Իլարիոն Ալֆեև | Դիմանկարը

1965 թվականի ապրիլի տասներեքին Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Վանո Իոսելիանին, բարձր սանդուղքի վրա կանգնած, յուղաներկով վերջին շտրիխներն էր կատարում Լենինի ութմետրանոց դիմանկարի վրա։ Մի քանի ժամ անց դիմանկարը պետք է տեղադրեին Նախարարների խորհրդի շենքի ֆասադին։
Նկարիչը գոհ էր իր աշխատանքից։ Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը պատկերված էր ժպտացող դեմքով, բոնորոշ հայացքով, որը ծանոթ էր մեծ եւ հզոր Սովետների երկրի ցանկացած քաղաքացու։
Իրականում դիմանկարն ավարտել էր ժամանակից էլ շուտ, սակայն այսօր գալու էր կուսակցության Կենտրոնական կոմիտեի հանձնաժողովը, որպեսզի հիանար դիմանկարով։ Նկարչին առաջարկվել էր ցույց տալ ավարտուն գործը, եւ ահա նա բարակ վրձնով վերջին շտրիխներն էր կատարում Իլյիչի ականջի բլթակի վրա, երբ մեկը մյուսի հետեւից ներս մտան հանձնաժողովի անդամները․
-Բարեւ ձեզ, Վանո Զուրաբովիչ,- բարեկամաբար ողջունեցին նրանք հայտնի նկարչին։
-Բարեւ, ընկերներ,- նկարիչը դեմքով շրջվեց դեպի ներս մտած անձինք եւ երջանիկ ժպիտը սառեց նրա դեմքին։
-Ինչպես են ընթանում դիմանկարի հետ կապված աշխատանքները,- հարցրեց հանձնաժողովի նախագահը, որ մի տարեց գիրուկ մարդ էր, մեծ փայլուն ճաղատով, որը նման էր Իլյիչի ճաղատին։
Նա կանգնել էր սանդուղքից որոշակի հեռավորության վրա եւ խոսելիս ստիպված էր գլուխն ու վիզը վեր ձգել՝ նկարչի հետ խոսելու համար։
-Ավարտում եմ արդեն, հարգելի Պավել Ալեքսանդրովիչ։ Վերջին շտրիխներն են,- աշխույժ պատասխանեց նկարիչը, վրձինը կտավին քսելով։
Ապա ճարպկորեն իջավ սանդուղքից, աջ ձեռքը սրբեց գոգնոցով եւ ձախում պահած պահելով ներկապնակն ու վրձինները, սեղմեց հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի ձեռքը։
-Բարեւ ձեզ, Պավել Ալեքսանդրովիչ։ Ողջույններս Վախթանգ Գուրամովիչ, բարի օր Ռուսուդան Իոսիֆովնա։ Ուրախ եմ տեսնել ձեզ՝ Լեոնիդ Պետրովիչ։ Շնորհավորում եմ Զվիադ Շալվովիչ։ Երկար ժամանակ է, ինչ չենք տեսնվել Աբրամ Իլյիչ։
Առավոտյան նա ամբողջ ժամանակը ծախսել էր հյուրերի անունները սովորելու վրա, եւ հիմա առանց սխալվելու արտասանում էր դրանք։ Դա տպավորություն է գործում։
-Որքան լավ հիշողություն ունեք,- ասում է Ռուսուդան Իոսիֆովնան։
-Շնորհակալ եմ,- նկարիչը համեստորեն խոնարհեց աչքերը։
-Դե ինչ,- նկարչի ուսին թմփթմփացրեց Պավել Ալեքսանդրովիչը,- թույլ տվեք շնորհավորել ձեզ աշխատանքն ավարտելու առիթով։ Կարծում եմ, որ ընկերները կտավի հանդեպ հավակնություններ չեն ունենա։ Բոլորին է դուր գալիս, այնպես չէ, ընկերներ։
Բոլորը միասին հավանություն են տալիս գլուխները տմբտմբացնելով։
-Արվեստի իսկական նշանավոր գործ է։ Սոցիալիստական իրապաշտության բարձրագույն հարգը,- հիացավ Պավել Ալեքսանդրովիչը։- Անկեղծ, ասես իրական լինի, այնպես չէ։
Բոլորը կրկին մեկ մարդու նման հավանություն են տալիս գլուխները տմբտմբացնելով։ Իսկ Զվիադ Շալվովիչը ասում է․
-Ու ինչքան բարի եւ լուսավոր է Իլյիչի ժպիտը։
Այդ պահին Ռուսուդան Իոսիֆովնան հարցրեց նկարչին․
-Որքան ժամանակում եք ավարտել այս փառահեղ կտավի աշխատանքները։
-Երեք ու կես ամսում։
-Բայց դուք միայնակ չեք աշխատե,լ այնպես չէ՞։
-Իհարկե։ Եղել են եւ օգնականներ։ Ես էսքիզն եմ նկարել, հետո դիմանկարը մեկ տասներորդ չափսով, իսկ հետո արդեն այն պետք էր մեծացնել։ Սակայն ինչպես հասկանում եք, դա ձեռքի աշխատանք է եւ ոչ ամենեւին մեխանիկական։
-Հասկանում եմ, հասկանում եմ։
-Չէ որ կարեւոր է, որպեսզի պահպանվեն չափսերն ու համամասնությունները։
-Ասացեք խնդրեմ, դե ․․․,- սկսեց Զվիադ Շալվովիչը, սակայն Պավել Ալեքսանդրովիչը թույլ չտվեց, որ հարց տա։
-Ընկերներ, եկեք շնորհավորենք Վանո Զուրաբովիչին հերթական նշանակալի ձեռքբերմամբ, եւ մաղթենք հետագա հաջողություններ իր աշխատանքում։
Այդ ասելով՝ Պավել Ալեքսանդրովիչը սկսեց ծափահարել։ Նույն պահին նրան հետեւեցին ու սկսեցին ծափահարել Վախթանգ Գուրամովիչը, Ռուսուդան Իոսիֆովնան, Լեոնիդ Պետրովիչը, Զվիադ Շալվովիչը եւ Աբրամ Իլյիչը։

Հետո բոլորը գնացին հարեւան սենյակ, որտեղ Լենինին եւ հեղափոխության այլ գործիչներին պատկերով բազմաթիվ քանդակներ կային։ Այնտեղ սեղան էր բացված։ Հյուրերին սպասում էր շամպայնի շիշը, շպրոտով եւ կարմիր ձկնկիթով, ինչպես նաեւ դոկտորական երշիկի կտորներով բուտերբրոդները, դրված էին թարմ կանաչեղենով ու բանջարեղենով ափսեները։ Սկսեցին շամպայնից, հետո ինչ-որ տեղից հայտնվեց օղին, եւ վերջում բերեցին չաչա։ Խոսակցությունը, որ պավիլյոնում սկսվել էր ռուսերենով, այստեղ արդեն շարունակվեց վրացերենով։
Կենտրոնական կոմիտեից եկած բարձրաստիճան հյուրերին հրաժեշտ տալով՝ Վանո Զուրաբովիչը սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը, եւ կրկին, չնայած որ մեծ քանակությամբ ալկոհոլ էր ընդունել, առանց սխավելու ասաց բոլորի անուն-հայրանունները։

Մայիսի մեկի առավոտյան Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում Պատարագ էր մատուցվում։ Պատարագիչը երիտասարդ կուսակրոն քահանա էր, որ ուներ սեւ խոշոր աչքեր, կարճ մորուք եւ նկատելիորեն բարձրահասակ էր։ Զատկական շաբաթվա շաբաթ օրն էր, եւ դրա համար էլ Պատարագը սկսվեց «Քրիստոս հարություն առավ մեռելներից» շարականի բազմակի երգեցողությունից։
Հոգեւորականը Պատարագը մատուցում էր եռանդուն եւ ներշնչված կերպով։ Բազմաթիվ անգամներ սկզբում, բուրվառը շարժելով հավատացյալների ուղղությամբ, դիմեց նրանց հետեւյալ բացականչությամբ․
-Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Փոքրաթիվ հավատացյալներն էլ պատասխանեցին
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Ծիսակատարությունը սովորության համաձայն կատարվում էր վրացերենով։ Եռաձայն արական երգչախումբը հանգիստ երգում էր։ Միջին ձայնը հիմնական մեղեդին էր առաջ տանում, վերին եւ ստորին ձայները հետեւում էին նրան։ Այս հնագույն երգեցողությունը Վրաց Եկեղեցում պահպանվել էր անհիշելի ժամանակներից։
Հոգեւորականը ծիսակատարությունն անցկացնում էր առանց սարկավագի եւ ինքն էլ ասում էր․
-Հանուն խաղաղության Տիրոջն աղաչենք:
-Բարձրյալի խաղաղության եւ մեր հոգիների փրկության համար Տիրոջն աղաչենք։
-Ամբողջ աշխարհի խաղաղության, Աստծո սուրբերի եկեղեցու բարօրության, բոլորի միության համար Տիրոջն աղաչենք։
-Այս սուրբ եկեղեցու եւ առ Աստված հավատով եւ երկյուղով այնտեղ մուտք գործածների համար Տիրոջն աղաչենք։
Եւ յուրաքանչյուր անգամ երգչախումբը պատասխանում էր․
-Տեր ողորմյա։
Արարողությունն ընթանում էր իր հունով եւ որքան շարունակվում էր, այնքան ավելի շատ էր տաճար ներխուժում աշխույժ երաժշտությունը, որ լսվում էր դրսից։ Հոգեւորականը վրացերենով կամացուկ արտասանեց:
-Եւ մենք, Քերովբեներին խորհրդավոր կերպով ներկայացնելով, կենարար Սուրբ Երրորդությանն ենք դիմում Երեքսրբյանը երգելով, մի կողմ թողնելով կենցաղային հոգսերը ․․․
Իսկ դրսից ռուսերենով բարիտոնը երգում էր.
-Կլինի երջանկություն մարդկանց համար, երջանկություն՝ դարեդար, խորհրդային իշխանության ուժը մեծ է։
Ու բազմաձայն երգչախումբն էլ շարունակում էր․
-Այսօր մենք շքերթի չէ, որ գնում ենք, այլ կոմունիզմի ճանապարհն ենք քայլում։ Կոմունիստական բրիգադում մեր առջեւից Լենինն է քայլում։
Հոգեւորականը, Սուրբ Հաղորդության անոթները ձեռքին, կանգնած արքայության դարպասների մոտ, դեմքով դեպի ժողովուրդը արտասանում էր աղոթասացության բառերը:
-Սրբազան եւ երանաշնորհ մեր հորը՝ Եփերմին՝ Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարքին թող Աստված հիշի Իր արքայությունում։
Իսկ փողոցում բարիտոնը շարունակում էր․
-Մենք ամենուր ենք, որտեղ դժվար է, ամեն ժամն է թանկ, աշխատանքային օրերը տոն են մեզ համար։
Եւ կրկին երգչախումբը շարունակում է․
-Այսօր մենք շքերթի չէ, որ գնում ենք, այլ կոմունիզմի ճանապարհն ենք քայլում։
Արարողությունն ավարտվեց։ Հոգեւորականը քարոզ չարտասանեց, քանի որ ոչինչ լսելի չէր լինելու։ Միայն երեք անգամ վերջում բացականչեց․
-Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Եւ երեք անգամն էլ լսեց վախվորած ու ճնշված պատասխանը․
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Երբ Պատարագի ավարտից հետո հոգեւորականը հանում էր զգեստները, խորանի ծեր սպասավորը նրան ասաց․
-Վատ միտք էր մայիսի մեկին Պատարագ մատուցելը։ Ավելի լավ կլիներ չեղարկելը։
Հոգեւորականը ոչինչ չպատասխանեց, սակայն խորանի սպասավորը նայելով նրան՝ սարսափեց․ հոգեւորականի աչքերում ինչ-որ սարսափելի կրակ էր բոցկլտում։ Կարծես թե պատրաստ էր հայացքով մոխրացնելու ցանկացած մեկին, ով կմոտենար իրեն։ Հոգեւորականն ընդհանրապես տարօրինակություններ ուներ, կարող էր խմել չափից շատ, երբեմն էլ ոչ պատեհ կերպով իրեն ուրախ պահել։ Լինում էին դեպքեր, երբ ընդհակառակը արարողությունների ժամանակ արտասվում էր։ Սակայն այնպես, ինչպես հիմա էր, նա նրան դեռ չէր տեսել։ Վախեցած մի կողմ քաշվեց։

Հոգեւորականը, հանելով զգեստները, գնաց դեպի Քաշվեթիի Սուրբ Գեւորգի տաճար։ Այդ տաճարը գտնվում էր Ռուսթավելի պողոտայում, Նախարարների խորհրդի շենքի ճիշտ դեմ դիմաց։ Մոտենալով տաճարին՝ հոգեւորականը տեսավ Լենինի ահռելի դիմապատկերը, որ տեղադրված էր շենքի ֆասադին։ Չնայած որ աեւը փայլում էր, սակայն դիմանկարի շուրջն էլեկտրական լամպեր էին ամրացված։
Տաճարի մոտով գեղեցիկ, միանման հագնված գնում էին երիտասարդ տղաներն ու աղջիկները։ Գլխավերեւում պահած ունեին «Կեցցե Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը», «Կեցցե մայիսի մեկը», «Փառք Լենինին, փառք կուսակցությանը» գրություններով պաստառներ։ Գրությունները թե ռուսերենով էին, թե վրացերենով։
Բարձրախոսներից հնչում էր բազմաձայն երգչախմբի երգը․
-Եւ մեծ շինարարությունների աշխատանքներում, ուրախ աղմուկի մեջ, կրակների եւ զրնգոցների մեջ ասում ենք՝ ողջույն հերոսների երկիր, երազողների եւ գիտնականների երկիր։ Դու տափաստանով ես անցնում եւ անտառներով, արեւադարձներով ես անցնում եւ բեռեւին էլ ես հասել՝ հարազատ, անչափելի եւ անխորտակելի իմ երկիր։
Իսկ այնուհետեւ արդեն այլ մեղեդիով հնչում էր կրկներգը․
-Մեզ համար արգելքներ չկան ոչ ծովում, ոչ ցամաքում, մեզ համար վախենալու չեն ոչ սառույցները, ոչ ամպերը։ Մեր հոգու կրակն ու մեր երկրի նշանը մենք կանցկացնենք ողջ աշխարհով՝ դարեդար։
Աղջիկներն անցնում էին սպիտակ կիսաշրջազգեստներով, երկու ձեռքերում ծաղիկներ բռնած՝ ավելի մեծ տարիքի աղջիկները մուգ գույնի վերնազգեստով էին եւ կրծքին կարմիր ժապավեն կապած, տղաները՝ պիոներական փողկապներով։ Նրանց հետեւից գնում էին տղամարդիկ՝ տոնական հագնված եւ կանայք՝ գեղեցիկ զգեստներով։ Մարդկանց խմբերին հաջորդում էին կարմիր գործվածքներով պատված կոնստրուկցիաները, որոնցից յուրաքանչյուրի վերջում կամ գիպսակարդոնից Լենինի կոթող կար պատրաստված, կամ Լենինի դիմանկարն էր դրված։
Քահանան կանգնել էր տաճարի տանիքին ու չէր շարժվում։ Մոտակայքով անցնող մարդիկ, նկատելով փարաջայավոր մարդու, կրծքին էլ խաչ, զարմանքով նայում էին մեկմեկու։
Իսկ տենորը երգում էր նվագարկիչից
-Մենք ապրում ենք ոսկեփայլ արեւի ներքո, եւ ապրում ենք համերաշխ։ Մենք հպարտ ենք մեր Հայրենիքով եւ սիրում ենք մեր տունը։ Մենք հպարտ ենք մեր Հայրենիքով, ուր բոլոր ճամփաները բաց են երիտասարդների համար։ Լուսավոր վայրեր, հարազատս դու ամենուր ունես ընկերներ։
Երգչախումբն էլ շարունակում էր․
-Երդվում են ժողովուրդները։ Թող կանաչեն ծիլերը, Ճախրում են ազատության դրոշները, երիտասարդություն է քայլում, երիտասարդությունն է կանչում, երիտասարդությունն է գնում առաջ։
Այդ երաժշտության ներքո ընթանում էր երթը։ Կրկին գնում էին աղջիկները, վեր բարձրացնելով օղակներն ու ձողերը, որոնցից ձեւավորվում էին երկրաչափական պատկերները։ Աղջիկների հետեւից գնում էին տղաները՝ սպորտային համազգեստներով, Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Մժավանաձեի լուսանկարով։ Այնուհետեւ հերթական մետաղական կոնստրուկցիան էր գնում Լենինի դիմանկարով։

Մի քանի րոպե կանգնելով՝ հոգեւորականը հետ դարձավ ու վճռական քայլերով մտավ տաճար։ Այնտեղ տարեց մի կին կռացած փայլեցնում էր մոմակալը։ Նրա ձեռքում կերոսինով լցված շիշ կար։
-Թամարա, այստեղ տուր կերոսինը։
Կինը ճանաչեց հոգեւորականին ձայնից, ուղղվեց եւ ասաց․
-Ահա, վերցրեք, Հայր Սուրբ։
-Իսկ ավելի մեծ շիշ կա,- հարցրեց հոգեւորականը։
-Այո, մեկ լիտրանոց կա։
-Բեր, ու նաեւ մի տուփ լուցկի։
Տարեց կինը գնաց ավանդատուն եւ մի քանի րոպեից վերադարձավ՝ շիշն ու լուցկին բերելով։ Նա կանգնած էր մեծ խաչելության առաջ եւ աղոթում էր։ Կինը վախվորած մի կողմ քաշվեց։ Լայն խաչակնքվելով՝ նա շուռ եկավ եւ ասաց․
-Քրիստոսին խաչել են, իսկ նրանք տոնում են։ Դե արդեն բավական է։ Գնում եմ տառապելու, Տեր Աստված։
Կինը քարացավ։ Հոգեւորականը դիվահարվածի տեսք ուներ։ Աչքերը վառվում էին, ամբողջ մարմինը լարված էր, ինչպես ձգված լար։
-Այդ ինչ ես մտածել անել, Հայր Գավրիիլ։
-Այստեղ տուր կերոսինն ու լուցկին։
-Տեր, Դու փրկիր։ Այդ ինչ ես մտածել անել, Հայր Սուրբ,- ասաց կինը նորից։ Վախից նրա աչքերը լայն բացվել էին։
Հոգեւորականը լուռ վերցրեց շիշն ու լուցկին եւ արագ դուրս եկավ փողոց։ Նրա հետեւից տաճարի դուռն աղմուկով փակվեց։
-Աստված իմ, Աստված իմ, այդ ինչ է նա մտածել անել,- շշնջաց կինը՝ սարսափով նայելով դռանը։
Այն բանից հետո, երբ Քաշվեթիի տաճարի մոտով անցան պիոներների եւ կոմսոմոլների կազմակերպված շարքերը, սկսվեց շարքային քաղաքացիների երթը։ Նրանք կանոնավոր շարքերով չէին գնում եւ ոչ էլ հագնված էին միանման կոստյումներ։ Երեխաները ձեռքներին ունեին փուչիկներ, ծնողները քայլում էին ծաղկեփնջերով, եւ ուրախ զրուցում էին իրար մեջ։
Բարձրախոսից հնչում էր կանացի ձայնը․
-Արեւն է ծագում, ու լուսավորում է ինձ, փայլում է պայծառ դիմանկարը պատին։ Ու ասես ինձ բարի օր մաղթելով՝ Իլյիչը որպես ողջ նայում է ինձ։ Ես իսկական լենինյան եմ ուզում լինել, որպեսզի համարձակ նայեմ Իլյիչի աչքերին։

Հանկարծ բոլորի հայացքները ուղղվում են Նախարարների խորհրդի շենքի ֆասադին տեղադրված Լենինի դիմանկարին։ Այն այրվում էր։ Սկզբում կրակը բռնկվեց դիմանկարի ներքեւի աջ անկյունում, հետո արդեն արագ տարածվեց դեպի վեր, եւ հաշված ակնթարթների ընթացքում ողջ կտավը բռնվեց վառ բոցերով։ Հրե լեզուները լիզում էին Իլյիչի ականջները, քիթը, աչքերն ու շրթունքները։ Այնտեղ, որտեղ մի ակնթարթ առաջ ժպիտն էր, հիմա սեւ անցք էր առաջացել, որը արագ տարածվում էր բոլոր կողմերով։ Դիմանկարի կողքերին ամրացված լամպերն աղմուկով պայթում էին՝ հիշեցնելով արձակված կրակոցների ձայներ։
Բազմության մեջ խուճապ սկսվեց։ Վախենալով, որ դա ահաբեկչություն է, մարդիկ սկսեցին այս ու այն կողմ վազվզել։ Այրվող դիմանկարի առաջ մի քանի վայրկյան ազատ տարածություն ձեւավորվեց։ Ու այդ ժամանակ բոլորը տեսան, որ դիմանկարի կողքին բարձր երեւացող հատվածում կանգնած է մինչեւ ոտքերը հասնող սեւ զգեստով մի մարդ, որի կրծքին մեծ խաչ կար, եւ ինչ-որ բան էր գոռգոռում ձեռքերը թափահարելով։ Նրանք, ովքեր ավելի մոտ էին, շարունակվող տոնական երաժշտության միջից լսում էին հետեւյալ խոսքերը․
-Ինչպես կարող եք երկրպագել հակաքրիստոսին։ Հարկ է Տեր Աստծուն, Քրիստոսին երկրպագել։ Ոչ թե «փառք Լենինին» պետք է ասել, այլ «փառք Հիսուս Քրիստոսին»։
Տեսնելով, որ դիմանկարի մոտ ոչ մեկը չկա, բացի ինչ-որ խելագարից, որը ձեռքերն էր թափահարում, ամբոխը առաջացավ դեպի նա ու նրան գետնին տապալեց։ Նրան հարվածում էին ոտքերով ու ձեռքերով՝ գլխին, փորին, մեջքին։ Նա թավալվում էր գետնին՝ դեմքը ձեռքերով ծածկելով։
Երբ մի քանի րոպե անց զրահամեքենայով հրատապ կերպով եկավ զինվորականների ջոկատը, դիմանկարի տեղում միայն մետաղական կմախքն էր մնացել, որի վրա կտավի վառված ծվեններն էին ծածանվում։ Բոլոր լամպերը պայթել էին։ Իսկ գետնի վրա, արյան մեջ մի մարդ էր պառկած։
-Ցրվե՛ք,- կարգադրեց ջոկատի հրամանատարը։
Ամբոխը ցրվեց, զինվորականները վերցրին գետնին ընկածի մարմինն ու մտցրին զրահամեքենայի մեջ։
Բազմությունը, սակայն, լրիվությամբ չէր ցրվել։ Մարդիկ եռանդուն կերպով քննարկում էին տեղի ունեցածը։ Ու թեեւ աշխույժ երաժշտությունը դեռ երկար ժամանակ չէր լռում ու տղամարդկային եւ կանացի ձայները դեռ երկար ժամանակ էին փառաբանում Լենինին ու կուսակցությանը, սակայն տոնը վերջնականապես փչացել էր։ Վրա հասավ նաեւ ոստիկանությունը։ Նրանք շրջապատեցին շենքը, մարդկանց խնդրեցին ցրվել։ Վերջ ի վերջո երաժշտությունը լռեց։

Երբ հոգեւորականը սկսեց գիտակցության գալ, առաջին բանը, որ զգաց, այրող ցավն էր, որ տարածվել էր ողջ մարմնով։ Փորձեց բացել աչքերը։ Աջ աչքը չէր բացվում առհասարակ։ Ձախը մի փոքր էր բացվում։ Նա տեսավ, որ պառկած է մոխրագույն բետոնե հատակին՝ ոչ մեծ բանտախցում, որի պատերը նույնպես մոխրագույն էին։ Արեւի ճառագայթը շեղակի ընկել էր հատակին վանդակապատ փոքրիկ լուսամուտից։
Փորձեց շուռ գալ, սակայն մարմինը շանթահարեց սուր ցավը։ Մնա պառկած ձախ կողքի վրա, աչքերը փակած։
Թե որքան այդպես պառկած մնաց, չգիտեր, սակայն ինչ-որ պահի շրխկաց դռան կողպեքը, դուռը բացվեց եւ ինչ-որ մեկը ներս մտնելով՝ գոռաց․
-Վեր կաց։
Փորձեց շարժվել, սակայն չկարողացավ։
-Վեր կաց, քեզ ասում եմ։ Դու դեռ պատասխան կտաս՝ հրկիզող։
Փորձեց վեր կենալ, շուռ եկավ փորի վրա, ձեռքերով հենվեց հատակին, մեծ ջանքերի գնով կարողացավ չորեքթաթ դիրքով վեր կենալ։
Մահակով հարված ստացավ մեջքին։
-Արագ, վեր կաց։
Փորձեց ուղղվել, բայց չկարողացավ։
-Արագ, քեզ ասում եմ։
Հարվածը գլխին էր։
Կորցրեց գիտակցությունը։

Հաջորդիվ արդեն ուշքի եկավ հիվանդանոցային մահճակալին։ Ահա նա պառկած էր մահճակալում, գլխին վիրակապ էր դրված ու կապված։ Բացեց երկու աչքերն ու նայեց շուրջը։ Ոչ մեծ հիվանդասենյակում էր։ Մահճակալները դրված էին շարքով, որոնցում մարդիկ էին պառկած։ Պատուհաններին ճաղավանդակներ կային քաշված։ Կիսաբաց դռան արանքից երեւում էր զինվորական հագուստով ժամապահի ֆիգուրը։
Ներս մտավ բուժքույրը, եւ տեսնելով, որ հոգեւորականը բացել է աչքերը՝ ասաց․
-Ուշքի է եկել։
Բուժքրոջ ձայնում ոչ բարության նշաններ կային, ոչ ավելորդ խստության։
-Այսօր ամսի քանիսն է,- հարցրեց։
-Մայիսի վեցը։
Ուրեմն անգիտակից վիճակում պառկած է եղել համարյա մի շաբաթ։
Տասնյոթ կոտրվածք ուներ, եւ մի քանի օր հոգեւորականին ինտենսիվ կերպով բուժում էին։ Նա սկսեց վեր կենալ եւ քայլոլ հիվանդասենյակում։ Իսկ երբ վերջացան մայիսյան տոները, նրան տարան մեկուսարան եւ շուտով կանչեցին հարցաքննության։
Ցինցաձե ազգանունով տարեց քննիչը նստել էր սեղանի՝ գլխավորի համար նախատեսված տեղում։ Աջ եւ ձախ կողմերում էլի մարդիկ էին նստած, որոնք երբեմն երբեմն միանում էին եւ հարցեր տալիս։
-Ինչո՞ւ դուք հրկիզեցիք մեծն Լենինի դիմանկարը,- հարցնում էին նրանք։
-Ինչու հրկիզեցի՞։ Ասում էին «փառք մեծն Լենինին։ Արդյոք կարելի է նման բան ասել։ Փառքը վայել է Քրիստոս Աստծուն։
-Դուք պետական հանցագործություն եք կատարել։ Դուք հրկիզել եք մի մարդու դիմանկար, որի առաջ խոնարհվում են միլիոնավոր մարդիկ։ Քիչ էր մնացել Նախարարների խորհրդի շենքն էլ այրեիք։
-Դե ուրեմն տարեք ինձ ու գնդակահարեք։
-Դուք դա արել եք Եկեղեցու հանձնարարությա՞մբ։
-Ոչ, ես դա ինքնուրույն եմ արել։
-Ասացեք, թե ովքեր են ձեր հանցակիցները։
-Հանցակիցներ չեն եղել։ Ես եմ մտածել դա ու արել ի փառս խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսի։
-Դուք իրոք հավատում եք Քրիստոսին, որ Նա իրոք հարություն է առել։
-Հավատում եմ։ Իսկ դուք, ի՞նչ է, չեք հավատում։ Եթե Նա հարություն չի առել, ապա իմ ինչին էր պետք մեռած Հիսուսը։ Եւ միթե առաքյալները հանուն Քրիստոսի մահը կճաշակեին, եթե Նա հարություն առած չլիներ։
Աստիճանաբար քննիչներն հանգում էին այն եզրակացության, որ իրենց առաջ խելագար է նստած։ Նրան սկսեցին տանել հոգեբույժներից մոտ։ Սակայն նրանց էլ հոգեւորականն ասում էր։
-Քրիստոսն հարություն է առել, իսկ ձեր Լենինը մեռած է։ Կգա ժամանակ, եւ նրա հուշարձանները դուք ձեր ձեռքերով կքանդեք։

Մինչ ընթանում էին հարցաքննությունները, հոգեւորականը գտնվում էր քննչական մեկուսարանում։ Այստեղ նա կարող էր անարգել կերպով աղոթել։ Ականջը հպելով մեկուսարանի դռանը՝ պահակը երբեմն լսում էր մոնոտոն ընթերցման ձայնը, երբեմն էլ բարձր ձայնով երգեցողություն։ Այլ անգամ թվում էր, որ բանտարկյալ ինչ-որ գրքից է բան կարդում, թեեւ նրա մոտ գիրք չկար։
Երբ հարցաքննություններն ավարտվեցին, նրան տեղափոխեցին ընդհանուր բանտախուց, որտեղ նստած էին հանցագործներ եւ օրենքով գողեր։ Վերջիններս սկզբում նրան թշնամաբար դիմավորեցին, ծաղրեցին նրան, ստիպեցին որ կոյուղու դույլը տանի, մաքրի բանտախուցը։ Սակայն Հայր Գավրիիլը այդ ամենից բացարձակապես չէր նեղվում։ Աստիճանաբար խցակիցների տրամադրությունները փոխվեցին, եւ նրանք սկսեցին հարգանքով վերաբերվել անսովոր հոգեւորականին, որը չէր վախեցել այրել Լենինի դիմանկարը հազարավոր մարդկանց աչքերի առաջ։
Հայր Գավրիիլի հանդեպ խցակիցների ունեցած հետաքրքրությունը, սակայն ոչ թե դրանով էր պայմանավորված, այլ, որ հետաքրքիր պատմություններ էր պատմում Քրիստոսի կյանքից եւ սուրբերի կյանքից։ Երեկոները քրեական հանցագործները նստում էին նրա մոտ եւ հոգեւորականը սկսում էր իր պատմությունները։ Նա վերապատմել էր նրանց բոլոր Ավետարանները, ներկայացրել հին ժամանակների քրիստոնյա նահատակների եւ երանաշնորհ հայրերի կյանքը։ Խոսել էր նրանց Աստվածածնի, հրեշտակների եւ դեւերի մասին։
Հոգեւորականի հեղինակությունը ավելանում էր նաեւ նրանով, որ նրա հարազատ եղբայրը՝ Վասիկոն, որ բանտում մահացել էր մի քանի տարի առաջ, հայտնի գող էր «Երկգլխանի» մականունով։ Բանտարկյալները շատ ուրախացան, երբ լսեցին այդ լեգենդար օրենքով գողի անունը։
Առավոտյան եւ երեկոյան Հայր Գավրիիլը կանգնում էր աղոթքի։ Սկզբում նա դա անում էր միայնակ, սակայն հետո նրան սկսեցին այլ բանտարկյալներ էլ միանալ։ Բանն հասավ նրան, որ համարյա բանտախցի կեսը սկսեց օրը սկսել ու ավարտել աղոթքով։
Երբ տեսնում էր, որ բանտարկյալները վիճում են, փորձում էր նրանց հաշտեցնել։ Մի քանի անգամ փորձեց բաժանել կռվողներից, սակայն ինքն էլ գլխին հարված ստացավ։ Փորձեց քրեական հանցագործներին հետ սովորեցնել հայհոյախոսությունից։ Ու չնայած դրանում լուրջ հաջողություն չունեցավ, սակայն առնվազն նրա ներկայությամբ խցակիցները փորձում էին աղտոտ խոսքեր չասել։
Աստիճանաբար այնպիսի հարգանք ձեռք բերեց խցակիցների մոտ, որ եթե ձեռքն էր վերցնում հատակի շորը, նրանք թույլ չէին տալիս, որ մաքրություն անի եւ ասում էին․
-Մենք կանենք, դուք միայն խոսիր մեզ հետ։
Եւ նա խոսում էր։ Ամենաշատը նա խոսում էր սիրո մասին։
-Բարությունը բացում է ձեզ դրախտի դռները, հնազանդությունը մտցնում է ներս, իսկ սերը օգնում է տեսնել Աստծուն։ Միայն իրական սիրո մեջ է հնարավոր տեսնել Աստծուն, քանի որ Աստված սեր է։
Հարցնում էին․
-Ինչպես սովորել դրան։
Պատասխանում էր․
-Տերը ցույց է տալիս այլոց նեղություններն ու տարաբախտությունները, որպեսզի մենք սովորենք չլինել անտարբեր։ Եթե կարող ես օգնել, ուրեմն օգնիր։ Եթե գործով չես կարող օգնել, ապա գոնե զորակցիր, աղոթիր նրա համար։
Հետո Հայր Գավրիիլը հաճախ ասում էր․
-Մարդն առանց սիրո նման է անտակ սափորի։ Նրանում շնորհն ու օրհնությունը պահել հնարավոր չէ։
Նա մշտապես հիշեցնում էր խցակիցներին, որ «այնտեղ, որտեղ չկա սեր, դժոխք է»։ Շատ բան, ասում էր, կախված է մեզանից։ Մեր գտնվելը բանտախցում մենք կարող ենք վերածել դժոխքի, եթե իրար ատենք, իրար հետ վիճենք, մեկմեկու վիրավորենք։ Սակայն կարող ենք նաեւ դրախտի վերածել, եթե ապրենք սիրո մեջ։
Այդ խոսքերը հասնում է հանցագործների սրտերին եւ ինչ-որ մարդկային բան, որ վաղուց մոռացված էր այդ մարդկանց կողմից, արթնանում է նրանց սրտերում, մարդիկ, որ դատապարտված էին ծանր հանցագործությունների՝ սպանությունների բռնաբարությունների, կողոպուտների համար։ Նրանք սկսում են գանգատվել, որ Հայր Գավրիիլը թույլ չի տալիս իրենց հանգիստ ապրել եւ կրոնական քարոզչությամբ է զբաղվում։ Սկսվում են ստուգումներ, հոգեւորականին կանչում են հարցաքննությունների՝ այժմ արդեն դատապարտյալների շրջանում կրոնական քարոզչության իրականացման թեմայի հետ կապված։ Սակայն նա յուրաքանչյուր հարցաքննություն վերածում էր քարոզի։

Օգոստոսի սկզբին նրան տեղափոխում են հոգեբուժական հիվանդանոց։ 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում հոգեբուժությունն հաճախ էր օգտագործվում պատժիչ նպատակներով։ Հատկապես վտանգավոր հանցագործներին տեղավորում էին «հատուկ տիպի» հիվանդանոցներում։ Հայր Գավրիիլը նման հիվանդանոցում հայտնվեց։
Սկզբում հիվանդները խլում էին նրա հացը՝ փորձելով ածիլել մորուքը։ Սակայն նրան չէին ծեծում, թեեւ իրար հետ հաճախ էին կռվում։ Որոշ պացիենտների նա կարողացավ սովորեցնել օրը սկսել «Հայր մեր» ասելով։
Բուժումը հանգեցվում էր նրան, որ հիվանդին ներարկում կամ տալիս էին դեղահաբեր, որոնք ճնշում էին նրա մտավոր եւ հոգեկան ակտիվությունը։ Որոշներին արհեստականորեն քնեցնում էին, եւ նրանք երկար ժամանակ մնում էին անշարժ վիճակում։ Այլոց կապում էին մահճակալից՝ ռետինե ամրաններով։ Մյուսներին էլ, ընդհակառակը, գրգռող դեղահաբեր էին տալիս, ու այդպիսիք հիվանդասենյակի մի պատից մյուսն էին գնում ու գալիս, այլ պացիենտների հետ էին խոսքի բռնվում։
Տարբեր «պրոցեդուրաներ» կային։ Օրինակ պացիենտին կարող էին գիշերվա կեսին արթնացնել եւ պառկեցնել սառը վաննայի մեջ, հետո ամուր կերպով փաթաթել սառը սավանով։ Սավանը չորանալով պացիենտի մարմինը սեղմում էր բոլոր կողմերից, երբեմն կտրում-մտնում մաշկի մեջ։
Խորհրդային հոգեբուժության առաջնակարգ մասնագետներից մեկը Ավլիպի Զուրաբիշվիլին էր։ Վրացական գիտությունների ակադեմիայի անդամ, Հոգեբուժության ինստիտուտի ղեկավար, Թբիլիսիի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ հանդիսացող Զուրաբիշվիլին լայն կապեր ուներ։ Հավատացյալ էր, սակայն, ինչպես եւ շատերը, թաքցնում էր դա։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան նրա բնակարանի հեռախոսը զնգաց։ Միանգամից ճանարեց Եփրեմ կաթողիկոս-պատրիարքի ձայնը։
-Բարեւ Ձեզ, Ավլիպի Դավիթովիչ։
-Բարեւ Ձեզ, Ձերդ ․․․․
-Գրիգորի Շիոյեւիչն է խոսում,- արագ ասաց կաթողիկոս-պատրիարքն՝ իրեն աշխարհական անունով կոչելով։
-Բարեւ Ձեզ, Գրիգորի Շիոյեւիչ։ Շնորհավորում եմ անցած տոների առիթով։
-Շնորհակալ եմ Ավլիպի Դավիթովիչ։
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
-Կուզենայի Ձեզ հետ խոսել, բայց ոչ հեռախոսով։ Առաջիկա օրերին ինձ համար ժամանակ կգտնեք արդյոք։
-Հաճույքով կայցելեմ Ձեզ, Գրիգորի Շիոյեւիչ։ Վաղը, երեկոյան իննին կգամ Ձեզ մոտ, հարմա՞ր է Ձեզ արդյոք։
-Լիովին։

Հաջորդ օրը երեկոյան Զուրաբիշվիլին մոտենում է Սուրբ Սիոնի տաճարին։ Բարեկազմ, բարձրահասակ, խիտ հոնքերով եւ մեծ, փարթամ բեղերով՝ նա չափազանց ճանաչելի էր դեմքով։ Ուստիեւ որոշում է գալ այն ժամանակ, երբ արդեն մութն ընկել էր։
Կաթողիկոսն ապրում էր ոչ մեծ երկհարկանի շինությունում՝ տաճարի հարեւանությամբ, որտեղ երկսենյականոց փոքր բնակարան էր զբաղեցնում։ Մի սենյակը ծառայում էր որպես աշխատասենյակ եւ ընդունարան, մյուսը՝ որպես ննջարան։ Բժիշկը սեղմեց դռան զանգի կոճակը։ Բացեց կաթողիկոսը։ Բժիշկը ներս մտավ եւ սովորության համաձայն՝ օրհնություն ստանալու համար ծնրադրեց։ Կաթողիկոսն օրհնեց նրան։
Ողջունելուց եւ որպիսիության մասին հարցուփորձից հետո անցան բուն գործին։
-Ուզում եմ խնդրել ձեզ, որ օգնեք մի մարդու։ Հարցն այնքան էլ դյուրին չէ։ Հոգեւորականը պետական հանցագործություն է կատարել եւ նրան երկարատեւ բանտարկություն է սպառնում։ Սակայն նա հիմա գտնվում է հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում։ Պետք է այնպես անել, որ նա ազատվի։
-Իսկ ի՞նչ հանցագործություն է նա կատարել։
-Լենինի դիմանկարն է այրել մայիսմեկյան ցույցի ժամանակ։
-Լսել եմ, լսել եմ,- հոգեբույժը կնճռոտեց ճակատը։- Սակայն դա իրոք շատ հանդուգն քայլ էր։ Ես կասեի՝ աննախադեպ եւ չմտածված։
-Այո։ Ու բոլորս այդ պատճառով մեր ստանալիքը ստացանք լիուլի։ Ինձ հինգ անգամ լիզոր տեսուչը կանչեց։ Փորձում էր իմանալ, թե ով է նրան դիմանկարն հրկիզելու հանձնարարականը տվել։ Սակայն նրան ոչ մեկն էլ նման հանձնարարություն չի տվել, նա ինքն է դա որոշել անել։ Այդ հոգեւորականն ընդհանրապես տարօրինակություններ ունի։ Ոչ մի ծխում, ուր նշանակել եմ, չի կարողացել յոլա գնալ հավատացյալների հետ։
-Իսկ դուք,- կմկմաց Ավլիպի Դավիթովիչը,- Դուք վստահ եք, որ նա ձեզ ազատության մեջ է պետք։ Արդյոք Ձեզ էլի պատմությունների մեջ չի գցի։
-Վստահ չեմ։ Սակայն … ,- այստեղ կմկմաց կաթողիկոսը,- երեկ ինձ հետ անսովոր մի դեպք է տեղի ունեցել։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես այդ մասին ձեզ պատմեմ։ Ես արարողություն էի անցկացնում Ավետիցխովելիում եւ Պատարագի ժամանակ լսեցի մի ձայն, որ ասում էր. «Արա ամեն բան, որ ազատես Գավրիիլին։ Նա հաճելի է ինձ»։ Դա Սուրբ Աստվածամոր ձայնն էր։
Զուրաբիշվիլին լսում էր ամենայն ուշադրությամբ։
-Չհամարեք ինձ, խնդրում եմ հոգեկան հիվանդ,- ժպիտով ասաց կաթողիկոսը։- Ես երբեք չեմ լսում ձայներ։ Ես հետո ողջ օրն եմ այդ մասին մտածել եւ ողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Խնդրում եմ, օգնեք։
Հայտնի հոգեբույժը լռում էր։ Երկար դադարից հետո նա ասաց․
-Դա շատ դժվար կլինի։ Դեպքը լայն հնչեղություն է ստացել։ Դուք, եթե հնարավոր լինի ազատել, կկարողանաք արդյոք նրան որեւէ տեղում թաքցնել։
-Վստահ չեմ։
-Այսինքն մարդը, որ Լենինի դիմանկարն է այրել, ազատության մեջ պետք է ազատ հասարակության մեջ երեւա՞։
Կաթողիկոսը լուռ էր։ Նա պատասխան չուներ։
-Ձերդ Սրբություն։ Ես կփորձեմ անել այն, ինչ կարող եմ, սակայն ոչ մի բան խոստանալ չեմ կարող։

Գոդերձի Վասիլեւիչ Ուգրեբաձեի անձնական գործը, որը դրված էր Վրաստանի գլխավոր հոգեբույժի սեղանին, բավականին մեծ ծավալ ուներ։ Այն պարունակում էր նրա լուսանկարը, ինքնակենսագրականը, հաշմանդամության մասին տեղեկանքը, տարատեսակ տեղեկանքներ հոգեբույժներից, հարցաքննությունների արձանագրություններ, վկաների ցուցմունքներ։
Ուրգեբաձեի բազմաթիվ տարօրինակությունները վառ կերպով ներկայացված էին այդ անձնական գործում։ Հարցաքննությունների ժամանակ նա իրեն հանդուգն էր պահել, կոչ էր արել քննիչին հավատալ Քրիստոսին, խոսել էր հրեշտակների եւ դեւերի մասին։ Եռանդուն կերպով եւ շատ էր պատմել իր կյանքի մասին։ Քննիչներին մեկին պատմել էր հետեւյալը.
-Մի անգամ ես հագա վեղարս ու փիլոնս ու գնացի սինագոգ։ Մուտքի մոտ կախված էր Մովսեսի մեծ դիմանկարը։ Ես ակնածանքով համբուրեցի այն։ Ներկաներին այն դուր եկավ։ Մովսեսը մեծ մարգարե էր եւ ես հարգում եմ նրան։ Մտա այնտեղ, որտեղ Թորան էին կարդում։ Նրանք թվով քիչ էին եւ զարմանքով նայեցին ինձ։ Ես սկսեցի Ավետարանը քարոզել։ Երբ հիշատակեցի Քրիստոսի մասին, կանչեցին ավագին։ Նա եկավ, բայց ինձ չընդհատեց։ Հետո հրավիրեց իր աշխատասենյակ։ Նա ուշադրությամբ լսում էր, թե ինչպես էի ես Քրիստոսին քարոզում։ Հետո շնորհակալություն հայտնեց ինձ ու մենք բաժանվեցինք։
Այնուհետեւ նա պատմել էր, թե ինչպես են նրան գրկաբաց ընդունել մզկիթում։ Հրավիրել են իրենց մոտ, եւ նա քարոզել է սիրո մասին։ Իսկ ահա բապտիստները դժգոհ են մնացել իր հայտնվելուց։ Կանչել են իրենց երեցին եւ նա իրեն վռնդել է։
Վկաների ցուցմունքներում հիշատակվում է այն մասին, որ հոգեւորականը գինի է սիրում եւ որ հաճախ նրանից գինու հոտ է գալիս։ Ականատեսներից մեկին նա ասել է.
-Եթե գինի չափավոր ես խմում, այն դառնում է ամենամեծ պրոֆեսորը։ Այն դառնում է լավ վիրաբույժի նման, բացում է սիրտդ ու այնտեղ սեր է ներս տանում։
Ուրգեբաձեն կարող էր քաղաք դուրս գալ ոտաբոբիկ, մոտենալ անծանոթ մարդկանց ու խոսակցություն բացել Քրիստոսի մասին։ Կարող էր մտնել սրճարան, տեսնել ծխող կանանց, մոտենալ ու սիգարետ խնդրել, ծխել մի հատ, իսկ հետո էլ աչքով անել նրանց։ Կարող էր մտնել գարեջրատուն, նստել անծանոթ մարդկանց մոտ ու սկսել նրանց հետ խոսել։ Սուրբ Սիոնի տաճարում, որտեղ հաճախ էր հայտնվում, նրան «յուրոդ» էին համարում։

Հոգեբույժների հետ զրույցների մասին զեկույցները բավական հետաքրքիր կլինիկական պատկեր էին գծում։ Սովորաբար Ուրգեբաձեն իրեն պահում էր հանգիստ, փսիխոզի կամ մանիկալ նշաններ չկային։ Սակայն կարող էր խոսել միայն կրոնական թեմաներով, եւ բժշկի յուրաքանչյուր հարցը առիթ էր դարձնում քարոզելու համար։ Հոգեբույժներից մեկին ասել էր.
-Արդար մարդն Աստծո առաջ որպես առյուծ է կանգնում։ Նա չի վախենում, քանի որ գիտի, որ ճիշտ է։ Աստված սիրում է նման մարդուն։ Այդպիսի մարդը Քրիստոսի եղբայրն է։ Նրան Տերը վերաբերվում է ինչպես հավասարին։ Սկզբում նրանք Աստծո ծառաներն են, հետո արդեն որդիները, հետո՝ եղբայրները։
Մեկ այլ հոգեբույժի էլ, որ կին էր, ներկայացրել է, թե ինչպես պետք է երեխային նախապատրաստել մկրտությանը, թեեւ հոգեբույժը նրան բոլորովին այլ բանի մաիսն է հարցրել.
-Նախքան նորածին մանկանը մկրտելը, նրա մահճակալի մեջ, մանկան կողքին խաչ դիր։ Մանկանը պետք է մկրտել ութօրեկանից մինչեւ քառասնօրեկան շրջանում։ Իսկ եթե նրան վտանգ է սպառնում, ապա կարելի է նաեւ ավելի վաղ էլ մկրտել։ Եթե երեխային մինչեւ քառասունօրեկան շրջանը չեք մկրտել, ու նրա հետ եթե ինչ որ բան պատահի, ապա ծնողներն են պատասխան տալու Աստծո առաջ։
Հայտնի հոգեբույժը, որն ավարտում էր արդեն իր «Անձի հոգեբանության եւ պաթո-հոգեբանության խնդիրները» աշխատությունը, նույնիսկ ցանկացավ հանդիպել Ուրգեբաձեի հետ, որպեսզի, հնարավոր է, որ նկարագրի նրան որպես դեպք իր մենագրությունում։ Սակայն միանգամից էլ մտքափոխվեց։ Իր մասնակցությունը նման անսովոր պացիենտի ճակատագրում պետք է աննկատ մնար։
Հետո արդեն սկսեց գործել իր աշակերտի՝ Քաղաքային հոգենյարդաբանական հիվանդանոցի գլխավոր բժշկի միջոցով։ Կանչեց իր մոտ եւ առանց այլեւայլությունների ասաց, որ դեպքն առանձնահատուկ է եւ որպեսզի հնարավոր լինի փրկել մարդուն, պետք է վերահաստատել նախկինում դրված դիագնոզը՝ շիզոֆրենիան։ Ընդ որում, եզրակացության մեջ պետք է նրան նկարագրել որպես հասարակության համար ոչ վտանգավոր անձի, որը հակված է սակայն կրոնական էկզալտացիայի։

1965 թվականի նոյեմբերի 19-ին աբեղա Գավրիիլ Ուրգեբաձեին դուրս են գրում հիվանդանոցից հետեւյալ ախտորոշմամբ՝ «Փսիխոպատ անձնավորություն է, հակված փսիխոզային վիճակների, որը նման է շիզոֆրենիայի։ Հիվանդը հայտարարում է, որ ամեն վատ բանի մեջ, որ տեղի է ունենում երկրում, մեղավոր է սատանան։ 12 տարեկանից սկսել է եկեղեցի հաճախել։ Աղոթել է, սրբապատկերներ է ձեռք բերել, եկեղեցական գրականություն է կարդացել։ 1949 թվականին զորակոչվել է բանակ։ Նույնիսկ բանակում գտնված ժամանակ ազատ ժամանակն անցկացրել է եկեղեցում»։
Տեղեկանքում նկարագրված է, թե ինչպես հիվանդ Ուրգեբաձեն «1965 թվականի մայիսի մեկին՝ հանդիսավոր ցույցի օրը, հրկիզում է Լենինի մեծ դիմանկարը, որը տեղադրված է եղել Նախարարների խորհրդի շենքի ֆասադին։ Հարցաքննությունից հետո նա հայտարարել է, որ դա արել է այն բանի համար, որ այնտեղ պետք է Քրիստոսի պատկերը կախված լիներ եւ որ չի կարելի աստվածացնել երկրային մարդուն։ Այդ ժամանակ էլ առաջացել են կասկածներ, որ նա հոգեկան հիվանդություն ունի, դրա համար էլ ուղարկել են դատա-հոգեբուժական փորձաքննության»։ Փորձաքննության արդյունքները հետեւյալ կերպ են շարադրվել․ «Հիվանդի մոտ խախտված է գտնվելու վայրի, միջավայրի եւ ժամանակի ընկալումը։ Մռլտում է անհասկանալի բաներ եւ ցածր ձայնով։ Հավատում է Աստծո, երկնային ուժերի եւ հրեշտակների գոյությանը։ Բաժանմունքում իրեն մեկուսի է պահում։ Եթե ինչ-որ մեկը հետը շփվում է, անպայման Աստծո, հրեշտակների եւ սրբապատկերների մասին է խոսում»։
Ազատության դուրս գալով, Հայր Գավրիիլը գալիս է Սուրբ Սիոնի տաճար։ Այնտեղ նրան զարմանքով են դիմավորում։ Չեն հավատում, որ Լենինի դիմանկարը հրկիզելուց յոթ ամիս անց նա կարող էր ազատության մեջ լինել։ Սակայն չեն թույլատրում, որ արարողություններ անցկացնի՝ ոչ Սուրբ Երրորդության տաճարում, որտեղ մինչ այդ ծառայել էր, ոչ այլ եկեղեցիներում։
Երկար ժամանակ ապրում էր գերեզմանոցներում՝ օրերն ու գիշերներն անցկացնելով գերեզմանների մոտ եւ սնվելուվ ողորմությամբ։ Վրաստանում հաճախ հոգեճաշերը գերեզմանոցներում էլ կազմակերպում էին։ Հագուցյալի ազգականները, որոնք գալիս էին իրենց հուղարկավորված հարազատին այցելության, իրենց հետ բերում էին ուտելիք եւ հյուրասիրում Հայր Գավրիիլին։ Ոմանք իրենք էին նրան կանչում, մյուսների մոտ ինքն էր գնում ու ուտելիք խնդրում։
Չնայած Խորհրդային Միոթյունում մակաբուծությունն ու մուրացկանությունը քրեորեն պատժվում էր, սակայն Հայր Գավրիիլին ոչ ոք բան չէր ասում, քանի որ նա հոգեբուժական հիվանդանոցից տեղեկանք ուներ։
Ինչպես եւ նախկինում նա թափառում էր քանդված ու ավերված եկեղեցիներով, Պատարագ մատուցում դրանց ավերակներում։
Հաճած այցելում էր Դավիթ Գարեջիի վանք։ Այն տասներկու քարանձավային վանքերից բաղկացած վանական համալիր էր, որը գտնվում է Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այստեղ պահպանվել են քարանձավային եկեղեցիներ՝ հինավուրց որմնանկարներով։ Նա կարող էր ամիսներով մնալ այնտեղ՝ լիակատար միայնության մեջ, հաստատվելով մեկ այս, մեկ այն քարանձավում։ Ժամանակ առ ժամանակ նրան հավատացյալներ էին այցելում եւ սնունդ հասցնում։
1971 թվականի հոկտեմբերի 13-ին, Մեցխեթում Սվետիցխովելիի Մայր տաճարի տոնի նախօրեին նա կանգնած էր տաճարում՝ աշխարհականների հետ, եւ աղոթում էր։ Իսկ լուսադեմին այսպիսի մի երազ է տեսնում։ Կանգնած են խորանին կաթողիկոսն ու հոգեւորականները եւ պատրաստվում են Սուրբ Պատարագի։ Եւ հանկարծ կաթողիկոսին մոտենում են Հիսուս Քրիստոսն ու Աստվածածինը եւ ասում՝ ցույց տալով Հայր Գավրիիլին․
-Միայն նրանից կընդունենք Ընծաները։
Արթնացավ մխիթարված եւ գնաց տաճար։ Այնտեղ արդեն նրան սպասում էին կաթողիկոսի սարկավագները։
-Արագ արի, Նորին Սրբությունը քեզ է կանչում։
Նա մոտենում է խորանին։ Կաթողիկոսը կանգնած էր վախեցած ու նայում էր նրան։ Գուցե նա էլ ինչ որ բան էր տեսել։ Հարցնում է․
-Դու Սուրբ Հաղորդության պատրաստ ես։
-Այո։
Այդ ժամանակ կաթողիկոսն ասում է վանահորը
-Գավրիիլին զգեստավորեցեք, թող մտնի խորան եւ մեզ հետ արարողությանը սպասավորի։
Այս դեպքից հետո, Հայր Գավրիիլին վիճակված էր ապրել եւս մոտ քառորդ դար։ Նա դառնում է Սամտավրոյի կանանց մենաստանի խոստովանահայրը։ 80-ական թվականներին, երբ Եկեղեցին ազատություն է ձեռք բերում, կատարվում է այն, ինչի համար նա մշտապես աղոթել էր՝ Վրաստանը լցվում է եկեղեցիներով, վանքերով, վանականներով եւ հոգեւորականներով։
Այդ ժամանակ նա արդեն Վրաստանում ամենից հարգված ու ընդունված վանականներից մեկն էր դարձել։ Սակայն մշտապես պահել էր իր առանձնահատուկ պահվելաձեւը, որը շատ մոտ էր «յուրոդությանը»։ Օրինակ նստում էր Սուրբ Սիոնի տաճարի հարեւանությամբ սեղանի մոտ, պահանջում որ գինի բերեն, ծիծաղում էր, աղմկում, պատմում տարբեր պատմություններ իր կյանքից։ Նույնիսկ իր ապրած ամենածանր փորձությունների մասին խոսում էր ասես կատակելով։
Լենինի դիմանկարը հրկիզելու մասին, որը ժամանակին մեծ աղմուկ էր հանել, հիշում էր այնպես, ասես իր կյանքի ամենից երգիծական դրվագներից մեկը լիներ։ Եւ նույնիսկ ցույց էր տալիս, թե ինչպես է անցել ամբոխի միջով, հաղթահարել ոստիկանական կարդոնը, մոտեցել Նախարարների խորհրդի շենքին։ Առանձնակի հաճույքով ներկայացնում էր, թե ինչպես են պայթել դիմանկարի կողքերին տեղադրված լամպերը։
-Եթե միայն տեսնեիք, թե ինչպես էին դրանք տրաք-տրաք-տրաք պայթում։ Միայն դրա համար արժեր հրկիզել դիմանկարը։
90-ական թվականների սկզբներին նա ականատեսը եղավ այն բանի, թե ինչպես Թբիլիսիի գլխավոր հրապարակից ապամոնտաժեցին Լենինի 18 մետրանոց արձանը, եւ մյուս կոմունիստ գործիչների արձանները։ Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի բազմաթիվ դիմանկարներ հրկիզվեցին, մյուսները ծվենների պատառոտվեցին։

Ամերիկայից մի վանական այցելելով Հայր Գավրիիլին, հարցրեց նրան․
-Ճիշտ են ասում, որ դուք հրկիզել ենք Լենինի արձանը։
-Այո։
-Սակայն ինչու։
-Ես հովիվ եմ, ու Աստված ինձ է վստահել Իր գառնուկների խնամքը։ Նրանք կուռք էին կանգնեցրել ու ցանկանում էին, որ մարդիկ դրան երկրպագեն։ Կոմունիստները դրան երկրպագում էին ինչպես աստծո։ Ես չէի կարող թույլ տալ, որ դա շարունակվեր։
Նա մահացավ 1995 թվականին։
Նրա մահվանից քիչ ժամանակ անց Սամտավրոյի վանքի մոտ հանդիպեցին երկու ծանոթներ։ Մեկը բժիշկ-հոգեբույրժ էր, հանգուցյալ Ավլիպի Զուրաբիշվիլու աշակերտը, մյուսը՝ հոգեւորական։ Երկուսն էլ անձամբ էին ճանաչում Հայր Գավրիիլին եւ խոսակցությունը բնականաբար ծավալվել սկսեց նրա մասին։
-Անկեղծ ասա, չես կարծում, որ նրա մոտ իրոք ինչ որ հոգեկան խնդիրներ կային,- հարցրեց հոգեւորականը։
-Չգիտեմ, գուցե եւ եղել են,- պատասխանեց բժիշկը։- Սակայն շատ ավելի դա նման էր «յուրոդության»։
Իսկ ես վտահ չեմ, որ նրան կարելի է «յուրոդ» համարել։
-Ինչու։
-«Յուրոդությունը» դա այն դեպքն է, երբ մարդը զգեստավորվում է ցնորամտությամբ, որպեսզի թաքցնի իր առաքինությունները։ Իսկ Հայր Գավրիիլը երբեք չէր ձեւացնում, ինչ որ դիմակ չէր հագնում։ Միշտ այնպիսին էր, ինչպիսին կար եւ վարվում էր այնպես, ինչպես կոնկրետ պահին հուշում էր խիղճը՝ ըստ իրադրության։
-Այդ դեպքում դա ինչ էր, եթե «յուրոդություն» չէր։
-Ինձ թվում է, որ նա ավելի շատ նման էր հին ժամանակների մարգարեներին։ Նա մարգարեական ներշնչանքով էր տարված։ Այդ ներշնչանքը նրան տանում էր մեկ վանքեր, մեկ գերեզմանոցներ, մեկ տաճարների ավերակներ, մեկ Լենինի դիմանկարի մոտ։ Մարգարեները կործանել են կուռքերի արձանները, իսկ նա փորձել է պայքարել իր ժամանակի կռապաշտության դեմ։ Նրա ձայնը «անապատում կանչողի ձայնն» է եղել, նրա գործողությունները սակայն չէին կարող փոխել երկրի վիճակը։ Մարդկային չափանիշներով այդ գործողությունները հաճախ կարելի էր համարել ցնորամիտ։ Սակայն այդ խելացնորության միջից մարդկանց հետ Աստված է խոսել։
Նրանք մտան վանք եւ ուղղվեցին դեպի ծեր վանականի գերեզմանը։ Գերեզմանի առաջ տարբեր տարիքի մարդկանցից հերթ էր գոյացել։ Յուրաքանչյուրը ով մոտենում էր գերզմանին, ծունկի էր իջնում, երկու ձեռքերը դնում էր հողին ու ջերմեռանդորեն աղոթում։ Հետո վեր էր կենում եւ տեղը զիջում հաջորդին։ Ու այդպես շարունակվում էր ողջ ընթացքում, քանի դեռ երկու ընկերները գտնվում էին այնտեղ։

Ռուսերենից թարգմանությունը՝ Ար․ Յանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *