Բելլա Ախմադուլինա | Իմ տան բակից արդեն՝ քանի տարի

Իմ տան բակից` արդեն քանի տարի

Իմ տան բակից` արդեն քանի տարի
Ոտնաձայնն եմ լսում իմ ընկերների:
Դանդաղ հեռանալն իմ ընկերների
որքա՜ն հարմար է խավարին դրսի։

Լավ չեն գործերը իմ ընկերների,
նրանց տներում չկա մեղեդի,
Դեգայի վրձնած աղջիկներն էլի
կապույտ փեշերն են փռել անտեղի։

Դե ինչ, ի՜նչ արած, իմ խեղճ ընկերներ,
ձեզ չի սթափեցնի վախը խավարի։
Դավաճանության այդ կիրքը դեղին՝
մութ ամպ է դարձել ձեր պաղ աչքերին։

Օ՜, մենակություն, ինչ ուժեղ ես դու։
Ականջ չես դնում խոսքերին քսու՝
փայլուն երկաթե կարկինդ բացել
ու սառը սրտով շրջանն ես փակել։

Դե՝ կանչիր, կանչի՜ր, պարգևներդ տուր։
Ես երես առած, քնքշանքից փխուր՝
կփարվեմ կրծքիդ, խաղաղված ու լուռ,
կցողեմ կյանքս շիթերով լազուր։

Թույլ տուր հեզասահ քայլեմ անտառում
ու նրա հեռու խորխորատներում
տերևներ գտնեմ, հպեմ իմ դեմքին,
շնչեմ բաղձալի որբությունը իմ։

Տուր ինձ լռությունն անթիվ գրքերիդ,
քո համերգների մոտիվները բիրտ,
ես իմաստուն եմ, ես կմոռանամ
նրանց, որ չկան, նրանց, որ դեռ կան։

Ես կճանաչեմ թե՜ թախիծ, թե՜ խոհ,
ինձ կվստահվեն անհայտ իմաստներ։
Իսկ բնությունը՝ ուսիս փարվելով,
մեկիկ կբացի անթիվ գաղտնիքներ։

Եվ այդժամ միայն արցունքի, մթի,
ճանկերի միջից գորշ առօրյայի
կերևան դեմքերն իմ ընկերների
և կկորսվեն էլի ու էլի։
1959

ԻՄ ՎԱԽՎՈՐԱԾ, ԻՄ ԽԵՂՃ ՀԵՐՈՍ

Իմ վախվորած, իմ խեղճ հերոս,
Ինչ ճարպկությամբ դու հեռացար։
Ես՝ խաղացի դերս երկար,
Առանց ընկեր, մենակ, անճար։
Քո անիծված օգնությանը
Երբեք ձեռքս չպարզեցի։
Մութ խորշերում ետնաբեմի՝
Աչքից հեռու թաքնվեցիր։
Դեգերում եմ մղձավանջում.
Մարդկանց սառը հայացքն ըզգում,
Եվ բոլորի աչքի առաջ
Իմ մենավոր դերն եմ խաղում։
Ու դու ինչպե՜ս կռահեցիր․
Չներեցիր իմ ակնհայտ
Կորուստները անդառնալի,
Ամնեղությունն իմ ծիծաղի։
Քստմնելի ոհմակդ դավ
Տխրությունից չհագեցավ․․․
Ու ես մենակ, մենակ՝ խարան,
Դառնությունից հոգիս վարան։
Ամբոխը խուլ, լուռ տատամսել,
Չի էլ ձգտում հերոս տեսնել,
Ա՜խ, իմ վախկոտ, փոքրիկ հերոս
Մի՛ վախեցիր, քեզ չեմ մատնել։
Այս ամենն իմ դերն է՝ միայն․․․
Ես պարտվել եմ, պարտվել դաժան,
Այս ամենն իմ ցավն է միայն․․․
Ցավս խորն է, այն էլ ինչքա՜ն։
1960-1961

 

Վ․ Երոֆեևին

Եվ ով գիտե՝ պահ, թե՞ հավերժ
այս աշխարհում կդեգերեմ։
Պահի համար, և՝ հավերժի,
երախտապարտ ես կլինեմ։

Ինչ էլ լինի՝ միայն կօրհնեմ,
տխրությունը քո անհոգի
և քո թախծի հետ վաղանցիկ ՝
լռությունը իմ վախճանի։
1960

 

***
Մի անգամ, հայտնվելով հնարավոր
ամեն բանից անդին, մարմնիս մեջ նկատեցի
վավերական գոյությունը ինչ-որ ստվերի,
որ մղում էր ու հեռացնում կյանքս սովոր:

Ոչ ոք չտեսավ, նկատեց միայն տետրակս
ճերմակ, թե ոնց հանգցրի մոմերը վառվող,
որ այրվում էին գրվելու համար խոսքը
իմ վերջին. այլապես մեռնել ես չէի կարող:

Եվ ի՜նչ տառապանք. ես այնքան էի մոտ
տանջանքիս վերջին: Իսկ փխրուն հոգիս
խոսքեր չէր գտնում,պարզապես ուրիշ
տարիք էր փնտրում՝ համառ որոնում:

Ապրում եմ ես, դեռ էլի կապրեմ,
բայց այդ վայրկյանից երկրային տանջանքն
այն է ինձ համար, ինչը չեմ երգել,
իսկ մնացյալին ես երանություն անունն եմ տվել:

1960-ականներ

 

***
Ինձ հարցնում ես՝ լա՞ց ես լինում։
Գուցե ճիշտ ես, ճիշտ ես, իրոք,
Ինչո՞ւ լացել, պիտի լողալ,
Պիտի լողալ պաղ ջրերում։

Հաղթահարել ջուրը մթին
Ու սլանալ դեպի անդին,
Ազատություն քեզ պարգևել,
Որ հեռու է, հաջորդ ափին։

Հենց այնպես չեմ խաղաղ շնչում
Սիբիրների զնգուն օդում,
Ուր նազանքով հեզաճկուն
Սիզախոտն է մարմնիս փարվում։

Ախր, ինչպե՞ս քեզ պատկերեմ
Այն ամենը, ինչ, որ ունեմ․
Իմ հուշերում դրանք հառնում՝
Կապույտ լույս են շողարձակում։

Բայկալ լճի պաղ ջրերում,
Սառույց կապած լուրթ հոսանքում
Արծաթափայլ ձուկն է ճոճվում՝
Մարմնի ցոլքը լուռ տարածում։

Իսկ եզերքին՝ տներ են հին,
Խորդանոցներ՝ հեռուներում։
Շուշան ծաղկի գույնը դեղին,
Իմ ափերին հետք է թողնում։

Արագավազ, ճերմակազոլ
Դաշտամուկն է մարգագետնում,
Ու ինձ հառած պաղ աչքերում
Ակնաբիբն է սուր պըլըշում։

Թե՜ իմանաս ՝ ո՜նց է ձգում
Խոր հատակը վտակների,
Եվ ջրերում Կիզիր գետի
Այրող շեղբը սառույցների։

Ես մերժում եմ սեթևանքն իմ
Եվ խոսքերդ անվերջ, կրկին,
Դրանք հիմա դառն են, եղի
Բուժող թրմի ուժով են լի։

Եվ հիշում եմ ՝ օրերը հին,
Ուր սահմանին տարեկանի
ու երկնքի, չեմ մեղանչել,
Ես չեմ դիմել երբեք ստի։
1957 г.

Թարգմանությունը ռուսերենից ՝ Լիլիթ Գալստյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *