Ալեքսանդր Պետրոսյան | Կատարսիս

Հյուրասենյակը փոքր է: Իհարկե ոչ կլաուստրոֆոբիայի հասցնելու աստիճան, այլ տիպիկ ժամանակակից բնակարանների նման, որտեղ խոհանոցն ու ճաշասենյակը իրար մեջ են մխրճված, ու բազմոցները ամենօրյա եփած-թափած ճաշերի յուղի հոտը կլանում են իրենց մեջ: Ու այս փոքր, սահմանափակ ու խեղդող տարածությունն էլ ավելի տաղտկալի է դառնում ջեռուցման բարձրացման հետ զուգահեռ: Արևելյան բաղնիք հիշեցնող այս իրավիճակից միակ փրկությունը պատուհանն է: Ձմռանը հատկապես դրա դերն ու նշանակությունն էլ ավելի է մեծանում, որովհետև պատուհանը ոչ միայն գաղջությունից դեպի փրկության ափ հանող միակ միջոցն է, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու ամենահարմար տեղը: Իսկ առջևում բացվող տեսարանը նյարդային կակաֆոնիա է մեկ պատկերում․ շենքերի տանիքներում օրահացի կռիվ տվող թռչուններ, անդարդուցավ անցորդների սառը հայացքներ, անձրևով միշտ հղի գորշ երկինք ու դիմացի շենքերի պատուհաններից նշմարվող տարօրինակ վարքի տեր ուրվականներ: Եվ մեկ էլ այդ տներից մեկում ապրող սև կատուն: Այս բոլորն ամեն օր գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տաղտուկ օրերից եկող կինոժապավենը: Ո՛չ մի ինտրիգ, ո՛չ մի վարիացիա թեկուզ մանր չափերի, որ կշեղեր բնության այսչափ ձանձրալի միօրինակությունը: Նույնիսկ ամենաէժանագին գավառական թատրոնում տարիներով բեմադրվող միևնույն ներկայացումն օրերից մի օր կփոփոխվի. ասենք գոնե բեմի դեկորը կմաշվի ու կպոկվի։ Բայց այս ժապավենում ամեն բան անխախտ է։ Նույնիսկ կատուն:
Հայտնության սպասումի հույսով անցնող միապաղաղ օրերի միակ լուսավոր կետը կար ու շարունակում է մնալ Վոլֆգանգ Ամադեուսը: Մահկանացուին վայել էժանագին շաղակրատանք պիտի դիտվի նկարագրելու համար այս հողեղենի անհունությունը: Դրա հետ պետք է լուռ համաձայնել: Նույնիսկ մի տեսակ ավելորդ է մարդկային չափումների մեջ առնել տիեզերականի՝ մարդու նյութական հնարավորությունների սահմանից անդին ձգվողի էությունը։ Չափավորությունն ու զսպվածությունը, իսկ առավել ևս լռությունը, անչափ գերադասելի են․ չիմացածի մասին շաղակրատելը խեղկատակի վերածելու մեծ վտանգ է պարունակում։ Երբեմն լռությունն ավելի բովանդակալից է, քան ժամերով ձգվող ճառերն ու անիմաստ արտահայտված բառակույտը: Ափսոս են բառերը, որոնք արտասանվում են անիմաստ, ափսոս է շունչը, որ արտամղում է այդ բառաշարքն ու մաշեցնում սիրտը՝ մի քանի քայլով մոտեցնելով կենդանական ցեղի հավիտյանս կրկնվող շրջապտույտի հերթական հանգրվանին: Մոռացա՝ ափսոս է նաև այն մի կտոր նեյրոնախումբը, որ անհիշատակ ու անվերադարձ կմեռնի անիմաստ ճամարտակողի աննպատակ ձևավորված գանգատուփում: Իսկ Մոցարտը կմնա հավերժ․ ոչ իհարկե մարդկային չափումներով, այլ տիեզերական՝ պարզ, ընկալելի ու անբացատրելի։ Մոցարտը մարդու բարեկամն է։ Մտածել կարելի է, թե որքան բարդ ու գլուխցավեցնող կլիներ այն տեքստը, որ պիտի գրվեր՝ նկարագրելու համար բնության մեջ հանդիպող Մոցարտ երևույթը: Առհասարակ, կենդանական աշխարհի ամենապորտաբույծ տարատեսակներս՝ մենք՝ մարդիկս, սիրում ենք ամեն ինչ պարզեցնել, ամեն ինչ հեշտացնել ու հարմարեցնել մեր կաղապարատուփի գերագնահատված, բայց անչափ համեստ հնարավորություններին: Երբեմն վատ չի ստացվում, ավելին՝ նույնսիկ հանճարեղ ու անգերազանցելի է լինում: Ինչպես օրինակ Աստծո դեպքում:
Մի առիթով Յունգը, թե Ֆրոմն ասել էր՝ Աստված չլիներ էլ, մարդը նրան կստեղծեր։ Մարդու անսպառ ձգտումը՝ ամեն բան հարմարեցնել սեփական մակաբույծական նկրտումներին, պիտի հանգեցներ նման արարչաստեղծման։ Շուրջօրյա ռեժիմով սեփական արարչի քմահաճույքներին ու վավաշոտ ցանկություններին անսալը, խոստովանենք, որ հեշտ գործ չէ։ Նույնիսկ ստրկության վաճառված մահկանացուն կարող է մի օր չդիմանալ՝ պարզապես վերցնել ու մեռնել, կամ ասենք՝ ապստամբել, ինչպես վարվեց Հռոմը տանկնուվրա արած թրակիացին։ Իսկ երկնքի մութ կողմերում հարմար տեղավորված ամենատես աչքն ու ամենահաս ձեռքը ո՛չ հաց ու ջուր են պահանջում ստրուկի պես, ո՛չ ապստամբելու և ինքնասպանվելու առիթ կունենան երբևէ։ Հարաբերություններն այդ գծված են բացառապես արարաչաստեղծ մարդուն հարմար պայմաններով՝ ապաշխարության խոստումով փրկության կորզումից մինչև ինքնախարազանման սպառնալիքով կարեկցանքի շորթում։ Նեղության ժամին մշտապես անփոփոխ հասցեով գանգատվելը, իսկ հաջողության դափնուն ոդիսևսյան մեծամտությամբ տիրանալը ամբարշտացած Ադամի սնափառ ժառանգների հիմնական առօրյան է։
***
Պատուհանն իրոք համը հանում է։ Երևի հյուրասենյակում տապից խեղդվելն ավելի դյուրին է, քան պատուհանից դուրս խորասուզվելը։ Մտքերը գլխում ծնվում ու մեռնում են նույն արագությամբ, ինչ արեգակի վրա պայթյունները: Անհասկանալին, հակասականն ու անիմաստը անհասկանալիորեն, հակասականորեն ու անիմաստորեն անվերջ են պատուհանից դուրս։ Անիմաստը, կասեն՝ խիստ վիճելի է, միգուցե, բայց վեճերը թերևս ճիշտ կլինի կազմակերպել միայն մեկ հարմար վայրում՝ մարդկային հոգու հույզերի դահլիճում, որ հայտնի է որպես ներաշխարհ։ Դրանում կատարվողը մի տեսակ տիեզերքում տեղի ունեցող պայթյուններն է հիշեցնում։ Այն նույն մեծ պայթյունները, որ ստեղծում են նոր համաստեղություններ, մոլորակներ ու հետաքրքիր է, թե էլ ինչեր։
Անհերքելի է մարդու և նրա արարչագործության վայրի միջև կապը (գենետիկ, հոգևոր թե մի ուրիշ բան, էական չէ)։ Ինչպես որ տիեզերքում տեղի ունեցող պայթյուններն են գեղագիտորեն գրավիչ թվում, սակայն իրականության մեջ լինում են նաև կործանարար, նույնկերպ էլ ներմարդկային ալեկոծություններն են լինում կա՛մ ստեղծարար, կա՛մ կործանարար։ Նայած օրվա տրամադրության։ Նայած արևի առկայության կամ բացակայության։ Նայած շրջապատող հայացնքների, նայած ասված բառերի ու լուռ հայացքների։ Նայած նայածի ու չնայածի։
***
Պատուհանը քաշում է հատկապես գիշերը և հիմնավորապես ձմռան սառը ու աստղալից լուռ գիշերներին։ Քնած են բոլորը, նույնիսկ հարևանի կատուն (թեպետ կատվի հարցում կասկածում եմ. սև է): Կյանքը կանգնում է։ Շնչում է միայն հողը։ Չնայած այսքան աննպատակ ու անիմաստ բետոնե ծանրության տակ ինչ շնչելու մասին է խոսքը։ Մի տեսակ ծանր է հողի բեռը։ Ի՞նչ իմանար գլխի գալիքը։ Հերիք չէ չիբանի պես դուրս ցցված լեռներն ու կնճռոտ ձորերը, պսորիազ հիշեցնող անապատներն ու մազաթափված գլխի նման ցանցառ անտառները, մի հատ էլ մարդու սեփական հարմարությանը ծառայող ու սանձարձակ երևակայության արգասիք շենքերը։ Մի տեսակ մարդն իրեն է հարմարեցնում ամեն բան։ Բնությունից եկող անհագ ցանկությու՞նն է՝ հնազանդեցնելու եղբայրակից կենդանական աշխարհը, թե՞ մենության զգացումն է՝ աննպատակ շարունակվող գոյությամբ պայմանավորված։ Մարդկային ծրագրավորումը խաթարման նշաններ է ցույց տալիս։ Կամ պարզապես լոգոսն է խաթարվել։ Միգուցե։ Չգիտեմ։
Անհատակ ջրհորի պես քաշող գիշերների հետ ներդաշնակ է ծուխը։ Մի տեսակ խորհրդավորություն կա ծխի մեջ։ Վայրի ու բնութենամերձ սովորույթներով ապրող աբորիգեն ցեղերի առաջնորդի կողմից մատուցվող ծիսակարգի է նման այն՝ լուսնի հազիվ նշմարվող լույսի ֆոնին։ Դանդաղ պարելով բարձրանում է վեր, գալարվում, խաղեր տալիս ու փորձում է պատրանքը մատուցել իրականի տեղ։ Տհաճ է ծուխը․ խաթարում է գիշերվա մանթրան հազի խաթարող ալիքներով։ Ավելորդությունը խախտում է տիեզերքի հիմքերը, որով գիշերը կարգվել է լռության աղախին։ Լուռ է նաև Մոցարտի նկատմամբ ակնածանքը։ Այս տրիվիալ սիլոգիզմից պետք է հետևեր, որ Մոցարտն ու գիշերը համահունչ են։ Այդպես կլիներ իհարկե, եթե Մոցարտն ու գիշերը լինեին ամենօրյա կրկնվող ժապավենի պես միօրինակ ու կանխատեսելի։ Բայց դրանք ոչ միայն քանդում են միակերպությունը, այլև ներդաշնակորեն արարում են՝ երբեմն միաձուլվելով, իսկ երբեմն էլ դաժանորեն մրցելով ու վիճելով։ Նման դեպքերում գրեթե միշտ հաղթում է Մոցարտը, երբ առավոտվա փրկության ափ է հասնում ու շրխկացնում դուռը գիշերվա հարբած մռթին։
Ամեն ինչ կարգին է։ Արևն ու օժանդակող շողերը օրը պահում են ջերմության վերակենդանացման բաժանմունքում։ Մի քիչ էլ, մի քանի շող էլ ու կարելի է ասել, որ ռեինկարնացիան կայացավ։ Նոր օր, նոր ծնունդ։ Մարդկային ցեղի նոր տառապանքի, արեգակնային ցիֆերբլատի հերթական մի շխկոց։ Պատուհանը, սենյակը, տունը դառնում են ընդամենը մի տարածություն, որ պետք է հաղթահարել, թողնել, հեռանալ։ Վերադարձ կլինի կամա թե ակամա։ Վերադարձ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ տիեզերական ժամացույցի մեխանիզմում ամեն բան գործում է անխաթարության նույն հարաբերականությամբ։ Քանի դեռ գիշերն ու ցերեկը նույն մուկն ու կատուն են խաղում, իսկ գետերի ջրերը գնում ու ինչ-որ տեղ դատարկվում են, որ նորից ու նորից գնան ու բերեն ժամանակի վերջը։ Ու որքան ծիծաղելի կլիներ մշտնջենականության այս դիրքերից դիտել մարդկային տառապանքն ու անխուսափելիորեն վրա հասնող մահը: Մարդկային կյանքի վերջաբանը տիեզերական իրողությունների չափումներով մի աննշան իրադարձությունն է, որ չի հուզում հավիտենականության մղում ունեցող աստղերին ու մոլորակներին, արեգակնային ճառագայթներին, ծովերն ու օվկիանոսներն ալեկոծող քամիներին, հրաբխածին լեռներին և ի վերջո՝ մեռնողին։ Ոչնչության սինդրոմն է մարդուն է ստիպում մտածել, որ Երկիրն ու տիեզերքը պտտվում են իր շուրջ։ Մի յուրատեսակ փոքրության դրսևորում, որ առաջ է բրդում հակասական հզորությունների տեր այս մանրուքին՝ դիմավորել նոր լուսաբացներ և նավարկել ամենօրյա փոթորկալից, բայց լուռ գիշերներում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *