Նոննա  Գոլիկովա | Կախարդուհին. Ելենա Բուլգակովա

Միխայել և Ելենա Բուլգակովներ

Եղավ այնպես, որ մանկության ու պատանեկության տարիներին ես մեծացա գեղեցիկ ու փայլուն մարդկանց միջավայրում: Տատիկս, նրա քույրը (Լյուբով Օռլովան[1]), նրանց միջավայրը, կանայք ու տղամարդիկ, որոնց անունները լավ հայտնի են շատերին… Այդ ժամանակներից ես ընդմիշտ սիրեցի և՛ փոքր-ինչ չափազանցված հուզավառ զգացմունքների արտահայտությունը, և՛ մշակված բարձրահնչյուն ձայները, և՛ շարժուձևերի թատերայնությունը (ինչը բնորոշ էր նրանց բոլորին) այնտեղ ու այն ժամանակ… Նրանց շնորհիվ գիտեմ՝ ինչ է ռուս մտավորականությունը: Նրանք տիրապետում էին ներքին կայունության, հաշտ հոգու ներդաշնակության, անբասիր նրբազգացողության, մտքի ու խոսքի գեղեցկության: Եվ միանգամայն անքակտելի զգացում սեփական արժանապատվության, որ հենց այդ նույն զգացումը բնականաբար ենթադրում է յուրաքանչյուրի մեջ և պատրաստ է այն հարգել… Երբ նրանք համարյա բոլորն էլ անդարձ հեռացան, և գլխի ընկա, որ ես ամենալավ բաներն արդեն տեսել եմ, ճակատագիրն ինձ պարգևեց ևս մի թանկ  նվեր. ծանոթացա Ելենա Սերգեևնա Բուլգակովայի հետ…

«Ես միստիկ գրող եմ», –իր մասին ասել է Միխայիլ Բուլգակովը, և մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք դրանում՝ նվաղելով «Վարպետն ու Մարգարիտան» վեպի էջերի վրա: Բայց եթե միայն դա՜ լիներ… Պատկերացրեք՝ սկզբում նա նկարագրել է իր ճակատագրի կնոջը և միայն հետո արդեն հանդիպել կյանքում: Հիշո՞ւմ եք կարմրահեր Ելենա Տալբերգին  «Տուրբինների օրեր»-ում: Նա մարմնացած կանացիություն է, ջերմ ու հարմարավետ տան ոգի, որ սիրելու ցանկություն է առաջացնում: Ելենա Սերգեևնա Նյուրենբերգը՝ Բուլգակովի վերջին կինը, հենց այդպիսին էր, և նրա մազերի գանգուրներն էլ ոսկեփայլ երանգներով էին: Կռահեցի՜ք: Ե՛վ  անունը, և՛ մազերի ոսկին, և՛ անգամ ազգանվան հնչեղությունը: Եվ ինչպես Մարգարիտան, նա գիտեր սիրել ու պայքարել իր սիրո համար:

Ես ավարտում էի Ա.Վ. Լունաչարսկու անվան ԳԻՏԻՍ-ի թատերագիտական ֆակուլտետը, և ինձ երաշխավորել էին ասպիրանտուրայի համար, թեև դեռ չէի ընտրել ապագա ատենախոսության թեման:

Մի անգամ իմ համակուրսեցի Ալեքսեյ Բարտոշևիչը ինձ մի գիրք տվեց՝ հընթացս ասելով. «Քեզ կհետաքրքրի»: Միխայիլ Բուլգակովի «Մոլիերն» էր, որ նոր էր հրատարակել «Նշանավոր մարդկանց կյանք» մատենաշարը: Տրոլեյբուսում (այն ժամանակ տրանսպորտում համարյա բոլորը կարդում էին) ես բացեցի գիրքը… Ուշքի եկա միայն այն ժամանակ, երբ տոմսավաճառը, մատով ուսս բզելով, ասաց. «Օրիո՜րդ: Իջե՜ք: Մենք գնո՜ւմ ենք դեպո»:

Ես ցնցված էի. հնարավոր չէր կտրվել վարակիչ ուժով ու ռիթմով շնչող նման տողերից ու բառերից: Այդ ժամանակ, անգամ լինելով հումանիտար բուհի ուսանողուհի, ոչինչ չգիտեի Բուլգակովի մասին. նրա ստեղծագործություններն արգելքի  տակ էին: Նա մեզ հայտնի էր միայն որպես հեղինակ «Տուրբինների օրերը» պիեսի, որի՝ 1926 թվականի ՄԽԱՏ-ի բեմադրության ժամանակ թատրոնի դերասանների նոր սերունդն էր հանդես եկել: «Մոլիերը» Բուլգակովի առաջին հրատարակությունն էր նրա կյանքի և ստեղծագործության քսանհինգամյա լռությունից հետո, և ես հասկացա, որ պետք է ամեն ինչ իմանամ այդ մարդու մասին: Սակայն իմ ապագա ատենախոսության նյութերի միակ աղբյուրը միայն նրա այրիի անձնական արխիվն էր: Ես կարողացա գտնել Ելենա Սերգեևնայի հեռախոսահամարն ու որոշեցի զանգահարել: Արդեն երեկոյան ժամը 10-ն էր, երբ հավաքեցի բաղձալի համարը:

Կարող եք պատկերացնել՝ ինչպես էի հուզվում, երբ երկչոտ թոթովում էի խնդրանքս՝ ուզում եմ ծանոթանալ Միխայիլ Աֆանասևիչի արխիվին, քանի որ հենց նրա դրամատուրգիայի մասին պետք է լիներ իմ ատենախոսությունը: Ես պատրաստվել էի  լսելու երկար բացատրություն բավական հոգնած ու տարեց ձայնի և լիովին շփոթահար եղա, երբ լսեցի. «Հիմա՛ էլ եկեք»: Ոչ պակաս շփոթվեցի, երբ դռների մեջ տեսա հմայիչ ու երիտասարդ մի կնոջ: Նրա տեսքն այնքան էլ չէր համապատասխանում հեռախոսով լսածս ձայնին, և իսկույն գլխի չընկա, որ իմ առջև հենց նա է՝ Ելենա Սերգեևնան: Այդտեղ արդյոք դեր չէ՞ր խաղացել Ազազելոյի կախարդական քսուքը: Սակայն այդ ժամանակ դեռևս ոչ ոք չգիտեր ո՛չ Մարգարիտայի, ո՛չ էլ նրա միստիկական կերպարանափոխությունների մասին:

– Ինչո՞ւ այսքան ուշացաք: Ես չուզեցի առանց Ձեզ թեյ խմել… ,- և՛ իսկույն շունչս տեղն ընկավ, և՛ իսկույն դարձավ շատ հարմարավետ ու համով: Կապտագույն խորհրդավոր գերբով  ճենապակե կապույտ-մոխրագույն մեծ հարթ ափսեներում սպիտակ տաք ցորենհաց կար, և նրանց վրայի կարագը հալվում էր…

Ելենա Սերգեևնան այդ ժամանակ ապրում էր Նիկիտյան (Սուվորովյան) բուլվարում գտնվող երկսենյականոց բնակարանում, որտեղ տեղափոխվել էր ամուսնու մահից հետո: «Առանց նրա ես չկարողացա մնալ այնտեղ»,–ասում էր նա: Սակայն կարմիր փայտե կահույքը տեղափոխվել էր այն՝ բուլգակովյան տնից: Մյուս իրերի մեջ առանձնանում էր բարձր, մեծածավալ բյուրոն, որի առջև նստած սիրում էր աշխատել գրողը: Ու նաև ձվաձև սեղանը, որի շուրջ Ելենա Սերգեևնան երբեմն ճաշկերույթ էր կազմակերպում: Նրա վրա դրված էր գեղեցիկ լամպ. ոսկե նուրբ երիզով կապույտ ճենապակե բարձր սափոր էր՝ մետաքսե ոսկեփայլ ծոպերով մեծ լուսամփոփի տակ: Նրա լույսը միայն սեղանի մակերեսին չէր արտացոլվում, չէ՛,  այլև փայտն ասես ինքն էր իր ներսում այրվում տաք կարմիր ու մեղմ բոցով՝ ջերմացնելով ու փայփայելով սեղանի շուրջը նստածներին:

Այդ տարիներին (1964-1970 թթ.) այստեղ ավելի շատ հավաքվում էին նույն մարդիկ: Պավել Ալեքսանդրովիչ Մարկովը՝ ԳԻՏԻՍ-ի պրոֆեսոր, իմ ուսուցիչներից մեկը: Հենց նա 20-ական թվականներին, կարդալով Բուլգակովի՝ «Ռոսիա» ամսագրի երկու երրորդում տպագրված «Սպիտակ գվարդիա» վեպը, նրան հրավիրեց ՄԽԱՏ, որտեղ ինքն այն ժամանակ գրական մասի վարիչն էր: Հենց Մարկովն էլ ստիպեց գրողին այդ վեպի մոտիվներով պիես ստեղծել: Այդպես ծնվեց «Տուրբինների օրերը», և Բուլգակովը դարձավ դրամատուրգ:

Ելենա Սերգեևնային հաճախակի էին այցելում այն ժամանակ հայտնի վիպասանուհի Նատալյա Իլյինան, ֆելիետոնների հեղինակ Լեոնիդ Լիխոդեևն իր գեղեցկուհի կնոջ՝ Կիրայի հետ: Ելենա Սերգեևնան համարում էր, որ Լիխոդեևն արտաքնապես նման է Միխայիլ Բուլգակովին, քանի որ Բուլգակովն էլ էր սկզբում հանդես եկել ֆելիետոններով: Ելենա Սերգեևնայի հետ սերտ բարեկամություն էին անում նկարիչ Վիլյամսի այրին, որին բոլորը դիմում էին փաղաքշական Անուսյա անունով, դասական գեղեցկուհի, Գեղարվեստական թատրոնի դերասանուհի Սոֆյա Պիլյավսկայան, որ Նատալիի դերակատարն էր Բուլգակովի՝ Պուշկինի մասին պիեսում: Մշտապես այնտեղ էր լինում Ելենա Սերգեևնայի որդին՝ հմայիչ Սերգեյ Շիլովսկին: «Իմ կյանքի գլխավոր տղամարդը». այսպես էր նրա մասին ասում Ելենա Սերգեևնան: Իսկ թոռան՝ Սերյոժայի այցից առաջ (այն ժամանակ 7-9 տարեկան էր) մեծ քանակությամբ լիմոնադ էր գնվում:

Մի անգամ խոհանոցում թեյ խմեց մռայլադեմ Ռիխտերը[2], երբեմն Ելենա Սերգեևնան վերցնում էր լսափողը. «Այո՛, այո՛, Ա՛ննա Անդրեևնա[3]…», մի անգամ էլ սեղանի մոտ հուզմունքից քարացավ Դվորժեցկի[4]Խլուդովը. նկարահանվում էր «Վազքը»: Սակայն այդ ամենի մասին հետո…Եվ ով էլ որ լիներ, և ինչ էլ կատարվեր այդ տանը, ամեն ինչ շնչում էր հենց իր՝ Բուլգակովի կենդանի ներկայության զգացողությամբ: Եվ հենց այդ բյուրոյի գզրոցներից, որի առջև նստած նա աշխատել էր, այդ գեղեցիկ կինը հանում էր կախարդական ձեռագրերը, որ ինձ թույլատրված էր կարդալ: Ընկերոջը՝ Պ.Պոպովին[5] ուղղված նամակները ինձ ցնցեցին ոչ պակաս, քան բուլգակովյան արձակի լավագույն էջերը: Դրանք վերաբերում էին մի շատ ծանր ժամանակաշրջանի, երբ նրա գրած բոլոր գործերն արգելվում էին, երբ դեռ իր կինն ապագա Մարգարիտան չէր, և տան մթնոլորտը շատ բարդ էր: «Ինձ ավելի հաճախ այցելում է սև տիկին նևրաստենիան[6]»,– գրել է Բուլգակովը՝ տանջահար ընկճախտից ու անքնությունից: Եվ մի անգամ նրա աչքին տան շեմին երևացել է մի մարդ՝ տագնապահար աչքերով և թռչնի երկար քթով: «Ուսուցի՛չ, ծածկի՛ր ինձ քո շինելով», –հուսահատ աղերսել է Բուլգակովը: Նրա այդ հուսահատությունն այնպես թափանցեց իմ մեջ, որ ես լաց եղա: Վազելով եկավ Ելենա Սերգեևնան, ինձ հետ միասին նա էլ լաց եղավ ու պատմեց, որ Ուսուցիչն իր շինելով այնուամենայնիվ ծածկեց գրչակից եղբորն ու աշակերտին: Երբ Միխայիլ Բուլգակովը մահանում է, և նրան թաղում են Նովոդևիչի գերեզմանատանը, Ելենա Նիկոլաևնան նրա հուշարձանի համար սկսում է քար փնտրել: Գերեզմանատան պահակը նրան թույլ է տալիս պահեստում նայել այս կամ այն պատճառով չօգտագործված գերեզմանաքարերը: Կնոջ ուշադրությունը գրավում է հազվադեպ հանդիպող ծակոտկեն մի սև մարմար. նրա ձևը և յուրահատուկ անփայլ սև խորությունն  ավելի շատ էին համապատասխանում իր ողբերգական նշանակությանը: Պահակն ասում է, որ դա Գոգոլի հուշարձանի գլխամասն է, որը ժամանակին, չգիտես ինչու, մերժվել է: Ելենա Սերգեևնան պատվիրում է, որ այդ հուշարձանը՝ իր վրայի պատկերով, գլխիվայր տեղադրեն, և Բուլգակովի գերեզմանը պսակազարդվում է Գոգոլի գերեզմանաքարի հիմքով: Բուլգակովն, իսկապես, միստիկ գրող էր: Հիմա այդ պատմությունը հայտնի է, և մեկ անգամ չէ, որ հրապարակվել է, բայց այն ժամանակ առաջին անգամ ես դա լսել եմ Ելենա Սերգեևնայից:

Նա շատ անգամ է ինձ պատմել Միխայիլ Աֆանասևիչի տեսած մարգարեական երազների մասին: Դրանցից մեկը մասնակիորեն կատարվել է, ինչքան էլ դա համեստ չհնչի,  նաև իմ՝ այն ժամանակ թատերագիտության ֆակուլտետի ասպիրանտի մասնակցությամբ: Բուլգակովը երազում տեսել էր մեծ ու լուսավոր լսարաններ, որտեղ երիտասարդներին պատմում էին իր կյանքի ու իր ստեղծագործությունների մասին:

ԳԻՏԻՍ-ի պատմության մեջ առաջինն էի, որ հատուկ կուրս կարդացի Բուլգակովի ստեղծագործությունների մասին: Դա տեղի ունեցավ 1966 թվականի վաղ գարնանը ինստիտուտի մասնաճյուղում՝ Պակրովսկու բուլվարի Դուրասովսկու նրբանցքում գտնվող մի հիանալի առանձնատանը (հիմա այն չկա): Պատշգամբով ու պատուհաններով այգուն նայող լսարանը երկրորդ հարկում էր, և այնտեղ նստած էին երիտասարդներ ու լսում էին պատմություն Միխայիլ Բուլգակովի մասին: Եվ ի՞նչ եք կարծում, դասախոսություններից մեկի ժամանակ ո՞վ էր ներկա: Ամենավերջին նստարանին նստած էր Ելենա Սերգեևնան, և ես պետք է խոսեի նրա՜ ներկայությամբ: Այդ ժամանակ ոչ ոք ոչինչ չգիտեր ո՛չ Վարպետի, ո՛չ նրա կյանքի և ո՛չ էլ սիրո մասին: Հիմա Բուլգակովի վեպն ուսումնասիրում են դպրոցում…

Ճակատագիրն ինձ մատուցել է ոչ քիչ անակնկալներ և անկանխատեսելի կորուստներ: Ես այդպես էլ ատենախոսություն չգրեցի: Սակայն, բացի դասախոսություններից, խորհրդային հեռուստատեսության պատմության մեջ նաև առաջինն էի, որ Բուլգակովի մասին հաղորդում պատրաստեցի: Այն ժամանակ գրական դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը ռուս հիանալի մտավորական Նիկոլայ Կարցովն էր: Երբ աշխատանքի ընդունվեցի հեռուստատեսությունում, իսկույն հայտ ներկայացրի իրականում դեռևս արգելված գրողին նվիրված հաղորդման մասին: Կարցովը հաստատեց թեման, և ես եղա Բուլգակովի մասին առաջին հեռուստահաղորդման թե՛ հեղինակը, թե՛ խմբագիրը: Այն ժամանակ բոլոր հաղորդումները համարյա չէին ձայնագրվում. միանգամից ուղիղ եթեր էին հեռարձակվում: Գրաքննական վերահսկողություն իրականացնելու համար մեզնից պահանջվում էր տեքստը հանձնել: Դա կոչվում էր «թղթապանակ», և խմբագիրները պետք է ուշադիր լինեին, որ հաղորդման մասնակիցները խստորեն հետևեն հաստատված օրինակին: Տեքստից փոքր-ինչ շեղման դեպքում կարող էին մեզ ազատել աշխատանքից և նույնիսկ զրկել մասնագիտությամբ աշխատելու իրավունքից: Ինձ հրահանգել էին՝ ոչ մի դեպքում ոչ մի դրվատանք չպետք է լինի, ես պետք է վեր հանեմ հակասական գրողի մոլորություններն ու սխալները: Ես շատ երիտասարդ էի, չէի կարողանում կռիվ տալ ու վիճել, այդ պատճառով տեքստը հանձնեցի, ինչպես ուզում էին, իսկ հաղորդումն արեցի այնպես, ինչպես համարում էի ճիշտ. նույնիսկ բառ չասացի մասնակիցներին: Նրանք կշիռ ու հեղինակություն ունեցող մարդիկ էին, այնպես որ, նրանց, ըստ էության, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Եվ քանի որ այն ժամանակ հաղորդումները եթեր էին հեռարձակվում «կենդանի», այլ ոչ ձայնագրված, ապա յուրաքանչյուր հաղորդման ժամանակ թատերական բաժնից հերթապահ խմբագիրն անպայման նայում էր հաղորդումը: Տվյալ դեպքում դա բաժնի վարիչն էր, որը և համոզվել էր, որ այն ամենը, ինչ տեղի էր ունեցել էկրանին, ոչ մի ընդհանուր բան չուներ հաստատված տեքստի հետ: Այնպես որ, հաջորդ օրը՝ եթերից հետո, ես պետք է ազատվեի աշխատանքից: Ղեկավարությունը բարեբախտաբար խղճաց ու թույլատրեց դա անել… «սեփական ցանկությամբ»: Այնպես որ, իմ աշխատանքային գրքույկում ազատման հրամանի ամսաթիվը՝ 1966 թվականի նոյեմբերի 26-ը, վկայում է, որ Բուլգակովի մասին առաջին հեռուստահաղորդումը խորհրդային հեռուստատեսությամբ եղել է 1966 թվականի նոյեմբերի 25-ին: «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հրատարակմանը հաշված օրեր էին մնացել:

Այդ հաղորդումը նկարահանվել էր Դերասանի տանը, որն այն ժամանակ Պուշկինի հրապարակում էր: Վարող ռեժիսորը Լ. Վարպախովսկին էր, որն անձամբ գիտեր Բուլգակովին: Տարիներ տևած լռությունից հետո նա ՄԽԱՏ-ի բեմում առաջին անգամ նորից բեմադրեց «Տուրբինների օրերը»: Ելույթ ունեցան Պ. Մարկովը, Գ.Կոնսկին, Ի.Ռաևսկին, Վ. Տոպորկովը կարդաց Բիտկովի մենախոսությունը «Վերջին օրեր»-ից: Այդ ժամանակ Կինոդերասանի թատրոնում հենց նոր տեղի էր ունեցել «Իվան Վասիլևիչը» կատակերգության առաջնախաղը, և դրանից հատվածներ էին ներառված հաղորդման մեջ: Կադրերում երևում էին Բուլգակովի դիմանկարները, ՄԽԱՏ-ի դերասանները, նրա շրջապատի մարդկանց լուսանկարները, կադրից դուրս հնչում էր հեղինակային (իմ) խոսքը: Ելենա Բուլգակովան հաղորդումից հետո հանդիսավոր ճաշկերույթ տվեց, որին ներկա էին նրանք, ովքեր մշտապես լինում էին իր մոտ և նույնիսկ հսկա գեղեցկատես սենբեռնար Բուլատը, որի մասին Ելենա Սերգեևնան ասում էր, որ նման է Բալզակին…

Երբ ես այցելեցի Ելենա Բուլգակովային, մարդկությունը դեռևս չգիտեր Վարպետի, Մարգարիտայի և Վոլանդի գոյության մասին: Բայց ահա լույս տեսավ Միխայիլ Բուլգակովի դրամատուրգիայի ժողովածուն, թատրոնները սկսեցին բեմադրել նրա պիեսները: Ելենա Սերգեևնան ինձ պատմում էր, որ երկար տարիների արգելքից հետո «Վազքն» առաջին անգամ բեմադրել են Ազգային անվտանգության ծառայության ինքնագործ թատրոնո՜ւմ: Բանն այն է, որ 20-ական թվականների վերջերին խուզարկություն է կատարվել Բուլգակովի բնակարանում, և շատ ձեռագրեր բռնագրավվել են: Շատ երկար միջնորդություններից, իշխանություններին գրելուց, Մաքսիմ Գորկու միջամտությունից հետո արխիվը վերադարձրել են գրողին, սակայն, ինչպես պարզվում է, վերադարձրել են ոչ բոլոր օրինակները: Դա էլ հնարավորություն է տվել ԱԱԾ-ի գնդապետին Լյուբյանկայի ակումբում առաջին անգամ բեմ բարձրանալ Խլուդովի դերում: Բուլգակովը սիրո՜ւմ էր պարադոքսներ: Եվ ահա, վերջապես, «Մոսկվա» ամսագիրը (1966 թվականի թիվ 11 և 1967 թվականի թիվ 1) հրատարակեց «Վարպետն ու Մարգարիտան» վեպը, որը տառացիորեն ցնցեց ողջ երկրագունդը: Հիմա ինձ թվում է՝ ես նույնպես ներկա էի, երբ Ելենա Սերգեևնային գրեթե անմիջապես բերեցին կարմիր թղթե ժապավենով կապված մեծ ու վառ հատորը, որի վրա սև տառերով իտալերեն «դարի վեպ» էր գրված: Իտալացիներն առաջինն էին, որ թարգմանեցին «Վարպետն ու Մարգարիտան»: Շուտով մեզ մոտ սկսեցին «Վազք»-ի նկարահանումները, հիմա բեմերից դերասաններն ավելի հաճախ են կարդում Բուլգակովի ստեղծագործություններից… Յուրաքանչյուր ոք, ով այսպես թե այնպես անդրադառնում էր Բուլգակովի ստեղծագործությանը, մշտապես այցելում էր Ելենա Բուլգակովային թե՛ նյութերի, թե՛ խորհուրդների, թե՛ յուրովի օրհնության համար: Մի անգամ նա ինձ ցույց տվեց Ֆելինիի նամակը: Մեծ ռեժիսորը մտածում էր «դարի վեպի» էկրանավորման մասին: Ելենա Սերգեևնան պատասխան նամակում նրան խորհուրդ էր տվել, որ մինչև նման բարդ ստեղծագործությանն անդրադառնալը մեկ անգամ ևս մտածի: Ֆելինին էլ պատասխան նամակում գրել էր, որ երկար մտածելուց հետո այնուամենայնիվ չի համարձակվում անդրադառնալ դրա էկրանավորմանը: Իսկ ֆրանսիացիները լիովին արդարացրել էին իրենց թեթևամիտ հրացանակիրային խիզախության միֆը: Ելենա Սերգեևնան ու ես շատ ծիծաղեցինք, երբ նա ինձ համար թարգմանեց ֆրանսիական թերթերից մեկում տպագրված տեղեկությունը, թե ֆիլմ է նկարահանվել Բուլգակովի ռուսական հայտնի վեպի հիման վրա: Ֆիլմը կոչվում է պարզ ու անպաճույճ՝ «Սատանայի սե՜րը»:

Կարիք չկա հիշեցնելու, որ հատկապես ստեղծագործող մտավորականությունը, ինչպես կարգն է, նյութապես լրջորեն ապահոված չէր, ծայրահեղ բացառությամբ՝ հազվադեպ: Միխայիլ Բուլգակովի մահից հետո և այն էլ գրող Ալեքսանդր Ֆադեևի ակտիվ միջամտությունների շնորհիվ Ելենա Սերգեևնան՝ որպես հանճարի այրի, պատերազմի ժամանակ ստացել է 12 ռուբլի թոշակ: Ռուսաստանում հանճարը միշտ էլ ոչ մի արժեք չի ունեցել: Այդ իսկ պատճառով այն մարդկանց շուրջ, որ կոչվում էին մտավորականներ, միշտ թևածում էր գեղեցկության ոգին, և նրանք, հաղթահարելով և՛ կարիքը, և՛ ժամանակի վազքը, կարողանում էին գեղեցիկ մնալ: Այդ ամենը՝ գեղեցկության անհրաժեշտությունը, նրա ճշգրիտ զգացողությունը, այն տարբերակելն ու ուրիշին նվիրել կարողանալը բնական էր և նրանց ապրելակերպի անբաժանելի մասն էր: Նրանք կարողանում էին տոն սարքել համարյա ոչնչից: Մի անգամ Ելենա Սերգեևնայի բարեկամուհին (նրան անվանում էին Ֆրիդա Մարկովնա) ինձ պատմեց, երբ նրանք միասին էվակուացված էին[7] , և Ելենա Սերգեևնան սովից ուշաթափվում է, այդ ամենով հանդերձ, «միևնույնն է, նրանից ֆրանսիական օծանելիքների բույրեր էին տարածվում»: Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում նա վառ կարմիրով (նույնիսկ ուրիշ գույն չկար) ներկում է այգու չորացած սեղանիկը, ու հին ծառի ստվերում սկսվում են թեյախմություններն ու զրույցները:

Ելենա Սերգեևնան միշտ հագնվում էր իր անհատականությանը բնորոշ անկրկնելի կնիքով: Ավելի հաճախ նրան տեսել եմ երկար հագուստով, երբ գլխի չէիր ընկնում՝ հագինը խալա՞թ է, թե՞ երեկոյան զգեստ: Կապույտ մետաքս՝ արծաթե թելով, վրան՝ ինձ այնպես հիացմունք պատճառող կոճակներ. թափանցիկ արծաթե գնդեր: Թռուցիկ ժպիտ, թեթև շարժուձև, կարմրահեր կարճ սանրվածք:

– Միայն թափված մազերն էին դուր գալիս Միշային: Ասում էր. «Եթե կնոջ սանրվածքը հերակալներով ու վարսակալներով է, ուրեմն կի՜ն չէ»:

Հիշում եմ՝ մի անգամ Ելենա Սերգեևնան վատ էր զգում, և նրան այցելել էր նրա վաղեմի տնային բժիշկ Շապիրոն: Այծի մորուքով ծերուկ էր՝ «չեխովյան» սև կլոր ուղեպայուսակով: Նա նյարդայնացած լցնում էր ներարկիչը, իսկ Ելենա Սերգեևնան ասում էր. «Մի՛ անհանգստացեք, ինձ ոչինչ չի պատահի: Քանի դեռ Միշայի բոլոր գործերը չեն հրատարակվել, ես չեմ մեռնի»: Իսկապես, նա Բուլգակովին (նրա մահից առաջ) նման երդում էր տվել, և Ելենա Սերգեևնային հաջողվեց հասնել այն բանին, որ իր կյանքի ընթացքում Բուլգակովի բոլոր հիմնական գործերը տպագրվեցին:

Միխայիլ Բուլգակովն ու Ելենա Սերգեևնան ունեցել են երջանիկ ժամանակներ: Ելենա Բուլգակովայի՝ այժմ հրատարակված օրագիրը լի է տեղեկություններով ընդունելությունների, ճաշկերույթների, առաջնախաղերի, ռեստորանների և ամերիկյան դեսպանատուն այցերի մասին: Դրանք երեսնականների կեսերն էին, երբ նորից բեմ բարձրացավ «Տուրբինների օրերը», և Միխայիլ Աֆանասևիչին աշխատանքի ընդունեցին ՄԽԱՏ-ում: Ընկերական ճաշկերույթների ժամանակ Բուլգակովների սեղանի ճաշացանկը ջանասեր քննիչների համար նույնիսկ ենթադրությունների առիթ է դարձել, թե… Ելենա Սերգեևնան ԱԱԾ-ի աշխատակից է: Ճիշտ է, նրանք, ովքեր դա գրել էին, խոստովանեցին, որ ապացույցներ չունեն, իսկ շամպայնն ու սաղմո՞նը… Այո՛, նաև ամերիկյան դեսպանատո՜ւնը: Ինչո՞ւ: Չէ՞ որ դա կարող էր լինել միայն ԱԱԾ-ի ջանքերով: Իսկ գործի մեջ դժվարություն չկար, ամեն ինչ պարզ էր, արժեր միայն աչքի անցկացնել այդ ժամանակների մթերքների գները: Շամպայնն ու խավիարը (էլ չասած սաղմոնի մասին) Մոսկվայում այն տարիներին, ինչպես հիսնականներին՝ իմ մանկության ու պատանեկության տարիներին, հասանելի էին միայն միջին խավի ընտանիքներին: Ավելացրած դրան, որ «Տուրբինների օրերը» բեմադրվում էր համարյա ողջ աշխարհով մեկ: Ես ինքս եմ կարդացել ՎՕԿՍ-ի (մշակութային կապերի համաշխարհային ընկերություն) տեղեկանքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ «Տուրբինների օրերը» պիեսը, բացի ԽՍՀՄ-ից, թույլատրվում էր բեմադրության ցանկացած երկրում: Այդ պիեսը բեմադրվել էր Ամերիկայում, այնտեղ խաղացող դերասանները գալիս էին Մոսկվա, և բնական է՝ ցանկանում էին ծանոթանալ հեղինակի հետ: Գումարած դրան, որ ինքը՝ դեսպանը՝ պարոն Բուլլիտը, Բուլգակովի ստեղծագործության երկրպագուն էր, բազմիցս դիտել էր նրա պիեսը ՄԽԱՏ-ում և բանակցություններ էր վարում՝ անգլերեն թարգմանելու «Սուրբ ստրկությունը»: Ու թեև ճարպիկ գործարարները հմտորեն գողանում էին Բուլգակովի արտասահմանյան հոնորարները, այնուամենայնիվ, ինչ-որ փշրանքներ, հիմնականում Բուլգակովի՝ Փարիզում ապրող եղբոր օգնությամբ, հասնում էին դրամատուրգին:

Ելենա Սերգեևնան…Կապույտ քող ոսկե ոլորագծերի վրա, կապույտ վերարկու և անսովոր թեթև քայլվածք: Եվ ահա նա՝ մորթե մուշտակով, կոճակներն արձակած. ես երբեք նրան բոլոր կոճակները կոճկած չեմ տեսել: Այդ մուշտակի պատմությունը հետաքրքիր է:

60-ականների վերջին՝ «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հրատարակումից հետո, Բուլգակովին սկսեցին հրատարակել և բեմադրել համարյա ողջ Եվրոպայով մեկ: Մեր պետությունը, բնականաբար, ոչինչ չվճարեց մեծ գրողի այրուն, մինչդեռ, ըստ սահմանված օրենքի, հեղինակի մահից հետո՝ 25 տարվա ընթացքում, ժառանգները հոնորար ստանալու իրավունք ունեն: Իսկ Բուլգակովին այդ մեկ քառորդ դարի ընթացքում չէին հրատարակել: Ուրիշ երկրներում հասկանալով, որ այրին իրականում չունի ապրելու հնարավորություն, որոշում են անտեսել այդ օրենքը: Այդ կերպ Ելենա Սերգեևնան տարբեր հրատարակչությունների հրավերով, ինչպես և նրանց հաշվին, կարողանում է լինել մի քանի երկրներում, այդ թվում՝ նաև Ֆրանսիայում: Փարիզում կայանում է Բուլգակով երկու եղբայրների այրիների հանդիպումը:

Գրողի ավագ եղբայր Նիկոլայ Աֆանասևիչը վտարանդի էր դարձել դեռևս հեղափոխության և քաղաքացիական կռիվների ալիքի ժամանակ: Եղբայրներն այլևս երբեք չեն հանդիպում, բայց քանի դեռ ողջ էին, գրում էին իրար: Ֆաշիստական շրջափակման տարիներին Նիկոլայ Բուլգակովը հայտնվում է համակենտրոնացման ճամբարում: Լինելով ապագա գիտնական միկրոկենսաբան՝ նա կարողանում է ճամբարում ոչ միայն հայտնագործել, այլև տառացիորեն ոչնչից ստեղծել դեղ՝ փրկելով կյանքեր հարյուրավոր բանտարկյալների, որոնց ինչ-որ մահացու վարակ էր կպել: Ազատագրումից հետո ֆրանսիացիները ռուս գիտնականին վերաբերվում էին համարյա որպես ազգային հերոսի, ինչն այդ ժամանակներում չէր կարելի ասել սեփական հայրենիքում կրտսեր և ոչ պակաս հանճարեղ եղբոր մասին: Եղբայրներն այդպես էլ այս կյանքում չեն հանդիպում, իսկ նրանց կանայք՝ Ելենա և Քսենյա Բուլգակովաներն օրհնյալ վաթսունականների վերջին ծանոթանում են Փարիզում և ըստ Ելենա Սերգեևնայի՝ օրերով չէին կարողանում իրարից բաժանվել: Միասին էլ նրանք մուշտակ են ընտրում Ելենա Սերգեևնայի համար:

Եվ այսպես, Բուլգակովների տունը 30-ականների կեսերին համարվել է Մոսկվայի ամենահյուրընկալ տներից մեկը, և Ելենա Բուլգակովայի օրագրում հյուրերի անվերջանալի հոսքի մասին համարյա ամեն մի գրառում աչքի է զարնում փայլուն անուններով: Այդ տարիներին նրանց տանը մշտապես ճաշկերույթի աղմուկ էր՝ շամպայնի սալյուտով, ձայների թնդյունով և ծիծաղի պայթյունով: Երբ Միխայիլ Բուլգակովը զրկված էր տպագրվելու հնարավորությունից, դա միակ լսարանն էր, որին նա կարող էր հասցեագրել իր ստեղծագործությունները: Եվ միշտ գիշերները, երբ դերասանական հիմնական կազմը ներկայացումներից հետո կարողանում էր հավաքվել, Վարպետն իր ընկերներին կարդում էր այն, ինչը երազում էր տալ բոլորին: Բուլգակովները հաճախակի, միշտ շրջապատված ընկերներով, հայտնվում էին թատերական առաջնախաղերի ժամանակ և ՑԴԼ[8]-ի ակումբում: Ստեղծվել էր խմբի միջուկ, որն այն տարիներին հաճախ և ուրախ շփվում էր:   Նրանց մեջ էին Պյոտր Վիլյամսը կնոջ հետ, Էրդման եղբայրները, Ելենա Սերգեևնայի քույրը՝ Օլգան: Երբեմն նրանց էր միանում Մոսկվայի ամենափայլուն գեղեցկուհիներից մեկը՝ Լյուբով Օռլովան: Բնական է, որ այդ երկու ոչ սովորական կանայք իրենց վրա համընդհանուր ուշադրություն էին սևեռում: Նրանք երկուսն էլ կարողանում էին սիրել, և նրանց կողքին գտնվող տղամարդիկ[9] ոչ միայն պարզապես ամուսիններ էին, այլև մարդիկ, որոնք իրենց ստեղծագործությամբ մտել են համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Ելենա Սերգեևնայի այդ նույն օրագրում կա 1936 թվականի նոյեմբերի 24-ին արված մի հետաքրքիր գրառում. «Ես Վիլյամսների մոտ էի: Այդտեղից խմբով (Լյուբով Օռլովան, Գրիգորի Ալեքսանդրովը, Վիլյամսները, Շեբալինը և ես) գնացինք «Մետրոպոլ»: Ընթրիքի ժամանակ մեր՝  երեք կանանց մեջ վեճ ծագեց, թե մեզնից որ մեկի կյանքն է ամենադժվարը»:

Փոքր-ինչ հեգնալից ու անփույթ նետված արտահայտության հետևում շատ բան է թաքնված: Հիշենք, որ 1936 թվականն էր: Պատմաբանները, գրականագետները, ականատեսները մեկ անգամ չէ, որ նկարագրել են այդ կործանարար ժամանակը: 1935 թվական. Զինովևի և Կամենևի դատավարություն: Հազարավոր ազնվականների Պետերբուրգից աքսորում են: Հողմի պես պտտվում է սև ամպը՝ իր ձագարի մեջ ձգելով կյանքեր ու ճակատագրեր: «Պրավդա»-ն Շոստակովիչի մասին տպագրում է աղմկալից հոդված. «Երաժշտության փոխարեն խառնաշփոթ»: «Խեղճ Շոստակովիչ, ի՜նչ վիճակում է հիմա», – գրում է Ելենա Սերգեևնան. դրանից մի քանի օր առաջ նա Մեծ թատրոնում դիտել էր նրա «Մակբեթ» օպերան»: Առաջնախաղից հետո խումբը գնացել էր ռեստորան. «Գնացինք վարպետների ակումբ: «Լեդի Մակբեթ»-ի դերասանական կազմն ընթրում էր հարևան դահլիճում: Դորոխինը շամպայն էր հյուրասիրում: Հետո մոտեցան Մելիքն ու Շոստակովիչը: Մենք պարում էինք»: Ուրիշ ով, եթե ոչ նա, գիտեր՝ ինչ է ջախջախումը «Պրավդա»-ում: Հենց այդ թերթը 1929 թվականին ոչնչացրեց իր Բուլգակովին՝ սոսկալի «Արտաքին փայլն ու կեղծ բովանդակությունը» վերնագրով հոդվածով ՄԽԱՏ-ում բեմադրվող «Մոլիեր» ներկայացման մասին: Եվ դա, ըստ էության, դարձավ գրողի ողջ ստեղծագործության արգելքը՝ նրան մատնելով աղքատության ու լռության: Բուլգակովը, որին չէին տպագրում և ՄԽԱՏ-ում նույնիսկ որպես բեմի բանվոր աշխատանքի չէին ընդունում, որին «Տուրբինների օրերը» համաշխարհային փառք բերեց, հուսահատության  է մատնվում: Թվում էր՝ ողբերգական ավարտն անխուսափելի է, բայց հանկարծ հնչում է Ստալինի այն ամենանշանավոր զանգը: Հիշում եմ Ելենա Սերգեևնայի ձայնի հնչերանգը, երբ նա նմանակում էր խորհրդային առաջնորդի՝ ողջ աշխարհին հայտնի խոսելաձևը. «Դուք աշխատո՞ւմ եք որևէ տեղ»: «Ինձ անգամ ՄԽԱՏ-ում չեն ընդունում»: «Իսկ Դուք նորից փորձեք»… Եվ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, զանգում են թատրոնից ու հրավիրում աշխատանքի, և նորից բեմադրվում է «Տուրբինների օրերը»: Եվ նորից գլուխը վեր է բարձրացնում «կարմրահեր Ելենան», և տանը աղմկում են շամպայնի խցանները, ու աղքատ Վարպետը նորից ապրել է սկսում: Պատմելով այդ իրադարձությունների մասին՝ Ելենա Սերգեևնան տարածում էր ձեռքերը, և նրա թևերից փայլելով սահում էր կապույտ մետաքսը: «Ես պաշտում եմ Ստալինին: Նա փրկե՜ց Միշային», – բացականչում էր նա… Ա՜խ, այդ կանացի տրամաբանությունը…

Սակայն վերադառնանք Բուլգակովների այն ժամանակվա՝ երեսնականների կեսերի աշխարհիկ կյանքի «արտաքին փայլին», երբ շատերը թաքուն հիացմունքով և ոչ առանց նախանձի հետևում էին այդ հայտնի ու գեղեցիկ խմբին: Անշո՜ւշտ: Ինքը՝ Օռլովա՜ն, և Բուլգակովի կի՜նը: Ֆրանսիական օծանելիք բուրելով, բարձրակրունկներով, թվում է, նրբագեղ ու հեշտությամբ նրանք քայլում էին իրենց ճակատագրի ճանապարհով: Նրանք իրենց ամուսինների հիացմունքի առարկան էին, նրանց աննկուն հենարանը: Զուր չէ, որ երկու հանճարեղ գրողներ նրանց անունը վհուկ են դրել: Գորկին «Ուրախ տղաները» դիտելուց հետո գովել է երիտասարդ դերասանուհուն Անյուտայի դերում և ասել, որ նա «իսկական վհուկ է, որովհետև ամեն ինչ կարողանում է»: Մարգարիտային, որին գրողը պատկերել է՝ նկատի ունենալով սիրելի կնոջը, Բուլգակովը դարձնում է վհուկ, որը թռչում է երկրի վրայով՝ գտնելու, փրկելու և պահպանելու իր սերը: Սակայն, այնուամենայնիվ, ինչո՞ւ վհուկներ և ոչ թե ոգիներ. չէ՞ որ նրանք անդիմադրելի կանացի են և լի հաղթական գեղեցկությամբ: Իսկ հիշո՞ւմ եք՝ ամուսնուն ինչ էր գրել Մարգարիտան գրության մեջ, երբ  ընդմիշտ լքում էր նրան. «Ինձ պատած վշտից ու փորձանքներից ես վհուկ դարձա»:

Եվ իսկապես, կան կանացի բնավորություններ, որոնք ոչ կանացի ուժով ու տոկունությամբ  կարողանում են թույլ չտալ ճակատագրին խաթարելու իրենց տրված մարդկային գեղեցկության պատկերը: Ահա այդպիսի բնավորություն ուներ նաև Ելենա Սերգեևնան: Եվ ես չեմ կարող չհիշել Ախմատովայի՝ նրան  նվիրած տողերը.

         Վերնատանն այս մինչ իմ հայտնվելը

         Մենակ ապրել է մի կախարդուհի ,

          Շողքը նրա երևում է

          Նախօրեին լիալուսնի[10]

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մեսրոպյանի

 

[1]Լյուբով Օռլովա (1902-1975), ռուս խորհրդային դերասանուհի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի:

[2]  Սվյատոսլավ  Ռիխտեր (1915-1997),  ռուս դաշնակահար:

[3]  Աննա  Ախմատովա (1889-1966),  ռուս բանաստեղծուհի:

[4]  Վլադիսլավ  Դվորժեցկի (1939-1978),  Խլուդովի դերակատարը «Վազք»  ֆիլմում (1970):

[5]  Պավել Պոպով (1892-1964), գրականագետ, փիլիսոփայության պատմաբան, Մ.Բուլգակովի ընկերն ու առաջին կենսագիրը, Լև Տոլստոյի թոռնուհու՝ Աննա Իլյինիչնայի ամուսինը:

[6]Նյարդաթուլագարություն(բժշկ.)

[7]Հայրենական մեծ պատերազմի ժամանակ  նրանք միասին էվակուացվել էին Տաշքենդ:

[8]Գրողների  կենտրոնական տուն (центральный  дом литераторов):

[9]Ռուս  հայտնի ռեժիսոր  Գրիգորի Ալեքսանդրովը Լյուբով Օռլովայի ամուսինն էր:

[10]Մեծ հայրենականի տարիներին Ելենա Բուլգկովան, ինչպես և Աննա Ախմատովան, էվակուացվել  են Տաշքենդ և ապրել առանձին հանրակացարաններում՝ Աննա Ախմատովան՝ Կառլ Մաքս 7 հասցեում, Ելենա Բուլգակովան՝ Ժուկովսկու 54-ում: Բուլգակովայի մեկնումից հետո (1943 –ի ապրիլին) Ախմատովան տեղափոխվում է ապրելու Ելենա Բուլգակովայի նախկին սենյակում և գրում է նրան նվիրված  «Տիրուհին» բանաստեղծությունը:(Թարգմ.՝ տողացի):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *