(էնցիկլոպոեմ տուրիստական)
Դե գիդաս,
Մարդ հազար բան է բստրում
Ինքզինքը չատելու
Ու կյանքը շարունակելու համար,
Թե իբր բալիկներ չեն մեռնում անտեղի,
Ու չեն լվացվում մեծիկների ուղեղները,
Ապագան էլ մշուշոտ ու վախենալու չի հեչ:
Դե գիդաս,
Արվեստը հենց էդ առթիվ էլ կա,
Որ գոնե մի պահ կարծենք, թե
Կյանքը իմաստ ունի
Իսկ մահը, ինչ թաքցնեմ,
Հետաձգված է անորոշ ապառնիով:
Դե գիդաս,
Մահից նրանք են խոսում սոսկ,
Որ չունեն դրա փորձառությունը,
Մինչ փորձառուներն ահա
Լռում են կասկածելիորեն։
Թող ողջերը խոսեն ողջերից․
Ո՞վ է էս խոսքերի հեղինակը, չգիտենք,
Քանի որ,
Դե գիդաս,
Հեղինակին սպանեց Ռոլան Բարտը,
Իսկ Ռոլան Բարտին էլ իր հերթին սպանել է
Մեքենայի վարորդը՝1980 թվին,
Ում իր հերթին սպանեց մեր Տերը,
Որ սպանեց 400 հազար մարդ Սիրիայում,
Աբխազիայում ևս մի 15 հազար
Ու, համենային դեպս, Սամաչաբլոյում էլ մի քանի հազարին սպանեց:
Դե գիդաս,
Չարլզ Երկրորդը մահից առաջ ներողություն խնդրեց,
Որ նման անպատեհ պահի է մեռնում,
Դե գիդաս,
Մահվան համար ընդհանրապես հարմար պահ չի լինում:
Տեսնես՝ Չարլզ Երկրորդը իմացա՞վ էդ մասին։
Դե գիդաս,
Մահ ընդհանրապես չկա:
Դա լեզվական խաբկանք է,
Լոկ իրականություն սողոսկած
Ծրագրային էրըր:
Ճիշտ է, մահացության վիճակագրությունը հակառակն է պնդում,
Բայց դա մանյովր է՝
Ուշադրությունը շեղելու սոցիալական ինժեներիա,
Դե գիդաս,
Մահվան պես
Ծիածանն էլ գոյություն չունի,
Ու դու ոչ թե ծիածանն ես տեսնում,
Այլ հայում ես մտքիդ,
Որ ծիածան է պատկերել,
Թեպետ սիրուն է, չէ՞։
Դե գիդաս,
Որոշ մահեր կարող են գեղեցիկ լինել:
Ավելին, ընկերս ասաց, թե
անգամ պե՛տք է, որ գեղեցիկ լինեն:
Նա տանել չէր կարողանում մահերն անդուր՝
Չպլանավորված ու պատահական,
Ասես ոտքդ առնի փողոցում ընկած երեխային։
Նա ինքն էլ շատ սիրուն մեռավ․ ժողովուրդը գոհ էր:
Դե գիդաս,
Բավարարվածությունը երջանկության պատենտ է,
Սա աշխարհն է մեզ դեմ տալիս՝
Իբրև իրական և առաջնային:
Երջանիկ լինելու հրահանգը պիտի՛ վերագրվի:
Իրականությունը պիտի խառնածին լինի:
Մի՞թե դրա համար չենք կանգնած էս անձրևին ու քամուն։
Դե գիդաս,
Հնարավոր է, որ երևան գան նրանք,
Ում դուր չի գալիս մեր սարքած բառդակը,
Բայց մեր լավը չուզողների մասին արդեն հոգ է տարել
Ժողովրդական արտահայտությունը,
Որի փոխարեն բազմակետ են սովորաբար դնում
Պարկեշտ գրողները:
Դե գիդաս,
Բոլոր կետերն իրավունք ունեն
Բազմակետ լինելու,
և խոսողի ու խոսքի միջև առկա բացատը
Ճկուն դադար կառնի հանց համր օձը,
Բայց մի՞թե կփրկի դա մեզ անհարմարից,
Լռությունից՝ բառերով առլի,
Բայց մեկ է, լավ է․
Աբսուրդի տրամ կսերմանի,
Իբրև նախընտրական գովազդը ֆիլմի կեսերում,
Որ ոչինչ չնշանակելով՝
Չի էլ վնասում առանձնապես։
Դե գիդաս,
Եթե «սեյֆգարդով» լվացվես,
Մաշկդ երեխայի տուտուզի պես փափուկ կլինի,
Իսկ «նոշպա ֆորտե»-ն կօգնի ազատվել սպազմից
(Տես՝ օգտագործման հրահանգը)։
Դե գիդաս,
Սենեկան Լուցիլիուսին գրում էր արտաքին գովազդի մասին․
Նա վրդովված էր այն անվերջ ճղճղոցից,
Որով չարչիները փողոցներն էին չափում՝
Վաճառքի ապրանքների անվանացանկը
բարձրաձայն վանկարկելով:
Անտիկ մարկետինգ,
Ո՞վ կմտածեր։
Դե գիդաս,
Բանաստեղծություններ եմ վաճառում,
Ժողովածուն՝ 99 լարի, 99 թեթրիով,
վրաց պոեզիայի անթոլոգիան էլ հետը՝ իբրև բոնուս:
Պոեզիայի ծնունդը կոլեկտիվի ոգուց:
Դե գիդաս,
Հիմա, երբ գրում եմ էս տողերը,
Մարտի 20-ն է՝ իմ ծննդյան օրը,
Մեկ էլ Օթար Ճիլաձեի,
Հենրիկ Իբսենի,
Դենիել Կորմեի,
Ու Գուջա Մեքվաբիձեի
Ծննդյան օրը
(Ում դեռևս չի հաջողվել
իմ որևէ բանաստեղծության հերոսը դառնալ,
ուստի նրա վրա այլևս կանգ չեմ առնի)։
Ու, ամենակարևորը,
Կորոնավիրուս է աշխարհով մեկ ու
Կարանտին ու
Ինքնամեկուսացում ու
Տնտեսական ճգնաժամ,
Անձնական ճգնաժամն էլ դե կա ու կա,
ու այն ամենը
որ էդքան էլ չի սազում մարտի 20-ին։
Կանգ առավ ակնթարթը, ժամանակը խտացավ,
Կարող ես ձեռք տալ ու ձև բռնել իբր
տրվել ես պահը որսալու երջանիկ պատրանքին։
Դե գիդաս,
Երջանկությունը ներքին հակում ունի մեզ պատելու,
Մեզ տիրելու և վարժեցնելու հանգույն,
Բայց մենք էդքան էլ հեշտ հանձնվողը չենք,
Հմո ես, չէ՞։
Երջանիկները ձանձրալի են,
Բայց ահա ևս մի ձանձրացկոտ մարդ,
Աստվա՛ծ իմ։
Դե գիդաս,
Ձանձրալի գրողներ վրացիներս էլ ունենք,
Բայց մեկ է՝ չստացվեց ձեռք գցել Նոբելյան։
Կարող է մի ուրիշ բան էլ է հարկավոր։ Չգիտեմ։
Դե գիդաս,
Լավ տեքստի մեջ լավ դրած խնդիրը
Կատարելապես կարող է նյութականանալ․
Համսունի «Սովը» կարդալիս կերա երեք խաչապուրի,
Մի աման լոբիո,
Երկու կախեթական շոթի
Ու սոված էի դեռ։
Դե գիդաս,
Աշխարհում միլիարդին մոտ մարդ սովի է մատնված։
Ես դեմ չեմ սովը արգելելուն,
Եվ սա բավականին անմիտ գաղափար է։
Դե գիդաս,
Սովետի խնդիրն էն էր, որ
Ամեն ինչ արգելված էր,
Իսկ ետխորհրդայինինը, որ
պարտադիր է ամեն ինչ,
Օրինակ՝ ընտրություններին գնալը,
Քաղաքացիական պատասխանատվություն ստանձնելը,
Բարոյականության լյառը հառնելն
Ու էնտեղից թարս նայելը,
Պարտադիր է նաև հերոս լինելը,
Դե գոնե շաբաթը մեկ,
Ինչը մի թեթև հոգնեցնող է, բայց վարժվում ես քիչ-քիչ։
Դե գիդաս,
Կան նախկին հերոսներ,
Որ արդեն ոչ ոքի պետք չեն,
Նախկին սիրածներ էլ կան,
Լիովին համոզված եմ։
Դե գիդաս,
Պորտը նախկին բերանն է,
Որով մամայի փորում սնվում էինք մի ժամանակ։
Կարծում եմ էդ փաստն ընդհանրապես չենք արժևորում,
Ինչպես և այլ նախկին բաներ ու նախկինների,
Գրողները լուռ են էս առիթով,
Իսկ Զուրաբ Ծերեթելին էլ չի խոյացնի հսկայական պորտի արձան մի
Որևէ պոետի անվան պողոտայում։
Դե գիդաս,
Նախկին պոետը գիշերներ տքնեց
Միջբառային դադարները գտնելու համար,
Իսկ բառերը նրան հենց էն պահին քաշեցին,
Երբ փոխաբերություններն արդեն լիցքավորել
Ու պատրաստվում էր գնդակոծել ընթերցողին։
Ոչ մեկի վրա հույս դնելու չի։
Դե գիդաս,
90-ականներին հայտնի վրացի գրողը
Իր սիրուհու հետ տեսակի պահպանման հատուկ գործողություն էր անում,
Երբ վերջինիս ամուսինը բռնացրեց,
Ու էդ օրից
Բացառապես էն ժամանակ է հաջողացնում
էս վեհ արարքն իրագործել,
երբ կատաղի ամուսնու գալստյանն է սպասում։
Թշվառ է մարդը,
Ու երբ թշվառ է,
Հասարակ է մարդը
Misera plebs. իսկապես Misera plebs, սիրելինե՛ր,
Առավել ևս որ
«չգիտէք, թէ տանտէրը
– ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին,
աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ» [Մատթ, գլուխ 13]
Ինչն էնքան տխուր է դարձնում էս պատմությունը, որ
Նույնիսկ մի քիչ խնդալու է։
Դե գիդաս,
Եթե մարդը գիտակցի, թե ինքն ինչքան խնդալու է,
Չափը կճանաչի ուրիշներին ձեռ առնելիս։
Ուրեմն եղի՛ր Աստծո նման գթասիրտ,
Բայց ոչ մեկին թույլ չտաս աստվածանալ․
Խաչելություն է առաջացնում։
Դե գիդաս,
Մեկին աստվածացնելը նույնքան անմիտ սովորություն է,
որքան գազով ջերմուկը խումհարի դեմ․
Բան չի փոխում, բայց մեկ է մեջ ես անում
Դե գիդաս,
Կոկա-կոլան որ լավ թափ տաս ու բաղնիքում պզզցնես,
Դեղին տարթը մեկ է չի մաքրվի․
Սա էմպիրիկ եզրահանգում է։
Դե գիդաս,
Էմպիրիկ եզրակացություն է նաև էն, որ
Մարդը կարող է երկար դիմանալ սովին, ջրի ու նույնիսկ սիրո բացակայությանը։
Դե գիդաս,
Սերը տևում է երեք տարի:
Ավելի երկար էլ կարող է տևել, բայց սիրավեպն էդքան է։
Իսկ իր հերթին (սիրա)վեպը ժանր է, որ
հորինվել է տասնհինգերորդ դարում և ձգել է մինչ մեր օրեր:
Վրաստան է մտել քսաներորդում,
Ինչը բնավ էլ լավ նախադեպ չէ։
Միգուցե մասոննե՞րն են խառնվել,
Դրա մասին խոսելու իրավունք ունե՞նք ։
Դե գիդաս,
Դեղին մամուլն ինձ մասոններից ֆինանսավորվող էր անվանում,
Դե գիդաս,
Ես գժվում էի դրանից,
Քանի որ մինչ օրս ապրում եմ ուսքաղաքի գետտոյում,
Որտեղ անգամ վերելակը չի աշխատում
(պիտի խոստովանեմ՝ երբեմն աշխատում է,
Հատկապես Նոր տարվա օրերին,
Համ էլ մենք երկու նոր տարի ունենք, չէ՞,
Ավելի պայծառ՝ վերելակների համար)։
Դե գիդաս,
Սեփական անձի մասին գրելը հնաոճ է արդ,
Ու լոկ անտաղանդ պոետներն են հիմի էս հնարին դիմում՝
Լսարանին հուզելու ու
Սոցիալական կապիտալ կորզելու համար։
Սա կոչվում է աղքատության կապիտալիզացիա:
Դե գիդաս,
Կարող ես աղքատությունդ թանկ ծախել։ Օքսիմորոն․
Էս բառը չգիդա՞ս,
Կասկածելի շատ բան գիդաս։
Դե գիդաս,
«Ո՞վ եմ ես»-ն է միակ փիլիսոփայական հարցը,
Մնացածը՝ մանիպուլյացիա է։
Բայց էդ մեկին էլ թամամ պատասխան չունենք։
Հնարավոր է՝ չդիմանանք։
Գուցե փիլիսոփայությունը թաքցնում է մեզ մեզնից,
Կարելի է ասել, խնայում է մեզ։
Դե գիդաս,
Մեզ մոտ Նոր տարին երկու անգամ է նշվում,
(դրա համար եմ ես էլ երկու անգամ նշում)
Բայց եթե բախտդ չի բերել և վրացի չես,
Կարող ես դիմել մեկ այլ հնարքի․
Նոր տարին նշես Սիդնեյում,
Հետո թռչես Հոնոլուլու,
Որը 12 ժամ հետ է Սիդնեյից:
Էսպես Նոր տարին կնշես երկու անգամ։
Թեպետ շարքային մարդու համար
Մեկ Նոր տարին էլ բավ է։
Դե գիդաս,
Շարքային մարդը 46 քրոմոսոմ ունի,
Իսկ շարքային կարտոֆիլը՝ 48։
Մի՛ շտապեք էվոլյուցիոն եզրակացություններ անել,
Բայց կարտոֆիլը միշտ լավն է՝
Մի քիչ կարմրացրած,
Ռեհանով և անանուխով համեմված,
Սոխով ու տղեմալիով ազնվացրած։
Մարդը միշտ չէ որ լավն է,
Թեկուզ և մի քիչ կարմրացրած լինի։
Դե գիդաս,
Մի քիչի նշանակությունը չափազանցված է,
Բառարանագիրները, կարծում եմ, լոբբինգ են անում այն։
Լա՞վ է որ,- դեմքս շրջում եմ դեպի քարը,- մի քիչ տաղանդավոր գրո՞ղ:
Կամ մի քիչ մեռած մարդ,
Մի քիչ ողջերին դե էլ չասած։
Դե գիդաս,
Սանտա Կլաուսը գոյություն չունի։
Դու կիմանաս։
Էյդպես էլ գիտեի։
Դե գիդաս,
«Երբ կտրվի վերջին ծառը,
վերջին գետը թունավորվի,
Վերջին թռչունը բռնվի,
Դուք կհասկանաք, որ փողը չի ուտվում», – Տատանկա Իյոտակե։
Դե գիդաս,
Իմ հայրենիքը՝
Սպասելով Եվրամիության սուբսիդիաներին,
Սպասում է Համաշխարհային բանկի սուբսիդիաներին՝
Սպասելով ԱՄՆ Կոնգրեսի սուբսիդիաներին,
Սոված երեխաներով լի։
Իրենց ծակ գրպանի
և դատարկ ստամոքսի բարձունքից նայող պոետներով լի,
Քաղաքական գործիչներով լի,
Տոյոտա պրիուսներով և մարդկային վշտերով լի,
Սահմանում է ապրուստի նվազագույն չափը՝ 199 լարի,
Ինչը նույնիսկ ազնիվ շան համար ապրուստի նվազագույն չափ չէ,
Փոխաբերական իմաստով, իհարկե։
Դե գիդաս,
Փոխաբերություններ կան, որ
Պլստացել են որևէ բանաստեղծության մեջ հայտնվելուց,
և դրանք առանձին բառարանի են արժանի,
լեզուն վարժեցնելու համար։
Դե գիդաս,
Լեզվահետքն անկրկնելի է,
Ճիշտ մատնահետքի պես։
Ինչը միգուցե նշանակում է, որ
Յուրաքանչյուր բերանից թռած յուրաքանչուր բառ
Յուրահատուկ է և արժանի է հարգանքի։
Թեպետ կարող է դա էլ չի նշանակում,
Զի գրելու տրամաբանությունը ուր կհասցնի մեզ,
Ոչ ոք չգիտի։
Դե գիդաս,
Ձեռքով գրելիս այլ կերպ եմ մտածում,
Իսկ համակարգչով շարելիս՝ այլ։
Լրիվ նույն միտքը
Լրիվ այլ կերպ է փոխանցվում թղթին
և լրիվ այլ կերպ՝ էկրանին։
(մեդիումի բռնապետություն)։
Դե գիդաս,
Որ պոետներին ամենից շատ գժվեցնում է «Ինչո՞ւ եք գրում» հարցը,
Մի՞թե քաղցկեղ ունեցողին հարցնում են՝ ինչո՞ւ քաղցկեղ ունի։
Դե գիդաս,
Պոեզիան մասնագիտություն չէ,
Հիվանդություն է, փաստացի, պաթոլոգիա
Ու ոչ պակաս մունդառ է,
Քան Կովիդ-19-ը,
Մոլեգին հավատացյալը
Կամ էլեկտրական աթոռը։
Դե գիդաս,
Էլեկտրական աթոռն ատամնաբույժ է հորինել,
Իսկ ատամնացավը՝ մեր Տերը,
Նա է հորինել նաև գլխացավը,
Լյարդի ցավը,
Սրտի ցավը,
Պոչուկի ու
Սուպինատոր մկանի ցավը,
Ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների հետևանքով առաջացած ցավը,
Եվ, իհարկե, երիկամների ցավը։
Դե գիդաս,
Եթե Աստված գոյություն չունենար,
Նրան պիտի հորինեինք,
Եվ քանի որ հորինել ենք,
Ուրեմն գոյություն չունի:
Դե գիդաս,
աստվածություններ ենք դարձել,
Պատրաստվում ենք յուրացնել Մարսը
Իսկ հընթացս չինական գյուղում ինչ-որ մեկը չղջիկ է ուտում,
Ուստի ստիպված երկիրն էլ փակում ենք:
Դե գիդաս,
Մեղք է մարդը,
Նա անգամ ինքն իրեն չի կարող անվանել,
Եվ եթե ինչ-որ մեկը մեզ հարցնի, թե ով ենք մենք,
Ի՞նչ կարող ենք պատասխանել լռելուց,
Կամ տխուր խնդիկից բացի:
Դե գիդաս,
Ծիծաղի ժամանակ
Ավելի շատ թթվածին է մտնում օրգանիզմ,
քան սովորական շնչառության։
Հետևաբար, եկեք՝ ծիծաղենք.
Հահահահահահահահահահա,
Հեհեհեի,
Հեյ,
Հեյ, դու՛ք, արագվեցինե՛ր,
Դե գիդաք,
Քրիսիպոսը հույն ստոիկ փիլիսոփա էր,
Ով, ըստ ավանդույթի,
Էնպես ծիծաղեց իր իսկ կատակի վրա, որ մեռավ․․․ ծիծաղից։
Հեչ ստոիկյան պահվածք չէ։
Դե գիդաք,
Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում,
իսկ
վերջում
Ծիծաղում է
Աստված։
Ծիծաղում է,
Ծիծաղում է,
Մեռնում է
Ծիծաղից։
Ասյա Դարբինյանի և Կարեն Անտաշյանի համաթարգմանությամբ