***
Լիաձայն
Սերը արթնացավ
Կուրացուցիչ փայլերում
Որ անգամ ուղեղն իր ձեղնահարկում
Սարսափեց խոստովանել
Լիաձայն
Ագռավների երամը արյունով ծածկեց
Հիշողությունը նախկին արարման
Եվ հեղված լույսի ներքո
Գալիքը համբույրներով օծվեց
Անարդարությունը անհնար է Աշխարհում մի էակ է
Սերը ընտրում է սերը առանց դեմքը փոխելու:
Միակը
Նրա մարմնի քնքշությունում թաքնված էր
Փոքրիկ ակնագույն ձնագնդի
Նա կրում էր իր ուսերին
Նշանը լռության և վարդի
Ծածկը լուսապսակի
Նրա դյուրաթեք և երգուն ձեռքերը
Փշրում էին լույսը
Արթմնի նա երգում էր վայրկյանները։
***
Այնտեղ ուր կյանքը հայում է իրեն
ստորջրյա է
Հառնում են մոռացության պսակներ
Գլխապտույտ կերպափոխման սրտում
Արևային ջրիմուռներ մի գրություն
Սեր և Սեր
Քո ձեռքերը արարում են օրը խոտերի մեջ
Քո աչքերը օրը ցերեկով կենակցում են
Ժպիտը կոնքերին
Շուրթերը թևերին
Քեզ տրված է վայրը շոյանքների
և արթնացումների:
Իմ կենդանի ննջեցյալը
Իմ վիշտն անշարժ է
Զուր է սպասումս, ոչ ոք չի գալու
Ոչ ցերեկը, ոչ գիշերը
Ոչ էլ նա, ով եղել եմ անցյալում
Իմ աչքերը բաժանված են քո աչքերից
Նրանք կորցնում են, թե հույսը, թե իրենց լույսը
Իմ շուրթերը բաժանված են քո շուրթերից
Իմ շուրթերը բաժանված են սիրո բերկրանքից
Նաև կյանքի իմաստից
Ձեռքիցս ամեն ինչ փախչում է
Իմ ոտքերը բաժանված են քո ոտքերից
Նրանք այլևս առաջ չեն գնում, ճանապարհ չկա
Նրանք այլևս չեն զգում իմ ծանրությունը, ոչ էլ մեկ այլ բան
Ինձ վիճակված էր կյանքիս ավարտը
Տեսնել քո կողքին
Իմ կյանքը, որ հավերժական էր
Երբ քո ձեռքերում էր
Ես այլևս չունեմ ապագայի հույս– այն գերեզման է
ճիշտ քո աշխարհին նման՝ շրջապատված անտարբերությամբ
Ես քեզ այնքան մոտ եմ եղել
որ մրսում եմ օտարների շրջապատում։
***
Երկու հսկաներ սպիտակ և կարմիր
Ցորենն ու գինին
Սնուցում են մարդկանց:
***
Ավելին քան համբույրը
Ոչ ավելի քան ձեռքերը աչքերին
Լույսի հայտնությունը երկնքում
Հորիզոնի շուրթերին
Եվ հորձանուտները արյան
Ակունքներում լռության:
Սիրում եմ քեզ
Սիրում եմ քեզ այն բոլոր կանանց համար
որոնց չեմ հանդիպել
Սիրում եմ քեզ ժամանակի համար
որ չեմ ապրել
Սիրում եմ անեզրության
և տաք հացի բույրի համար
Եվ ձյան որ հալվում է
առաջին ծաղիկի համար
Այն կենդանու համար
որ մարդուց չի սարսափում
Սիրում եմ քեզ սիրո համար
Սիրում եմ այն բոլոր կանանց համար
որոնց չեմ սիրում
Ով է ինձ արտացոլում
Եթե ոչ դու
Ես ինձ այնքան քիչ եմ տեսնում
Առանց քեզ ես ոչինչ չեմ տեսնում
Միայն ամայի տարածություն
Անցյալի և ներկայի միջև քանի մահ եմ
Ես սյս ծղոտին ապրել
Չճեղքելով պատերը իմ հայելու
Անհրաժեշտ էր բառ առ բառ կյանքը սերտել
Այնպես ինչպես մոռացվում է
Սիրում եմ քեզ իմաստության համար
որ ես չունեմ
Եռանդի համար
Սիրում եմ անմահ սրտի համար
որ չեմ բանտում
Սիրում եմ ընդդեմ այն ամենի
ինչ պատրանք էր միայն թվում
Դու կարծում ես թե կասկած ես
դու ճշմարտությունն ես
Հսկա արև որ ելնում է
երբ ինքնավստահ եմ:
Միայնակ
Ես կարող էի մենության մեջ ապրել
Առանց քեզ
Այդ ով է ասել
Ով կարող է ապրել առանց քեզ
Մեն-մենակ
Ով
Ապրել ճակատագրին դեմհանդիման
Ապրել դեմհանդիման իրեն
Մոտենում է գիշերը
Ինչպես թափանցիկ վեմ
Եվ գիշերում
Ես աներևույթանում եմ:
Երկուսով
Մեր ձեռքերը խաչված են իրար
Եվ ամենուր մեզ թվում է թե տանն ենք
Խաղաղ ծառի մութ երկնքի
Ամեն տանիքի ներքո ուր օջախն է վառ
Ամայի փողոցներում և կեսօրվա արևին
Մարդկային ամբոխի սառը հայացքներում
Իմաստունների և հիմարների
Տարեցների և մանուկների կողքին
Եվ սերը խորհրդավորություն չունի
Մենք ինքնին պարզությունն ենք
Սիրո ակունքը սիրահարների:
Շնչավոր դեմք
Ես նայեցի իմ դիմաց
Եվ ամբոխի մեջ քեզ տեսա
Հասկերի մեջ քեզ տեսա
Անտառի մեջ քեզ տեսա
Ճանապարհներիս ավարտին
Տառապանքիս խորքերում
Հրից ջրից դուրս ելնելով
Ամառ – ձմեռ քեզ տեսա
Իմ սենյակում դու և դու
Իմ գրկի մեջ դու և դու
Իմ երազներում դու և դու
Քեզ այլևս չեմ լքելու:
Թարգմանությունը` Սամվել Թավադյանի