պատճառով նա որոշեց հանձն առնել թափառող ասպետի բեռը: Նրա համար թափառող ասպետը պետք է պայքարեր արդարության համար եւ պաշտպաներ նեղյալներին: Ինքը` Դոն Կիխոտը բազմաթիվ առիթներով հայտարարում է, որ իր նպատակն է պաշտպանել ճնշվածներին, հալածվածներին, երկրի երեսից վերցնել բռնությունը, անարդարությունը, ամենուրեք հաստատել ճշմարտությունն ու արդարությունը, քանի որ ամեն մի հապաղում մարդկության վնաս է հասցվում` քանի-քանի վիրավորվածներ սպասում են վրեժխնդության, քանի-քանի անարդարություն պետք է, որ ուղղվի, իրավունքը` վերականգնվի, չարաշահությունը` ոչնչացվի, պարտքը` հատուցվի:
Դոն Կիխոտի նպատակների ու ձգտումների ազնվությունը, իր բարձր իդեալներին անսահմանորեն նվիրվածությունը, նրան դարձնում են դրական, համակրելի եւ նույնիսկ սիրելի: Ասպետական վեպերի ազդեցությամբ նրա ուղեղում որոշ խառնաշփոթ է առաջացել: Նրա աչքին երևացող շատ առարկաներ հիվանդ երևակայության արդյունք են, սակայն ընթերցողը, ծիծաղելով նրա որոշ անիմաստ արկածների վրա, ամենևին էլ չի կասկածում նրա իդեալի մաքրության վրա: Նա ցանկանում է բարիք գործել, բայց երբ նա փորձում է կոնկրետ գործի անցնել, դարձյալ դառնում է ծիծաղելի: Հողմաղացները ոչնչացնելու փոխարեն նա ջարդում է իր ճակատը: Բոլորը նրա վրա ծիծաղում են, ենթարկում ամենածանր տանջանքների, խոշտանգումների ու փորձությունների: Ասպետական հոգին է տիրապետող նրա մեջ, սակայն առանց եսասիրության ու փառասիրության նշույլի: Կարևորը արդար գործի նվիրվածությունն ու հավատն է, ինքնազոհաբերության պատրաստակամությունը:
Միանգամայն իրավացի է Տուրգենևը` ասելով, որ ով ինքնազոհաբերության դիմելիս ծանր ու թեթև կանի իր քայլի բոլոր հետևանքները, օգուտի հավանականությունը, նա դժվար թե անձնազոհության ունակ լինի: Ուրիշների համար կյանքը վտանգի ենթարկելու եւ նույնիսկ զոհաբերելու այդ պատրաստակամությունը, մարդասիրական գաղափարներին հավատարիմ մնալը, ինչպես նաև բարու եւ գեղեցիկի հաղթանակի խորին հավատն այնպիսի գործեր են, որոնք բացասական չեն կարող համարվել, ավելին` դրանք բարոյական հասկացություններ են եւ պատկանում են մարդու ներքին աշխարհին և դրսևորվում անհատի այս կամ այն գործողության միջոցով: Ճիշտ է, որ Սերվանտեսի հերոսը ոչ մի չարիք էլ չի կարողանում վերացնել, բայց նա վեր է հանում այն արդարությունն ու կեղծիքը, որի վրա կառուցված է այդ հասարակությունը: «Դոն Կիխոտ» վեպում շատ ուժեղ ընդգծված է սոցիալական այն անհավասարությունը, որ գոյություն ուներ իր ժամանակի հասարակական կյանքում: Սերվանտեսը մեծ ցավով է խոսում այն տխուր երևույթի մասին, որ հասարակության մեծ մասն ապրում է աղքատության ու ծայրահեղ թշվառության մեջ` տանելով ամեն տեսակ չքավորություն և նեղություն: Նրա ամբողջ համակրանքը այդ թշվառների ու կարիքավորների կողմն է, հենց նրանց պաշպանելու համար է, որ իր հերոսը դարձել է թափառական ասպետ: Համաձայն Գոգոլի էթիկական հայացքների. «Առավելագույն արդյունավետ եւ կայուն արդյունքների հասցնող ճանապարհը, ներսից դուրս, անձնական կյանքից դեպի հասարակական կյանք տանող ճանապարհն է»: Մարդկային անհատների, բարոյական անբողջականությունից էլ գոյանում է հասարակության բարոյական ամբողջականությունը: Ահա Սերվանտեսի որդեգրած բարոյագիտությունը: Դոն Կիխոտն ապրում է ուրիշների համար, մեծ ասպետը ամոթալի է համարում ապրել լոկ իր համար եւ հոգ տանել միայն իր մասին:
Ընկած եւ արատավորված միջավայրը մարդուն չարացնում, հուսահատեցնում ու անհավատ է դարձնում: Քաջ հայտնի է, որ երբ բարոյական արժեքներն անտեսվում եւ չեն պահպանվում, անհատն իր ուժերը կենտրոնացնում է բացառապես սեփական բարեկեցության վրա` անտեսելով մյուսների շահերը` ընդհուպ մինչեւ լիակատար անփութություն մարդկային կյանքի նկատմամբ: Ինչպես Մաքիավելին է բնորոշում. «Մարդիկ ավելի շուտ մնաս բարյավ կասեն հորը, քան ունեցվածքի կորուստին»: Ուստի` կյանքի պահպանումը հոգեւոր սխրանք է պահանջում և հատուկ է միայն առանձին անհատներին: Նրանց վիթխարի խիզախություն-համարձակությունը ստիպում է կատարել բացառիկ արարքներ և դրանով առաջ շարժել մարդկային պատմությունը: Դոստոևսկին կյանքի վերջին շրջանում ամբողջովին տարված էր Սերվանտեսի այս գաղափարով և հանգեց այն եզրակացության, որ մանր ու չնչին կրքերի տիրապետության պայմանում իդեալական մարդն օրհասական պայքար է մղում կեղծիքի ու չարի դեմ և բազում հիսթափությունների ծովի մեջ կանգուն մնում` շնորհիվ իր անդրդվելի հավատի: Դոն Կիխոտը, ինչպես դիպուկ նկատել է Տուրգենևը, ամենից առաջ հավատի մարմանցում է, հավատ անձից դուրս գտնվող ճշմարտության հանդեպ, որ պահանջում է նվիրվածություն եւ զոհաբերություն: Այսպիսով` «Դոն Կիխոտ» վեպը մարդկային մտքի մեծագույն խոսքն է, ամենադառը հեգնանքը, որ երբևէ մարդը կարողացել է արտահայտել հասարակական եւ սոցիալական կյանքի մեջ տիրող անհավասարության դեմ: Եվ եթե աշխարհը վերջանար ու այնտեղ հարցնեին մարդուն, թե ինչ է, հասկացե՞լ է երկրի վրա կյանքի իմաստը եւ ինչ եզրակացության է հանգել, ապա մարդը կարող է լուռ ներկայացնել «Դոն Կիխոտ»-ը և ասել. «Ահա իմ եզրակացությունը կյանքի մասին»:
Արթուր Աբգարյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *