Շարքում ընդգրկված են բանաստեղծություններ ժամանակակից իրանցի բանաստեղծ Գյարուս Աբդոլմալեքիանի «Մերձավոր Արևելքի եռագրություն. պատերազմ, սեր, մենություն» ժողովածուից:
Աբդոլմալեքիանի պոեզիան խոսում է պատերազմի մասին ոչ թե ռազմաճակատի լեզվով, այլ մարդու ներսում շարունակվող պատերազմի բառերով։ Նրա տեքստերում պատերազմը տեղափոխվում է մարմին, հիշողություն, ժամանակ, իսկ խաղաղությունը հաճախ դառնում է նրա ուշացած արձագանքը։
Այս թարգմանական շարքում փորձ է՝ պահպանելու բնագրի մինիմալիզմը, սառնությունը և լռությամբ խոսելու կերպը։
****
Գիշեր է,
ու նույն պահին
խփում են Բաղդադը,
Դամասկոսն ու ինձ
Նստում եմ բազմոցին,
սեղմում վահանակը,
որ տանջանքներս միացնեմ
Լուրերը ոչինչ չեն ասում իմ մասին։
Լուրերը լուրեր են ասում,
որպեսզի լուրերը թաքցնեն
Գիշեր է,
ու մրջյունները
հողի վիշտն են վերուվար անում
Գիշեր է,
ու դեմքս ավելի շատ նմանվել է պատերազմին
քան մորս
Գիշեր է,
ու աչքերս
Խորրամշահրի ջրափոսերի պես
լցվել են արյունով
Գիշեր է,
ու Նա, որ մութը
հազար մեխերով գամել է երկնքին,
մեզնից ինչի՞ վրեժն է առնում
Գնդակը կպել է զինվորի ձեռքին
գնդակը կպել է զինվորի սրտին,
բայց իմ բաժին գնդակը
անցել է կաշիս
ու կպել մտքիս մի անկյունին.
դրա համար է
բոլոր բանաստեղծություններից արյուն կաթում
Գիշեր է,
ու ամպերը
լուսինն են թաղում երկնքի մեջ
Գիշեր է,
ու ես պիտի
ինչ-որ կետից սկսեմ այս պատմությունը…
****
Մեկը կար
շատերը չկային
Ուրիշ մեկն էլ կար,
որ կար
ու
չկար
Ուրիշ մեկն էլ կար,
որ մի գիշեր
թաքնվել էր թմբի հետևում
ու հիմա ինչքան փնտրում էր,
չէր գտնում իրեն:
Երբ մայրը մեռավ, ծիծաղում էր
Երբ եղբորը ձեռքերի վրա բերին, ծիծաղում էր
Երբ անունն էի հարցնում, ծիծաղում էր
Երբ մայրամուտին
մայրուղին ռմբակոծեցին,
ծիծաղում էր
Դեռ ականջներումս են
նրա ծիծաղի
պատառիկները։
****
Կան հուշեր,
որ էլ ինձ բաց չեն թողնում
կան հուշեր,
որ մեխերով գամվել են գանգիս
Ընկերներս նրան գետնին էին դրել,
որ հրացանները վերցնեին։
Ընկերներս
գնացել էին սահմանի մյուս կողմը՝ մեռնելու
Երեխաները քաշքշում էին իրենց պորտալարերից,
որ լույս աշխարհ չգան
Մենք դեմքներս երկնքին՝ աղոթում էինք,
ու երկնքից
ռումբ էր
թափվում
Եղբայրս ասում էր՝
արի մայրամուտին աղոթենք
չե՞ս տեսել, որ արևն
ամեն առավոտ դուրս է գալիս
միտքը փոխում
ու հետ է դառնում
Գեղեցկությունը վերացել է
ու կանանցից,
տղամարդուց բացի,
ոչինչ չի մնացել
Մենք ամուսնանում ենք տղամարդկանց հետ
ու մեր երեխաները
ծնվում են
մեր ձեռքի սպիներից:
****
Մենք
թափառում ենք փողոցներում
թափառում ենք դեսպանատներում
թափառում ենք սահմաններում
Մենք
փայտի տաշեղների պես
թափառում ենք ծովի վրա
ու նույնիսկ չենք կարողանում խորտակվել:
****
Ընկերս էր զանգել Դամասկոսից
ասում էր՝
արբանյակով Լոնդոնի հարբեցողներին էին ցույց տալիս.
քնելու տեղը փոքր էր:
Նրանք
ապրելու տեղ չունեին,
մենք՝
մեռնելու:
****
Նստել
թղթախաղ եմ խաղում գիշերվա հետ
ու ինչքան հաղթում եմ,
ավելի եմ խավարում:
****
Մարդիկ
գնում են
գնում են
գնում են
ու չեն հեռանում
Ի՞նչ հույսով ենք
նայում ժամացույցներին,
երբ ժամանակը մահվան օգտին է աշխատում:
****
Պատերազմը վերջացել է,
ու հիմա
խաղաղությունն է սպանում մարդուն:
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

