Իրանական բանահյուսական պատումների մի քանի նմուշ

Յուրաքանչյուր ժողովրդի հոգեկերտվածքի մասին առավել խորը պատ­կերա­ցում է տալիս նրա ստեղծած բանահյուսությունը, որն արտացոլում է նրա աշխարհ­ընկա­լումը, բարոյական և արժեքային պատկերացումները:

Իրանական գրականության թեմատիկ հարստացման անսպառ աղբյուր է ժո­ղովրդա­­կան բանահյուսությունը: Ուստի պատահական չէ, որ ճանաչված անձանց վերաբերյալ պատումներն ու զրույցներն ընդգրկվել են այնպիսի խոշոր հեղի­նակների ստեղ­ծագոր­ծու­թյուն­ներում, ինչպիսիք են Սանայի Ղազնավին, Աթթար Նիշապուրին, Ջալալեդդին Բալխին (Ռու­մին), Սաադի Շիրազին և այլ հեղինակներ։

Իրանական բանահյուսության հայտնի կերպարներից են Մոլլա Նասրեդդինը, Բահլուլը, որոնց անվան շուրջ հյուս­վել են երգիծական պատմու­թյուններ (մասալ), անեկդոտներ (լաթիֆե), հեքիաթներ (հեքայաթ)։ Այդ պատումներում նրանք հանդես են գալիս մերթ իմաստուն խրատատու, որը խորհուրդներով ջանում է օգտակար լինել մարդկանց, մերթ խենթ, ինչը հնարավորություն է տալիս համարձակ սրամտությամբ «այս աշխարհի ուժեղների» երեսին ասել չբարձրաձայնվող ճշմար­­տու­թյուններ: Իրենց այս հատկանիշներով Մոլլա Նասրեդդինի և Բահլուլի կերպարներին հայկական իրա­­կանության մեջ զուգահեռելի են Պըլը Պուղին, Պոլոզ Մուկուչը, իսկ ռուսականում՝ юродивый-ները:

Հարուն առ-Ռաշիդը Բաղդադում մի մզկիթ է կառուցում և հրամայում, որ պատին իր անունը գրեն: Մի օր նա գալիս է մզկիթը տեսնելու։ Բահլուլը մոտենում և հարցնում է․

-Ի՞նչ շինություն է:

Խա­լիֆը, թե՝ Աստծո տուն:

-Այդ դեպքում հրամայիր՝ անունդ ջնջեն ու իմ անունը գրեն,- ասում է Բահլուլը:

Խալիֆը զայրանում է, թե․

-Ես եմ կառուցել, որ քո՞ անունը գրեմ:

-Ուրեմն ինչու՞ ես ասում Աստծո տուն,- հակադարձում է Բահ­լուլը:

-Իսկ ինչպե՞ս կոչեմ,- հարցնում է խալիֆը։

Բահլուլը պատասխանում է․

-Դե,՛ ասա՝ իմ տունն է։ Այն կառուցել ես հօգուտ քո համբավի, ուստի սխալ է Աստծո տուն կոչելը։ Իսկ թե, իսկապես, Աստծո համար է, ինչպես էլ կոչես, Բարձրյալին ընդունելի կլինի։

Մի մարդ փողոցում տեղը տեղին ապտակում է Մոլլա Նասրեդդինին, հետո պատճառաբանում, թե իբր Մոլլային մեկ ուրիշի հետ է շփոթել։ Վերջինս շատ է բարկանում, նրա վզից բռնած՝ դատավորի մոտ տանում։ Եղելությունն իմանալով՝ դատավորը որոշում է, որ Մոլլան էլ իր հերթին պետք է պատասխան ապտակ տա նրան, բայց նա հրաժարվում է։ Դատավորն առաջարկում է որպես փոխհատուցում ոսկեդրամ վճարել Մոլլային։ Մարդը ճարահատյալ գնում է դրամի հետևից։ Մոլլան միառժամանակ սպասելուց հետո գլխի է ընկնում, որ նա չի վերադառնալու։ Տեղից վեր է կենում և մի լավ ապտակ հասցնում դատավորին՝ ասելով․

-Քանի որ այլևս սպասելու ժամանակ չունեմ, քեզ եմ ապտակում, որ երբ ուղարկածդ վերադառնա, այս ապտակի դիմաց ոսկին ինքդ վերցնես։

Ընդամենը մի քանի օր ամուսնացած Մոլլայի կինը ծննդաբերում է։ Մոլլան իսկույն շուկա է վազում, գիրք, թուղթ, գրենական այլ պիտույքներ գնում, բերում, դնում է երեխայի գլխավերևում։ Նրան հարցնում են․

-Մի՞թե նորածնին դրանք հարկավոր են, նա՞ էլ է դաս սովորում։

Մոլլան պատասխանում է․

-Այն երեխան, որն ինը ամսվա ճամփան մի քանի օրում անցավ, մի քանի ժամից հաստատ կուզենա նաև դպրոց գնալ։

Մոլլային հարցրին․

-Քո և եղբորդ միջև տարիքային տարբերությունն ինչքա՞ն է։

Նա պատասխանեց․

-Անցած տարի մայրս ասում էր, որ եղբայրս ինձանից մեկ տարի մեծ է։ Ուրեմն, այս տարի արդեն ես ու նա հասակակից ենք, ուստի տարբերություն այլևս չկա։

Մի օր Մոլա Նասրեդդինի հարևանը գալիս է և Մոլլայի ավանակն ամանաթ ուզում։ Մոլլան ասում է․

-Ավանակը տանը չէ։

Այդ պահին հանկարծ ավանակը զռզռում է։ Հարևանը, թե․

-Եթե ասում ես՝ ավանակը տանը չէ, ապա էս ի՞նչ զռզռոց է։

Մոլլան բարկացած պատասխանում է․

-Ոչ միայն տարօրինակ մարդ ես, այլ նաև անհավատ ու անխելք։ Ուրեմն իմ խոսքին չե՞ս հավատում, ավանակի զռզռոցի՞ն ես հավատում։

Մի օր Մոլլա Նասրեդդինի տան դուռը ուժգին թակեցին։ Մոլլան վերնահարկից հարցրեց՝ ո՞վ է։ Մի ձայն դռան հետևից պատասխանեց․

-Բացե՛ք դուռը։

Մոլլան  դռան շեմին տեսավ մի մուրացկանի, որը հաց էր մուրում։ Ասաց․

-Արի՛ վերև։

Երբ վերնահարկ բարձրացան, Մոլլան անվրդով ասաց՝ Աստված կտա։ Մուրացկանը բարկացած հարցրեց․

-Այ գծուծ մարդ, եթե ոչինչ չէիր տալու, ինչո՞ւ հենց դռան մոտ չասացիր։

Մոլլան պատասխանեց․

-Գծուծը դո՛ւ ես։ Եթե ադպես չէ, և ոչինչ չէիր ուզելու, ինչո՞ւ ինձ դռան մոտ քարշ տվեցիր։

Մի օր Մոլլա Նասրեդդինը հնամաշ հագուստով խնջույքի է գնում։ Ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում։ Մոլլան կամացուկ խնջույքից դուրս է գալիս, տուն վերադառնում, նոր հագուստ հագնում և վերադառնում այնտեղ։ Տանտերն այդժամ նրան շատ սիրալիր ընդունում է։ Երբ սեղանի շուրջ են նստում, Մոլլան հագուստի թևքը մոտեցնում է ուտելիքին և ասում՝ կե՛ր։ Ներկաները զարմացած նրան են նայում և արարքի պատճառը հարցնում։ Մոլլան պատասխանում է․

-Քանի որ դուք հագուստով եք մարդուն դատում, ուրեմն ձեր հացը ճաշակելն էլ հագուստի արժանիքն է։

Ձմռան մի գիշեր Մոլլա Նասրեդդինը քնած է լինում։ Մեկ էլ հանկարծ մեծ աղմուկ-աղաղակ է բարձրանում։ Մոլլան վերմակն իր վրա փաթաթում և փողոցի կողմ է գնում՝ աղմուկի պատճառն իմանալու։ Գողը հանկարծակի նրա կողմ է վազում, վերմակը վրայից քաշում ու փախչում։ Մոլլան առանց վերմակ տուն է գալիս և կնոջ հարցին, թե ինչ կռիվ էր, պատասխանում․

-Բան էլ չկար, փաստորեն ամբողջ կռիվը վերմակիս համար էր։

Մի կույր մարդ մութ գիշերով ճրագը ձեռքին և սափորը ուսին շուկայում քայլում էր։ Մեկը նրան հարցնում է․

-Ա՛յ հիմար, գիշերն ու ցերեկը քո աչքերի համար մեկ են․ ճրագն ինչի՞դ է պետք։ Կույրը ծիծաղելով ասում է․

-Ճրագը ոչ թե ինձ, այլ քեզ է պետք, որ մութ գիշերին իմ սափորը չկոտրես։

Մի օր արքան արքայազնի ընկերակցությամբ որսի է գնում։ Երբ օրը տաքանում է, նրանք իրենց կապաները[1] հանում և ծաղրածուի ուսերին են գցում։ Արքան հեգնում է․

-Ա՛յ ծաղրածու, քո ուսերին մի իշաբեռ է։

Ծաղրածուն էլ թե․

-Մեկը չէ՝ երկու իշաբեռ։

Մի մարդ գալիս է ժլատ դատավորի մոտ և ասում․

-Շատ քաղցած եմ, մի բան տուր՝ ուտեմ։

Դատավորը պատասխանում է․

-Ա՛յ հիմար, խելագարվե՞լ ես, մի՞թե չգիտես՝ դատավորի մոտ բացի երդումից ոչինչ չեն ուտում։

Մի օր դաժան ու անխիղճ թագավորը միայնակ քաղաքից դուրս է գալիս՝ մարդկանց մեջ շրջելու, իր մասին հարցուփորձ անելու։ Մի մարդու հարցնում է․

-Այս երկրի թագավորը դաժա՞ն է, թե՞ արդար։

Մարդը պատասխանում է՝ շատ դաժան։ Թագավորն այդժամ ասում է․

-Ինձ չե՞ս ճանաչում։

Մարդը բացասական պատասխան է տալիս։ Իմանալով, որ հարցնողը երկրի թագավորն է, վախենում և ասում է․

-Իսկ գիտե՞ս, թե ես ով եմ։ Ես ոմն առևտրականի որդին եմ և ամիսը երեք անգամ խելագարվում եմ։ Այսօր այդ երեք օրերից մեկն է։

Մի մարդ թութակ էր պահում և պարսկերեն խոսել սովորեցնում։ Թութակը բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս՝ դրանում կասկած չկա։ Մի օր տերը որոշում է թութակին շուկա տանել և 100 թումանով վաճառել։ Մի գնորդ թութակին հարցնում է

-Մի՞թե 100 թուման արժես։

Թութակը պատասխանում է՝ դրանում կասկած չկա։ Գնորդն ուրախանում, թութակին առնում և տուն է տանում։ Բայց ամեն հարցին ի պատասխան նույն բանն է լսում՝դրանում կասկած չկա։ Մարդը բարկանում և ասում է․

-Էշ էի, որ քեզ գնեցի։

Թութակն էլ թե․

-Դրանում կասկած չկա։

Մի մարդ բարձր պաշտոնի է հասնում։ Ընկերը գալիս է նրան շնորհավորելու։ Պաշտոնյան հարցնում է․

-Ո՞վ ես․ քեզ չեմ ճանաչում։

Ընկերն ամաչելով պատասխանում է․

-Ինձ չե՞ս ճանաչում․ վաղեմի ընկերդ եմ։ Քեզ ցավակցելու եմ եկել, քանի որ լսել եմ՝ կուրացել ես։

Լենկ Թեմուրը[2] հասնում է Հնդկաստան և պահանջում, որ երաժիշտներ բերեն՝ ասելով․

-Մեծամեծերից լսել եմ, որ այս երկրում երաժիշտներն իրենց գործում կատարյալ վարպետ են։

Գալիս է մի կույր երաժիշտ և սկսում թառ նվագել։ Արքան այնքան է հավանում, որ հարցնում է նրա անունը։

-Դովլաթ[3],- պատասխանում է երաժիշտը։

Լենկ Թեմուրը կատակելով նկատում է․

-Դովլա՞թն էլ է կուրանում»։

Երաժիշտ պատասխանում է․

-Եթե Դոուլաթը կույր չլինի, կաղի մոտ չի գա։

Արքան երաժշտի պատասխանը շատ է հավանում և հրամայում՝ նրան թանկարժեք նվերներ տան։

Մի բանաստեղծ ոմն հարուստի տուն է գնում և սկսում նրան բանաստեղծություններ ձոներգել։ Հարուստը շատ է ուրախանում և ասում․

-Գնա՛, վաղը կգաս, քեզ գումար կտամ։

Բանաստեղծն առավոտ շուտ գալիս և կանգնում է հարուստի դռանը։ Հարուստի հարցին, թե ինչու է նորից եկել, բանաստեղծը զարմացած պատասխանում է․

-Մի՞թե դու երեկ չասացիր՝ գնա՛, վաղը արի՝ քեզ գումար կտամ։

Հարուստը ծիծաղելով ասում է․

-Զարմանալու չափ հիմար ես։ Երեկ դու քո խոսքերով ինձ ուրախացրիր, ես էլ իմ խոստումով՝ քեզ։ Հիմա ինչո՞ւ պիտի գումար տամ քեզ։

Մի քանի ձիավաճառ իրենց ձիերը թագավորին են ցույց տալիս։ Նա ձիերն այնքան է հավանում, որ որոշում է բոլորը գնել և ձիավաճառներին նրանց ասած գումարից բացի ավել հազար թուման փեշքեշ է անում, որ կրկին ձիեր բերեն։ Մի օր անց թագավորն իր վեզիրին կարգադրում է, որ իր երկրի բոլոր հիմարների անունները մի ցուցակում գրի։ Վեզիրն ասում է․

-Ես նախապես գրել եմ, և ցանկում առաջին անունը Նորին գերազանցությանն է։ Թագավորի հարցին, թե ինչու, իմաստուն վեզիրը պատասխանում է․

-Առանց հարցուփորձ անելու, թե ովքեր են, որտեղից, միայն ձի բերելու համար նրանց մեծ գումար վճարեցիք։ Դա, անշուշտ, հիմարության նշան է։

Թագավորը, թե․

-Իսկ եթե նրանք ձիերը բերեն, այդ ժամանակ ի՞նչ կասես։

Վեզիրը պատասխանում է․

-Եթե բերեն, Նորին գերազանցության անունը կջնջեմ հիմարների ցանկից և տեղը նրանց անունը կգրեմ։

Թարգմանությունը պարսկերենից՝ Աստղիկ Գեղամյանի

[1] Վերնազգեստ, պարեգոտ։

[2] Կաղ Թեմուր։

[3] Պարսկերեն doulat բառն է, որը թարգմանվում է պետություն, հարստություն, բարեբախտություն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *