ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Երբ ներսիդ գրողը «բախվում է» լրագրողին…

Գրականությունից շատ հեռու էի, երբ իմ պատանեկան հետաքրքրությունը ինձ մոտեցրեց լրագրությանը: Գրականության հետ իմ շփումը եզրափակվում էր նրանով, որ չէի կարդում հանձնարարված գրքերը և կարդում էի չհանձնարարվածները…

Սկզբում իմ մտքով չէր անցնում,որ գրականության միջոցով և շնորհիվ կարելի է ճանաչել մարդկանց ու այդ մարդկանց միջից ամենասիրելիին, ամենաչբացահայտվածին` ինքդ քեզ: Փոխարենը լրագրությունը հավերժ փնտրտուքների հարթակ էր.ես բեմի մի ծայրից մյուսն էի վազում, մի մարդուց մյուսին էի անցնում,բայց, իրականում կիլոմետրերով հեռու էի լրագրությունից.ես վազում էի լրագրության ստվերի ետևից:

Մի օր կյանքը ինձ մոտեցրեց գրականությանը.ես ոտքով-գլխով-մարմնով,սրտով ու իմ ամբողջ ես-ով սուզվեցի գրականության մեջ: Ամեն ինչ աստիճանաբար ուրիշ էր դառնում.մայր մտնող արևի հետ օրը փոխվում էր, որովհետև ես էի փոխվում, իսկ ես փոխվում էի, որովհետև փնտրում էի, ձեռքերով փորում էի, աչքերով հեռացնում էի… հեռացնում էի ինձ ինձնից ու մոտեցնում էի ինձ դեպի ինձ…

Լրագրությունը՝ այն լրագրությունը, որը այդ ժամանակ պատկերացնում էի, ինձ չէր խանգարում:Ամիսը մեկ-երկու անգամ… մնացած ամեն ինչ նվիրում էի ինձ կամ իմ մասին գրվող բառերին…

Իսկ պարզվեց` լրագրությունը ոտքով-ձեռքով կեղտի մեջ խրվելն է, իջնելն է ներքև ու ընդհանրապես ներքև-վերև տարանջատումը ոտքով ջարդելն է…

Բայց դե ինչ ուզում ես արա, լրագրությունը գրականություն չէ, և դու ստիպված ես քո իմացած բառերից, զգացողություններից մի քիչ այն կողմ անցնել: Ամեն րոպե թարմացվող լուրերի` պայթող ինքնաթիռների, այրվող ավտոբուսների, մահացող մարդկանց,քաղաքական եսիմինչ իրադարձությունների մեջ մի քիչ խլանում է գրողի քո զգացողությունը.մեռավ, պայթեց, ՀՀԿ-ԲՀԿ ու էլի ես ինչ գիտեմ, թե ինչ, որի մասին պետք է խոսել բոլորովին ուրիշ բառերով…

Ինչ են մտածում այս ամենի շուրջ լրագությամբ զբավող գրողները, ինչ ազդեցություն ունի լրագրությունը գրականության վրա. այդ մասին խոսում են գրողները.

Հուսիկ Արա. բանաստեղծ

Գրողը կամ լրագրությամբ չպետք է զբաղվի կամ էլ, եթե զբաղվում է, ապա որոշակի սահմանափակումներով: Կայքում կամ օրաթերթում աշխատելու դեպքում լրագրությունը խլում է օրվա զգալի մասը. ամբողջ օրը զբաղվում ես օրախնդիր նյութերով, ուշ ժամի հոգնած գնում ես տուն և բնականաբար ոչինչ չես անում: Հաջորդ օը ամեն ինչ կրկնվում է նույնությամբ:Այսինքն դու ժամանակ չես ունենում մտածելու գրականության և ստեղծագործելու շուրջ: Մի օր էլ գուցե տեսնես գրականությունից այնքան ես հեռացել,որ քո և նրա միջև որևէ աղերս չի մնացել: Գրողը պետք է խուսափի օրաթերթային,կայքային աշխատանքներից: Ես մշտապես իմ հացը լրագրությամբ եմ վաստակել:Ժամանակ է եղել` 6 ամսով , մեկ տարով ոչինչ չեմ գրել , բայց միշտ գլխումս պտտվել է միտքը` մի բան լինի, թողնեմ լրագրությունը: Պատահել է, երբ գրելու ցանկությունը խեղդել է, աշխատանքս թողել ,գրել եմ: Աշխատել եմ խուսափել օրաթերթային լրագրությունից և փախնել դեպի գրական ամսագրեր, ինչպես օրինակ <> է.գրել եմ էսսեներ, ակնարկներ,որոնք էլ հետո գիրք դարձան` <>-ը,որտեղ գրական մամուլում տպագրված իմ ստեղծագործություններն են : Գրական ամսագրում աշխատելիս ժամանակ ես ունենում նյութդ պատրաստելու համար, գրական լեզուն ես պահպանում, բայց դե այնտեղ էլ քիչ են վարձատրում և ստիպված` սոցիալական խնդիրներից ելնելով, նորից վերադառնում ես օրաթերթ: Իսկ օրաթերթի լեզուն փչացնում է գրողի լեզուն: Չեմ ասում,որ գրողի լեզուն պետք է շատ տարբերվի,բայց լրագրողական կլիշեներ կան,որ չեն կարող թափանցել գրականություն:Իսկ ամսագրային լրագրությունը հաճախ կարող է գրողին օգնել.և բանաստեղծությանը, և արձակ տեքստին:Օրինակ, Ամերիկայում արդեն քանի տասնամյակ գրողն ու լրագրողը գրեթե նույնանում են:Ես շփվել եմ այդ մարդկանց հետ.իրենք իրենց գրող են համարում գրում են ակնարկի ժանրում, բայց այդ ակնարկները այնքան մանրակրկիտ են կառուցված,որ իրենք դա համարում են գրականություն:Այսինքն դրսում և լրագրության նշաձողն է բարձրանում, և գրականությունն էլ ավելի դժվարամարսից դեպի պարզն է գնում :Նրանց լրագրությունը մեր այսօրվա հայաստանյան լրագրությունը չէ,այլ այն,ինչը Մարկեսն է արել:

Այժմ`օրաթերթում աշխատելով, սահման եմ դրել.պատ կա,որից այն կողմ չեմ անցնում:Գրում եմ կարկուտի մասին,այդպես էլ մնում է.թույլ չեմ տալիս գրականությունից ինչ-որ բան ներմուծեմ,տեղադրեմ այդ կարկուտի մեջ,թե լեզվական, թե պատկերային առումով:Եթե գրողը մեջդ մի քիչ ավելի խորն է նստած, դժվար է լրագրությամբ զբաղվել:Քո ներսում նստած գրողը միշտ խանգարում է քեզ լիարժեք լրագրությամբ զբաղվել: Լրագրողական նյութերի տակ Ֆելիքս Եղիազարյան եմ ստորագրում, Հուսիկ Արա՝ միայն գրական գործերի տակ: Եթե դա լրագրություն է,ապա Ֆելիքս Եղիազարյանն է գրում և ոչ Հուսիկ Արան: Իսկ Ֆելիքսի և Հուսիկի միջև կռիվ վաղուց կա…Հուսիկը կարգին տղա է, իսկ Ֆելոն խուլիգան է, ֆանտազիան կնոջից ու խմիչքից այն կողմ չի անցնում, և հաճախ Հուսիկը բռնում է Ֆելիքսի վզից, ասում ՝այ մարդ ,թող աշխատեմ, խելոք մնա,նա էլ մի կողմ է քաշվում,շարունակում է վարել իր բոսյակ կյանքը: Շատ է ճնշում Հուսիկը Ֆելիքսին: Ֆելիքսն էլ ասում է,բայց դե գիտես դու կյանքից բերած իմ օրինակներն ես օգտագործում քո գրականության մեջ:

Արամ Պաչյան. արձակագիր

Իմ սիրելի գրողներից մեկը` Մարիո Վարգաս Լյոսան, Նոբելյան իր բանախոսության մեջ գրում է` «Լա Կրոնիկա օրաթերթի փոշոտ և խարխուլ խմբագրությունն է, որտեղ տասնվեց տարեկանում դուրս հանեցի լրագրողական իմ առաջին զենքերը, մի աշխատանք, որ գրականության հետ միասին զբաղեցրել է գրեթե իմ ողջ կյանքը և գրքերի նման ինձ օգնել ավելին ապրելու, ավելի լավ ճանաչելու աշխարհը և ամեն տեղի և ամեն կարգի մարդկանց հետ շփվելու՝ հրաշալի, լավ, վատ ու գարշելի:» Ես հավատում եմ Վարգասին, որովհետև լրագրությունը գրողների համար նախ և առաջ ապրելու միջոց վաստակելու հնարարավորություն է, և քո քաղաքի, քո երկրի կյանքի ռիթմը, իրականության զարկերակը բռնելու հայելի: Հիշենք Մարկեսին, Մոնտալեին, Հեմինգուեյին, Հենրի Ջեյմսին, Դիքընսին, Դեֆոյին, Նորման Մեյլըրին, Թրումըն Կապոտեին, Վ.Ս Նայփոլին, Ջոն Ափդայքին: Գրողների, ովքեր ողջ կյանքում լրագրությամբ են զբաղվել ու զբաղվում են (անվերջ կարելի է թվել): Եթե գրողը ոճ ունի, լրագրությունը կմարզի նրա ոճը, եթե չունի պետք չէ մեղքը բարդել լրագրության վրա: Մեր երկրում ևս շատ գրողներ կան, ովքեր զբաղվում են լրագրությամբ, ես էլ իրենց շարքից, բայց կողքից տգետ ասեկոսեները, բամաբասանքները, խոսակցություները, թե իբր լրագրությունը վնասաբեր է գրողի համար, կործանարար, թե ուր որ է գրողը էլ չի գրի կամ լավ չի գրի, այս բոլոր խոսակցությունները անհեթեթությունների ու չկամության արդյունք են: Եթե գրողը ասելիք ունի, ոչ մի բանի առաջ չի կանգնի, եթե աշխարհը բաց է նրա առաջ` ուրեմն նա լայն է: Մեկ տարվա ընթացքում «Հրապարակ» օրաթերթում աշխատելիս, գիշերները գործից հետո, ես խմբագրությունում ու հետո տանը շարունակել եմ գրել իմ վեպը ու տարբեր ժամանակներում հատվածներ եմ տպել հենց մեր թերթում, նույնիսկ այս կամ այն էսսեն կամ հոդվածը գրելիս, հասկացել եմ, որ սա իմ գործից է, նրա անբաժանելի մասնիկն է ու մեծ երջանկություն եմ զգացել: Լրագրությունը գրողի շարժիչն է` շոկից դուրս բերելու թերպեվտիկ միջոց:

Նշան Աբասյան. բանաստեղծ

Գուցե սենտիմենտալ թվամ, բայց իմ կարծիքով,եթե Աստված քեզ պոետ է կարգել, Ինքն էլ կհոգա, որ անցնես ճանապարհդ: Իսկ եթե Աստված չի կարգել, լրագրությունն էլ չլինի` մի ուրիշ բան կխանգարի առաքելությունդ կատարել:Սկզբում, երբ նոր էի սկսել զբաղվել ակտիվ լրագրությամբ, անկեղծ լինեմ, իսկապես վախեցած էի, անհանգստացած:Բայց շուտով հասկացա, որ լրագրության մեջ նույնիսկ օգտակար կողմ կա:Ամեն օր գրելով առօրյա իրադարձությունների մասին, անդրադառնալով սոցիալական հարցերի` դու աստիճանաբար կոշտանում ես, հասնունանում, քո մեջ եղած ավելորդ ոգևորությունը, պահի ազդեցությամբ բանաստեղծելու կիրքը մարում է, տակը մնում է զգացմունքի միայն խիտ նստվածքը, որը ժամանակի հետ չի ցնդի, չի անցնի: Առաջ ավելի շատ էի տրամադրություններ կերտում:Տրամադրության բանաստեղծություններ:Այսօր ‘մուսան’ ինձ հեշտ չի համոզում նոր բան գրել:Մինչև ժամանակ չանցնի, մինչև մի կարգին կուտակում չլինի, ես չեմ գրում:Չգիտեմ, հիմա այդպես եմ կարծում:Լրագրությունը հավերժ չի ձգվի, բայց կարծում եմ, եթե ազդեցություն, ապա բարերար ազդեցություն պիտի ունենա ինձ վրա:Ոչինչ պատահական չի լինում:Ես հավատում եմ, որ եթե Աստված ինձ իրոք տվել է բանաստեղծ լինելու պատասխանատվությունը, ուրեմն Նա էլ հետևում է, որ ամեն ինչ ճիշտ հունով ընթանա: Եթե հայտնվել եմ լրագրության ասպարեզում, ուրեմն այդպես էր պետք:

HayNews.am

Share Button

1 Կարծիք

  • Սամվել Մարտիրոսյան says:

    Ես համոզված եմ, որ գրողին ընդհանրապես ոչինչ չի կարող խանգարել, այլ միայն կարող է օգնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *