ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Ճշմարիտ լույսի ու գույների առաջ

 

Կարինե Մարտիրոսյան

«… Չէ՞ որ արվեստ արարողին ոչ մի բան 

հեշտությամբ չի տրվում: Նա մարդկության բեռը
թեթևացնելու առաքելությամբ աննկարագրելի
տառապանքներից, անասելի ցավերով ծնում է իր
լուսեղեն գործը, և քանի որ անցած են լինում

հղիության, երկունքի ու ծնունդի խուճապը, նվիրումը
լինում է հեշտ…»:
Ալիս Հովհաննիսյան

 

Բազմաճյուղ ու բազմաբովանդակ իրականությունն է Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր, տերևներ» վեպը:

Մի պահ գործը երևակայորեն կարելի է ընկալել իբրև մեկ հիմնական ճյուղ-բնին հարող և նրանից սկիզբ առնող ճյուղերի հերթագայություն, ճյուղեր, որոնք մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, և մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Մեկ այլ տեսանկյունից էլ՝ վիպական բոլոր ճյուղերը, պայմանականորեն ասված, հանդես են գալիս իբրև ինքնուրույն գոյ, որոնք, վերևում միանալով, ծառայում են մեկ և նույն նպատակին՝ հայրենիքի և ազգի փրկությանը:
Այսպես՝ հայացք անցյալին՝ ներկան ու ապագան ճիշտ գնահատելու նպատակով, հայ ազատագրական՝ հերթական պայքարի ծավալումը, կինը՝ իբրև հայ գենետիկ կոդի պահպանող ու փոխանցող, գրողի փիլիսոփայական մոտեցումները իրականությանը, վեպի ազգային ու համամարդկային արժեքը:
Ինչպես նկատեցինք, վեպն իր ընդգրկումներով առավել քան մեծածավալ է: Իսկ ասելիքը ամենևին էլ չի կարելի կաղապարել մի քանի հարյուր էջի սահմաններում: Գրողը պահպանում է ծավալային սահմանափակումը՝ ի հակակշիռ ասելիքի ծանրությանը:
Վիպական սյուժեի և հերոսների մասին մանրամասն խոսքը մենք կշրջանցենք:
Բնականաբար, վերոհիշյալ բաժանումները զուտ պայմանական բնույթ են կրում. մեր նպատակն է խոսել ամբողջի ամեն մի մասի վերաբերյալ առանձին-առանձին: Ի դեպ, նշված մասերից յուրաքանչյուրը ծավալուն ուսումնասիրության նյութ է:
Ուռհայեցու «Ժամանակագրությունը» և բազմաթիվ այլ երկերի վստահ ու հստակ իմացությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ դարեր առաջվանն ու այսօր դրա արդիականությունը և հետո՝ գրողի հսկայածավալ, բազմաշերտ ու խոր մտածողությունը. առաջին հերթին սրանք են միահյուսվում՝ իբրև վիպակերտման հզոր հատկանիշներ:
Հետաքրքիր ու խորհրդավոր բացահայտումներ է անում հեղինակը՝ մարդու /մանավանդ կնոջ, որին իբրև գենի ի բնե պահապան ու փոխանցող է դիտում/ ներսում նստած ազատության թռչունին /որն այդ տարիներին և, ընդհանրապես, հայ ազգի համար անհրաժեշտություն էր օդ ու ջրի նման/ արթնացնելու, նրան թևատարած երկինք սլանալու վեհ գաղափարը ներշնչելու վերաբերյալ: Ազատություն, երջանկություն, թռիչքի, սլացքի անկաշկանդ, անկասելի պահ. այս երեք գաղափարները հավասարեցվում են, և դա է ճշմարտությունը. մարդկային ոգին միշտ էլ պատրաստ է վեհ թռիչքի, միայն թե խոչընդոտող, կասեցնող կապանքները բազմաթիվ են, թեև, անշուշտ, հաղթահարելի: Ուրեմն, մարդկային երջանկությունը հար իշխողն է այնտեղ, ուր սպասում է թռիչքը՝ մտքի, հոգու և երևակայության: Թռիչքի, նաև մաքրության, հզորության և ինքնահաստատման խորհրդանիշ ու ապացույց՝ «իրենց թևերի հզորությամբ արբած երեք թռչուն արդեն դուրս են եկել խորխորատից, ճախրում են…» տողերը, հիրավի, մեկնաբանության կարիք չունեն. ասելիքն ակնհայտ է: Թռիչքի ու պայքարի ոգու ճախրումների մեջ է մարդկային հոգու վերածնունդը, ինչը, հարկավ, հաջորդում է ամեն մի ցնցումի /բառիս բուն և փոխաբերական իմաստով/: «…Մաքուր օդը մարմիններիս միջով անցկացնելու բժժանքից ոչ թե զգում, այլ տեսնում էինք մեր մեջ հալվող կարծրուկները: Մոտավորապես սկսել էինք գլխի ընկնել, թե ինչ է նկատի ունեցել Աստված ՄԱՐԴ ստեղծելով…»,- սա ազատության՝ ճախրող թռչունի ոգևորվածության ևս մեկ դրսևորում է: Իսկ մեկ այլ դեպքում հեղինակը ազատությունը ամենից վեր է դասում: ֆմիայ,- պատմում է հեղինակը առաջին անգամ «ՀԷ» ընդունելուց հետո զգացածը իմաստավորելիս:
Եվ ընդհանրապես, որքան որ պարզ է դառնում արդեն իսկ ընթերցանության սկզբից, այսպես ասած, կարմիր թելի նման ձգվում է արծաթագույն թելի գաղափարը, ինչը կնոջ /և ընդհանրապես/ մարմնից անգամ գրեթե առանց ցավի պոկվելով ու կծկվելով՝ նրան ազատում է այն ներքին բարդույթներից ու կաշկանդող կապանքներից, ինչը հատկապես բնորոշ է հայ կնոջը. կինը դառնում է կին՝ վերջապես զգալով այդ սեռի ներկայացուցիչ լինելու իրական հաճույքը:
Գրողի ստեղծած պատկերավոր արտահայտությունները անկրկնելիորեն շոշափելի են դարձնում ասելիքը: Հուզիչ, զարհուրելի, սարսռեցնող… տեսարանները վեպում բացառիկ ակնհայտ են՝ նման ֆիլմի ժապավենի ընթացքի՝ իբրև 24 կադր վայրկյանում: Սրանք ուղղակի պատկեր-տեսարաններ են՝ վստահաբար արձակագրի տաղանդի ուժի ևս մեկ արտահայտությունը, սարսափելիորեն հրաշալի բառակերտումներ են, որոնք այսպես անխռով թղթին է հանձնում հեղինակը: Եվ բառակերտ–պատկերակերտ այս մտքերը արժանի են լոկ հիացմունքի:
Ընթերցելիս ունենում ես մեկ այլ զգացողություն ևս, այնպիսին, ինչպիսին ոչ հաճախ է հանդիպում: Սա նախ և առաջ զարմանքի զգացողությունն է՝ կապված հեղինակի մտածողության ոլորանների հետ, ապա և այն վազքը մտքերի, որ սահուն կերպով դառնում է քո մտքերինը՝ միաժամանակ հեղինակինը մնալով: Նաև սա է նպաստում այն զգացողությանը, թե գիրքը հնարավոր է կարդալ մի քանի ժամվա ընթացքում: Մյուս կողմից՝ առկա է մի առանձին հարթություն, որը շոշոփելի է և ավելի բարձր. պետք է գիրքը կարդալ հենց այդ հարթակից՝ գրողի մտքերին հասու լինելու համար: Հեղինակի գրեթե յուրաքանչյուր միտք, թվում է, գալիս է ընթերցողի ներսից. ի՛ր մտքերն են եղել: Այսպես, քիչ թե շատ խորագիտակ մարդուն ժամանակ առ ժամանակ հետաքրքրում է՝ ի՛նչ է եղել ինքը նախկին կյանքում, ո՛վ է եղել, ի՛նչ պայմաններում է ծնվել ու ապրել և, մանավանդ, մահացել /քանզի մահը եղել և մնում է մարդկությանը հետաքրքրող, հավերժ առեղծվածային երևույթներից մեկը, ճիշտ այնպես, ինչպես և կյանքը/: Վեպում անձի երկատվածությունը օգնում է տեսնել երկու աշխարհ՝ անցյալ ու ներկա: Միևնույն ժամանակ առկա է կերպարների վերամարմնավորումը՝ ևս մեկ առեղծվածային երևույթ, երբ, միևնույնն է, պահպանվում է արյան հիշողությունը: Իսկ օգտագործված հնարքը՝ ժամանակի մեքենան և նրա օգնությամբ «շարժումը», «տեղափոխությունը» մի կյանքից մյուսը, ինչպես մի առիթով պարզաբանում է հեղինակը, ժամանակակից արձակին բնորոշ ֆենոմենալ երևույթներից մեկն է:
Նշվածները բոլորն էլ խորքային, այնսահմանային կամ սահմանագլխի հարցադրումներ են, որոնք նույնքան էլ խորքային ու ծավալուն են՝ թե՛ կենսաբանական, թե՛ հոգեբանական և մյուս կողմից էլ՝ նաև արտաժամանակային առումով, ավելին՝ մատերիա-շարժում-տարածություն-ժամանակ կապի տեսանկյունից խոր վերլուծություն են պահանջում: Ու այս շարքին գալիս է ավելանալու նաև գրողի փիլիսոփայական մտքերի մասին խոսքը, մտքեր, որոնք առավել քան ակնհայտ են: Տիրապետելով գիտությունների գիտությանը՝ փիլիսոփայությանը՝ հեղինակը իր մտքերի մոգական շրջանի մեջ, ինչպես ինքն է ասում, սեփական «իշխանության դաշտը», ներքաշում է նաև ընթերցողին, ով, բնականաբար, հաճելիորեն խուսափել չի կարողանում:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ, խառնվելով փաստավավերագրականը /իրական դեպքեր/ ու ֆանտաստիկան, երևակայականը, վեպը դարձրել են միատարր, և այս ամբողջականությունը նրբորեն վերածվել է պարզ ու ճշմարիտ իրականության: Ի դեպ, ինչը չափազանց բնական է, վեպն ամբողջությամբ կրում է գրողի յուրահատուկ մտածողության կնիքը: Գործում վիպական շարադրանքը, օրագրային փաստական նյութը /Արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, պատմագրական նյութ, օրագրությունից բխող ինքնակենսագրական տվյալներ/ միահյուսվում են՝ կազմելով մի հստակ վավերական հենք, որի վրա էլ նրբորեն հյուսվում է ֆանտաստիկան՝ թեև իրականությանը բավականին մոտ տարրերով: Հարց է ծագում. ինչո՞ւ «փորձարկման» համար ընտրվեց կին և ոչ թե տղամարդ: Պատասխանը կարելի է հնչեցնել անմիջապես. նախ՝ երկու սեռերից կինն է առեղծվածայինը, հանելուկայինը, նաև՝ կաշկանդվածը, ներքին մի ուժով բազմաթիվ կապանքներով զսպվածն ու բարդութավորվածը, իսկ մյուս կողմից էլ՝ կինն է գեների կրողն ու փոխանցողը. չէ՞ որ կինը մայրն է՝ ազգի գենոֆոնդը պահպանողը, պաշտպանողն ու փոխանցողը: Հայ կնոջ կերպարին անդրադառնալը գալիս է մեկ անգամ ևս բացահայտելու, որ նրա մեջ միաժամանակ արթուն է թե՛ հպարտության, թե՛ քաջության, թե՛ սիրո, թե՛… տղամարդուն ենթարկվելու գերզգայուն կամքը: Այս և բազմաթիվ այլ հարցեր ծագում ու հասունանում են ստեղծագործությունը կարդալու ընթացքում, իսկ պատասխաններով, հիրավի, արժևորվում է ամբողջ վեպը:
Հայկական զտարյուն գենը կատարելապես հակադրվում է թուրքական արյան քոչվոր հիշողությանը /անգամ գեն էլ չկա, այլ գեթ մեկ-երկու սերնդի թույլ հիշողություն/: Սակայն տեսակի պահպանման տագնապները վեպում մի անգամ չէ, որ հնչում են. պահպանել տեսակը այսօրվա համար չէ, պիտի մտածել վաղվա մասին, բայց, ցավոք, միայն այսօրվա մասին մտածողներն ավելի մեծ բազմություն են կազմում, քան՝ հեռավոր ապագայի. վերջիններիս մտահոգության առարկան «միայն իրե՛նց տեսակը, ու միայն այսօ՛ր պահպանելն» է: Եվ հեղինակի կին հերոսուհին բացվում և ազատվում է կապանքներից այնքան, որ ազատ ճախրանքի ոգևորությունը նրան հասցնում է մարտի դաշտ՝ հանուն հայ գենի, հայ հավատի ու ամեն հայկականի պահպանման, ինչպես եղել է միշտ:
Բոլոր խառնակ ժամանակներին էլ բնորոշ է եղել ժողովրդին գրականությամբ ոգևորելը, ասել է թե՝ դիմելը անցյալի հերոսական դրվագներին: Վեպն այս առումով բացառություն չէ: Գրքի վերջին դրվագները, անշուշտ, ցույց են տալիս, որ նույնանում են ժամանակները: Վեպը հայ ժողովրդի համար բազմաթիվ իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջան է ընդգրկում. հայ ազգային ինքնորոշման իրավունք, Անկախության հանրաքվե ու նաև բազում ցնցումներ: Քսանամյա այս ժամանակաշրջանը, հիրավի, ելակետային ու նաև շրջադարձային էր հայ ժողովրդի համար. երկրաշարժ, ցնցումներ, որ հասարակության ու անհատի մտածողության մեջ խիստ և որակապես նոր փոփոխություններ են մտցնում: Սա նաև այն ժամանակաշրջանն էր, երբ յուրաքանչյուր հայ դարձել էր ակամա «քաղաքագետ» ու «քաղաքական գործիչ»: Այսպիսի կարծիք կա՝ եթե անգամ դու էլ չլինես քաղաքականության մեջ, քաղաքականությունը, անպայման, կգա քո հետևից, և դա պայմանավորված է սոսկ ժամանակաշրջանով ու պահի հրատապությամբ:
Բնության օրենքին համապատասխան՝ տագնապալի իրավիճակ է նաև բնության ներսում, սա նույնպես նյութի մատուցման հետաքրքիր ու մտածված տարբերակ է. ծիծեռնակները խելահեղ ճիչեր են արձակում. «գուցե շատ կարևոր բաներ գիտեն սպառնացող վտանգների մասին»,- այսպես զգուշորեն պատրաստվում է ընթերցողը, թեպետ ներկայացվող ժամանակաշրջանը միայն դարեր անց կընկնի նույն ժողովրդի հիշողության գիրկը:
Համարձակվում ենք ասել, որ գրողի երկը լրիվ փաստավավերագրական է՝ անցյալ-ներկա-ապագա ժամանակային երեք ընդգրկումներով հանդերձ, վկան՝ անցյալից ու ներկայից մեջբերումները՝ պատմության, օրագրության տեսքով, հավելումները, որոնք վերաբերում են ապագային և բերվում են փակագծերում՝ ճիշտ տեղում: Ավելին, սա քաղաքական լուրջ խորքով փաստավավերագրական վեպ է, միայն թե՝ կրկնակի լուրջ «քողարկումներով»: Ժամանակի գրեթե ոչ մի իրադարձություն չի շրջանցել հեղինակը. երևույթները դիտարկվել են ամենայն խորությամբ: Փաստավավերագրականը թերևս սկսվում է 3-րդ գլխից, այսինքն՝ այն հենց կորիզն է վեպի՝ հիմնված հատկապես գրողի օրագրային գրառումների վրա. չէ՞ որ օրագրող նշանակում է վավերագրող. իրականության վկայողն է օրագրողը: Ըստ որում, բնականաբար, իրական են նաև բոլոր հերոսները՝ Արցախյան պատերազմի հերոս, «Անահիտ» ջոկատի լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյան, «Մահապարտների զորագնդի» 5-րդ դասակի փոխհրամանատար Սպարտակ Մաթևոսյան և այլքրական թերթ, 10 մայիսի, 2013թ., հ. 15/: Այլևս ապահովված է փաստականության մյուս կողմը:
Ասում են՝ պատմությունը կրկնվում է, սակայն ամենևին էլ սա չի նշանակում, թե պետք է չանել հետևություններ ուրիշների սխալներից, դասեր քաղել անցյալից: «Եկեք պարզենք, թե ինչ օգուտ կարող ենք քաղել մեր առջև այսպես հրաշքով իր քողը բարձրացրած պատմությունից: …Ի՞նչ է թելադրվում մեզ, երբ պատմությունը կրկնվում է, երբ նույն հայերն են, որ տարբեր ժամանակներում վերածնվում են ու կրկնվում իրենց բնավորություններով, գուցե և ճակատագրերով… Սրանից պե՞տք է հետևություն անել, թե հայերի համար կրկնվելու է մի օր նույն անիական շրջանը, և եթե անգամ արթնանանք թմբիրից և կռվի ելնենք, արդեն ճակատագրով դատապարտված ենք պարտության: Եթե հրաշքով մեր ազատագրական ոգին մի օր հասնի իր գագաթնակետին, ընդհուպ մոտ լինենք հաղթանակին, մեր մեջ լինելու են մի Վեստ Սարգիս, մի Պետրոս Գետադարձ, որ վաճառելու են մեր հայրենիքը»,-սա ամենևին էլ իբրև կանխագուշակություն չի հնչում, այլ գուցե և առաջին հերթին նախազգուշացում՝ հայի ոգին դավաճանությունից զերծ պահելու բարձրաձայն կոչ, սթափության հրաման:
Գործը խիստ նման է ալեկոծվող օվկիանոսի, որը հանկարծակի խաղաղվում է. ամեն ինչ առանց ավելորդ ճիգ ու ջանքի ընկնում է իր սովորական տեղը, ինչին հաջորդում է հարաբերական հանդարտությունը: Բնականաբար, հարաբերական, քանզի… պատմությունը կրկնվում է, ցավոք. ասում են, պարուրաձև և ամեն անգամ գուցե թե մի-մի փաթույթով ավելի բարձր մակարդակի հարթությամբ:
Ծավալվող գործողությունների ընթացքը, մանավանդ, վերջաբանը, խիստ հանելուկային է, սակայն հետզհետե պարզ է դառնում, որ արտաքուստ «փորձախումբը», «նարկոմանիան» և «ՀԷ»-ն «խաբուսիկ» միջոցներ են՝ լոկ ենթատեքստը «թաքցնելու» համար: Այդ տարիներին բոլոր խմբավորումներն ու «մանյաները» միտված էին լոկ մեկ նպատակի ու մեծ գաղափարի՝ հայրենիքի անկախությանը: Հեղինակը նմանության եզրեր է գտնում 11-րդ և 21-րդ դարերի իրադարձությունների միջև /Մոնամախ, Գորբաչով/: Գրողի անցկացրած զուգահեռները ուշադրության են արժանի և հետագայում լուրջ ուսումնասիրության համար առատ նյութ են տալիս, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ պատմական այս շրջանին այսպես ամբողջական ու նաև, որ առավել հետաքրքիր է, վերլուծական անդրադարձը մեզանում դեռևս նորույթ է:
Վեպում առանձին պարբերություններ ասես գիտական հոդված կամ մեկ այլ ուսումնասիրություն են հիշեցնում՝ հատկապես իրենց խորությամբ, մեկնաբանությունների ելակետով, գիտականությամբ ու հաստատուն ասելիքով, պատմությունը մեկնաբանելու՝ արդեն վերծանված բանաձևով: Մյուս կողմից էլ՝ բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հեղինակի՝ կանացի մտածողության փիլիսոփայական խորքը, մտածողությունը, ընդհանրապես: Եվ ոչ միայն. նա այնքան մեծ ներքին ուժ ունի, որ ընթերցողն ակամա ընկնում է այդ «դաշտի» մեջ՝ այլևս սկսելով խորհել նույն հարթությունից:
Ահա և մոտ է վախճանն ու սկիզբը /ծնունդը/ նոր թագավորության /պետության/, որտեղ Ռուբինյանների Ռուբեն իշխանի հայտնվելը բնական է ու, հիրավի, խորհրդանշական: Ֆանտաստիկայի մասին խոսքերն արդեն ավելորդ հավելումներ են. ամեն ինչ պարզ է ու հասկանալի. գաղտնիքը այլևս քողազերծված է:
Ամեն հայկականով հանդերձ՝ վեպը նաև բազում համամարդկային հարցադրումների լայն դաշտ է: Գրողի փիլիսոփայական խոհերը, ի վերջո, դառնում են այնպիսի մտքեր, որոնք համամարդկային հնչեղություն են ստանում: Այդպիսի երկար, գրեթե անվերջանալի շղթա կարելի է գծել: Եթե առկա է հոգու թռիչքը, ապա զուգահեռ հնչում է հակակշիռը՝ հոգու անկատարությունը, որը գոյություն ունի անպայմանորեն, քանի դեռ մարդը «խորշում է ուրիշի տառապանքը տեսնելով»: Անկասկած, այստեղ համամարդկային խորքով արժևորվում է մարդն իր ողջ բնությամբ, մարդը, այն անվերծանելի ու անքննելի էակը, որն այդպես էլ կմնա, քանի դեռ անբացատրելի է ողջ տիեզերքը: Ու ծագում է արդեն տրամաբանորեն հերթական հարցը՝ տիեզե՞րքն է կենտրոնացած մարդ արարածի մեջ, թե՞ մարդը տիեզերքի հյուլեն է միայն, կամ գուցե թե այս ամենը տրվի մեկ արտահայտություն-«եզրույթո՞վ»՝ «մարդ-տիեզերք»:
Ամբողջությամբ առաջին պլան է մղվում այն ամենը, ինչը այդ տարիներին դարձել էր սովորական, բայց, խառնաշփոթից և ժամանակից դուրս, հիրավի, սարսափելիորեն պարսավելի. մարդը խեղանդամ է դառնում Աստծո տված պարզության ու շիտակության դասերի պատճառով /ինչպիսի՜ հեգնանք/, որովհետև ավելի գնահատելի էին դարձել կեղծ արժեքները, նրանք, որոնք միայն նյութական շահին էին վերաբերում, և հարց է ծագում՝ այն ո՞ր խառնակ ու պղտոր ժամանակին չի վերաբերում այս ամենը: Իսկ Արարչի պահանջները մարդկությունից՝ սեր, արդարամտություն, ազնվություն, քաջություն, մաքրություն, միայն այն ամենը, ինչը երբեք էլ լիովին հաջողված չի լինելու, համենայն դեպս, քանի անկատար է ողջ մարդկությունը:
Վեպում ամբողջ էջեր կազմում են գրողի մտքի իններորդ ալիքը, գուցե թե ամբողջ վեպի խորքը: Սրանք հեղինակի փիլիսոփայական մտքի արգասիքն են, որոնք բխում են նրա մտքերի հզոր ընթացքից, կուռ տրամաբանությունից, խորագիտակությունից:
Գիրքն այսքան ընդգրկուն ու ամբողջական դարձնելու, կյանքի կոչելու համար, հիրավի, տարիների տքնաջան աշխատանք է հարկավոր եղել. գրողն ամբողջ գիշերներ է լուսացրել, խորացել է պատմական երկերի ուսումնասիրության մեջ, ուստի և ավելի է իմաստնացել, ամբողջովին լցվել հայ մեծերի վեհությամբ, նրանց հերոսացումն է ոգեկոչել, վեհացել, ոգեշնչվել ու հերոսացել է առաջին հերթին իր հոգին՝ իր գրչի որակներով նույն քայլին մղելով նաև ընթերցողին:
Արձակագիրը այսօր մեր կողքին է երիտասարդական եռուն ավյունով, բայց և մեծ պատմագիր է թվում, երբ արդեն փակում ենք այլևս նրա՛ «Ժամանակագրությունը»: Ինքը՝ գրողը, գրքի առաջաբանում խոստովանանքի պես ասում է. «Այսօրվա դժվարահաճ, հաճախ քմահաճ ընթերցողին եմ ներկայացնում իմ երկա՜ր տարիների աշխատանքը, որ ինձ հետ, մեր ժողովրդի հետ անցավ մեզ վիճակված բոլոր փորձությունների միջով»:
Խոսքն ամփոփենք՝ կրկին դիմելով հեղինակի խորհրդանիշ-մտքերից մեկին. «Մի՛ վախեցեք… Սլացքը մեր բարեկամն է… Անկման ոչ մի վախ… Անկման մի չնչին հոգս կար, որ արդեն անցյալում է…»:

Կարինե Մարտիրոսյան
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտի հայ
գրականության ամբիոնի հայցորդ

Ալիս-Հովհաննիսյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *