Արփի Աթաբեկյան | Ինչ որ մնաց Երևանի գիշերներից

«Ինչ որ մնաց Երևանի գիշերներից … » երգում էի ես, մեկ էլ հանկարծ` դը-դըխկ ու մի կտոր Երևան էլ գմփաց: Չէ’, կներե’ք, գմփցրին: Մի շենք էս կողմ, մի շենք էն կողմ: Մի ժամանակ օրը ցերեկով մզկիթ էին քանդում, հետո` եկեղեցի, հետո` տպագրատուն, էդ արանքում էլ մանր-մունր էլի, Արամի փողոցի վրայի շենք, ցիրկ-բան, դե գիտեք: Իսկ էսօր կրծոտում են Դվին հյուրանոցը, դանդաղ, բայց համառորեն, մինչև ատամները հասնեն ողնաշարի առաջին ոսկորներին ու վերջանա վերջին կտոր միսը:

«Իսկ ի՞նչ մնաց Երևանի գիշերներից ինձ ու քեզ …»: Երկար չտևեց էդ սերը, Երևա’ն: Սկզբում դու ինձ չէիր սիրում, ասում էիր` կենտրոնի աղջիկ չես: Հետո մի օր խմած էինք թե ինչ, արդեն մոռացել էիր ինձ, սեղանի մի ծայրից մյուսը ուղիղ աչքերիս մեջ նայելով ասեցիր` ուրդո՞ւ աղջիկ ես: Ու տենց սկսվեց մեր կարճ, հպանցիկ, վայրիվերումներով սիրավեպը: Հետո ես քեզ լքեցի: Ասեցի` գուցե երբեք հետ չգամ: Գուցե, ոչ թե երևի, որ չկարծեիր` հույս կա: Ձևացրիր, թե մեկ է: Ոչի’նչ: Լսել եմ, որ իմ հետևից լաց ես եղել, խմել ես մի քանի բաժակ բան, որից երկուսը` օղի, ասել ես որ գա, էլ չեմ թողնի` գնա: Բայց հետո ամեն ինչ խառնվեց` արանք ընկան մի քանի քաղաք, որոնցից մեկն արևելյան, իսկ մյուսը դեռ չի որոշել` որ աշխարհին է պատկանում: Իսկ հիմա պայթում են քո մարմնի տարբեր մասերը, մեկ առ մեկ, մարմնում տարածվող հիվանդակիր ուոռուցքների պես` չգիտես` հաջորդը որն է լինելու և երբ:

Գը-գըմփ, կոտրվում են նորից դուռ-պատուհան, վերջին թղթերը` հօդս, ամեն ինչ իր էղած-չեղածով, քո պատմությունը, սերերիդ, անցյալդ, երեխեքիդ մեկ առ մեկ լափում է մի մեծ, սև, անհասկանալի դատարկություն, որն ավելի շատ բթություն է հիշեցնում ու հաճույքով դուրս գցելով ծանր ու հաստ լեզուն ճպպոցով լպստում շուրջն յուր` անբավարարված հայացքը հառելով դե ասենք` կուկուռուզնիկին … ինչ եմ ասում, էդ մեկը վաղուց անցյալ է …

Չեմ ասի, թե դու իմ երազանքի քաղաքն ես, իմ վարդագույն երազը: Գիտեմ` ինչքան ես ատել, երբ քեզ ասում էին` վարդագույն տուֆի քաղաք, իմ վարդագույն ընկե’ր: Ինչ վարդագույն, ինչ տուֆ, տուֆտոում եք, արա’, ես` կենտրոնի տղես ուր, վարդագույնն ուր: Նույնիսկ ասել ես` վարդագույնը տատդ ա: Այո’, չես սխալվել, Ռոզա ծյոծյան, ով չնայած վարիկոզին չէր զլանում ու Սարյանի փոստի կողքի շենքի մի մուտքից հպանցիկ անցնում էր հաջորդին, որ մի բաժակ շաքար վերցնի (Էսօր թոռն էր գալու և երեսունամյա երեխային պետք էր բտել տատիկի բարիքներով) ու մի բաժակ շաքարի, շաքարամանի ու փակվող ռեզբայի արանքում հասցներ իմանալ` արդյոք հարևան Ռիմայի աղջիկն ի վերջո անցավ բեղմնավորման բոլոր փուլերով և ի վերջո որ դիրքն է նախընտրում նա իր զուգընկերոջ հետ:

Դու զզվում ես, որ էս ամեն ինչը, էսքան բանը կատարվում ա քո մարմնի մակերեսի վրա, քո պզուկների ու աղվամազերի կողքին, իսկ երբեմն հենց դրանց արանքում: Դու քեզ զգում ես օգտագործված (հասարակական տարածքի տեսանկյունից) և գուցե կեղտոտված (բառիս բուն իմաստով), որովհետև քո մարմնի տարբեր անկյուններում չիշիկ են անում (լավագույն դեպքում), թքում են (գերագույն հաճույքով) նրանք, ում հետ դու դավաճանեցիր ինձ: Դու սկսեցիր իրանց հետ «փող շինել», դրեցիր ապերներիդ սեղանիդ շուրջ, քեզ սեղանակից ու թամադա ու քավոր դարձրիր, բայց ոչ երբեք` «կնիկ»: Իսկ ինձ ասեցիր գնա` կի’ն արմատ, էս աղջկա տեղ չի, գնա քո սենյակ, նստի տԸրյումոյի դեմը, որի մեջ ոչ մի կերպ չէին տեղավորվում իմ մեծ գլուխն ու աչքերը: Ու չլսեցիր` ոնց փակեցի դուռն իմ հետևից, ոչ թե ննջարանի, այլ տան, ու չլսեցիր, ոնց ասեցի` գուցե երբեք հետ չգամ …

Մինչդեռ ես սիրում էի քեզ բոլոր թերություններով հանդերձ: Կամ գոնե այդպես էի մտածում: Նույնիսկ համակերպվել էի նրա հետ, որ Վարդան Մամիկոնյանն ինչ-որ բանի վրա ջղայնացել ա ու արդեն քանի տարի (իսկ գուցե դար) ձախ ձեռքի հինգ մատը չռած ինչ-որ բան ա ցույց տալիս մարդը, իսկ բութ անցորդները չեն տեսնում, և նրա հետ, որ Անդրանիկը (մեր թաղի Անդոյի հետ չեմ) երկու ձիու վրա է կանգնել (չգիտես` ինչու) ու չնայած այդ հանգամանքին` նրա տաբատին չկա և ոչ մի պատռվածք: Իսկ ուր են հիմա նրանք, ում համար դու քո վրա բացեցիր «կլուբներ» ու «կաֆեներ» ու խորհրդավոր անուններով ժամանցի կենտրոններ: Լսել եմ թողել ես, որ մոլեր էլ բացեն, դու հո գնամոլ չե՞ս:

Ու քանի սկսել եմ խոսել արձաններիդ մասին, որոնց բրոնզե թե գիպսե ծանրության տակ կքում ու կուզիկանում ես դու արդեն վաղուց, ասեմ, որ Նժդեհի արձանի համար քեզ երբեք չեմ հասկանա: Նայեցի թիկունքից մի անգամ, երեսն էլ չտեսա ու մտքումս հարցրի` Ինչո՞ւ, իմ վարդագո’ւյն եղբայր,մի անգամ «տղայավարի» թափ չես տալիս քեզ, մեջքդ քսում բազմամյա դռներիդ ու գաջած պատերիդ սուր անկյուններին, որ ազատվես էս տաղտկալի, ծանր, սխալ, գաղջ քոսից: Հը՞:

«Ինչ որ մնաց Երևանի գիշերներից …» Իսկ ի՞նչ մնաց քո գիշերներից: Ինձ մնաց մի զգացողություն` մերկություն, մինչև հիմա, ամեն ինչից հետո ես դեռ ինձ մերկ ու անպաշտպան եմ զգում քո «տղայական» մարմնի վրա, որն ամբողջ ուժով ինձ վանում է, բրդում դուրս իր տարածքի բոլոր հարթություններից: Հա, մնաց մի թեզի թեմա, որի մասին լսելուց շատերը կասեն` օ, ոմանք` ա, մի քանիսը բազմանշանակ` հմ, մի քանի լավ տղա կասի` էդ ինչ ա որ, քո’ւրս, ցեղը չի հասկանա ու մտովի կլուծի թեմա + տարիներ vs երեխաների քանակ = 0 անշարժ գույք բարդ մաթեմատիկական խնդիրը: Իսկ դու, դու էլ ոչ մի բան չես ասի, ես ուշացել եմ, քո բերանը փակել են կապույտ «իզալենտով» արդեն, որը կարող ես ցանկացած պահի պոկել, քանզի ազատ են ձեռքերդ, բայց միտքդ` ոչ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *