Չարլզ Բուկովսկի | Կարապները մեռնում են գարնանը

Տխրություններ, պարեք ինձ հետ…
Դռնազուրկ տներում ապրող խենթեր,
Սեր ու երգ քարոզող բորոտներ,
Երկինքը գծագրող գորտեր:
Տխուր օրեր, պարեք ինձ հետ…
Կեղծող մատներ,
Հին տարիներ,
Օգտագործված գրքեր,
Օգտագործված մարդիկ,
Օգտագործված ծաղիկներ,
Օգտագործված սեր…
Ես Ձեր կարիքն ունեմ:
Ես Ձեր կարիքն ունեմ:
Ես Ձեր կարիքն ունեմ…
Փախչել են բոլորը,
Ինչպես ձի կամ շուն,
Մեռած ու կորած:
Անմոռանալի…

***

Ես զբոսնում էի Հոլիվուդում:
Ու մի մեծ սպիտակ շուն
Զբոսնում էր ինձ հետ’
Հավասար քայլքով:
Երկուսս էլ կանգ առանք:
Նա ինձ ժպտաց:
Հետո մտա խանութ,
Երբ դուրս եկա’ նա չկար:
Հրաշալի սպիտակ շունը’
Մեծ կապույտ աչքերով,
Գռմռացող դեմքով,
Բայց լուռ լեզվով’
Լքել էր ինձ…

Ամեն ինչ ենք հեշտ կորցնում:
Ոչինչ չենք կարող պահել հավերժ:

Ու ես տխրեցի:
Ես տխրեցի…

Այդ շունը ինձ սիրում էր,
Ու վստահում էր,
Իսկ ես
Թույլ տվեցի,
Որ
Հեռանա…

 

***

Երբ զենքերը քո դեմ են ուղղված,
Երբ ձայները ծաղրում են քեզ,
Երբ երազդ շղթայված է’
Լավագույն գիշերն է կռվելու համար:

Երբ պատճառը սկիզբ է առնում,
Երբ մռայլությունն է պատում քեզ’
Լավագույն գիշերն է կռվելու համար:

Երբ հիմարների ծիծաղը օդն է լցնում,
Երբ մահվան համբույրն ու սերը շփոթում ես’
Լավագույն գիշերն է կռվելու համար:

Երբ խաղը կանխորոշվում է,
Երբ ամբոխը արյունդ է տենչում’
Լավագույն գիշերն է կռվելու համար:

Այս գիշերվա պես,
Երբ գլխիդ հազարավոր առնետներին ես հալածում,
Երբ կանգնում ես անհնարինի դեմ,
Եւ դառնում երջանկության եղբայրը
Ու առաջ շարժվում
Անկախ ամեն ինչից’
Լավագույն գիշերն է կռվելու համար:

 

***

Կարապները մեռնում են գարնանը:
Եւ այնտեղ նա
Լողում էր մեռած’
Հոսանքին հավասար:
Կիրակի օրը:
Իսկ ես զբոսնելով հետեւում էի
Աստվածներին’ կառքերում,
Շներին ու կանանց’ շուրջբոլորը:
Մահը հասավ կոկորդիս:
Իսկ մարդիկ ծիծաղում
Ու խնջույք էին անում:
Ու ես մեղավոր զգացի
Կարապի համար:
Ու, հիմարի նման, անցա կողքով
Իրենց թողնելով
Չքնաղ կարապիս…

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *