Հուսիկ Արա | Անքեզ

Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի

Քեզ սիրում եմ

Քեզ սիրում եմ առավոտյան`
թռչունների արթնանալու հետ.
նրանք լուռ են, ես եմ երգում:
Քեզ սիրում եմ կեսօրին,
երբ ծաղիկն է բացում թերթերը մինչև վերջ,
և բուրում եմ իր փոխարեն:
Քեզ սիրում եմ երեկոյան,
որովհետև օրը չի ուզում ավարտվել.
երկարում է քո ստվերը` իմ մարմինն եմ մոռանում:
Իսկ գիշերը խաղաղվում է քո մոտիկը շնչելով.
ես չեմ քնում,
որպեսզի հաջորդ օրը նորից նույնը սիրեմ քեզ:

Առավոտի թռչուն` իմ երգ,
կեսօրի ծաղիկ` իմ բույր,
և երեկո` չավարտվող օր.
դո՛ւ ես պարտադրել:

Քեզ սիրում եմ, որովհետև ուրիշ մեկը
այդքան մանրակետ չի կարող քեզ սիրել:

 

Ծիածանի 8-րդ գույնը

Քո անունը ես գրում եմ իմ քաղաքի պատերին`
ծիածանի 8-րդ գույնով չտեսնված.
ես սիրում եմ հատ-հատ բոլոր տառերը քո անվան,
և այբուբենը ունի հենց այդքան տառ:

Քո հետքերը փայփայում եմ մայթերին,
և շնչում, մերկապարում է ամեն սալիկ,
ջերմությունդ նկարում եմ տերևներին
ու կեղևին ծառերի,
շարժումներդ սիզամարգին շոշափում՝
ճյուղից հենց նոր պոկված նշենու ծաղիկ,
որ տիեզերքում ժամանակը կանգ չառնի,
և կանգ չառնի սիրտդ իմ կրծքի տակ:

Քաղաքը լիքն է քեզնով՝
ամբողջովին ու հավասար.
նայում է քո՛ հայացքով,
խոսում է քո՛ բառերով,
և քո՛ թևերով է գրկում:

Երկիրը տեղավորվել է չափերի մեջ
քո քաղաքի,
և գնալու այլ տեղ չունեմ.
ես ավարտվում եմ այնտեղ,
որտեղ սկսվում ես դու:

 

Որ չավարտվես

Ամեն անգամ քեզ սիրում եմ նորից,
բոլոր ժամերի մեջ մի քիչ ավելի.
քեզ սիրում եմ դանդաղ ու քիչ-քիչ,
որ չավարտվես:

Օդ ես, ջուր ես, հող ես ու կրակ.
ինչպե՞ս չափվի տարերքիդ հետ
մենակ սերս` կես գոյություն:
Շունչս կտրվում է թոքերիս մեջ հատված-հատված,
խուճապ եմ, փախուստ ու տագնապ.
քանդուքարափ է արել կիրքդ ինչ իմն էր իմ շուրջ:
Կյանքը ինձնից դուրս ու քո մեջ է,
քեզ բերող ամեն քայլ ինձ հեռացնում է ինձնից.
ես չեմ շտապում,
քո հեռուն ամենամոտն է ինձ:

Առավոտի սուրճի նման
քեզ հաճելի է, թե ինչպես եմ սիրում ես,
բայց ոչ այնքան, որ առանց ինձ կմեռնես.
իսկ ես սիրում եմ դանդաղ ու քիչ-քիչ
և ապրում ամեն օր:

 

Չես հերիքում

Դու անընդհատ և անհատնում շատ ես,
մինչդեռ ամեն տեղ քո պակասն եմ ես զգում:

Թափվող անձրևը դու ես` կաթիլ-կաթիլ,
ծագող արևը դու ես` շող առ շող,
համընթաց քամին ես` ալիք-ալիք:
Իմ հացն ես ամեն օր,
իմ ջուրն ես բոլոր ժամերին,
և օդը, որ շնչում եմ:
Սիրտ ես կրծքիս տակ,
հոգի ես իմ մարմնին,
և արյուն՝ երակներիս մեջ.
ես ապրում եմ քեզ:
Իմ խոսքն ու լռությունն ես,
աշխարհն ես ու մենության ահը:

Դու ամեն տեղ և ամեն ինչի մեջ ես,
որովհետև միշտ գտնում եմ քեզ,
ահավասիկ սպասում, տագնապ եմ ու որոնում
և շարունակ չեմ հագենում.
շատ ես, հատիկ-հատիկ առատ ես,
սակայն պակաս ու անվերջ քիչ ես
և միշտ մի կում չես հերիքում:

 

Անընտրանք

Իմ սերն ես վերջին անգամ՝
առանց խուճապ ու համբերատար.
քեզ սիրում եմ ամբողջական, անհատակ՝
կանխիկ սրտով,
նեղ օրերիս պահուստ ու խնայողությամբ,
և էլի մի կյանք` ապառիկ։

Ինձ մատնում եմ քո հմայքին`
բուռն, ինքնակեզ, անմնացորդ,
ու պահերին խաղ ու վաղանց`
մինչև իսկ մանրը, չնչին մի թել ինձ պահելու։
Ձեռնբաց, ինձ շաղ եմ տալիս ինքնամոռաց,
անկետ, անգիծ, ազատարած.
մի՛շտ եմ ու անընդհատ քո քմայքին՝
թեկուզ միվայրկյան, նեղլիկ ու ինքնաբավ:
Ինչ որ իմն էր`վստահել եմ քո խնամքին.
իմ բացարձակն ես, և ես չունեմ այլընտրանք,
փոթորկվում եմ միակ անգամ ու բովանդակ:

Այդպես կարապն է երգում լիաձայն՝
ընդմիշտ լռելու պայմանով
հանուն այդ մեկ երգի:

 

Անքեզ

Դու ամբողջովին իմ եսն էիր`
առանց մասի.
հիմա, երբ տարել ես քեզ,
ինձնից փշուր չի մնացել:

Քեզնից հետո ուրիշ դատարկ եմ,
քո օտար գնալուց` տարբեր ամայի…
Իմ կյանքն էիր և տարար քեզ հետ.
հիմա չկա երկինք,
ո’չ արև, ո’չ հորիզոն, ո’չ աստղեր,
չկա հողը,
և’ քաղաք, և’ փողոց, և’ հասցե:
Իմ լույսն էիր ու գնացիր ինձնից,
ցերեկն ու գիշերը,
և օրեր, որ ետ չեն բերելու քեզ,
իմ ներշնչանքն էիր՝ բաց գեղեցկություն.
հիմա բառեր են անկեզ, ցամաք, խոնազուրկ:

Կանոններ չգիտեմ այս նոր աշխարհում`
ինչով են ապրում ու մեռնում են ինչից,
և չեմ էլ իմանա, թե ինչպես լեզու գտնեմ
սույն աշխարհի հետ ու մենության`
անհասկանալի, անբովանդակ ու անքեզ:

Քեզնից հետո ուրիշ հետո է,
քեզնից ամային`տարբեր լռություն:

 

Հետսեր

Քո թողած հեռվից սիրում եմ քեզ
և այնքան մոտ,
որ իրական չէ,
թե կյանքը քեզնից հետո է արդեն:

Քեզ սիրելով սովորեցի ինձ սիրել.
ուրիշ էիր,
ինչո՞ւ դարձար սովորական:
Շնչում եմ`օդ չէ,
խմում եմ`ջուր չէ,
ուտում եմ`հաց չէ.
փնտրում եմ ու չեմ գտնում,
թեպետ ամեն բան իր տեղում է:
Իմ աչքերն ես, որ տեսնում եմ ու չեմ տեսնում,
իմ մարմինն ես, որ զգում եմ ու չեմ զգում,
իմ կյանքն ես, և՛ ապրում եմ, և՛ չեմ ապրում:
Քեզնից առաջ ես եղել եմ, քեզնից հետո ես չկամ.
ինչպե՞ս մեռնեմ, որ ապրեմ առանց քեզ:
Ես կփոխեմ մաշկիս գույնը,
կորն ու գծերը դեմքիս,
արյանս խումբը հավանաբար,
բայց ի՞նչ անեմ, երբ իմ հոգին ես:
Ամենապաղը գրվեց իմ ճակատին`
պատժվել սիրելով.
չես դադարում մարմին լինել իմ ստվերին:

Քեզնից հետո մոտիկ սիրում եմ քեզ,
երբ քո ավերակներից
էլ չեմ փրկի կորցրած աշխարհը իմ:

 

Մի՛ գնա

Քեզ ինձնից տանող ոտնաձայները
խրվում են աչքերիս մեջ` դանդաղ ասեղներ,
և ես չեմ տեսնում, թե հեռուն որքան է քեզ տարել,
իսկ ինչպես են քայլերդ տրորում
իմ ապրելու օրերը,
զգում է սիրտս:

Ե՛տ նայիր, հոգիս,
ամբողջ աշխարհ ես թողել քո անունով,
մի հայացքդ թույլ չի տա, որ այն ավերվի:
Ես չգիտեմ, արդյոք ուզո՞ւմ եմ մնաս,
բայց դու շուռ արի,
որ ե՛ս չգնամ:

Միակն ես անգամ հեռացումիդ մեջ,
անդող, անողոք, քեզ նման.
կա՛նգ առ, մի քիչ էլ զգամ մոտիկ լինելդ՝
թեկուզ մեջք շրջած ու արհամարհանքիդ մեջ.
այդ հեռու մոտիկն էլ բավական է
ինձ հասնելու համար:

Մի՛ գնա դատարկ աշխարհի մեջ,
կյանքս լիքն է քեզնով.
մի պահ ետ նայիր,
և ես կմնամ:

 

Քեզնից` քեզ

Դու անցյալ ես,
իմ ժամանակը չունի ներկա ու ապառնի.
ես գալիս եմ օրերի միջով և չեմ հասնում քեզ:

Մենք երկվորյակ սիրտ ու երկու կես՝
բաբախում ենք տարբեր ժամային գոտիներում,
անհասկանալի և չունենք ընդհանուր ոչինչ.
իմ անցյալն եմ՝ այնտեղ չես դու,
քո ներկան ես՝ ուր ես չկամ:

Ժամանակը շրջում եմ` ավազե ժամացույց,
օրերը սորում են ոտքերիս տակ,
անկարող եմ քեզնից գալ քեզ՝
իմ անցյալից քո ներկան,
և Սիզիփոսը առասպել չէ այլևս:

Մեր սիրտը՝ ձմեռնամուտի ձուկ,
որ լողում է ու գետից չի հասնում ծով,
մեր հոգին՝ աշնան թռչուն,
որ չվում է ու չի գտնում տաք երկիր,
մեր կարոտը՝ ամռան անձրև,
որ թափվում է արևի մեջ ու շոգիանում:

Քեզնից հետո քեզ սիրելը
պարապ կյանք չէ,
պարտադիր կանոնն է չմեռնելու:

 

Սի՛րտ լինի

Տաք էր այն ժամանակը, երբ սիրում էի քեզ,
ամեն վայրկյանն էր թանկ և նման էր հրաշքի,
երկինքը այնքան մոտ էր երկրին,
որ աստղերը կաթում էին ուղիղ մեր հոգու մեջ`
խոստովանություն,
թե առաջինը հնչել է` սի’րտ լինի.
լույսը հետո էր` որպես ստվերը սիրո:

Քո ձեռքերը շարունակությունն էին իմ թևերի,
քո աչքերը ընթացք էին իմ հայացքին,
քո կյանքը երաշխիքն էր իմ ապրելու,
բոլոր միֆերն իրական էին,
և անմահ էի ես ինչպես աստվածները Հին Հռոմում:
Մի եղանակ էր երկրի վրա՝ գարուն ու միշտ լուսաբաց,
նշենին ծաղկում էր այգում տարին տասներկու ամիս,
չարը բարի էր, և հարկ չկար դրախտ երազել:

Քեզնից հետո նույնն է,
ինչպես քեզնից առաջն էր,
կրկնվող ու անփոփոխ.
էլի սպասում ենք, որ լույս լինի,
նորից միֆ է սերը,
և այլևս աստվածներ չկան Հին Հռոմում:

 

Կանոն

Դու չես սիրում, երբ սիրում եմ քեզ,
ես սիրում եմ, երբ չես սիրում ինձ:
Ես չգիտեմ, թե ինչու կյանք ես և անկյանք եմ,
դու չգիտես, թե ինչպես ես ապրում,
որ չեմ ապրում:
Քեզ չեմ սիրում պարզապես.
սիրո պարկը մաշված ու հին`
հազար տեղից թելեր տված ու ճղճղված,
անկարող է իր մեջ պահել սիրտս արդեն:
Սիրուց մի սիրտ էլ վեր
կա ուրիշ մի սեր.
խաղաղ, անդորր, ազատ անկում,
որ դեռ չունի անուն:
Քո անունն եմ ես տալիս
և թողնում եմ ինքնագիր,
որ հարատև սիրո կանոնն է.
«Քեզ սիրում եմ և չես սիրում ինձ»:

 

Սրտի աբսուրդ

Այդքան գոռոզ մի՛ նայիր քեզնից վեր,
եթե սերս հանեմ, լոկ դու կմնաս`
ինձնից դատարկ, որ առանց քեզ է:

Խուճուճ մազերդ տեսել եմ ջրահարսի խոպոպներ,
աղոտ մատներդ` ճակատագիր մեկնող աստղերի լույս,
անկապ քայլերդ բախտիս տանող ոտնահետք եմ փայփայել.
քեզ սիրել եմ, երբ չեն սիրում,
միսուարյուն եմ դարձել, երբ լքում են,
դարձել եմ քո ստվերը, որ դու լույս երևաս…
Ահավասիկ հոգիդ հարթ է ձեռքիդ ափի պես,
ներսուդուրսդ` միեղանակ ու հավասար,
էությունդ` կանոնի մեջ անտանելի, անէական,
էլ չեմ ասում ճաշակդ` կարճիկ, թիզուկ, ցածրարվեստ:
Փախած ծիտ ես խաղում` գեղցի վարքդ մատնելով.
քեզ ներշնչել ես, թե բարձր թռիչքի համար ու անհաս ես,
մինչդեռ այնքան ներքև ու ցածրինն ես, մանրիկս:
Մոռացի՛ր, որ իմ կյանքն ես եղել,
հիշի՛ր, թե քեզ ինչպես եմ ապրել:

Եթե սերս հանեմ քեզնից,
շարքային մի աղջիկ ես`
մանրախնդիր ու կապրիզներով կանացի,
մշտօրյա, տափընթաց ու սորուն.
էլ ի՞նչ ասեմ ինձ,
որ այդքանը գիտակցելով եմ սիրել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *