Սերան հանդիպումը Սի-Պորտում ժամը վեցին էր նշանակել: Ես եկա վեցին:
Անելիք չունեի. ուզում էի նայել Սի-Պորտը, թրև գալ ավերակների ու ցանկապատերի արանքում: Սերան էլ ասել էր, որ հին նավամատույցում, մարդկանց աչքից հեռու, մի կարմրադրոշ նավ է կառանված:
– Էդուա՛րդ, չգիտեմ` սովետակա՞ն նավ է,– ասաց նա,– բայց դրոշը կարմիր է: Կարող է և չինական լինի…
Ես IRT subwey-ով հասա 14-րդ street ու քայլեցի դեպի ջուրը: 1977-ի աշունը պայծառ էր ու տաք, Մանհեթընի ժողովուրդը դեռ պիջակներով էր վազվզում:
Քողարկվելու և բնապատկերին ձուլվելու համար հագել էի ունեցածս երեք թիկնոցներից ամենակեղտոտը: Սի-Պորտի շրջանն այդ ժամանակներում ամայի էր, անտերության մատնված, նեյտրոնային ռմբահարության ենթարկված քաղաքի պես: Փոս ընկած մայթերից ցցվել էր խոտը: Շենքերը նայում էին փշրված պատուհաններով: Ժամանակից սևացած, գործարանային տիպի շինությունների ներսում անհասկանալի նշանակության հին մեքենաներ ու ձկան արդյունագործական մշակման ժանգոտ տաշտեր էին երևում: Ժամանակին այստեղ աշխույժ ձկնաշուկա էր եղել: 1977-ին այդ թաղամասում նույնիսկ ցերեկով շրջելու համար որոշակի արիություն էր պետք: Կամ էլ խենթություն: Հիմա, մեկ տասնամյակ անց, այնտեղ, ասում են, քաղաքակրթության լույսերն են շողացնում առևտրական կենտրոնն ու ռեստորանների համալիրը, բայց այն ժամանակ միայն ես էի՝ խելագար Սավենկոս, մի քանի ճայ, մի քանի ագռավ ու երկու պուերտոռիկացի խուլիգան, որոնք հին հեծանվով անցնելով՝ կենդանացրին առափը: Ջուրը, մոտիկից նայելիս՝ հեռու ներքևում էր, յուղաբծերով պատված, ծածկված թթված գարշահոտ աղբի մշտական շերտով: Քաղաքային կոյուղու խողովակներն օրուգիշեր այնտեղ էին մղում մարդկային արտաթորանքները: Կարմրադրոշ նավը ճարպկորեն պահ էր մտել սանդուղքների ու անկապ կամուրջների երկաթբետոնե խառնախյուսի ետևը: Օվկիանոսի մակարդակից հրաշալի երևում էր, բայց առափնյա փողոցից, որն այդտեղ բավականին բարձր էր (տակով, նավի մակարդակին, անցնում էր արագընթաց highwey-ը), անհնար էր տեսնել: Ես կռթնեցի բազրիքին ու նայեցի ներքև:
Նավը մեծ չէր: Կարմիր դրոշը ծածանվում էր ծխնելույզի կողքին: Դրոշի վրա նկատեցի Մուրճն ու Մանգաղը: Տարբեր ձևերի բազմաթիվ բարդ ալեհավաքներ շրջապատել էին դրոշը: Ծխնելույզի տակի դռնից դուրս եկավ մուգ կոմբինեզոնով ու ռետինե սապոգներով մի նավաստի: Նայեց վրաս: Ես բարձրացրի ձեռքս ու ողջունեցի: Նա անվրդով նույնով պատասխանեց ու բարձրացնելով ռետինե խողովակը՝ սկսեց ջրել տախտակամածը: Այլևս ինձ չնայեց: Ի՞նչ վեջն էին կրունկներին հասնող կեղտոտ թիկնոցով նյույորքյան շրջմոլիկները: Իր սովետական տարածքում իր համար տախտակամած էր լվանում: Մյուս սովետականներն իրե՞նք էին պահ մտել, թե՞ տերերն էին թաքցրել: Որպես առևտրային բեռնանավ՝ նավը չափազանց փոքր էր: Նաև՝ ցանկացած նավ պետք է անուն ունենա: Սովորաբար նավիրանին է գրվում՝ քթին մոտ: Երկու նավակողերին: Իսկ սրա վրա, չգիտես ինչու, համար էր՝ «G-16»: Տախտակամածին հայտնվեց երկրորդ նավաստին:
Թիկունքից մեքենայի կանգնելու ձայն լսեցի: Մեքենայից իջնելով՝ հասակով մեկ ձգվեց մոխրագույն կոստյումով ինչ-որ տիպ: Երկրորդը ղեկի մոտ էր: Շտկվելով՝ մոխրագույնը եկավ ինձ վրա: Մազերը կարճ խուզած, մարզական կեցվածքով. դեռևս դիմագծերը չտարբերակելով, ընդամենը զսպանակվող ուրվագծից ենթադրեցի՝ կամ քաղաքացիական հագուստով ոստիկան է կամ էլ FBI-ից ինչ-որ մեկը:
– Looking for troubles? ,– ժպտալով ասաց տիպը: Մազերի շիկավուն ոզնի, նեյլոնե վերնաշապիկ, մուգ մոխրագույն փողկապ: Եվ անսպասելի առոգանություն: Ոչ թե կանադական կամ հարավային նահանգների, ինչը բացատրելի կլիներ, այլ օտարերկրյա: Հաստատուն: Ծանոթ:
– Ռուս եք, հա՞,– հարցրի ռուսերեն:
Դրան չէր սպասում: Եթե վայելուչ հագուկապ ունենայի, հաստատ այդպես չէր զարմանա՝ ինձ անմիջապես դասելով Ամերիկա վտարանդվածներին: Բայց նրա առաջ ակնոցին (մի ապակին ճաքած) թափվող գզգզված մազափնջերով ու թիկնոցով մանհեթընյան շրջմոլիկ էր: Յուրատեսակ գլուխգործոց էր մազութի բծերով պատված այդ ասֆալտագույն թիկնոցը… Բա կոշիկնե՜րս՝ մաշված, կոպիտ, վանգոգյան: Տասը միլիոնից մի դեպքում Սովետական Միության մոտակա սահմանից կես երկրագունդ այն կողմ այդպիսի կերպարանքով տոհմակից կգտնես: Նույնիսկ գունատվեց:
– Իսկ ի՞նչ եք անում այստեղ,– շփոթված հարցրեց նա:
Կարծում եմ՝ արդեն փոշմանել էր իր պահվածքի համար, նրա համար, որ առաջինն էր խայթել:
– Ուզեցի սովետական նավը տեսնեմ: Ընկերուհիս անցնելիս նկատել էր: Դրոշը highwey-ից պարզ երևում է: Ի՞նչ է, չի՞ կարելի նայել:
– Կարելի է: Ինչպես այստեղ եք սիրում ասել՝ դուք ազատ երկրում եք ապրում: Նայեք՝ ինչքան ուզում եք: Իսկ դուք ինչո՞ւ եք… ռուս:
– Նախկին,– ասացի ես:
– Դե,– նա արձակեց պիջակի կոճակներն ու մի քիչ քշտեց շալվարը,– այդպես ռուս էլ կմնաք: Կարող եք փոխել բնակության վայրը, բայց արյունը հո՞ միշտ նույնն է: Դուք, ինչ է, հրակա՞ն ռուս եք, թե՞ ռուս ռուս:
– Ռուս ռուս ուկրաինացի,– նրա ոճին հետևելով՝ ասացի ես:
Ժպտաց:
– Իսկ ես այս տաշտակի նավապետն եմ:– Ցույց տվեց նավը:– Հոսպիտալ էի գնացել: Ստամոքսը տապալեց նավաստուս: Վիրահատություն էր պետք: Ստիպված էինք նավահանգիստ վթարային մուտքի թույլտվություն խնդրել: Տեսնո՞ւմ եք՝ ձեր իշխանությունն ինչ տեղ է որոշել կայանման համար:
– Նրանց հետ իմ հարաբերություններն էլ բարդ են,– ասացի ես:– Երեք տարի է այստեղ եմ՝ փաստաթուղթ չեն տալիս: Փետրվարին կանչել էին FBI: Այնպես որ, ոչ ձեր իշխանությունը, ոչ մերը՝ ոչ մեկն էլ իմը չեն:
– Ըստ երևույթին, ձեզ վատ եք պահում:– Նա ծիծաղեց:– Անմիջապես նկատեցի, որ looking for troubles:
Ղեկի մոտ մնացած տիպն այդ ընթացքում մեքենան մոտեցրեց մայթեզրին ու կիպ կանգնեցրեց բազրիքի մոտ:
– Ամերիկացի բարեկամս է,– բացատրեց նավապետը՝ հետևելով հայացքիս:– Հատուկ Բոստոնից եկել է, որ տեսնի ինձ:
– Ինչո՞ւ ձեր նավն անվանում չունի, նավապե՛տ:
– Որովհետև գիտահետազոտական նավ ենք: Երկրաբաշխական: Մի որոշ քանակով ցրված ենք բոլոր լայնություններում, դրա համար էլ նույն խնդիրը լուծողներիս ոչ թե անուններ են տալիս, այլ՝ համարներ:
– Ինչպես լրտեսներին:
– Այո՛, այո՛, մեզ միշտ հենց լրտեսի տեղ էլ դնում են,– ուրախ-ուրախ համաձայնեց նավապետը: Նրա ամերիկացին մեքենայի բեռնախուցն էր խառնշտորում: Նավաստին ներքևում շարունակում էր լվանալ տախտակամածը: Մի զույգ ճայեր ծղրտում էին աշնանային պարզկա երկնքում:– Ասացեք, իսկ ինչո՞ւ եք այդ տեսքով,– ծիծաղեց նա:
– Դասակարգային կապիտալիստական աշխարհում,– սկսեցի միտումնավոր վարժապետական տոնով,– բնակչության մի քանի տոկոսին պատկանում է ազգային հարստության մեծ մասը, իսկ հասարակության ստորին շերտը խղճուկ գոյություն է քարշ տալիս: Հիշեք ռուս բանվորների վիճակը նախքան Մեծ Հոկտեմբերյանը…
– Լուրջ եմ հարցնում,– ասաց նա:– Հետաքրքիր է: Ի՞նչ է, հագուստի փո՞ղ չունեք: Ի դեպ, անունս Դմիտրի է: Դմիտրի Ստրոկով: Իսկ ձե՞ր անունը:
– Էդուարդ Սավենկո:
– Ինչո՞վ եք զբաղվում, Էդուա՛րդ:
– Գործազուրկ եմ:
– Կատակո՞ւմ եք:
Ես չարացա: Միշտ էլ հաստատ իմացել եմ, որ նրանք այնտեղ իրականում սիրում են սրանց: Այսինքն սովետականները թաքուն պաշտում են ամերիկացիներին: Մանավանդ` սրա պես տեխնո-գիտնականները, նավապետները, ինժեներներն ու ակադեմիկոսները: Տեխնիկական առաջընթացի համար, երկնաքերների, համակարգիչների, երկար ավտոմեքենաների ու 27-ալիքանի հեռուստատեսության համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա տեխնո ու գիտնական չլինելով՝ «Masters of the Universe»-ի մեջ տեսնում էի վամպիրների պես երկինք ու երկիր ծծող նախկին չքավորների դաժան ցեղը: Լավատես ու մշտաժպիտ՝ նրանք առաջընթացին նույնքան են հավատում, որքան գերմանացիները՝ պատերազմի նախօրեին, միայն թե գերմանացիները կեղծ բարեպաշտներ չէին:
– Իմ տե՜ղը լինեիք, նավապե՛տ: Իմ հյուրանոցո՜ւմ ապրեիք: Ձախի սենյակում սևամորթ պոռնիկ է կենում, աջից՝ վերջացած հարբեցող: Նպաստը՝ ամսական 278 դոլար, դրանից 160-ը տալիս եմ սենյակին: Դուք կարողանո՞ւմ եք ապրել ամսական 118 դոլարով:
– Ձեզ ո՞վ էր ստիպում մեկնել: Կնստեիք տանը… Որևէ մասնագիտություն ունե՞ք:
– Ոչ մի: Դպրոցում վատ եմ սովորել,– ուզում էի նրան որևէ շատ կոպիտ բան ասել: Եվ արդեն բոլորովին չէի ուզում բացատրել, որ հենց նոր ավարտել եմ առաջին վեպս: Ու նյույորքյան հրատարակիչներին դուր չի եկել իրենց հասարակության մռութն իմ հայելու մեջ:
– Առանց մասնագիտությա՜ն,– ծամծմեց նա,– ուրիշ ի՞նչ եք ուզում: Ցանկացած հասարակության օգտակար անդամներ են պետք:
– Ձեր պես օգտակա՞ր, նավապե՛տ: Դուք, բնականաբար, լավ եք սովորել:– Մոտեցավ նրա ընկերը: Ու պարզվեց` մի բոյի են: Միայն թե նավապետը նիհար էր բոստոնցուց: Սա թմբլիկ-կակուղ էր ու թուխ: Նրանք ոտնեոտ էին անում կողքիս` կես գլուխ ինձնից բարձր:
– Ձեր ընկերը, բնականաբար, ինչպես և դուք օրինակելի աշակե՞րտ է եղել,– խայթեցի ես: Երկու ագռավից ու մի քանի ճայերից բաղկացած տարօրինակ հավաքական ջոկատը կռկռոցով ու ծղրտոցով պտտվեց նրանց գլխին ու թռավ Բաթըրլի-Փարքի ուղղությամբ:
– Դատելով նրանից, որ մի քանի հետաքրքիր գիրք եմ գրել Երկրի մագնիսական դաշտի մասին…,– նավապետը ժպտաց ընկերոջը, բայց նույնիսկ ինձ ներկայացնելու փորձ չարեց ու չթարգմանեց ասածը:
– Ենթադրում եմ, որ ձեր երկուսիդ միջև շատ ավելի ընդհանուր բան կա, քան իմ ու ձեր,– ասացի ես:– Երկուսդ էլ առաջին աշակերտներ եք` վերաճած օգտակար անդամների, իսկ ես վատ աշակերտ եմ` կեղտոտ թիկնոցով: Մենք կարող էինք բարոյախրատական առակի պատկերազարդում լինել: Դուք հասարակության սյուներն եք, ես, այսպես ասած, նրա դժբախտ պատահարը:
– Նավ վերադառնալուս ժամանակն է,– նավապետը, հնարավոր է ձեռքս չսեղմելու համար, ձեռքերը խոթեց գրպանները: Կիսաշրջվեց:– Ցանկանում եմ, որ աշխատանք գտնեք: Եվ ընդհանրապես` հաջողություն…
– Կարող էիք հայրենակցին նավ հրավիրել: Ես կես ժամ ունեմ:
– Չեմ կարող,– ասաց նա:– Բացառվում է: Քաղղեկը կծախի:
– Իսկ նրան կարելի՞ է:
– Նրան կարելի է: Նա միջազգային երկրաբաշխական ընկերության անդամ է և ընդհանրապես` մեր երկրի բարեկամը:
Հասարակության օգտակար անդամները շրջվեցին և առափով մի տասնյակ մետր անցնելով` սկսեցին իջնել դեպի կառանատեղ: Այնտեղ, պարզվում է, սանդուղք կար:
Սերան հայտնվեց տաքսիով, երկու ճամպրուկով ծանրաբեռնված, որոնք լցված էին տեսախցիկներով, օբյեկտիվներով ու ֆիլմերով: Փլատակներում գտանք մեր ուզած շինությունը` երկաթաթերթերով մխած պատուհաններով: Թակեցինք երկաթաթերթով մխած դուռը: Ներսից, պարզվեց, տունը չափազանց աշխույժ էր ու խելահեղ կարմիր: Ե՛վ պատերը, և՛ առաստաղը: Երկու հարկն էլ: Ամբողջ գիշերը Սերան ու «New York School of Visual Art»-ի նրա ընկեր լուսանկարիչներից մի տասը հոգի հղի մոդելներ էին նկարում (մեկի գլուխը սափրած էր), մարիխուանա ծխում, սենդվիչներ ծամում ու գարեջուր խմում: Միջոցառումը կոչվում էր «Photo session»: Հղիները քիչ-քիչ հանվեցին: Նրանց փորերը խաշած սարդելկաներ էին հիշեցնում: Ես, բոլորից շատ ծխած, պտտվում էի այդ սյուռեալիստական քաոսում ու աշխատողներին կպչում նրանց համար իմաստազուրկ հարցով` «Ի՞նչ կրթություն ունես»: Չէ՛, նրանք առաջին աշակերտներ չէին եղել:
Լուսաբացին Սէրայի հետ տաքսիով մեկնելիս վարորդին խնդրեցի առափնյա փողոցով քշել: Նավի տախտակամածին ոչ ոք չկար: Առավոտի զեփյուռն աշխույժ ծփծփացնում էր կարմիր դրոշը:
Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի