Ես ծնվել եմ հուլիսի 27-ին, դա դարձնում է ինձ առյուծ
Ես այդքան էլ չգիտեմ ինչ է դա նշանակում։
Հասակս 167 սմ է,
Քաշս՝ 67 կգ, լողալ չգիտեմ,
Եվ ես հավանում եմ գեղեցիկ ժպիտով և
Մաքուր մարզակոշիկներով մի աղջկա։
Ես դեռ սովորում եմ շշուկով խոսել,
Հաճախ ես բարձր եմ խոսում տեղերում, որտեղ պիտի
Լռեի,
Հաճախ լռում եմ տեղերում, որտեղ պիտի
Գոռայի։
Ես ոտքերով առաջ եմ ծնվել և
Այդ օրվանից հակառակ եմ ամեն ինչում։
Ես շատ եմ սիրում կոճապղպեղով ըմպելիք։
Ինձ ասել են, որ շատ վատ եմ գրկում։
Մարդիկ ասում են, որ թվում է, թե փորձում եմ փախչել․
Որովհետև, երբեմն, փորձում եմ։
Ես թաքուն տագնապի մեջ եմ ընկնում, երբ
Ինչ-որ մեկն այնքան է մոտենում ինձ,
Որ կարող է լսել իմ շնչելը։
Ինձ տարօրինակ ձևով դուր են գալիս
Ավազե ամրոցներն ու սառցե արձանները․
Կարծում եմ որովհետև ես սովորաբար
Նվիրում եմ ժամանակս բաների, որոնք
Միայն մի քանի վայրկյան են տևում։
Եվս մի պատճառ է իմ հակումը՝ սիրահարվել
Կանանց, որոնք ինձ երբեք չեն սիրի։
Գիտեմ, որ անհավանական է հնչում, բայց
Ավելի հեշտ է քան թվում է,
Եվ եթե անկեղծ լինեմ,
Այսպես ավելի ապահով է։
Գիտես, հարաբերությունները հաճախ հիշեցնում են ինձ,
Որ ես չեմ վախենում բարձրությունից կամ ընկնելուց,
Բայց ես վախենում եմ՝ թե ինչ կլինի
Այն պահին, երբ մարմինս դիպչի գետնին։
Ես թափթփված եմ։
Երեկ ես սայթաքեցի իմ ինքնագնահատակնի վրա,
Վայրէջք կատարեցի հպարտությանս վրա, և այն փշրվեց
Կոտրված հեռախոսի էկրանի նման։
Հիմա, ես անգամ չեմ կարող ասել՝ ով է ինձ
Հաճոյախոսում։
Ես երբեք չեմ ծառայել բանակում, բայց
Ունեմ մանուշակագույն սիրտ[1]․
Ես այն ստացել եմ պայքարի համար՝
Իմ և բաների միջև, որոնք չեմ կարող ուղղել։
Գիտեմ, որ սա տարօրինակ է հնչում,
Բայց երբեմն ինձ հետաքրքրում է՝ ինչ են
Իմ անկողնային պարագաները խոսում իմ մասին,
Երբ ես այնտեղ չեմ։
Հետաքրքիր է ինչ կանեին վարագույրները, եթե
Իմանային այն ամենի մասին, ինչ արել եմ
Նրանց ետևեւմ։
Ես շատ մեծ սխալներով լի
Զամբյուղ և գերեզման ունեմ իմ պահարանում։
Ես վախենում եմ, որ եթե թույլ տամ տեսնես
Իմ կմախքները, դու կփշրես իմ ոսկորներն ու թմրանյութի
Փոխարեն կօգտագործես իմ խզումային խախտումները[2]։
Ողջույն, անունս Ռուդի է։
Ես վայելում եմ սառեցված յոգուրտս, մարդիկ նայում են
Ու ծիծաղում՝ առանց որևէ պատճառի,
Բայց ես թույլ չեմ տալիս ինքս ինձ լացել ավելի
Հաճախ, քան պետք է։
Ես արևի կենսական ուժով լեցուն ինքնավստահություն ունեմ։
Հոբբիներս ներառում եմ իմ կյանքի պատմութան խմբագրումը,
Փոխաբերությունների ետևում թաքնվելը, և իմ շողքին համոզելը,
Որ ես արժանի եմ հետևելու։
Ես շատ բան չգիտեմ, բայց գիտեմ սա․
Գիտեմ, որ դրախտը լիքն է երաժշտությամբ։
Ես գիտեմ, որ Աստված լսում է իմ սրտի բաբախոցը՝
Իր այփոդով։
Դա նրան հիշեցնում է, որ մենք դեռ աշխատանք ունենք անելու։
Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի
[1] ԱՄՆ-ի բանակում հետմահու տրվող նախագահի անվան շքանշան։[2] Խզումային խախտումները խախտում են երկրակեղևի ապարների ամբողջականությունը և ուղեկցվում խզված կողերի հարաբերական տեղաշարժմամբ։