Այլեւս անփախուստ դատավճիռ է հասնել հանգրվանին այն մի, որտեղ բառերը հոսում են ներս, շատ խորը՝ անհաղորդ Կռոնոսին, ընդարմացած՝ արձագնքելու մարդ մնալու ճիգուջանքին։ Հանգրվանում այդ մի փրկօղակե ուսեր չկան, եւ տեսանելի չեն ընդհուպ թափորները մահվան՝ երիցս շատացած։ Եւ ծեսին մատուցանվողը հաց չէ կամ գինի, այլ դառը ժպիտ՝ այստեղ բերված կենաց-մահու սահմանից, ուրկից երկիրը ծով է՝ կապտակապույտ ու սին։ Նա, ով որոշել է մեռնել, մեռնելու է՝ անկախ ջանքից։ Նա, ով որոշել է դա անել դանդաղ, կեսից համբերահատ կկառչի կյանքին՝ անասունի պես։ Եւ նա, ով դատողություններ է անում այդ մասին խոյի դարաշրջանի սահմանագլխին այս, ես եմ։ Մաքուր ժամանակից՝ փախուստ պարականոն։ Ինստրուկցիա՝ կյանքի ձեւերի։ Որ կորցրել ես մի յոթ կյանք շարունակ։ Եւ այսօր նորեն լիզում ես վերքերդ՝ գազանի պես վիրավոր, փոքրիկ գազանիկի պես, որ նեղացել է շարունակ ստից, որ կիտելի է հոնքերը մադկանց վրա՝ հեռո՜ւ, հեռու փախչող պարզ բաները խաղաղ տոնով ասելու բնազդից։ Փոքրիկ գազանիկի պես, որ սեփական մաղձը թափելով ու ետ հավաքելով, կռահում է լռությունը։ Եւ լռությունը կկատարվի մարդկանց հետ՝ որպես աղետը մեծագույններից եւ գեղեցիկը բոլոր աղետներից՝ տեսանողների համար։
Եւ կիջնի լռությունը մարդկանց երկրում, կլցվի տներ՝ երդիկներից, հորիզոնական շարժով կկտրի լուսամուտները, կխառնվի ծխին ու հանդարտությամբ կլափի եղերերգը՝ թողնելով հաշտ ու թեւաթափ բոլոր մեռնողներին, կյանքին կառչած անսաուններին, ասուններին՝ ոչնչի մասին, կանանց՝ հաստաքամակ եւ տղամարդկանց՝ տղամարդկությունը կորցնելու փիս վախի մեջ։ Երեխաներին՝ ուրախ ու դեռ իմաստուն։ Եւ ծերերին՝ վախեցած ու այդ վախից՝ արդեն իմաստուն։ Եւ հուսահատության միջից, միջից ու միջով մտքի, որ այլեւս անհնար է փրկել հոգիները՝ կեղտակոլոլ, լեզուները՝ փոշոտ, ցեխոտ ու անխնամ, աչքերը՝ սովոր անհաղորդության եւ միտքը՝ այլեւս բթացած, բայց դեռ ձեւացող ամենայն բացը ու ընկալունակ, եւ հուսահատության միջեւով, դու ետ կդառնաս․․․ դրախտ։
Հեռացիր ճիշտ այն պահին, երբ բերանդ ուզում են փակել հողով։
Աղաղակը մահվան ոչ մի կերպ տեղ չի հասնում։ Սակավամարդ փողոցներում կիսաճամփա ծնկի եմ իջնում ու նայում մեկ երկինք, մեկ կծկվում։ Այդ ես եմ ձեզ հետ խոսողը։ Ես խոսում եմ ձեզ հետ, իսկ դուք չեք լսում ինձ։ Հրաժեշտ տուր իրար, ժամանակն է։ Օրը ցերեկով մարդկանց մասին տխրելը վատ նշան է։ Հարկ է մեռնել ազնվությանը սեղմված, որ սիրտդ այդքան շատ չխառնի։ Մի մեռիր, հա՞, դետալների մեջ։ Քեզ դա չեն ների։ Հասկացողն ո՞վ է։ Մի երկու պարապ-սարապ։ Ամենավերջում մենք ընդունում եք նույն դիրքը, ինչ երբ որ սաղմ էինք։ Կասկածելու ժամանակ չկա։ Նրանք մեղադրողն են։ Եւ մեղադրանքները՝ մաքուր ժամանակից պարականոն փախուստ։ Ո՞վ նայեց քեզնից ներս, ուր քո դեւերն են եւ դեւերի դիեր։ Զի քո է։ Զի քո է։ Զի քո էր՝ միայն ազնվությունը։ Բայց մարդիկ դադարել են պատմություններ լսել։ Եւ պատմություններն այլեւս պատվում են ոչ գրքերում՝ աստծո շնչով եւ աստվածների մասին, այլ էժան կաբակներում՝ ինքնաբավ, հեհ, տիկնանց, պարոնների, ապոֆեոզը՝ ցմահ ձգտում երեւալ այն, ինչ չկաս եւ չցուցանել այն, ինչըն ե՛ս։ Մաքուր ժամանակից՝ փախուստ պարականոն։
Լռությունը էժանագին փոխզիջում մի սարքիր։
Այսօր իմ ծնունդն էր․․ ծեսը՝ աղքատիկ։ Հյուրերը՝ զոհերը բոլոր, ում շպրտել էի լռությունը՝ լկտիաբար։ Նա, ով իմ կողքին կրկին չեղավ, բայց հուզիչ էր արծաթի մեջ, նա, ով սպառում է մարմինն իր առյուծավազքի մեջ, նա, ով շուտով կմեռնի բարեհոգությունից, նա, ով տգետ է մինչեւ մազի ծայրը, նա, ով թքած ունի ամենայն ինչի մասին, նա, ում ներշնչել են անձնական միֆ առ այն՝ թե կվերապրի, նա, ով ներարգանդային կյանքի չորրորդ ամսում սկսեց ճնշելն իր երկվորյակին, որը մեռնում է դանդաղ, բայց եւ արհամարհված է նրա կողմից, ով շուտով մաշկին կզգա ու ճակատին կտեսնի մարդասպանի խարանը, նա, ով մշտական բարեպաշտն է եւ կուսության հովանավոր պառավը, նա, ով մի ողջ կյանք ջանք է թափում լինել գեղեցիկ եւ տաղանդավոր, նա, ով տանը մնալու վախից ինքնաբերաբար ցնդում է, նա, ով, կարծում է, գիտի ամեն ինչ եւ բոլորին, նա, ով հայ-հայ է կմեռնի մայրենիքի դարդից, նա, ով հպարտանալու միայն մի առիթ ունի, այն էլ՝ ոչ հավերժական՝ յուր առնանդամը, եւ այն մյուսը՝ յուր մշտապես ծառայելու պատրաստ դիրքորոշումը կանացի, նա, ով սիրահարված էր մորը եւ նա, ով ամուսնացավ այդ դարդից, նա, ով երկրից կտրվել է արդեն նույն ճամփով, ինչ մնացած բոլորը եւ շուտով կընկնի թրմփոցով՝ ջարդելով ոսկորներն ու գուցե լեզուն, մեղա, նա, ով մշտապես աչքերն է ածում՝ գտնելու իրենից վատին, տգետին, տգեղին, նա, ով համարյա Ապուշն է՝ բարեհոգությամբ իր, նա, ով լքեց այստեղերը, որովհետեւ վերջին իր ծնունդին հավաքվել էին վերըթվարկված բոլորը եւ ուրախության խնջույք էին սարքել․․․ Բոլորը, բոլո՜րը՝ հանճարեղ պարզունակության մեջ եւ ակնհայտի մասին մշտական բարբաջանքով։ Բոլորը, ումից ակիվորեն տրաքում էր Գիլգամեշը եւ եղավ այն, ինչ եղավ։ Հայրս եւ մայրս, որ մատուցեցին ինձ կյանք՝ ճիշտ այն պահին, երբ իմ մեջ ուժգնանում էր վախը մահվան․․․ եւ կատարվեց հետս։ Ու ես ներողը չեմ նրանց։ Որովհետեւ սիրողն եմ ես ու այսու՝ անհույս հիվանդը՝ չներելու մտքով։
Երբեք մի փորձիր կռահել, թե ո՞ր աստվածն է չարչարվել քեզ վրա։
Արիադնան Սեմելա չէր, իսկ Թեսեւսն իր տեսած աստվածներից ամենամարդն էր․ ահա եւ ամբողջը։ Մարդիկ հոգնեցնող են եւ ստեղծված՝ նախ հիանալու, ապա եւ օգնություն ստանալու պարզ մղումով։ Մարդիկ նաեւ վախկոտ են․ Մինոտավրոս սպանելը բարդ գործ չէ, բարդ է դիմանալը մահկանացու լինելու ցավին՝ հանդիման աստըծո։ Նա, հասկանում եք, հասարակ ամազոնուհի չէ։ Պարապ բաներ են։ Բաքոսից դժբախտ մեկին չգիտեմ։ Արիադնան Սեմելա չէր։ Արիադնան՝ Բաքոսի հետ ղունղունալիս։ Եւ ամեն կանացի թուլություն՝ մաքուր ժամանակից փախուստ պարականոն։
Այստեղ՝ Միջերկրականի երկարությամբ եւ լայնքով, ինձ մտածվում է՝ մարդիկ շարունակ տանուլ են տալիս աստվածայինը, տեղը՝ փառահեղ ռուիններ. Quae sunt Caesaris Caesari et quae sunt Dei Deo.
Այստեղ ծովը շարական է խմում, իսկ պստլիկ տղան՝ փյունիկցիների փլատակների պես խառը մազերով, ծովին ուտեցնում է քարեր։ Նախ փոքր, ապա՝ մեծ։ Ամենավերջում իր մարմնի քաշին հավասար։ Պստլիկ տղան, որ կյանքից սպասելիքների չունի։ Ծերունին ու ծովը սաղր են թվում այսու՝ ի համեմատություն պստլիկ ու ջղային տղայի, որ է՜ մաքուր ժամանակում՝ ցցված շարականներ խմող ու մատուցված քարերը երախտագիտությամբ ծամող ծովին քովը։
Այստեղ մոլլայի երգը գալիս է հավերժից եւ ձգվում է հավերժ։ Եւ հավերժի բնակիչները՝ ազատված ամենայն վախից առ մահ, իրար կոկորդ են բացում եւ խմում իրար արյուն եւ իրար են մատաղ անում այն հողի վրա, որտեղ փյունիկցիները պաշտում էին Բաքոսին։ Եւ շատանում են ետնախորշերը, անհայտ սերմից հառնում են նոր մարդիկ՝ բնակեցնելու ետնախորշերն այդ, եւ կատարյալ կեղտի ու ցավի մեջ պտտվում է մաքուր ժամանակը՝ հավերժի ծնունդդ՝ առանց արեւմուտքի ցավի ու բարիք ծնելու անընդունակ արգանդի խռովքի։ Եւ պատմություններ, ու պատմություններ։ Արատավոր շրջանի մեջ՝ Հելիոպոլիսի ձյուն․․․ որին եթե երկար նայես, նախ կճերմակեն աչքերդ, ապա քեզնից՝ բոլորը։ Եւ այդ ճերմակի մեջ, արդեն մոռացած լռության միֆը, ծննդյանդ միֆը, միֆը Արիադնայի եւ գանգրահեր տղայի, դու դանդաղ, անշտապ, քո ոտքով կքայլես դեպի կետն անդարձության՝ դուրս շրջանից՝ այսու մաքուր, այսու՝ մաքուր ժամանակը՝ կրծքիդ տակ։ Դու կքայլես դեպի ետ՝ դրախտ․․․ձախ ուսիդ վրայով հրաժեշտի ժպիտ ձոնելով Կռոնոսին՝ կեղտոտ, վշտացած ու մահամերձ։