ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ | Ինչպե՞ս է առաջացել լեզուն

Մհեր ԱրշակյանՍիրո մասին ասվել է գրեթե ամեն ինչ:
Որոշ բաներ ասվել են նաեւ պատասխանատվության մասին: Սերն իրականում «Ալեֆն» է (Բորխես), քանի որ կա ամեն ինչում ամեն ինչից առաջ եւ հետո: Սերն ընդգրկում է ամեն ինչ: Իսկ նրա մեջ արդեն մենք ենք` սպանություններով, դավաճանություններով, նախանձով, կեղծիքով, խաբեությամբ, երգ ու պարով, հանդուրժողականության կոչերով, գրքերով եւ այլն: Այսպիսով՝ սերն ընդգրկում է մեզ, մենք որոշ չափով սիրո օրգանիզմն ենք: Բայց ինքնին սեր չկա: Ինչպես չկա ինքնին Տիեզերք: Կա նաեւ ձգողականությունը: Սիրո ձգողականությունը պատասխանատվությունն է: Չկա սեր առանց պատասխանատվության, չկա պատասխանատվություն առանց սիրո: Ես երեխա ունեցա մի ժամանակ, երբ սիրտս արդեն զգայուն էր: Զգայնությունը նահանջ է տղամարդկությունից, քանի որ, ասենք, բացառում է «ատամն ընդ ատաման» կարգախոսը: Զգայնությունը բացառում է վրեժը, բայց նախ եւ առաջ` ատելությունը: Ինչու՞ է այսպես, որովհետեւ չկա մի կենդանի օրգանիզմ, որն իրենով չպայմանավորի մյուսին: Եվ երբ հռչակում ես «ատամն ընդ ատաման», ոչ թե հեռացնում ես ցավող ատամը, այլ անդամահատում ես քեզ, անդամահատում ես Տիեզերքը, հաշմում ես Աստծուն:
Այդպես է նաեւ, երբ ինքնասպան ես լինում: «Ոչ մի մարդ կղզի չէ»,-ասում էր Ջոն Դոնը: Ուրեմն, ոչ թե ես պատասխանատու եմ իմ բալիկի համար, ոչ թե ես սիրում եմ նրան, այլ մենք մեկ ենք: Ընտանիքը, քանի հոգուց էլ որ բաղկացած լինի, մեկի աշխարհն է: Երբ Չարենցն ասում է` ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքականության մեջ է, նկատի ունի, որ փրկությունը «մեկը» լինելու մեջ է: Ես սա հասկացա 2008-ի մարտի 23-ին` Հիսուս Քրիստոսի Հարության օրը, երբ ինձ թվաց, թե իմ բալիկը շնչահեղձ է լինում: Այսինքն, ոչ թե թվաց, այլ այդպես էլ կար: Պարզապես ես դա չտեսա: Ամեն ինչ տեղի էր ունենում ննջասենյակում, կնոջս աչքի առաջ: Նրա վկայությամբ, ինչ-որ պահի աղջիկս նույնիսկ դադարել է կյանքի նշաններ ցույց տալ: Հիշում եմ, որ ոտքերս ծալվեցին, մի կերպ մնացի ոտքի վրա: Ես, ուրեմն, տարիներ առաջ ներկա եմ եղել երկու դիահերձման: Երկուսն էլ նայել եմ առանց աչքս թարթելու: Վերջերս Հանրային հեռուստաընկերությունում աշխատող իմ ընկերուհին ինձ դիահերձման մի արարողության տեսանյութ ուղարկեց հեռախոսով: Մինչեւ վերջ չկարողացա նայել: Ամեն ինչ իմ տեսածի պես էր: Բայց կադրերն ինձ ջլատում էին, ասես պատմում էին մեկի մասին, որին շարունակում են սպանել: Բանն այն է, որ ես արդեն ճանաչում եմ այդ մարդուն, ով էլ որ նա լինի: Նրա մահն ինձ չի հաշմում, ինձ հաշմում է սպանությունը: Եվ ինձանով հաշմվում են մյուսները, աշխարհը, Տիեզերքը, նաեւ` Աստված: Որովհետեւ մարդը սպանությամբ չի դատապարտում իրեն, նա դատապարտում է մնացած ամեն ինչը օրգանիզմին հասցված հարվածով: Այսպիսի բաներ չէր, որ ես մտածում էի իմ դստեր հետ պատահածի առիթով: Խնդիրն այն է, որ ես կորցնում եմ իմ սիրտն այն չափորոշիչներով, որոնցով ապրում են: Տարիներն իմ մեջ հղկեցին մարդկային մի սիրտ, որն այսուհետ առերեսվում է ջլատումներին, այն ամենին, ինչը ջլատում է: Այսինքն, ճանաչում է սերն իբրեւ թիրախ: Ես նրբամիտ չեմ եղել, ես չեմ եղել նուրբ զգացումների ներկայացուցիչ, ոչ մեկին առիթ չեմ տվել իմ առջեւ դատարկելու իր սիրտը, թեպետ թողել եմ ուշադիր ունկնդրի տպավորություն: Ես, մի խոսքով, այլ մարդ էի մինչեւ այն օրը, երբ հասկացա, որ «ոչ մի մարդ կղզի չէ»: Չեմ կարող ասել, թե հատկապես երբ հասկացա դա եւ չէի ասի, թե դա հասկանալուց հետո սիրում եմ բոլոր մարդկանց: Ինձ մյուսների հետ հարազատեցնում է օրգանիզմի ընկալումը: Ոչ մեկն ինքնին մարդ չէ, այսինքն, ոչ մեկն իր դիմացինի բացակայությամբ չի կարող ասել, որ ինքը մարդ է: Որովհետեւ մարդը նախ եւ առաջ արդարացում է, այսինքն, ձգողականություն: Իմ հետագա հայացքը եղել է միայն այդ մտքի հաստատումը: Այդ օրն իմ մեջ չոչնչացրեց քաղաքականությամբ հետաքրքրվելու կիրքը, քաղաքային տրանսպորտում ինձ չսովորեցրեց աթոռ զիջել առաջին պատահած կնոջը, իմ մեջ, մի խոսքով, չվերամարմնավորեց մյուս մարդկանց, որոնց հետ մի եմ: Բայց ես գիտեմ ճշմարտությանը մերձ մի բան, որն ինձ մյուսներին հավասար չի դարձրել: Ճշմարտությունն սկսվում է հայր դառնալուց: Ծնվեց իմ դուստրը: Քիչ է ասել, որ այդ փաստից ես հայր չդարձա: Այսինքն, իմ դուստրն ինձ չծնեց, մենք չպայմանավորեցինք միմյանց: Ավելին, այդ երեխայի հետ կապված իմ առաջին բնազդները հոր բնազդներ չէին: Բայց այն, որ ահա կա մի անպաշտպան էակ, որի գոյության համար պատասխանատու ես, քեզ բոլորովին այլ աշխարհ է տեղափոխում: Դու այլեւս նախկինը չես: Դու Մարդ ես: Իսկ Մարդը անանձնական արարած է, ահա թե ինչու աշխարհի արարումը սկսվում է ոչ թե Ադամից, այլ` Հիսուսից: Այսինքն, փրկությունն է սկսվում նրանից, որովհետեւ արարումը փրկություն է, Նոր մարդու համար այս աշխարհն այլեւս այն չէ: Հիսուսը ծնվեց, որպեսզի մեկ ընտանիք լինելը վերաբերի նաեւ մեզ, ոչ թե ինչ-որ անդրաշխարհային ոլորտներին, որտեղ մեկ լինելն արդեն միմյանց ենթադրող իրականություն չէ: Չկա այլ «մեկ», քան դու եւ քո որդին: Կամ` դուս
տրը: Որովհետեւ Տերը եւ Սուրբ Հոգին մեկ են այլ իրականության մեջ, Որդու ծնունդով նրանք վերակերտեցին Մարդու առաքելությունը, ահա ինչու Հին Կտակարանի իրականությունը նույնքան օրինաչափ է, որքան` Նոր Կտակարանինը: Այս ամենից չարժե ենթադրել, թե պետք է ապրել հատկապես ուրիշի համար: Բավական է, որ այդ ամենը լինի առանց հռչակումի, այսինքն, ուրիշը լինի ինքնին իմաստ, ոչ թե նպատակ: Բավական է, որ ուրիշը լինի քո պատասխանատվության հողը, որում դու ես աճում: Առանց խնամքի, այլ` օրինաչափորեն: Ի՞նչ նպատակ կա այն բանում, որ իմ դուստրը պիտի ապրի: Ոչ մի: Հենց պատասխանատվությունն ընկալեցիր, նպատակը կմեռնի: Նպատակը մարդու մասին չէ, այլ` ուղղության: Ես իմ դստերն առնչվող նպատակներ չունեմ, ունեմ պատասխանատվություն: Իսկ անպատասխանատու լինել չեմ կարող: Պատասխանատվության հակառակը մանկատունն է: Այդ առթիվ ունեցած իմ զգացումներն ամեն ինչ դրեցին իր տեղը: Խնդիրը ոչ թե սերն ու պատասխանատվությունն է, որ ես ունեմ նրա հանդեպ: Խնդիրը նույնիսկ այն պարտավորությունը չէ, որ եթե ինձ տրվել է ծնվելու եւ ապրելու հնարավորություն, ապա միայն նրա համար, որ նույնը վիճակվի Մարիամիկին, եւ ոչ էլ այն է խնդիրը, որ վատ կլինի, եթե ես լինեմ վատ հայր, այլ այն, որ մարդկությունն իր յուրաքանչյուր ծննդի մեջ երբեք չի դադարում լինել մեկ ամբողջական օրգանիզմ: Բոլոր մարդիկ մեկ մարդն են: Այսինքն, աշխարհը մեկ Մարդու հաղթանակի պրոյեկտն է: Համենայնդեպս, այդպիսին ենք մենք Աստծո համար: Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում երեխայի մահը: Այդ մահը ոչնչացնում է ինձ: Բանն այն է, որ ինքնին մարդ չկա: Կա մարդ մնացածի հարաբերությամբ, կա մարդ մնացածի հանդեպ, մնացածի նկատմամբ: Դիցուք, ինքնին կապիկ կա, ինքնին էշ կա, ասենք, էշը չի կարող էշ լինել մյուս էշերի հարաբերությամբ, նա նույնիսկ էշ չի կարող լինել մարդու կամ Աստծո հարաբերությամբ, նա ինքնին էշ է: Նրան վիճակված չէ փրկվել, ասենք, ի տարբերություն մյուս էշի: Մարդուն դա վիճակված է: Այսինքն, նրան վիճակված է փրկելը, նրան վիճակված է ներելը, քանի որ սրանք ֆիզիկական զգացումներ են, այնպես չէ, որ առանձնահատուկ հոգի է պետք ներելու եւ փրկելու համար: Անդրեյ Տարկովսկին համոզված էր, որ այլեւս բոլորին փրկել հնարավոր չէ, բավարար է, որ մարդն ինքն իրեն փրկի: Այո, բավարար է, որ մարդը լինի Հայր: Կամ` Մայր: Որովհետեւ անհրաժեշտաբար Մարդ լինելու ակունքները Արարմունքի մեջ են, ամեն նորածին ենթադրում է, որ կա հույս: Քանի դեռ մարդը ծնվում է, մեր բոլորիս համար միասին վերցրած ոչինչ կորած չէ: Ամեն մարդ ծնվում է այդ ՄԵԿ-ը լինելու բջիջով, բայց ոչ թե ինքը, այլ` իրենով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ամեն մարդ տքնի ոչ թե խաղաղության բարիքների, այլ` պատերազմի արհավիրքների վրա: Ամեն մարդ վճռականությունն է մյուսներին տեսնելու լավագույնին արժանի լինելու մեկ ընդհանուր իրավացիության մեջ: Կարելի է ավելի հեռուն գնալ բառախաղերում` ես չեմ ուզում, որ ինձ ներեն, ես ուզում եմ ապրել ներման անհրաժեշտությունից դուրս, ես չեմ ուզում փրկվել, ես ուզում եմ ապրել փրկության արարքներից դուրս: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը գիտակցաբար ապրի հանուն ինձ, ես ուզում եմ, որ այդպես լինի օրինաչափորեն: Որովհետեւ «ինքնին մարդ չկա» արտահայտությունը ենթադրում է, որ «կա միշտ ուրիշը»: Փորձենք ավելի խորամանկել: Ոչ մարդը մարդ չէ իմ հաշվին: Ես պարզապես կամ: Ես սյունն եմ այն արատների, որոնք խարխլում են իրենք իրենց, բայց ոչ՝ ինձ: Բայց նրանք կենսունակ են իմ հաշվին, չլինեմ ես, չեն լինի նրանք: Ավելի վաղ ասում էի, որ չարիքը հաշմում է ավելի մյուսներին, քան` չարացածին: Հակասություն չկա: Երբ հայհոյում են ինձ, ցույց են տալիս, որ ոչնչացած են հենց հայհոյելու հանդեպ անդիմադրելիությամբ: Ես հաշմված եմ այս ընկալումով, զի ինչու՞ պիտի նա ի վիճակի չլինի չհայհոյելու: Լեւոն Ներսիսյանն ասում էր, որ Յագոն իր միջից էր ստանում թույնը, ոչ թե շնորհիվ Օթելլոյի կամ Դեզդեմոնայի: Յագոն ասում էր` այն չեմ, ինչ-որ կամ: Չարությունն սկսվում է իշխանության ընկալումից: Ի՞նչ է իշխանությունը` արժանիքների գիտակցում: Որտեղի՞ց է առաջանում չարությունը` չգնահատվելուց: Նաեւ` հնազանդության անգիտությունից: Իշխանությունը ծուռ հայելիների աշխարհ է, ոչինչ այնտեղ չի երեւում իր իրական, միակ, ճշմարիտ իմաստով: Ասենք, հնազանդությունը: Ճշմարիտ հնազանդության մեջ պարզ չէ, թե ով է իշխանություն կրողը` տե՞րը, թե ծառան: Իշխանությունը, ասենք, քաղաքական, կամ` այնպիսին, որպիսին մեզանում է, ողջամիտ ոչինչ չունի: Քաղաքական իշխանության առաջին գործը ողջամտությունը կորցնելն է: Դրանից հետո նա սկսում է կառավարել: Ես սկսեցի սիրուց: Բայց այլեւս սիրո մասին չեմ կարող խոսել: Բայց, թերեւս, հնարավոր է ասել` կարելի՞ է հայր լինել որեւէ արժեքից դուրս: Ասենք, կարելի է հայր լինել սեփական որդու նկատմամբ եւ ոչ հայր` մյուսների: Եթե` այո, ապա Հայր Աստված չի եղել: Հայրն սկսվում է սեփական որդուց, բայց հենց այն բանի համար, որպեսզի սկսվի պատասխանատվությունը մյուս որդիների հանդեպ: Այս պատասխանատվության պակասից է, որ աշխարհում առաջացել են բռնապետեր եւ ժողովրդավարներ, հ
ավասարներ եւ անհավասարներ, պատերազմներ եւ խաղաղություններ: Պատասխանատվության պակասից է առաջացել լեզուն, որով անվանել եւ անվանում ենք այն ամենը, ինչի վրա իշխանություն չունենք:

© Մհեր Արշակյան
© Report.am

Share Button

24 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Մհեր ջան ամեն անգամ քեզ կարդալուց ափսոսում եմ, որ շատ չենք շփվում:

  • Սիրանուշ says:

    Մհեր ջան, ողջույն: Արդյոք նկատի ունես, որ լեզուն այն “եւ այլնն” է, որով ուզում ենք ձեւ-ա-կերպել անկառավարելին, անվերջորեն?

  • Flora Asryan says:

    Լեզուն էլ է սեր, ուրեմն նաև` պատասխանատվություն, նաև`պատասխանատվության կրող: Լեզուն պատասխանատու է սիրո, սերը` լեզվի համար: Լեզուն պատասխանատու է նաև հավաքականություն հասկացողության համար, աշխարհի` մեկ մարդու հաղթանակի պրոյեկտ լինելու գաղափարի, մարդու անանձնականության ու արարումի, ասել է թե` փրկության համար:

  • Beatle says:

    Եթե վերցնենք Անտաշատից այս հատվածը .

    Երբ իմաստներն ընկալված են,
    զգացված ու ապրված`
    բառերն աղմուկ են միայն,
    աղմուկը` կիսատություն,
    աղմուկը տառապանք է…

    Հետո կարդանք.

    Պատասխանատվության պակասից է առաջացել լեզուն, որով անվանել եւ անվանում ենք այն ամենը, ինչի վրա իշխանություն չունենք:

    Ուրեմն կարող ենք ենթադրել, որ մարդկային կյանքի բոլոր դժվարությունները հենց խոսքի, բառի, լեզվի պատճառով են: Այստեղից հետևություն` ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՌԱՑԵ’Ք ԲԱՌԵՐԸ:

  • Կարեն Անտաշյան says:

    Երբ էդ գրել եմ, շատ ջահել էի, հիմա միգուցե գրեմ` կա լռության և խոսքի ժամանակը, բայց թե որն է բանաստեղծման կամ խոսքի արդարացումը… դեռ միանշանակ չգիտեմ:

  • Հար Հար says:

    Դժվարությունները լեզվի պատճառով չեն, լեզուն ծագում է անզորությունից: Մարդիկ խոսել են, որպեսզի ինչ-որ կերպ թոթափեն այդ անզորությունը… Իսկ բառերը մոռանալու համար շատ ուշ է… Դրանից բացի, երջանկությունից ավելի կարեւոր բաներ կան: Թե ինչն է կարեւոր, էս հանելուկն իմ կտակն է ձեզ:

  • Beatle says:

    Կարեն ջան Անտաշատից էս տողերը շատ են սրտովս, կարող ա ես դեռ շատ ջահել եմ, դրա համար:)

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Աստված սիրելու տարածություն կա, մարդ սիրելու՝ չկա: Ու որքան մերձ են մարդկային մարմիններն, այնքան համառոտ է հողը եւ օդն էլ համենայնդեպս՝ լի վարակի անտեսանելի մանրէներով:

    Նա մարդացել էր Աստված-մարդ տարածությունը կրճատելու եւ մարդ-մարդ տարածությունն ընդլայնելու համար: Այլապես ինչո՞ւ պետք է ձկնորսներին առաքյալներ դարձներ: Չէ՞ որ Ինքը գիտեր, որ Աստված է, եւ ամենեւին կարիք չուներ վկաների:

    Մհեր ջան, եթե ամբողջ տեքստը հետաքրքրի, SMS-ով E-mail հասցեդ ուղարկիր, ուղարկեմ։

  • Պարոն Պասկևիչյան, իսկ եթե Մհերից բացի այլ հետաքրքրվողներ էլ լինեն, որտե՞ղ կարող են կարդալ: Կանխավ շնորհակալություն:

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Հասմիկ ջան, եթե FB-ով ուղարկեք ձեր հասցեն, կուղարկեմ։ Կարծեմ կաք FB-ում, չէ՞։

  • Սեւանա says:

    ես էլ ուզում. բա ինձ ոնց եք ուղարկում

  • Կամ: Եվ արդեն ուղարկեցի:

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Տպավորություն չստեղծվի, թե թանկացնում եմ ինձ։ Էդ գործը ժամանակին եղել է ՀԵՏՔ-ում, բայց արխիվներում չեմ գտնում։ Որ գտնեի, լինքը կդնեի ու վերջ։ Հիմա ստիպված կապի այլ միջոցներ պիտի փնտրենք։ Ֆեյսբուքը ոնց որ վատ չի, հա՞, դրանով նույնիսկ հեղափոխություն են անում։

  • Սեւանա says:

    bayc yes chkam soc. kayqerum, inch anem?

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Տվեք որեւէ E-mail հասցե, կուղարկեմ։

  • Սեւանա says:

    grigoryansevana@rambler.ru
    Անհամբեր սպասում եմ:

  • Arshaluys Amirjanyan says:

    Լինել մեկ ամբողջական օրգանիզմ նշանակում է հավատալ Համաշխարհային Ոգուն , հավատալ, որ աշխարհում բոլոր մարդիկ էդ Ոգու մասն են, հավատալ որ էդ Ոգին Սերն է, ու որ սկզբում էր Բանը…

  • Սեւանա says:

    Պարոն Պասկեւիչյան…. Կներեք արտահայտությանս համար, մեռա սպասելով: Համ էլ այսօր ասուլիսի եք գնացել, չեք էլ ասել գամ-հիանամ: Լավ անցավ?

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Ո՞ր հասցեով էիք սպասում։

  • Սեւանա says:

    չեկավ

  • Սեւանա says:

    Պարոն Պասկեւիչյան, ես դեռ սպասում եմ

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Նշված հասցեով ուղարկել եմ։ Հետ չի եկել։ Ստուգեք փոստը։

  • Սեւանա says:

    չէ, չի եկել, պարոն Պասկեւիչյան, եթե կարող եք, մեկ անգամ էլ ուղարկեք-grigoryansevana@rambler.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *