Հայրս արջնագռավի էր նման: Դա մտքումս ծագեց, երբ դեռ տղեկ էի. «Нива»-ում մի նկար տեսա. ինչ-որ ժայռ էր, և վրան՝ Նապոլեոնը՝ իր սպիտակ փորիկով ու որմզդեղնի սև կաշվից կարճաճիտ սապոգներով, և հանկարծ սկսեցի ուրախությունից ծիծաղել՝ հիշելով Բոգդանովի «Բևեռային ճամփորդություններ»-ի նկարները. ինձ Նապոլեոնը այնքան նման թվաց պինգվինի, հետո տխրությամբ մտածեցի. «Իսկ հայրիկը նման է արջնագռավի…»:
Հայրս մեր նահանգային քաղաքում ծառայողական շատ երևելի պաշտոնի էր, և դա էլ ավելի էր փչացրել նրան. կարծում եմ, որ նույնիսկ այն չինովնիկական միջավայրում, որին պատկանում էր նա, չկար ավելի ծանր, ավելի մռայլ, լռակյաց, իր ծանրընթաց խոսքի մեջ ու արարքներում ավելի սառը-դաժան մեկը: Բոյը շատ բարձր չէր, ամրակազմ էր, մի քիչ կուզիկ, կոշտ-սևամազ, թուխ, երկարուկ սափրած դեմքով, մեծաքիթ. իրոք, նա իսկը առջնագռավ էր, հատկապես երբ մեր նահանգապետի կնոջ բարեգործական երեկույթներին սև ֆրակ էր հագած լինում, կուզիկ ու պինդ կանգնում էր ռուսական խրճիթի տեսքով մի որևէ տաղավարի կողքին, իր մեծ ագռավագլուխը ման էր ածում՝ փայլող ագռավաչքերը խեթելով պարողների, տաղավարին մոտեցողների ու նաև այն բոյարուհու վրա, որը հմայիչ ժպիտով ադամանդազարդ խոշոր ձեռքով դեղին էժանագին շամպայնի երկարուկ գավաթներ էր մատուցում տաղավարից, փարթամ կնոջը՝ դիպակով ու կոկոշնիկով, դիմափոշուց այնքան վարդ-սպիտակ քթով, որ այն արհեստական էր թվում: Հայրս վաղուց ամուրի էր, մենք՝ նրա երեխաները, ընդամենը երկուսն էինք՝ ես ու իմ փոքր քույր Լիլիան, և իր վիթխարի, հայելային-մաքուր սենյակներով պաղ ու սին փայլում էր մեր ընդարձակ պետական բնակարանը պետական շենքերից մեկի երկրորդ հարկում, որի ճակատամասը նայում էր բարդիներով բուլվարին՝ տաճարի և գլխավոր փողոցի միջև: Բարեբախտաբար ես կես տարուց ավելի ապրում էի Մոսկվայում, սովորում էի Կատկովյան լիցեյում, տուն էի ժամանում միայն ծննդյան տոներին ու ամառային արձակուրդներին: Այդ տարի, սակայն, ինձ տանը դիմավորեց բոլորովին անսպասելի մի բան:
Այդ տարվա գարնանը ես ավարտեցի լիցեյը և Մոսկվայից ժամանելով՝ պարզապես ցնցված էի. մեր երբեմնի այնքան մեռյալ բնակարանում ասես հանկարծ արևն էր շողացել. այն լրիվ լույսով էր ողողվել ներկայությունից այն ժիր պարմանուհու, որը հենց նոր փոխարինել էր ութամյա Լիլիայի դայակին՝ միջնադարյան ինչ-որ սրբի փայտե արձանի նմանվող բոյով չորուկ պառավին: Հորս փոքրավոր ենթականերից մեկի աղքատ աղջիկն այդ օրերին անսահմանորեն երջանիկ էր նրանով, որ գիմնազիան ավարտելուն պես այդպես լավ տեղավորվել էր, իսկ հետո՝ նաև իմ ժամանումով, տանը հասակակցի հայտնվելով: Բայց հո՜ վախլուկ չէր. ո՜նց էր վեհերում հորս ներկայությամբ մեր կանոնավոր ճաշի սեղանի շուրջ՝ ամեն րոպե տագնապով հետևելով սևաչք Լիլիային՝ նույնպես լռակյաց, բայց կտրուկ ոչ միայն իր ամեն շարժման, այլ նաև լռակյացության մեջ. ասես միշտ ինչ-որ բանի սպասելիս լիներ և անընդհատ մի տեսակ մարտականորեն պտտում էր իր սև փոքրիկ գլուխը: Հայրս ճաշի սեղանի շուրջ անճանաչելի էր դարձել. ծանր հայացք չէր նետում գործած ձեռնոցներով նրան ուտելիք մատուցող ծերուկ Գուրիի վրա և անընդմեջ ինչ-որ բան էր ասում, դանդաղ, բայց ասում էր՝ դիմելով, իհարկե, միայն նրան՝ պատշաճորեն անուն-հայրանունով՝ «սիրելիդ իմ Ելենա Նիկոլաևնա» կոչելով. նույնիսկ կատակել, քմծիծաղ տալ էր փորձում: Իսկ նա այնպես էր շփոթվում, որ պատասխանում էր սոսկ խղճուկ ժպիտով, նուրբ, քնքույշ դեմքը շիկնում էր պուտ-պուտ, դեմքը նիհարուկ, խարտիշավարս աղջկա, որի տաք մատղաշ քրտինքից մուգ թևատակերով թեթև սպիտակ բլուզի տակ հազիվ նշմարվում էին փոքրիկ կրծքերը: Ճաշելիս նա աչքերն ինձ վրա բարձրացնել անգամ չէր համարձակվում. այստեղ ես նրա համար հայրիկից էլ սարսափելի էի: Բայց որքան շատ էր ջանում ինձ չնկատել, այնքան սառն էր հայրս խեթում իմ կողմը. ոչ միայն նա, այլև ես էլ էի հասկանում, զգում, որ ինձ չնկատել տալու, այլ հորս լսելու և չար, անդադրում, թեպետև լռակյաց Լիլիային հետևելու այդ տանջալի ջանքի հետևում թաքնված էր բոլորովին մի այլ վախ՝ իրար կողք լինելու մեր ընդհանուր երջանկության խնդուն վախը: Իրիկունները հայրս միշտ թեյը խմում էր՝ իր գործերից չկտրվելով, և առաջ նրան ոսկեգույն եզրով իր մեծ բաժակը մատուցում էին կաբինետի գրասեղանի վրա, այժմ նա թեյը խմում էր մեզ հետ ճաշասենյակում, և ինքնաեռի հետևը նստում էր Ելենան. այդ ժամին Լիլիան արդեն քնած էր լինում: Նա դուրս էր գալիս կաբինետից՝ հագած երկար ու լայն կարմիր աստառով տուժուրկա, բազմում էր իր բազմոցին և նրան մեկնում իր բաժակը: Ելենան նրա բաժակը լցնում էր մինչև պռունկը, ինչպես որ նա էր սիրում, դողացող ձեռքով փոխանցում էր նրան, լցնում էր իմ ու իր բաժակները և իջեցնելով թաթիչները՝ զբաղվում էր ինչ-որ ձեռագործով, իսկ հայրս անշտապ շատ տարօրինակ մի բան էր ասում.
– Շիկահերներին, սիրելի՛դ իմ Ելենա Նիկոլաևնա, սազում է կա՛մ սևը, կա՛մ վառ կարմիրը… Ա՛յ, ձեր դեմքին միանգամայն կսազեր սև ատլասից զգեստը. ա լյա Մարիա Ստյուարտ ատամնաձև, կանգուն օձիքով՝ վրան մանր ադամանդներ սփռած… կամ էլ վառ կարմիր թավիշից միջնադարյան զգեստ՝ ոչ մեծ լանջաբացվածքով ու սուտակե փոքրիկ խաչով… մուգ կապույտ լիոնյան թավիշից մուշտակն ու վենետիկյան բերետը նույնպես ձեզ կզազեին… Այս ամենը, իհա՛րկե, երազանք է, – ասում էր նա քմծիծաղ տալով: – Ձեր հայրը մեզ մոտ ստանում է ամսական ընդամենը յոթանասունհինգ ռուբլի, իսկ երեխաներ նա, ձեզանից բացի, ևս հինգն ունի՝ մեկը մյուսից փոքր. ուրեմն դուք ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք ամբողջ կյանքը աղքատության մեջ ապրել: Բայց դե, երազելու մեջ ի՞նչ վատ բան կա որ: Դա եռանդ է վառում, հույս տալիս: Եվ հետո, մի՞թե չի պատահում, որ որոշ երազներ հանկարծ իրականանում են… Հազվադեպ, ինքնին հասկանալի է, հույժ հազվադեպ, բայց իրականանում են… Ա՛յ, վերջերս Կուրսկի կայարանի խոհարարը վիճակախաղով շահեց, չէ,՞ երկու հարյուր հազար. հասարակ խոհարարը:
Նա փորձում էր ձև անել, թե այդ ամենը իբրև սիրալիր կատակներ է ընդունում, ստիպում էր իրեն ուշադրություն դարձնել նրան, ժպտալ, իսկ ես, իբր ոչինչ չլսելով, խաղաթղթերը «Նապոլեոն» փասիանս էի դասավորում: Իսկ հայրս մի օր է՛լ հեռուն գնաց. հանկարծ խոսեց՝ գլխով ցույց տալով իմ կողմը.
– Ա՛յ, այս երիտասարդն էլ հավանաբար երազում է՝ իբր մի որոշ ժամանակից կմեռնի հայրիկը, և ինքը փողին էլ փող չի ասի: Եվ իրոք՝ չի ասի, որովհետև ասելու բան էլ չի լինելու: Հայրիկը, ինքնին հասկանալի է, ինչ-որ բան ունի, օրինակ՝ Սամարայի նահանգում հազար դեսյատին սևահողով փոքրիկ կալվածք, միայն թե դժվար այն որդյակիս հասնի. նա իր սիրով հայրիկին այնքան էլ երես չի տալիս, և, որքան հասկանում եմ, նրանից առաջին աստիճանի մսխող դուրս կգա…
Այս վերջին խոսակցությունը երեկոյան էր՝ ինձ համար շատ հիշարժան Պողոս-Պետրոսի տոնի նախօրեին: Այդ օրը առավոտյան հայրս գնաց տաճար, տաճարից՝ նահանգապետի տուն՝ նախաճաշի՝ նրա ծննդյան օրվա առթիվ: Առանց այդ էլ նա աշխատանքային օրերին երբեք տանը չէր նախաճաշում, այնպես որ այդ օրն էլ մենք նախաճաշեցինք երեքով, և նախաճաշի ավարտից առաջ Լիլիան, երբ նրա սիրելի խուշուրահացի փոխարեն մատուցեցին բալի կիսել, սկսեց զիլ ճչալ Գուրիի վրա՝ բռունցքներով զարկելով սեղանին, ափսեն շպրտեց հատակին, սկսեց ցնցել գլուխը, շնչահեղձ լինել չար հեծկլտոցից: Մենք մի կերպ նրան քարշ տվինք իր սենյակը. նա քացահարում էր, կծում մեր ձեռքերը, նրան աղաչեցինք հանգստանալ, խոստացանք դաժանորեն պատժել խոհարարին, և նա վերջապես ձայնը կտրեց ու քնեց: Որքա՜ն թրթռուն քնքշանք կար մեզ համար նույնիսկ այդ մի բանում՝ նրան քարշ տալու համատեղ ջանքում՝ մերթընդմերթ դիպչելով մեկմեկու ձեռքերին: Դրսում աղմկում էր անձրևը, մթնող սենյակներում երբեմն կայծակն էր առկայծում, և ցնցվում էին ապակիները ամպրոպից:
– Այդ անձրևն էր նրա վրա այդպես ներգործել, – ուրախ ասաց նա շշուկով, երբ դուրս եկանք միջանցք, և հանկարծ ուշադրությունը լարեց.
– Օ, ինչ-որ տեղ հրդեհ է:
Մենք վազեցինք ճաշասենյակ, բացեցինք պատուհանը. մեր կողքով՝ բուլվարի երկայնքով, դղրդալով սլանում էր հրշեջ ջոկատը: Բարդիների վրա վարար տեղատարափ էր, և ասես դրանից՝ ամպրոպն արդեն մարել էր. թափքերին՝ պղնձե սաղավարտներով կանգնած հրշեջներ, փողրակներ ու ելարաններ բեռնած սլացող երկար սայլերի դղրդյունի մեջ, սև ծանրաքարշ ձիերի բաշերի վրա տարածվող աղեղատակի զանգակների ղողանջում, սալարկած ճանապարհով քառատրոփ սլացող այդ սայլերի պայտերի ճարճատյունի մեջ փողհարի շեփորն էր երգում՝ քնքշորեն, դիվական խաղացկուն, նախազգուշացնող… Հետո Լավայի Իվան Զորական զանգակատնից սկսեց ստեպ-ստեպ տագնապի զանգ խփել…
Կողք կողքի, իրար մոտիկ կանգնել էինք պատուհանի մոտ, որից ջրի ու քաղաքային խոնավ փոշու թարմ հոտ էր թափանցում, և թվում էր՝ միայն նայում ու լսում էինք սևեռուն տագնապով: Հետո երևացին ու կորան վերջին սայլերը՝ ինչ-որ վիթխարի կարմիր բաքով. սիրտս սկսեց խփել ավելի ուժգին, ճակատս պրկվեց. ես վերցրի նրա՝ ազդրի երկայնքով անկյանք կախված ձեռքը՝ աղաչանքով նայելով նրա այտին, և նա սկսեց գունատվել, կիսաբաց արեց շուրթերը, հառաչանքով փքեց կուրծքը և նույնպես մի տեսակ աղաչական դեպի ինձ շրջեց լուսավոր, արցունքով լի աչքերը, իսկ ես գրկեցի նրա ուսը և կյանքումս առաջին անգամ նվաղեցի աղջկական շուրթերի քնքույշ պաղության մեջ… Դրանից հետո չէր անցնում գեթ մի օր առանց մեր ամենժամյա, իբրև թե պատահական հանդիպումների մե՛րթ հյուրասենյակում, մե՛րթ դահլիճում, մե՛կ միջանցքում, անգամ հորս կաբինետում, որը տուն էր գալիս միայն իրիկնադեմին. առանց այդ կարճ հանդիպումների և թունդ երկար, անհագուրդ ու իր անվճռելիությամբ արդեն անդիմադրելի համբույրների: Եվ հայրս, ինչ-որ բան զգալով, նորից դադարեց դուրս գալ ճաշասենյակ՝ երեկոյան թեյի, նորից դարձավ լռակյաց ու մռայլ: Բայց մենք արդեն նրա վրա ուշադրություն չէինք դարձնում, և Ելենան ճաշի սեղանի շուրջ դարձավ ավելի հանգիստ ու լուրջ:
Հուլիսի սկբին Լիլիան հիվանդացավ՝ մոռից կերկոխ լինելով. դանդաղ կազդուրվելով պառկել էր իր սենյակում, և տախտակին քորոցով կպցրած թղթի մեծ կտորների վրա գունավոր մատիտներով հա ինչ-որ հեքիաթային քաղաքներ էր նկարում, իսկ Ելենան ակամա չէր հեռանում նրա մահճակալից. նստել՝ իր համար մալոռոսական վերնաշապիկ էր ասեղնագործում: Հեռանալ չէր կարելի. Լիլիան րոպե առ րոպե ինչ-որ բան էր պահանջում: Իսկ ես դատարկ, խաղաղ տանը տոչորվում էի նրան տեսնելու, համբուրելու և ինձ սեղմելու անդադրում, տանջալի ցանկությունից. նստում էի հորս կաբինետում, նրա գրապահարաններից պատահած բանը վերցնում ու ջանում էի կարդալ: Այդպես նստած էի նաև այդ անգամ՝ արդեն իրիկնադեմին: Եվ ահա հանկարծ լսվեցին Ելենայի թեթև ու արագ քայլերը: Ես նետեցի գիրքն ու ոտքի ցատկեցի.
– Հը՞, քնե՞լ է:
Նա ձեռքը թափ տվեց:
– Ա՛հ, ո՛չ: Դու չգիտես. նա կարող է երկու օր չքնել, և հեչ պետքն էլ չէ, ինչպես որ բոլոր խելագարները: Քշեց ինձ՝ հոր սենյակում ինչ-որ դեղին ու նարնջագույն մատիտներ փնտրելու…
Եվ լաց լինելով մոտեցավ, գլուխը դրեց կրծքիս.
– Աստված իմ, ե՞րբ ախր սա կվերջանա: Ասա՛ վերջապես նրան, որ սիրում ես ինձ, որ, միևնույն է, աշխարհում ոչ մի բան մեզ չի բաժանի:
Եվ բարձրացնելով արցունքներից խոնավ դեմքը՝ պոռթկումով գրկեց ինձ, խեղդվեց համբույրի մեջ: Ես նրան համակ սեղմեցի ինձ, քաշելով տարա դեպի բազմոցը. կարո՞ղ էի արդյոք այդ րոպեին որևէ բան կշռադատել, հասկանալ: Բայց կաբինետի շեմին արդեն լսվեց թեթև հազոց. նայեցի նրա ուսի վրայով. հայրս կանգնել, նայում էր մեզ: Հետո շրջվեցի ու կուզեկուզ հեռացա:
Մեզնից ոչ ոք ճաշելու դուրս չեկավ: Երեկոյան սենյակիս դուռը թակեց Գուրին.
-Հայրիկդ խնդրում է հրամմել իր մոտ:
Ես մտա կաբինետ: Նա նստել էր բազկաթոռին՝ գրասեղանի առաջ, և, առանց շրջվելու, սկսեց խոսել.
– Վաղը կմեկնես Սամարայի իմ գյուղ՝ ամբողջ ամառը անցկացնելու: Աշնանը կգնաս Մոսկվա կամ Պետերբուրգ՝ քեզ համար աշխատանք որոնելու: Եթե համարձակվես ինձ չլսել, քեզ ընդմիշտ կզրկեմ ժառանգությունից: Բայց սա էլ ամենը չէ. վաղը ևեթ կխնդրեմ նահանգապետին քեզ էտապով անհապաղ ճամփել գյուղ: Հիմա գնա և այլևս աչքիս չերևաս: Ուղևորության և որոշ գրպանային ծախսերի փող կստանաս վաղն առավոտյան մի մարդու միջոցով: Աշնանամուտին նամակ կգրեմ գյուղի իմ գրասենյակ, որպեսզի քեզ որոշակի գումար հատկացնեն՝ որպես մայրաքաղաքներում առաջին ժամանակներում ապրուստի փող: Մինչև մեկնելդ նրան տեսնելու հույս չփայփայե՛ս: Վերջ, սիրելի՛դ իմ: Գնա՛:
Հենց նույն գիշեր ես մեկնեցի Յարոսլավի նահանգ՝ գյուղ՝ լիցեյի իմ ընկերներից մեկի մոտ, ապրեցի նրա տանը մինչև աշուն: Աշնանը նրա հոր հովանավորությամբ ընդունվեցի Պետերբուրգ արտաքին գործերի մինիստրություն և գրեցի հորս, որ ընդմիշտ հրաժարվում եմ ոչ միայն նրա ժառանգությունից, այլ նաև որևէ օգնությունից: Ձմռանը իմացա, որ նա, թողնելով ծառայությունը, նույնպես տեղափոխվել է Պետերբուրգ «սքանչելի մատղաշ կնոջ հետ», ինչպես ասացին ինձ: Եվ մի օր երեկոյան մտնելով Մարինյան թատրոնի պարտեր՝ վարագույրը բարձրացնելուց մի քանի րոպե առաջ հանկարծ տեսա և՛ հորս, և՛ նրան: Նրանք նստած էին բեմի կողքի օթյակում՝ հենց բազրիքի մոտ, որի վրա փոքրիկ սադափե հեռադիտակ էր դրված: Նա՝ ֆրակով, արջնագռավի պես կուզ արած, մի աչքը կկոցած ուշադիր կարդում էր ծրագիրը: Ելենան՝ թեթև ու ձիգ կեցվածքով, շեկ մազերի բարձր սանրվածքով, աշխուժորեն աչք էր ածում շուրջբոլորը՝ տաք, շողշողացող ջահերին, փափուկ աղմկող, լցվող պարտերին, օթյակներ մտնողների երեկոյան զգեստներին, ֆրակներին ու մունդիրներին: Նրա պարանոցին մուգ կրակի պես սուտակե փոքրիկ խաչ էր շողշողում, բարակ, բայց արդեն կլորավուն ձեռքերը մերկ էին, վառ կարմիր թավիշից պեպլումը ձախ ուսի վրա հավաքված էր սուտակե ճարմանդով…
18 մայիսի 1944
Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի