Ռուփի Քաուրը բանաստեղծ և նկարչուհի է։ Նրա գործերը փոթորկային արագությամբ գրավեցին աշխարհը և նա անմիջապես հայտնի դարձավ Ինստագրամում:
Նրա երկրորդ գիրքը՝ «Արևը և իր ծաղիկները» ակնթարթորեն դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Այս գրքին նախորդող «Կաթ և մեղր» գիրքն էլ մեծ հաջողության է հասել աշխարհով մեկ։
Ռուփին իր աշխատանքները ընկալում է որպես տարբեր տեսիլքների արտացոլանք։ Իր սրտում նա հավերժ մնալու է նվիրված արվեստին։ Երբ նա հինգ տարեկան էր մայրը նրա ձեռքը վրձին էր տվել և ասել, որ նկարի այն, ինչ իր սիրտն է ցանկանում: Կարելի է ասել այդ օրվանից հետո Ռուփին չի դադարել արվեստով զբաղվել։ Տասնյոթ տարեկան հասակում Ռուփին առաջին անգամ ի ցույց դրեց իր արվեստը open mic միջոցառման ընթացքում (բաց միկրոֆոնի երեկո) և այդ ակնթարթից ի վեր սիրահարվեց կատարողահան պոեզիային։
—Ինչո՞ւ է քեզ համար այդքան հեշտ
բարի լինել մարդկանց հանդեպ,- հարցրեց նա։
Կաթ և մեղր կաթացին շուրթերիցս
երբ պատասխանեցի․
—Որովհետև մարդիկ
բարի չեն եղել իմ հանդեպ։
***
Դու շատ նման ես քո մորը
Ինձ թվում է՝ իմ մեջ կա նրա նրբությունը
Երկուսդ էլ նույն աչքերն ունեք
Որովհետև երկուսս էլ ուժասպառ ենք
Եվ ձեռքերը
Մենք կիսում ենք նույն թառամած մատները
Բայց այդ զայրույթը, մայրդ այն չի կրում
Դու ճիշտ ես
Այս զայրույթը միակ բանն է,
Որ ստացել եմ հորիցս։
***
Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր կանանցից,
ում անվանել եմ գեղեցիկ՝
խելացի կամ խիզախ անվանելուց առաջ,
ցավում եմ, որ հնչեց այնպես, կարծես
մի պարզ բան, որով ծնվել եք
ամենաշատն է հպարտանալու տեղիք տալիս, երբ
ձեր ոգին լեռներ է փշրել
այս պահից, ես կասեմ բառեր՝
«Դու անկոտրում ես» կամ «դու յուրահատուկ ես»,
և ոչ այն պատճառով, որ գեղեցիկ չեմ համարում,
այլ որովհետև դուք ավելին եք, քան զուտ գեղեցկությունը:
***
Ես չեմ ուզում ունենալ քեզ
դատարկությունս լցնելու համար
ես ուզում եմ լցված լինել ինձնով,
ես ուզում եմ այնքան ամբողջական լինել,
որ լուսավորեմ մի մեծ քաղաք,
և հետո միայն
ունենալ քեզ, որովհետև միասին
մենք այն կարող ենք վառել։
***
Ես միշտ
գցում եմ ինձ այս
խառնշփոթի մեջ
ես միշտ թույլ եմ տալիս նրան
ինձ «գեղեցիկ» անվանել
և գրեթե հավատում եմ դրան
ես միշտ ցատկում եմ՝ մտածելով,
որ նա կբռնի ինձ
անկման պահին,
ես անհույս
սիրող եմ և
երազող եմ և
հավանաբար հենց դա կլինի իմ մահը:
***
Ես չգիտեմ ինչ է հավասարակշռված կյանքով ապրելը,
երբ տխուր եմ
չեմ լացում, թափվում եմ,
երբ երջանիկ եմ
չեմ ժպտում, փայլում եմ,
երբ զայրացած եմ
չեմ գոռում, այրվում եմ։
Ծայրահեղություն զգալու լավ կողմը այն է,
որ երբ ես սիրում եմ, նրանց թևեր եմ տալիս,
բայց, գուցե, դա այդքան էլ
լավ չէ, որովհետև
նրանք հակված են հեռանալու,
և դու պիտի տեսնես ինձ կոտրված սրտով,
ես չեմ վշտանում
ես փշրվում եմ։
***
Ինձ սարսափեցնում է՝ ինչպես ենք
մենք կորցնում մեզ նախանձից,
երբ ուրիշները հաջողում են,
բայց հառաչում ենք թեթևացած,
երբ նրանք ձախողում են։
Միմյանց հաջողություններ
տոնելու կարողությունը,
ամենաբարդն է
մարդկության համար։
***
Նա հարցրեց, թե ինչով եմ զբաղվում,
ասացի, որ փաթեթավորման փոքր
կազմակերպությունում եմ աշխատում, որտեղ․․․
Նա ընդհատեց ինձ․
—Ոչ թե՝ ինչ ես աշխատում,
այլ ի՞նչն է քեզ խենթացնում,
ի՞նչն է քո անքնության պատճառը։
Ասացի, որ գրում եմ
խնդրեց ցույց տալ իրեն ինչ-որ բան,
ես դրեցի մատներիս ծայրերը նրա նախաբազկին
և սահեցրի դեպի դաստակը,
նա փշաքղվեց,
նրա բերանը սեղմվեց,
մկանները ձգվեցին,
նա հայացքը հառեց աչքերիս մեջ,
կարծես ես եմ պատճառը,
որ նա թարթեց,
ես թեքեցի հայացքս,
և երբ նա մոտեցավ ինձ,
ես հետ քաշվեցի։
— Փաստորեն,
ուշադրություն ես գրավում.
այտերս կարմրեցին, երբ
ամաչկոտ ժպտացի՝
ընդունելով,
Որ ոչինչ չեմ կարող փոխել:
Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի