Դարիուշ Տոմաշ Լեբյոդա | Բաց պատուհան

Դարիուշ Տոմաշ Լեբյոդա

Լեհ բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, հրապարակախոս, հումանիտար գիտությունների դոկտոր: Ծնվել է 1958-ին, հյուսիսային Լեհաստանի Բըդգոշչ քաղաքում: Երկար տարիներ 19-20-րդ դարերի լեհական գրականություն է դասավանդել տեղի համալսարանում: «TEMAT» գրական, բանասիրական, հրապարակախոսական երկամսյա պարբերականի հիմնադիր գլխավոր խմբագիրն է:
Հայրենիքում և արտերկրում հրատարակել է ավելի քան 50 գիրք (բանաստեղծական ժողովածուներ, էսսեներ, կենսագրական – պատմական բնույթի հետազոտություններ, գրականագիտական հոդվածներ ու գիտական մենագրություններ): 1950-60-ականներին ծնված գրական սերնդի թերևս ամենահայտնի բանաստեղծն է նա Լեհաստանում, ում յուրաքանչյուր գիրքը բուռն բանավեճերի տեղիք է տվել, հարուցել ծայրահեղ իրարամերժ գնահատականներ: Այդուհանդերձ նա արժանացել է լեհական հեղինակավոր գրական մրցանակների (Անջեյ Բուրսայի, Ստանիսլավ Վիսպյանսկու, Կլեմենս Յանիցկու, 3 անգամ Ռիշարդ Միլչևսկի-Բրունայի անվան և այլն):
Լեբյոդայի բանաստեղծություններն ու ամերիկյան, անգլիական, հունական գրականության մասին (Ֆոլկներ, Զինգեր, Կոլդուել, Մալամուդ, Մերդոկ, Հոլդինգ, Կավաֆիս, Էլիտիս, Սեֆերիս…) ուսումնասիրությունները տպագրվել են շատ երկրներում:
Անցյալ աշնանը Լեբյոդան մասնակցել է Պոեզիայի Արցախյան միջազգային 2-րդ փառատոնին, նվաճել փառատոնի դափնիներից մեկը: Այդ այցի արգասիքն են ներկայացվող բանաստեղծությունները:

 

 

ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆ

Ստեփանակերտում Արմենիա հյուրանոցի
պատուհանը բացել և ըմբոշխնում էի
լեռնային սառն օդը –

հեռվում բարձունքներին փայլատակում էին
տաքուկ կրակները նշանները գոյի
և ներկայի

հորդ անձրև էր գալիս հագեցնելով
օդը խոնավությամբ

ինչ անսովոր էր սա և ինչ տարօրինակ
այս ամենը

ենթադրել անգամ չէի կարող երբեք
թե կլինեմ այստեղ

ես չպիտի երբեք իմ դեմքը տեսնեի
մեռյալ հայելու մեջ ջրփոսերի

բայց աշխարհը նորից մոտեցել է
ու ես հայտնվել եմ
հեռուների խորքում խորհրդավոր

ով էլ ես լինեի
ինչ էլ որ անեի

արժեր ապրել
այստեղ ըմբոշխնելու համար այս լեռնային օդը

անապական

Ստեփանակերտ, 2014

 

ՊԱՐՈՂ ՀԱՅՈՒՀԻՆ

Նա բեմ վազեց ճերմակ հանդերձանքով
և սկսեց պարել ասես թևածում էր
երկնքի մեջ

նուրբ մատները նրա միահյուսվող
գաղտնագրեր էին ասես թախծի

և բարալիկ շուրթերն ասես կարմիր
թերթեր էին վարդի
նայում էի նրան թիթեռնիկ էր ասես շողշողացող
որ խաղողի ճութը հոտոտում է
քնքուշ բեղիկներով

ես արտասվելու չափ հուզված էի
հեռու սարուձորի մենության մեջ մեռնող
հովվի նման

և չգիտեմ ինչու
որդուս կարոտեցի և աղջկաս

ես զգացի կապը անքակտելի
անարատ մաքրության ու լիության

ու ես դարձա ապրող
մի մասնիկը նրա
որ կորչում է

հավետ
և մնում է

հավետ

Ստեփանակերտ, 2014

 

ԵԿԵՂԵՑԻՆ ՇՈՒՇԻՈՒՄ

Ցուրտ ու գորշ օր էր
անկշիռ էին լեռները թվում
հեռավոր
կապույտ
մշուշների մեջ

ես մտա տաճար
Աստըծո անմեղ արարածների
սպանության ու մարտերի երկրում

և մոմ վառեցի հիշատակելով
տառապյալներին
և բոլոր նրանց ով ճանապարհ է փնտրում
խավարում

ես Տիրոջ շունչը չզգացի սակայն
և դժոխային բոցը չտեսա

վայրկյաններն արագ
միանում էին հավերժությանը

և կյանքերն էին մարմրում միայն
մոմերի նման

Շուշի, 2014

 

 

* * *

Տոկա ի հեճուկս ավերների
և մի հաշտվիր երբեք ոչ չարի հետ
ոչ էլ իր ճիչերի –

գնա խաղաղությամբ դեպի հեռուն
լուռ հետևիր մարդկանց
նայիր գիշերային թիթեռնիկի
թևիկներին դաջված նշաններին

և հայացքով ճամփիր
դեպի ակացիայի ճյուղը թևին տվող սերինոսին
ճամփիր մառախուղը
խավարի մեջ դանդաղ անհետացող

թող որ շողա քո մեջ հավերժաբար
երաժշտությունը
Բախի և Հենդելի և Պյորսելի

իսկ կարմիրը դեղին – ոսկեգույնը
հնչեն թող քո հոգում
հավիտյանս

ճակատագիրն էր քո
ավերն ու ավարը
բայց վերջ ունի ամենն այս աշխարհում

քո ուղին էլ պիտի կորչի փոշիներում
քանզի ամենայն ինչ չորանում է

սակայն հիմա քո մեջ
քո մեջ եղիր հիմա

և դիմացիր

Երևան, 2014

 

ՀԱՅ ՄԵԾ ԳՐՈՂԸ

Նա կենաց ասաց և ասաց մարդիկ
մոռանում են որ – մի ընտանիք են

պատերազմներ են մղում սպանում
եղբայրներին ու քույրերին իրենց ուստր ու դուստրերին

նրանք չգիտեն կարեկից լինել ծերերին
նույնիսկ հաշմանդամներին

նա խաղաղության մասին բարբառեց ինքնազոհության
և հիշողության վերքերի մասին
և լավ ծերության լեռների գրկում
ստվերների մեջ նռնենիների
և որթատունկի

գրկեց ինձ ապա և վստահաբար
իմ աչքերի մեջ նայեց ժպտալով

ասես թե մահը
քուն է պարզապես այս լեռների և
հովիտների մեջ

Լեռնային Ղարաբաղ, 2014

 

ԾԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ

Նա սուրբ էր ասես հունական մի հին
սրբապատկերից

սևազգեստ էր նա տխուր էր
աշնան հեռուների պես

լաց էր ամեն ինչ
հոգու մեջ նրա

լաց էր աչքերում լաց էր շուրթերին լաց էր ափերում
լաց էր մազերին
ամեն մի քայլում ամեն շարժման մեջ

նա կորցրել էր որդուն կռվի մեջ
նա կորցրել էր թոռանը մարտում

հիմա երգում էր ու դառն էր երգը
իր երգը ցավի և անզորության

վշտահար էր նա ինչպես մեկընդմիշտ
բաժանման

քամին

Տիգրանակերտ, 2014

 

ՁԻԵՐԸ ԼԵՌՆԱԼԱՆՋԻՆ

Վարդան Հակոբյանին

Լեռնահովտում կանգնած լանջերին եմ նայում
խոտով պատված

այնտեղ բարձունքներում
արածում են աշխետ ու սևաթույր ձիեր

լեռների մեջ մենակ ու երջանիկ
հեռու
գագաթների ֆոնին

ես նայում եմ նրանց
ու մտածում այստեղ հեղված արյան մասին
ազատության մասին

հիմա նրանք ազատ գեղիրան են ինչպես
ցողունները խոտի

սակայն վաղը պիտի գնան դանակի տակ
մսագործի
և կերակուր դառնան մարդկանց համար

չէ որ
անցավոր է
ամեն երջանկություն

չէ որ ամեն մի կյանք
ավարտվում է մահով

մարդիկ և ձիերը
չգոյության գիրկն են անցնում
միանման

Լեռնային Ղարաբաղ, 2014

 

ԹԱԽԾՈՏ ԶԱՐԻՆԵՆ

Ես իմ կյանքում բազում սքանչելի կանանց
աչքերին եմ նայել

ուրիշ էր Զարինեն

ծաղկած խոլորձի պես
գիբիսկուսի պես ալ

թանձր կանաչի մեջ
շողշողացող

ճակատն
ստվերածածկ թխլիկ մազափնջով

իսկ աչքերում նրա
սև կրակներ էին բոցկլտացող

արարված էր թեև սիրո համար
բայց զգացի իր մեջ
վախ ու վհատություն
կաշկանդումի

ասես թռչուն լիներ վանդակի մեջ
մարող արձագանք էր ասես
մառախլապատ այս լեռներում

ուրիշ էր Զարինեն իր թախծի մեջ
ուրիշ մենակներից
բոլորովին ուրիշ

Գանձասար, 2014

 

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՈՐ ՇՇՈՒԿՈՎ ԷՐ ԿԱՐԴՈՒՄ

Ասես լիներ արյունալի պատերազմի զինվոր
նա թավ մորուս ուներ թափանցող սև աչքեր
շուրթեր ուներ նման սզնու տերևների

նա կարող էր ուսին կալաշնիկով կրել
պատյանի մեջ գոտու
ատրճանակ TT

նա կկանգներ արթուն պահակետում լեռան աշտարակի
ու կհսկեր սահմանն
իր հնամյա երկրի

բայց երբ նա սկսեց իր երգերը կարդալ
շշուկով էր բառերն արտաբերում

ես նրա մեջ տեսա
հայ իշխանին
որ աղոթք էր հղում Արարատին

բայց երբ շշուկով էր բառերն արտաբերում
բանաստեղծին տեսա շարքերի մեջ նրանց
որ ծնվել են հպարտ այս լեռներում
ապրել
հովիտներում դրախտային

և զոհվել են առանց բողոքելու
առանց մի տնքոցի

առանց փուչ
խոսքերի

Տիգրանակերտ, 2014

 

ԹՇՎԱՌ ՀԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Դու այդ ինչ վատ բան ես արել ծերուկ
որ կողքիդ չէ կինը քո սիրելի
դու ինչ ես գողացել որ քո առաջ
տանդ դուռն են փակել

չէ որ երեկ էր որ սարերն էիր ելնում
աչքդ գագաթներին
ձյունաճերմակ

գրկում էիր թուխծամ
Մարինեիդ շոյում գլուխները
երեխեքիդ

իսկ հիմա անլվա շորերիդ մեջ կեղտոտ
քնել ես պատահած նստարանին քաղաք Երևանի

և չգիտես որ քո կողքին կանգնած
օտար բանաստեղծը
քո անկումն է ողբում

արթնացիր եղբայր իմ
վեր կաց լվա դեմքդ
առվակի մեջ լեռան

հպարտորեն նայիր
և հավատով նայիր Արարատին

հետո լուռ ու դանդաղ շարունակիր ճամփադ
դեպի հեռուն
ինչպես հայրդ
ինչպես մայրը քո սուրբ

ինչպես բոլոր
մարդիկ

Երևան, 2014

 

ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՆ

Կանգնած պատուհանի առաջ Երևանի հյուրանոցում
այն աշնանը վերջին անգամ ես նայեցի
Արարատին

մտմտալով
կգամ արդյոք նորից այստեղ

կարտացոլվի արդյոք իմ աչքերում
ձնափայլը նրա գագաթների

կյանքը բոցկլտացող ակնթարթ է

ու թե ես այլևս քեզ չտեսնեմ
դու ընծայել ես ինձ
ինքս ինձ հավատալու զորությունը

դու նշանն ես դարձել
արարչության միտող

թախծի
որ չի մարում

և հավատի
բառի զորությունն առ

որ կոչում Է անդուլ պայքարելու
և լինելու պատրաստ
ամեն պահի

Երևան, 2014

Թարգմանությունը Գագիկ Դավթյանի

Share Button

1 Կարծիք

  • Փառանձեմ Հովհաննիսյան says:

    Զարինեն մորաքույրս է, շատ տիպիկ է գրել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *