***
Աշխարհում յոթ միլիարդ
մարդ է ապրում,
սարսափելի է պատկերացնել
յոթ միլիարդ մենություն…
***
Երկնքից այլևս չեն ընկնում
խնձորներ, տղաս.
աստվածներն են թափվում վար,
և ցավը փաթիլվող
ծածկում է ամոթալի մերկությունը քաղաքի:
Հեքիաթն այս տխուր է և չի ավարտվում,
չպատմես ոչ ոքի,
և իմաստ էլ չունի,
որբերը հեքիաթների չեն հավատում:
Արի հաշվեք անորոշության բացիլները
ու քնենք,
և երազում կտեսնենք այն, ինչ
փափագում ենք:
Արի քնենք,
քնած մարդիկ
երջանիկ են:
***
Աստված հոգնել էր
խաղաղությունից…
Եվ ստեղծեց մարդուն…
***
Որբությունս հյուր եկավ էս գիշեր,
նայեց ինձ, գլխիկոր ասաց.
– Ու՞ր ես ինձ թողել:
Փաթաթվեց ինձ թաց մատներով,
կոտրված ինքնաթիռս նվիրեց:
Հորս ուրվականը ելավ պատերից,
ծուռ առաստաղը ճոճեց երեսիս:
– Ինչի՞ ես եկել:
-Յա, այ շան տղա, հորդ դեմքը հեչ չես կարոտե՞լ:
Որբությունս փախավ,
հերս կոտրեց անթև ինքնաթիռս,
արթնացա լացից…
***
Ու ցավը
կարդում է մեզ
բառերով:
***
Ես գրում եմ, որովհետև
խոսելն արգելել են դեռ մանկուց.
-Սո՛ւս, ա՛յ լակոտ, սուս…
Եվ թոթովախոս լեզուս ածելի
արյան մեջ հերձել է բոլոր սիրուն
ու անպարկեշտ բառերը:
Իմ ընկերները թղթերն էին մաքուր,
պոռնիկները,
Վան Գոգը, Լորկան, Չարենցը,
փողոցի սոված շները:
Ես գրում եմ, որ չմեռնեմ.
իմ մեջ տարալուծվել են բոլոր մեռելները`
ողբերգությունները չսգված,
վաշխառությունները չիրագործված ոճիրների:
Ես կրում եմ իմ մեջ մեղքերը ադամական,
մեղքերը սիրուն, անիրագործելի:
Ներսումս բառակույտեր են գոյացել,
ամեն չասված բառ չկրակված փամփուշտ է,
պայթունս ուշանում է,
բառեր, հանգեր կարմիր ու սև,
անհոմանիշ տառապանքի պարտիտուրներ,
դրայվ, կրակ ու ռոք
լուսնահաչ բաղձանքի,
Ֆրեդին երգում է ուղեղիս երեք օկտավաների վրա:
Կրակ, կրակ, վառվում եմ,
անցավ պայթում եմ:
Ես գրում եմ.
Ես գրում եմ…
***
Երանի կույրերին,
չեն տեսնի էս գարշելի երկրային
արքայությունը,
շողոքորթ բարությունը,
երանի խուլերին, չեն լսի մեռնող մանուկների աղաղակը,
երանի, հազար երանի համրերին բոլոր,
չեն ասի երբեք սփոփող ստեր, պաթետիկ սիրուն խոստումներ,
չեն կեղտոտի սերը,
չեն արդարանա մեղսագործելիս:
Երանի հոգով աղքատներին, նրանք չեն սպասում հիմարի պես
հրաշքների:
Երանի սգավորներին, նրանք գիտեն
ուրախության գինը…
Հեզերին երանի,
նրանց մեջ է ապրում լույսը:
Երանի խելագարներին,
նրանք կտեղծեն իրական արվեստ:
Երանի հիմարներին, նրանց է տրված ինքնաբավությունը:
Երանի քեզ, եթե չկարդաս
կիսախելագար իմ բառագրությունը:
***
Եթե ինձ սիրեիր,
ես կծաղկեի բոլոր`
շուշանների, կակաչների,
վայրի վարդերի հետ,
քո դռան առջև:
Կծփայի կրծքիդ տակ,
կննջեի անխոնջ քո գրկում:
Եթե մանանեխի չափ
ինձ հավատայիր,
տիեզերքը կլցնեի քո դողերոցքով
բերկրանքի
ու հավիտենություն կըխնդրեի Աստծուց՝
սերն իմ ցույց տալու համար:
Եթե մի քիչ սիրեիր դու ինձ,
գուցե հանճար դառնայի,
ոչ թե հիմար բանաստեղծ:
***
Ուշադրությո՛ւն, դռները փակվում են,
հաջորդ կայարանը՝
Ունայնության պողոտա…
Վազող ոտքերի տարափ,
խառնված բույրերով լցված մետրոն
փսխում է մեզ երեք վայրկյանում:
Քաղաքը հոշոտվում է
սոված ամբոխի հանդիպելիս:
Դու չկաս ու աշունը այստեղ
սև-սպիտակ է դարձել,
ու երկիրը կորցրել է ուղեծիրը,
չկաս, Աստված չի ներում էլ ինձ.
դու իմ ապրող աղոթքն էիր:
Կարոտը եռում է
երակներիս մեջ,
կորցրել եմ զգալու, մեռնելու, ապրելու շնորհներներս,
մոխրանում եմ անցավ, արի:
Ուշադրությո՛ւն, դռները փակվում են,
հաջորդ կայարանը` Հավիտենություն:
***
Ես չեմ գրում…
Բառերը անփույթ
խզբզում են ինձ
սպիտակ թղթին:
Հետմահու է ամեն բառ:
Երբ մեռնեմ, խնդրում եմ
ինձ թաղեք,
չկարդացած գրքերիս մեջ,
ես որդերից վախենում եմ:
***
Ասֆալտե ջունգլիներում
հանճարներ չեն ծնվում,
այստեղ վզկապով են
բոլոր շները,
վանդակներում` բոլոր գազանները,
թաղված է Բուդդան,
Մուհամեդն ու բոլոր
Չաստվածները:
Ասֆալտե ջունգլիներում
Աստված է մարդը:
***
Քամին մաքրում էր
փողոցները
մարդկանցից և աղբից …
Խցանման մեջ քաղաքը տքնել էր,
փսխում էր բենզին.
երեկոն դանդաղ ծորաց
աղբանոց-քաղաքում,
շտապող ամբոխը կանգ առավ
ծերացող քաղաքի հորձանքում՝
Էս ո՞վ է հարբած գետնին թավալվում:
Բոլորը մոտեցան, լավ կչկչացին.
-Չէ՛, չենք ճանաչում…
Նիրհեց քաղաքը ամառվա տապին,
մեռավ պոետը կարմիր ասֆալտին:
Նվիրվում է Սլավիկ Չիլոյանին: