Առլինա Սարգսյան | Ինքնության փնտրտուքների ճանապարհներին

Մարդկային հոգու գաղտնարանները մշտապես եղել են գրողների հետաքրքրության առարկան: Այս հարցում բացառություն չէ նաև Հ. Կարապենցը: Նրա ստեղծագործությունների մեծ մասի նպատակն է խոսել անհատի մասին, բայց ամենից նշանակալիցն այն է, որ պատմող-ներկայացնողը սոսկ նարատոր չէ, այլ այդ մարդկանցից մեկը, իսկ ավելի հստակ՝ հեղինակ-պատմողը իր մեջ կրում է այդ մարդկանցից յուրաքանչյուրի մի մասնիկը: Նա կարծես թե վերածվում է մի մեծ շտեմարանի, որտեղից հատ առ հատ լույս աշխարհ է հանում սեփական հոգուց տարագրված անհատների հոգեկան դրամաները: «Հայկական շուրջպար» պատմվածքում գրում է.

«…Երգում եմ չերգուած երգը որ ե՛ս եմ, որ դո՛ւք եք, ես երգում եմ մեր բոլորի երգը, որ ե՛ս եմ, դո՛ւք եք»[1]:

Նույն գաղափարն է արտահայտել նաև Վիլյամ Սարոյանը «Կյանքիդ ժամանակը» երկում.

«Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է…»[2]:

Կանադայում հրատարակվող «Հորիզոն» թերթի՝ Կարապենցին ուղղված հարցմանը, թե ինչպե՞ս է, որ Մարդն այդքան առանցքային նշանակություն ունի նրա գրականության մեջ, նա պատասխանում է. «Մի՞թե այլ նյութ կա: Մարդն է ընկերության կորիզը: Բոլոր քաղաքակրթությունների ու մշակույթների կորիզը միշտ էլ մարդն է եղել»[3]:

Հեղինակն իր ստեղծագործությունները ծառայեցրել է բազմաթիվ խնդիրների վերհանմանը. դրանցից մեկն է նաև սեփական ինքնության որոնումները: Մարդկության հետ նույնացած ու այդ մարդկային էության ներքին թաքստոցները ուսումնասիրող Հակոբ Կարապենցն իր պատմվածքներում լույս աշխարհ է բերում իր ներաշխարհի «քարանձավներում թաքնված անծանոթներին, որոնք օրն ի բուն ինքնություն էին պահանջում»[4]։  Իր երկերի մեջ հեղինակը մի կողմից հայ, ռուս, հրեա և այլ ազգի հերոսների կյանքը հյուսում է ամերիկյանին, մյուս կողմից՝ շերտատում այդ մարդկանց աշխարհը, նրանց աշխատանքն ու մաքառումները:

Նուբար Ակիշյանը, խոսելով «Միջնարար» ժողովածուի մասին, գրում է.

«Կարապենց չի խոսիր մարդուն մասին, այլ մարդկության, ան չի կեդրոնանար տարանջատված երևույթին վրա, այլ՝ երևույթներու, որոնց մեջ համախմբված է ամբողջ մարդկությունն իր վախերով ու ապշություններով»[5]:

Կարապենցն իր ստեղծագործություններում ամբողջացրել է ռուս, հրեա, իռլանդացի, հույն, ֆրանսիացի, գերամանացի և շատ այլ ազգերի ներկյացուցիչների: Նրանք նույնքան մենակ ու տարագիր են, որքան հայը, իրենք էլ փնտրում են իրենց հանգրվանն ու հարազատ երկինքը: Հեղինակը գրում է.

«…Նույնը տեղի էր ունենում հազարավոր հոգիների մոտ – տարագիր մարդիկ, անհայրենիք ու անհանգրվան, որոնք վերադարձի փափագը սրտներում՝ մաշվում, քայքայվում ու աննյութանում են հեռու ավանների մենության գիշերներում»[6]: Ռուս Վլադիմիրը («Անծանոթ հոգիներ»), ամրիկացի Մարքն («Սոնա») ու Մարկոսը («Մեր նախնիքների ստուերները»), հույն Մաքսիմը («Ինչո՞ւ Իթաքան լեռ չունի») կանգնած են միևնույն խնդրի առաջ: Արտաքին իրավիճակն ու ներքին էությունը անընդհատ հակասության մեջ են. նրանք էլ տառապում են օտարության ու տարագրության զգացողությունից: «Անծանոթ հոգիներ» պատմվածքի հերոսներից մեկը՝ Վլադիմիրն ասում է.

«-Անտուն ենք, անգերեզման:

-Անտո՞ւն:

-Տարագրի ճակատագիր: Օրերը անցնում են, բայց մենք տեղ չենք հասնում:

-Ո՞ւր, ո՞ւր ես ուզում հասնել:

-Տո՛ւն…:

Այս մարդիկ զգում էին, որ հեռու ծանծաղուտներում են մնացել իրենց անբովանդակ օրերն ու հուսահատ դեգերումները: Նրանք աքսորական են իրենց իսկ տան մեջ, քանի որ այն իրենց չի պատկանում: Վլադիմիրի կերպարն այս առումով նման է «Սոնա» պատմվածքի հերոս Մարկոսի կերպարին: Երկուսն էլ տեսնում են ու հասկանում, որ այդ նոր աշխարհում իրենք տարագիր են և օտար՝ հավերժ աքսորականներ.

«-Քեզ ասում եմ, թէ մենք բոլորս էլ աքսորական ենք…»[7]:

Սեփական հողը չզգալու, ինքնությունը ձևավորող գործոններից կտրված լինելու պատճառով նրանց համար փոքր-ինչ դժվար է նույնիսկ իրենց ազգային պատկանելության հարցը լուծելը:

«-Սակայն Սոնա, ասաց Մարքը,- ես նախ պիտի իմ ինքնութիւնը գտնեմ, որպէսզի կարողանամ քեզ գտնել: Ես դեռ չգիտեմ ինչո՞ւ եմ ամերիկացի: Ես դեռ չգիտեմ ինչո՞ւ դու հայ ես»[8]:

Կարապենցի ստեղծած տարագիր մարդկանց կերպարները անընդհատ բախումների ու ինքնության փնտրտուքների մեջ են. նրանց մի ինքնությունը հետապնդում է մյուսին, մինչև որ իրենց ներսում գլուխ է բարձրացնում մի նոր «դև»: Բայց այդուհանդերձ նրանք բոլորն էլ տարագիրներ են՝ մեկը՝ հին, մյուսը՝ նոր, և բոլորի ցանկությունն է գտնել իրենց ինքության արմատները, վերադառնալ կամ գոնե հաշտ ապրես սեփական էության հետ:

 «-Ժենյաի վերջին ցանկությունն էր թաղվել Պետերբուրգում, իր հարազատների գերեզմաններին կից: Իր վերջին իղձն էր Պետերբուրգ վերադառնալ:

Ուրեմն գիտեր իր մահը:

-Ժենյան մահանում էր ամեն օր: Որոշել էր մեռնել:

-Հիվա՞նդ էր:

-Ո՛չ, չկարողացավ մոռանալ անցյալը…»[9]:

Օտար քաղաքների փողոցներում հայտնված մարդու թեմայի բազմակողմանի ուսումնասիրությունը Կարապենցի թողած գրական ժառանգության գլխավոր արժանիքներից է: Նա օտարին զննեց «մարդու» տեսանկյունից, բայց այդ քննման մեջ էլ հեղինակը օտարին նայեց հայի «աչքերով», նրանց ներաշխարհի խորքերը թափանցելն ու մեկնաբանելը տեղի ունեցավ հայի պրիզմայի միջոցով, որը, ինքնըստինքյան, ծառայեց համաշխարհային անցուդարձի կենտրոնում կանգնած սձյուռքահայի հոգու ծալքերի բացահայտմանը: «Անծանոթ հոգիներ» պատմվածքում Սուրենյանը, խոսելով ռուս Վլադիմիրի հետ, հասկնում է՝ «որ անծանոթ այս մեռած ու կենդանի հոգիներին ինքը վաղուց ծանոթ է եղել, որ տեսել ու ներկա է եղել նրանց կյանքի թոհուբոհներին, մասնակցել է նրանց երազանքներին ու հուսալքություններին»[10], որ նրանք նույնքան նման են, որքան՝ տարբեր, որ նրանց ճակատագրերը անտեսանելի թելերով հյուսվել են մեկը մյուսին ու ստեղծել աշխարհի խաչմերուկներում շփոթահար կանգնած, ճանապարհի փոշին աչքերի վրա նստած տարագիր մարդու կերպարը: Բոլոր տարագիրներն էլ «Կիրակոսներ»[11] են, որ անտեսանելի հակասությունների մեջ են իրենց ես-ի, հասարակության ու շրջապատի հետ: Նրանց համար բացվող ամեն օրը մարտահրավեր է, նրանք անընդհատ փախուստ են տալիս, փորձում են պոկվել տեղից, գնալ, հեռանալ, բայց թե ո՞ւր՝ իրենք էլ չգիտեն: Նրանց ոտքերի տակի հողը ամուր չէ, անհիմք է, իսկ երկինքը՝ ամենուր օտար:

Ինչպես և նշել է Ն. Ակիշյանը, գրողը նկատում է մարդկության վախերը, ցավերը, տանջող հարցերը: Այս դիտանկյունից էլ անդրադարձել է մարդկությանը: Նրա ամբողջ ստեղծագործության մեջ մարդիկ տառապում են հոգևոր օտարության մեջ, սակայն միևնույն ժամանակ ապրում են ու վայելում կյանքի բարիքները, քանի որ դառնություններով ու քաղցրություններով հանդերձ՝ այդ կյանքն իրենցն է: Կյանքի բևեռացումը գրողին կնետեր արհեստականության գիրկը, իսկ ընթերցողին` թերահավատության, որի հետևանքով գրական երկը կդառնար անհամոզիչ ու առանց իրական հենքերի: Այս գիտակցումով է, որ Հակոբ Կարապենց գրողը կարողացավ համախմբել թափառող, տարագիր, օտարված մարդու ներաշխարհի խնդիրները ու դրանք հանել դեպի համամարդկային տարածքներ: Նա բացում է մարդու սրտի ու հոգու շերտերը՝ մասնիկ առ մասնիկ: Այս երևույթին անդրադարձել է սփյուռքահայ գրաքննադատ Մինաս Թեոլոլյանը.

«Հոգեվերլուծական տարրը էական տարրն է իր գրականության, գիտե խորո՛ւնկ պեղել ու լա՛վ բնութագրել սիրտի և հոգիի այլազան շերտերն ու շարժումները: Ոգեպաշտ մըն է Կարապենց ու նույնքան մարդ էակի արժանապատվությունը հանգանակ դավանող մտավորական մը»[12]:

Իր հերոսներից մեկը՝ Սուրենյանը («Անծանոթ հոգիներ»), «…- Ես ո՞վ եմ և ի՞նչ գործ ունեմ այստեղ»[13],- խորհում է օտար փողոցներով թափառելիս: Այս հարցը հիմնաքարային է գրեթե բոլոր հերոսների համար:

«Որևէ տեղի, միջավայրի կամ հասարակության չպատկանելու գիտակցությունը բնականաբար առաջացնում է լքվածության ու մենակության զգացում։ Իսկ մեր օրերի մարդը շարունակ տեղից տեղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր է տեղափոխվում և արմատներ նետելու ժամանակ չի ունենում։ Այդ պատճառով էլ սկսում է տառապել չպատկանելության բարդույթով, որից Կարապենցի հերոսները շարունակ ազատվելու փորձեր են կատարում կամ առնվազն այդ հոգեվիճակի ստեղծման տրամաբանական բացատրություններն են որոնում»[14]։ «Մենության գիտակցությունը գնալով սրվեց ու դարձավ մի անանուն տառապանք ու հանկարծ մի ակնթարթում, ինչպես այդ երբեմն պատահում էր իր հետ, զգաց իր բացակայության ահավորությունն այս մոլորակի վրա»[15],- գրում է Հ. Կարապենցը։

Նրանք ինքնաորոնման մեջ են. աշխարհի ամեն կետում իրենց տանջում է այս հարցը և վերջապես նրանց գիտակցության մեջ իհայտ է գալիս  «ի վերջո, մի տեղ պետք է կանգ առնել…»[16] գաղափարը: Որևէ կետ պետք է իրենցը լինի, այդ օտար երկինքների տակ իրենց կտորը պետք է գտնել, որտեղ ինքությունն ու ինքնագիտակցությունը ներդաշն կլինեն: Նրա հերոսները հոգեբանական տեսանկյունից բավականին նման են Ա. Քամյուի հերոսներին, որոնցից մեկն ասում է. «Ա՜հ, բարեկամս, գիտե՞ք, թե ի՞նչ է նշանակում մենակ էակը, որ թափառում է մեծ քաղաքներում»[17]։

«Աքսորը» պատմվածքում Արմանդ Արմանդյանը Դարիանի հարցին, թե նա որտեղի՞ց է, պատասխանում է.

«-Նյու Յորքից և մի քիչ ամեն տեղից:

-Ես էլ Նյու Յորքից եմ:

-Ուրեմն կիմանաս մեծ քաղաքի մենությունը:

-Սակայն դու մեծ քաղաքից չէ, որ փախչում ես, այլ քեզանից…:

-Ամեն տեղ ինձ խորթ եմ զգում, հատկապես Նյու Յորքում, որ ծննդավայրս է:

-Որովհետև չե՞ս պատկանում:

-Ես չգտա մի տեղ, մի տուն, որ ասեի իմն է: Ամեն տեղ եղա ժամանակավոր»[18]:

Մենության զգացողությունը հատկապես բնորոշ է մեծ քաղաքների բնակիչներին. Նրանք օտար ու օտարված են զգում իրենց իսկ քաղաքներում, տանը, երբեմն կողակցի ու զավակների ներկայությամբ և առավելապես՝ ինքն իր հետ ու ողջ տիեզերքում։ Որքան էլ անհատը փորձում է ձերբազատվել ճնշող մենությունից, գալիս է մի պահ, երբ առանց հարցնելու և «գաղտագողի» գալիս է այն, «ծվարում ներսի ծածուկ բազկաթոռի մեջ և կապույտ ներկում անցած ու գալիք բոլոր ճամփաները։ Եվ դու այլևս դու չես»[19]։

Օտարվածները անմնացորդ հանձնվում են փոթորիկներին ու ծովերին, որպեսզի գտնեն կյանքի փրկության օղակները.

«-Պիտի գնամ,-ասաց ձայնը։

-Ո՞ւր։

-Մի այլ տեղ…

-Որտե՞ղ։

-Չգիտեմ։ Մի տեղ…

-Ամեն քաղաք նույնն է։

-Մի նոր քաղաք։

-Ամեն տեղ էլ նույնն է։

-Մի հեռու քաղաք…»[20]։

Այդուհանդերձ հենց իրենք են խոստովանում, որ ուր էլ գնան և ինչ էլ անեն «-միևնույն է: Մենք կմնանք օտար՝ կաշկանդված մեր ներքին աքսորում»[21]:

Հեղինակը հաճախ զարմացել է  թե այդ ինչպե՞ս է լինում, որ երազանքներով աստղերին ու լուսնին հասնող, նրանց հետ զրուցող մարդը, հաճախ անկարող է լինում հաղորդակցվելու իր հարազատների հետ։

Կարապենցը հաճախ է ասել, որ ամեն անգամ գրիչը ձեռքը վերցնելիս ուզում է գրել հոգիների չգրված պատմությունները[22]: Այդ մարդիկ «մենվորների ու մերժվածների մի ամբողջ բանակ են, որոնք բնակվում են իմ էջերում»[23], իսկ նրանց ծանոթ֊անծանոթ հոգիները կարապենցյան գրական աշխարհի հիմնասյուներն են։ Այս նույն գաղափարը հիմք է դարձրել իր երկերի համար ու գրել հազարավոր Արտավազդների, Արմենների, Վլադիմիրների, Մաքսիմների, Քարոլների, Հրանտների, Մայքլների, Լևոնների, Ջորջերի, Վաչիկների ու Նիկողոսների անունից: Արձակագիրը յուրաքանչյուր տողով փորձել է մեկնություն տալ տարագրված անհատի մենավոր հոգու պառակտումներին և ալեկոծություններին: Այս է պատճառը, որ նրա հերոսները միայն հայեր չեն, այլ նաև օտարազգիներ: Հեղինակը չունի ազգային բևեռացումներ, նրա համար բարձրագույն արժեքը աշխարհաքաղաքացի մարդն է, որի պրիզմայով կարելի է բացահայտել հույնին, աֆրիկացուն, հային, ռուսին, մեքսիկացուն և այլոց:

Կարապենցի կերտած կերպարներից շատերն իր պես թափառականի խառնվածք ունեն. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում դաշն կնքել որևէ քաղաքի հետ և ամենուր իրենց թափառական ու ճամփորդ են զգում: «Միջնարար», «Ամերիկյան շուրջպար», «Մի մարդ ու մի երկիր» և «Անծանոթ հոգիներ» ժողովածուների հերոսներին կարելի է բնորոշել հենց նրանցից մեկի՝ Դարիանի խոսքով՝ «մի տեսակ աքսորյալ մեր տան մեջ, մեր հոգիների մեջ»[24]:

«Մի մարդ ու մի երկիր», «Միջնարար» գրքերի պատմվածքներից շատերում հեղինակն անդրադառնում է այս խնդրին և կարծես թե վերջապես գալիս մի նոր եզրահանգման՝ գուցե քաղաքները չեն հանդուրժում աքսորականներին[25]: Իր կերպարներն էլ (օրինակ՝ Մինաս Մինասյան («Դավադրություն»), Արմանդ Արմանդյան («Աքսոր») իր պես տարագրված են, ինքնության որոնումների ու հավերժական պայքարի մեջ են քաղաքների ու աշխարհի հետ: Այդ մարդիկ մե՛կ ցանկանում են տրվել համընդհանուր հոսանքին, մե՛կ էլ՝ սթափվում են ու ետ կանգնում: Հիշենք Արմանդյանի խոսքերը.

«-Հաճախ երանի եմ տալիս նրանց, ովքեր գլխիկոր առավոտ աշխատանքի են գնում, երեկոյան հոգենաբեկ վերադառնում տուն՝ իրենց կնոջ ու ընտանիքի գիրկը, խնամում իրենց փոքրիկ պարտեզի ծաղիկները…:

-Մի՞թե այդ նույնը չես կարող անել նաև դու…:

-Եթե փորձեմ անգամ, չպիտի հաջողեմ:

-Ինչո՞ւ…:

-Որովհետև օտար եմ:

-Օտա՞ր, քո երկրո՞ւմ…:

-Օտար՝ իմ երկրում, բոլոր երկրներում…»[26]:

Նրանք մեն միայնակ դեմ են ելնում աշխարհին ու թախանձագին հայացքով փտրում իրենց պես միայնակ թափառականներին:

Պատմվածքներից «Օրիորդ Անթառամ»-ը, «Աքսորը» և «Ինչո՞ւ Իթաքան լեռ չունի»-ն տարբերվում են հիշյալ մնացած ստեղծագործություններից: Իհարկե, Օրիորդ Անթառամին, Արմանդ Արմանդյանին, Դարիանին ու Հրանտին նույնպես բնորոշ է մենության զգացողությանը, բայց նրանք կանգնած են մեկ ուրիշ՝ երկբևեռ խնդրի առջև ևս. մի կողմից ցանկանում են հեռանալ ու տրվել միայնությանը, մյուս կողմից՝ գտնել սեփական գույնն ու դիմագիծը:

«-Դու ինչո՞ւ ես այդպես տխուր, Դարիան:

-Ասացի, չէ՞: Փնտրում եմ:

-Ո՞ւմ:

-Ինձ»[27]:

Այս տողերը հնչում են թե՛ իբրև սփոփանք, թե՛ իբրև ապաշխարհանք: Զարմանալի է, բայց նրանք միանշանակորեն գիտակցում են իրենց օտարման հարցը:

«-Գիտե՞ս ինչ, Մաքսի՛մ. կյանքը գնում է: Դադար չունի: Աչքերդ բացում ես և արդեն ամեն բան գնացել է, ձևափոխվել ու օտարացել:

Հրանտը գլուխը հակեց սեղանին ու ապա ավելի մոտեցավ Մաքսիմին:

-Ու ամենացավալին այն է, որ անգամ մարդն ինքն է սկսում օտարանալ»:[28]

Հրանտի բերանով հեղինակը մի շատ կարևոր հարց է բարձրացնում. այս մարդիկ սկսել են օտարանալ ոչ միայն ամբոխին, այլև իրենք իրենց: Սակայն մյուս կողմից թե՛ Հրանտը, թե՛ Անթառամը հրաշալի գիտեն իրենց հեռացման, էության օտարացման պատճառները, և թե ինչպես է պետք դրանք հանգուցալուծել:

«Ինչո՞ւ Իթաքան լեռ չունի» պատմվածքի հերոսի տարագրված էությունը լեռներն են, դրանց ամեն մի տարրի մեջ նա ամբողջանում ու կենդանանում է, տարագրվածից անցում կատարում կայուն վիճակի.

«…-Լեռներն այլևս դարձել են իմ կյանքի, գոյության ու նպատակներիս կենտրոնը…»[29]:

 Իսկ օրիորդ Անթառամը վերագտնում է հոգուց կորցրած մասնիկը, երբ սկսում է հանդիպել ազգությամբ հայ Նազար Բեկյանի հետ: Այդ չամուսնացած օրիորդը քայլ առ քայլ ետ է ընդունում ինքն իրենից դուրս վռնդած էության գույները, քանի որ «Բեկյանը իր մի այլ տարբերակն»[30] էր, «իր արյունը, իր պատճենը, իր սերն ու տառապանքը»[31]:

 Որպես զուգահեռ այս երկերի քննենք  «Արևադարձային թռչունը» պատմվածքը: Հիմնական կերպարները հայ երիտասարդ Արսեն Վահրամյանը և անգլո-սաքսոն Ռիս Ջանսընն են: Երկուսն էլ հայտնվել են օտար ափերում՝ արկածների ու նոր կռվանների փնտրտուքներով, սակայն, որքան էլ զարմանալի է, այստեղ Կարապենցի դիտակետը կենտրոնացել է ոչ թե հայ երիտասարդի ճակատագրի վրա, այլ անգլո-սաքսոն Ռիսի:

Յուրաքանչյուրն ունի իր հոգու ներկապնակը, որտեղ տեղավորված են ներաշխարհի գույները: Այդ գույներից որևէ մեկի բացակայության դեպքում տեղի է ունենում բախում, կռիվ ու անհաշտություն սեփական ես-ի ու ինքության միջև. մարդը քիչ-քիչ օտարվում է իրեն ու ամբոխին: Իրավիճակից դուրս գալ կամ խուսափել հնարավոր է միայն համապատասխան գույնը գտնելու դեպքում: Եթե Հրանտը ձգտում է դեպի լեռները, իսկ օրիորդ Անթառամը՝ դեպի Նազար Բեկյանը, Ռիս Ջանսընը թևավորվում ու ամբողջանում է իր երազանքների արևադարձային թռչունի (Սելմայի) գրկում, որը, չնայած արտաքին տգեղությանը, դառնում է նրա «ձգտումների, մտածումների, ամբողջ էության մարմնացումը»[32]:

«…Սելման համադրում է այն ամենը, ինչ փնտրում էի տարիներ շարունակ: Սելման դարձել է իմ կյանքի նպատակը, իմ ներշնչման աղբյուրը և իմ երազների իրականացումը: Մեր ամբողջ տունը լցրել եմ Սելմաներով, որոնք այլևայլ տարբերակներն են «Արևադարձային թռչունի»»[33]: Պատմվածքի վերջում ընթերցողը ծանոթանում է Սելմային. «Դժվարանում էի որոշել Սելմայի աչքերը: Նրա քթաբարձ ակնոցների փայլից էի գուշակում, թե արդյոք ի՞նձ է ուղղել հայացքը, թե Ռիսին: Խեղճ կինը վիզ էլ չուներ: Գլուխը անմիջապես միացել էր մարմնին, իսկ կուրծք ու փոր խառնվել էին իրար, իրենց հենարան ունենալով գաճաճ փիղի ոտքերի նմանող երկու կարճ գերաններ»[34]:

Այս նկարագրությունից հետո հարց է առաջանում՝ որտեղի՞ց էր Ռիսի ներսում առաջացել Սելմայի հրաշագեղ պատկերը: Որքան էլ զարմանալի է, այս պատմվածքը ներքուստ նման է «Կարմիր շրջազգեստով կինը» ստեղծագործությանը: Նմանությունը արտահայտվում է ոչ թե ճակատագրի, հանգամանքների մեջ, այլ գործողությունների ու ընկալումների: Նրանք երկուսն էլ գտել էին այն լույսը, որը կարող էր պատռել խավարը: Թերևս և՛ Ռիսը, և՛ Կյուրեղը այդ կանանց մոտ տեսնում էին այն, ինչ ուզում էին տեսնել, միգուցեև ներաշխարհում, էության խորքերում կերտել էին այն, ինչ ավելի իրական էր իրենց համար, քան համակ իրականությունը:

***

Վերոբերյալ բոլոր երևույթներին զուգահեռ արձակագիրը բարձրաձայնում է մի շատ կարևոր խնդիր. մարդը հեռացել է իր նախնական վիճակից, օտարվել, տարագրվել է ինքն իրենից ու ամբոխից նորագույն ժամանակների մեծագույն չարիքների պատճառով՝ պատերազմներ, տեխնիկա, մեքենաներ ու հաղորդակցության նորագույն միջոցներ: Սրանք հեռացրել են մարդուն մարդուց, դարձրել ավելի մակերեսային և սառնասիրտ: Որպես օրինակ դիտարկենք «Այսօր մի մարդ սպանեցին այգում», «Միջնարար» պատմվածքները և «Ադամի գիրքը» վեպը:

Առաջին պատմվածքի սյուժեն սկսում է ծավալվել, երբ տեղի է ունենում սպանություն, իսկ երկրորդը՝ աշխարհակործան պայթյունից հետո, վեպի դեպքում՝ անհատը գտնվում է այդ անցուդարձների կիզակետում: «Այսօր մի մարդ սպանեցին այգում» երկում հերոսը բացարձակ սառնասրտությամբ է վերաբերվում իրողություններին ու մասնավորապես սպանվածին: Այդ ամենը նրա համար դարձել էին աբսուրդի հասնելու չափ անիմաստ: Բայց հանկարծ սկսում է խորհել, թե գուցեև այդ ամենի մեղավորը մեքենան է ու մեքենայացումը, որը մարդկանց կարծես թե նետել է տարբեր աշխարհներ, զրկել ինքության ու ինքնագիտակցության զգացողությունից, դարձրել անտարբեր: Այստեղ ամենից սարսափելին այն է, որ նա քայլ առ քայլ անճանաչելի է դառնում նույնիսկ ինքն իր համար: Արդյունքում՝ մի օր իրեն էլ այդպես կսպանեն և ոչ ոքի չի հետաքրքրի ո՛չ ոճրագործությունը, ո՛չ ինքը: Նրանք նույն մեխանիկական սառնությամբ կնայեն ու չեն զգա ոչինչ:

Պատերազմների, տեխնիկայի և նորագույն մեքենաների պատճառով խախտվել են ընտանիքի, ազգականի, հայրենիքի ու մարդկային հարաբերությունների մասին պատկերացումները։ Այս փաստը մարդկանց նետել է մենության գիրկը։ «Հարազատները» երկում ցույց է տալիս, թե ինչպիսի ողբերգություն է տիրում հասարակության մեջ և որքան է մեքենայացել մարդը, երբ հայ որդին գերդաստանի ավագին՝ նահապետական բարքերով տուն և ընտանիք  ստեղծած իր ծնողին նետում է ծերանոց՝ թողնելով այլոց խնամքին։

Ի տարբերություն «Այսօր մի մարդ սպանեցին այգում» պատմվածքի՝ «Միջնարարում» գործողություններն ընթանում են համաշխարհային մեծ պայթյունից հետո, որի պատճառը եղել են մեքենաներն ու մարդկային անտարբությունը:

Խորհրդանշական կերպար է Հովհան Սեբաստիանը, ով քայլում է քաղաքների միջով ու նրա միջոցով ընթերցողի առջև գծագրվում է ավերված ու ամայացած երկիրը: Պատկերված աշխարհը դառնում է իրական աշխարհի մերկապարանոց արտացոլանքը:

«Խճուղու վրա, խճուղու եզրին հապճեպով լքված ինքնաշարժեր: Ամենուր միմյանց հրմշտող հողաթումբեր: Ծառերից այլանդակորեն կախված տնային կահույքներ: Եվ հաճախ հողակալած գունատ խաղալիքներ՝ անդամահատ ու որբ: Նույնիսկ խճուղին երիզող բարդիները մերկ էին: Նրանց ճյուղերը գալարված օձերի պես քարացել էին»[35]:

Հանկարծ ժամանակը կանգ էր առել և եղել էր «տիտանյան երկունք, և երկունքից ծնվել էր ցավը», իսկ մարդիկ բռնվել էին նոր ցավերով: Ըստ էության, պատմվածքում ներմուծված բոլոր պատկերները խորհրդանշաններ են, որոնք հաստատում են հեղինակի գաղափարական ու աշխարհայացքային համոզմունքները: Այստեղ էլ մարդիկ կա՛մ կենդանի դիակներ են, կա՛մ անքիթ ու անբերան էակներ, որ թափառում են աշխարհով մեկ՝ գտնելու իրենց նմաններին:

Այնուամենայնիվ Հ. Կարապենց մարդը, գրողը և գեղագետը ունի հստակ համոզմունքներ. նա վստահ է, որ գալու է փրկությունը, լինելու է աշխարհաստեղծ մի նոր լույս:

«Լույսի մի շեղբ եկավ ու խրվեց ճիշտ մացառուտի գլխին: Թուփերի  տակ՝ խանձարուրի մեջ, նվվում էր նորածին մի մանուկ:

-Լույսը լավ է…

-Լույսը լույս է…»[36]:

Իսկ ամենից վերջում վստահորեն հայտարարում է, որ արարվեց նոր սկիզբը: Այսինքն՝ այս ամենի մեջ նա միայն տխուր և բացասական երանգներ չէ, որ ներդնում է, այլ կյանքին նայում է այնպես, ինչպես որ այն կա: Այդ են վկայում վեպերի ու մասնավորապես պատմվածքների ավարտները: «Ադամի գրքում» նույն օտարված անհատն է, որ կազմում է նախորդ շրջանի ստեղծագործությունների շարունակությունը, ով նույնքան երջանիկ ու դժբախտ է, ով տառապում է և միաժամանակ փորձում սփոփանք գտնել: Ադամ Նուրեանը, Զելդան, Սեդան և մյուս հերոսները ամենուր իրենց են փնտրում, կանգնած են աշխարհի խաչմերուկների վրա ու իրենց ինքնությունն են պահանջում: Սրանք բոլորն էլ պատերազմներից տուժածներ ու դրա դեմ բողոքողներ են: Որպես շարունակություն նախորդ պատմվածքների Ա. Նուրեանն ասում է.

«Ի՞նչ անենք, որ այս անտեր մարդիկ մի տեղ հասնեն, չհոշոտեն իրար, որպեսզի համատարած մթության միջից բացվի ներքին աչքը և մարդկության մանուկը անփույթ խայտա ծովափին ավազի վրա, որ հյուլեն խաղաղության փոխվի ու արհավիրքի խելագար զենքերը ժանգոտած դինոզավրերի կմախքների պես մամռոտեն մոռացված կիրճերի բերաններում»[37]։

Կարապենցյան կերպարները հենց Կարապենց մարդու և գրողի աշխարհայցքի ու համոզմունքների կրողներն ու արտահայտողներն են։ Արձակագիրը վկա է եղել վիետնամական պատերազմին ու հասարակության մեջ դրա թողած ազդեցություններին, այդ իսկ պատճառով նա ամեն նյարդով դեմ է դուրս գալիս նման երևույթներին։

Ինչպես նկատեցինք, աշխարհի դեմ մեն միայնակ կանգնած, ինքության փնտրտուքների ճանապարհներին թափառող ու ինքն իրենից օտարված անհատը Հ. Կարապենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից է: Նրա երկերում մարդիկ հիմնականում միայնակ են՝ ընդդեմ աշխարհի ու հանգամանքների: Սրանք քանդված, բզկտված հոգիներ են, որոնք իրենց մեջ, միմյանց մեջ, ակամա ձգտում են գտնել մի օթևան, մի տուն, ինքնություն: Երբեմն թվում է՝ այս հերոսները հասնում են իրար, հպվում միմյանց, հասկանում, սակայն, մի պահ անց նրանցից յուրաքանչյուրը գրեթե ինքնակամ կրկին մեկուսանում է իր սեփական աքսորի անծայրածիր սառույցում: Լինում են պահեր, երբ հայտնվում են տարերային հոսանքի մեջ, բայց ակնթարթի մեջ օտարումը դարձյալ խուժում է նրանց հոգիները ու քանդում հույսի վերջին շողը: Սրա հետևանքով նրանք մնում են լքված՝ իրենց անծայրածիր մենության մեջ:

[1] Կարապենց Հ., Անկատար և այլ պատմուածքներ, Նիւ Եորք 1987, էջ 29

[2]Սարոյան Վ., Ընտիր երկեր, Երևան 1987, էջ 43:

[3] «Հորիզոն» թերթ, Մոնրեալ 1983, ապրիլ, էջ 1:

[4]Կարապենց Հ., Երկու աշխարհ, Մասսաչուսեթս 1992, էջ 75:

[5]«Նոր օր եռօրյա», Լոս Անջելես 1982, մարտի 9:

[6] Անծանոթ հոգիներ, էջ 57

[7] Կարապենց Հ., Անկատար և այլ պատմուածքներ, Նիւ Եորք 1987, էջ 56

[8] Կարապենց Հ., Մի մարդ ու մի երկիր, Մասսաչուսեթս 1994, էջ 35

[9] Անծանոթ հոգիներ, էջ 56

[10] Անծանոթ հոգիներ, էջ 57

[11] Հ. Կարապենցը իր պատմվածքներում հաճախ կիրառել է Կիրակոս անվանումը՝ որպես տարագիր մարդկանց հավաքական սիմվոլ:

[12] Հակոբ կարապենցի ծննդյան 60-ամյակի հոբելյանական գրքույկ, Լոս Անջելես 1986, մարտ:

[13] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 44:

[16] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 43:

[18] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 397:

[19] Կարապենց Հ., Մի մարդ ու մի երկիր, Ուոթրթաուն 1994, էջ 205:

[21] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 404:

[22] Նույն տեղում, էջ 60:

[23] Կարապենց Հ., Երկու աշխարհ, Մասսաչուսեթս 1992, էջ 85:

[24] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 398:

[25]Կարապենց Հ., Մի մարդ ու մի երկիր, Ուոթրթաուն 1994, էջ 207:

[26] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 397:

[27] Կարապենց Հ., Երկեր հ1, Երևան 1995, էջ 396:

[28] Նույն տեղում, էջ 134:

[29]Նույն տեղում, էջ 141:

[30] Նույն տեղում, էջ 247:

[31] Նույն տեղում, էջ 248:

[32] Նույն տեղում, էջ 151:

[33] Նույն տեղում, էջ 155:

[34] Նույն տեղում, էջ 158:

[35] Սփյուռքահայ դասական պատմվածք, Գիրք 1, Երևան 2007, էջ 386:

[36] Նույն տեղում, էջ 392:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *