Սալար Աբդոհ | Թեհրանի ընդհատակը

-Ինչու՞ ես ուզում իմանալ ձյան մասին։
Գրեթե մեկ տարի չէի տեսել Զիբային, և նա սկսել էր ավելի զգուշավոր վերաբերվել բոլոր նրանց, ովքեր մեկնում էին արտասահման՝ գրելու իրանցիների կյանքի մասին։ Նա դրան անվանում էր վճարովի զբոսաշրջություն։
– Բայց ես միայն ձյան մասին եմ ուզում իմանալ, – ասացի ես:
Այն հիշարժան ձմեռներից մեկն էր: Թեհրանը՝ քաղաք, որ հայտնի չէ իր տեսարժան վայրերի հրաշալիքներով, շաբաթներ շարունակ ծածկված էր թարմ սպիտակ ձյան մշտապես համալրվող կույտերով: Մարդիկ դա ընդունել էին որպես նշան: Տարիներ շարունակ այսպիսի ձյուն չէր եկել: Միգուցե փոփոխությունն օդի մեջ էր: Միգուցե վերջապես ամերիկացիներն էին գալիս: Կամ էլ մոլլաները պարզապես որոշել էին բաց թողնել քաղաքը, քանի դեռ կարող էին: Իհարկե, սա շատ երանելի միտք էր, որը բավական մեծ ծավալներ էր ստացել վերջին քառորդ դարում։ Ամերիկացիները կարող էին մի օր գալ, բայց դժվար թե մոլլաներն այդքան հեշտությամբ հանձնվեին: Իսկ ո՞վ պետք է ասեր, որ բոլորը ցանկանում են՝ մոլլաներն ամեն կերպ հեռանան: Ի վերջո, այն միջավայրը, որտեղից ես ու Զիբան էինք եկել նոր Իրան, ճանաչում էին հիմնականում բացասաբար։ Սա նշանակում էր սահմանափակվել մայրաքաղաքի հյուսիսային հարուստ հատվածներով և միմյանց տներով: Սա նշանակում էր ոչ թե ուղղակի ապստամբություն Իսլամական Հանրապետության դեմ, այլ անփույթ արհամարհանք նրա հանդեպ․ այն, որը թույլ է տալիս հարմարավետորեն պարփակվել՝ գոյություն ունենալով ճահճացած կյանքից լիովին կտրված: Քանի որ Թեհրանի երթևեկը այդ վայրը հենց այդպիսին է դարձրել․ ճահիճ, որտեղ շարժումը չափազանց դժվար է. մարդն ուղղակի դանդաղ է շարժվում։ Ութ օրով մնալուս հազիվ երկրորդ օրվանից արդեն զգում էի մեջս սողոսկող բոլորովին ծանոթ թամբալությունը։ Ի սկզբանե, սպասելով համալսարանիս ամառային հետազոտական դրամաշնորհին՝ Նյու Յորքից մեկնել էի ուսումնական տարվա կեսին՝ որոշ նախնական պատկերացումներ ստանալու ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման նկատմամբ Իրանի վերաբերմունքի մասին: Կարծում էի, որ ձյան գաղափարը, և այն, ինչ կանխագուշակում էր, հավանաբար այս թեմայի մեջ մտնելու խելացի տարբերակ կլիներ։ Բայց գաղափարն արդեն սպառել էր ինձ, քանի որ Թեհրանում էի: Ես չէի կարող որևէ լուրջ հետազոտություն սկսել, եթե չմեկնեի մարզեր, իսկ ութ օրը պարզապես բավարար չէր նման աշխատանքի համար։ Ես ստիպված էի հետ վերադառնալ ամռանը՝ հույսով, որ որ դեռ որևէ ներխուժում տեղի չի ունեցել, կամ գուցե ստիպված լինեմ հրաժարվել դրամաշնորհի գումարից:
Միևնույն ժամանակ փնտրեցի Զիբային, որը Իրան վերադառնալուց հետո գրեթե միշտ վատ տրամադրություն ուներ։ Սակայն վատ տրամադրություն ունենալը շքեղություն էր, որն իրեն կարող էր թույլ տալ իմ ընկերը։ Նա ուներ ամերիկյան անձնագիր և կարող էր թռչել Միացյալ Նահանգներ, երբ Թեհրանում կյանքը չափազանց անտանելի դառնար: Ես ուզում էի դա մատնանշել նրան: Ենթադրում եմ, որ նաև ցանկանում էի ինչ-որ կերպ ապացուցել, որ չեմ եկել պարզապես տարաշխարհիկ, սգո պատմվածքներ գրելու Արևելքի կամ ահաբեկիչների կամ իսլամի մասին: Նրան հարցրի՝ իր համար ինչպես էր այս օրերին աշխատելը իրանական կինոինդուստրիայում։ Նա թոթվեց ուսերը․
– Ինչպես ամեն ինչ, դա էլ է տեսիլք։
Երբ հարցրեցի, թե ինչ նկատի ունի դրանով, իր բարակ մատները տարավ շագանակագույն ներկած մազերը՝ ավելի անորոշ մի բան ասելով․
– Ձյան նման է․ էսօր այստեղ է, վաղը արդեն գնացել է։
– Ի՞նչ նկատի ունես։
– Էստեղ ոչ մի բանի մեջ չես կարող խրվել,- ասաց նա՝ հանկարծ անցնելով անգլերենի: – Ես կարող եմ ֆիլմ նկարել, և գրաքննիչները կարող են հավանություն տալ դրան։ Հաջորդ տարի կարող եմ նույն ֆիլմը նկարել, իսկ նրանք հավանության չարժանացնեն։ Դա նման է օդում քայլելուն։ Իրականում այն, ինչին նման է, ձյունն է։ Եվ դու չես կարող տուն կառուցել ձյունից։

Հույս կտրելով Զիբայից՝ հաջորդ առավոտ զանգահարեցի Նինային, որը նախքան հեռախոսն անմիջապես կդներ, նյարդայնացած հարցրեց այն տան համարը, ուր մնում էի։ Նինան Նահանգներից վերադարձած ևս մեկն էր, որ փորձում էր հետ պահանջել բազմաթիվ ունեցվածքներ, որը հեղափոխությունը խլել էր իր ընտանիքից։ Սա նշանակում էր, որ իր կյանքի վերջին յոթ տարիները նա հիմնականում անցկացրել էր իր իսկ պոչի հետևից վազ տալով, մի խառնաշփոթ ինտրիգից մյուսին անցնելով՝ որևէ կերպ չմոտենալով իր ընտանիքի կորուստների փոխհատուցմանը։
– Ես հիմա հագուստ եմ ներմուծում,- ասաց, երբ վերջապես զանգահարեց։ – Ըստ ամենայնի, այն տղամարդը, ում հետ նա ներմուծում էր արել, «ծանր» դեմք էր կառավարությունում: Այդ մարդուն պետք էին Նինայի լեզվական կարողությունները արտասահմանյան բիզնեսի համար, իսկ Նինային՝ նրա փողերն ու շփումները: Նրանք սիղե (ժամանակավոր ամուսնության պայմանագիր) էին կնքել, որպեսզի կարողանային իրար հետ լինել։ – Նրան թվում է, թե դեռ կրոնական է։ Ահա թե ինչու չեմ կարող հետդ խոսել իմ տնից։ – Դադար եղավ, հետո հոգոց հանելով ասաց․ – Մեռնելու չափ ձանձրանում եմ էդ տղայից։ Վերջին երեք ամսվա ընթացքում մի խնջույքի չեմ եղել։ Ես նրան բացատրեցի, որ հենց դրա համար եմ զանգահարել: Ես խնջույքի կարիք ունեի։ – Ի՞նչ խնջույք։ Հետազոտությա՞ն։
– Ո՛չ,- ասացի ես՝ շրջանցելով դրամաշնորհի իմ առաջարկը և ձյան թեման, փոխարենը պատմելով նրան իմ հարազատի հյուրասենյակի մասին, ուր հյուրընկալվել էի մեկ շաբաթով: Այդ հյուրասենյակում հեռուստացույց կար: Եվ անցած երկու օրերին ես մտածում էի, որ այս հեռուստատեսությունը, որը գրեթե միշտ միացված էր, նվիրված էր միայն պոռնոգրաֆիային: Դա ինքնին նորություն չէր․ ալեհավաքների թաքնված ափսեների միջոցով շատ ընտանիքներ այժմ կարող են դիտել եվրոպական արգելված արբանյակային ալիքների ամբողջ տեսականին: Բայց այն, ինչ առավոտյան ինձ շոկի ենթարկեց, հետևյալն էր․ քսանվեց դյույմանոց էկրանին թեժ կունիլինգուս, իսկ բավական բարեպաշտ արտաքին ունեցող մաքրուհին հանդարտ զբաղված էր հյուրասենյակի հատակը մաքրելու իր գործով, կարծես ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունենում նրա աշխատանքային տարածքում: Եվ գուցե այդպես չէր․ միայն թե սա դեռ Իսլամական Հանրապետությունն էր, իսկ մի կողմից ծածկված տիկնոջ, մյուս կողմից պոռնոգրաֆիայի համադրությունն իմ աչքին մի փոքր ֆանտաստիկ թվաց:
– Եվ ի՞նչ,- իմ ասածներին արձագանքեց Նինան։ – Եթե Հազար և մեկ գիշեր ես ուզում, մի՛ տանջվիր այն կարդալով․ պարզապես արի Թեհրան և կտեսնես այն, ինչ պետք է։
Նրան ասացի, որ այդ Հազար և մեկ գիշերի ամբողջ համեմատությունն արդեն սպառված է։ Թեհրանի մռայլ գիշերների դյութիչ ռոմանտիզացիա: Ինձ դա չէր հետաքրքրում: Ինձ հետաքրքրում էր այն, թե ինչպես էր այն Իրանը, ուր ապրում էին իմ հարազատները, այնքան հեռացած թվում մաքրուհու Իրանից, որը տեսել էի այդ առավոտ։ Բացառիկ կյանքեր՝ վերացական և միմյանց համար անտեսանելի: Եվ եթե ամերիկացիները ցանկանային մի օր ներխուժել այս վայրը, այս կերպարներից ո՞ւմ էին լսելու: Նրանց կարծիքով՝ ո՞ր մեկն էր ներկայացնում իրական Իրանը:

Ես կասկած չունեի, որ Նինան գիտեր բոլոր խնջույքների հավաքատեղիները, թեպետ այդ ժամանակ կապված էր քաղաքական արգելքներով ապրող «կրոնական տղայի» հետ։ Իսկ երբ փնթփնթաց՝ ասելով, որ երեք ամսվա ընթացքում ոչ մի երեկույթի չի գնացել, իրականում նկատի ուներ, թե որքան հուսահատորեն էր կտրված իր քաղաքի զարկերակից: Ինչո՞ւ: Որովհետև մի երկրում, որտեղ հաճույքի հանրային ցուցադրումը ոչ միայն ընդունելության չի արժանանում, այլև պատժվում է, կյանքը փակ դռների հետևում կարող է դառնալ որոշակի բովանդակություն ունեցող միակը։ Զգում էի, որ ինձ անհրաժեշտ էր պատկերացում կազմել այդ փակ դռներից անդին, քանի որ, ինչպես ազգականիս ապօրինի ալեհավաքը, դրանք այլընտրանքային հարթությամբ ներկայացնում էին Իրանի մայրաքաղաքի սիրտը։
Ուստի ես սպասեցի։ Նինան ասել էր, որ ինձ հետ կկապվի այն ժամանակ, հենց ինչ-որ ոգևորող բան իմանա։ Բայց մեկ ամբողջ օր ու գիշեր սպասելուց հետո ես սկսեցի անհանգստանալ՝ չլինի Նինան էլ է Զիբայի պես որոշել, որ ինքը կուշտ է մարդկանցից, որոնք իրեն իջեցրել են քաղաք՝ որպեսզի մի փոքր էքսկուրս կատարեն և հոդված գրեն։
Այնուամենայնիվ, զանգը վերջապես հնչեց։ «Հեռախոսային տաքսի» ծառայության միջոցով ես պետք է գնայի Շահրաք-է Ղարբ թաղամասի ծաղկի խանութ: Այնտեղ պետք է փողոցում սպասեի մեքենային։ Պարզվեց, որ իմ մեքենան սպիտակ Պեժո էր, որի հետնամասը զբաղեցրել էր մի երիտասարդ, իսկ երկուսն էլ առջևում էին: Նրանք ուրախ ընկերակիցներ էին, որոնք բարեհամբույր կերպով խնդրեցին ինձ փոքր-ինչ կախել գլուխս, ինչպես պատանդը, և չնայել վեր, քանի դեռ իրենք չեն ասել, որ կարող եմ։ Տասնուկես րոպե անց մենք երեքով, առանց վարորդի, իջանք մեծ, դեղին աղյուսով տան դիմաց։ Նախկինում ես Թեհրանում եղել էի երեկույթների և սկզբում չէի հասկանում այդ ամբողջ հուզումը։ Տղաներից մեկից հարցրի՝ ինչու ենք երեկույթի գնում ցերեկվա մեկին, և նա գաղտու հասկացրեց, որ այս երեկույթն արդեն երրորդ օրն է, և հավանաբար երկու օր էլ կտևի։ Ներսում անցանք նեղ միջանցքներով և մի կողմ քաշեցինք շարժական պատերը: Շարունակում էինք իջնել՝ անցնելով խավար նկուղով, շրջանցելով այն, ինչ կարծես տնային զուգարան լիներ, բայց գետնի հսկայական անցք էր: Երբ նույն ուղեկցորդից հարցրի՝ ինչու ենք փողոցի մակարդակից այդքան իջնում, նա ծիծաղեց և ասաց, որ, հակառակ այս աշխարհի մյուս քաղաքների, Թեհրանում ոչ թե առնետները, այլ մարդիկ էին ապրում ընդհատակում։ Հետո նա բացեց մի դուռ, և ես հասկացա:

Հնարամիտ մեկն իր տանը արևմտյան տիպի բարի կրկնօրինակ էր ստեղծել։ Բարի տարածքն ինքնին այդքան էլ մեծ չէր, բայց զարմանալիորեն լիքն էր: Պատերը ներկված էին գորշավուն գեղեցիկ գույնով, իսկ թղթե չինական լապտերները մթեցրել էին լույսը։ Սեղանիկի վրա կոկիկ դրված էին օղու, ռոմի, ջինի ու վիսկի շարքերը․ կարծես վերցված լինեին բարի հետ աշխատելու կանոնագրքից։ Բարմենը բարձրահասակ, գրավիչ երիտասարդ կին էր՝ այտերին բաց պեպեններ, որն առիթը բաց չթողեց՝ ինձ պատմելու, թե ինչպես է վեց տարի ապրել Ֆրանկֆուրտում և Լոս Անջելեսում, նախքան որոշում կկայացներ վերադառնալ Թեհրան և իրական գումար վաստակել։
– Զզվել էի հարկերից ու վարկային քարտերի հաշիվներից:
– Տղամարդիկ ձեզ էստեղ չե՞ն անհանգստացնում։
– Ոչ էնքան, ինչքան Լոս Անջելեսում։
Ինչևէ, այնտեղ այդքան տղամարդ չկար։ Ես հասկացա, որ դա այն խնջույքը չէր, որին ինձ ուղարկել էր Նինան, բայց ավելի լավ խոսքեր չգտնելով՝ այն կարող էի անվանել իրանական սփիքիզի ։ Հավանաբար, խմիչքը մաքսանենգորեն բերված էր Իրաքից, Թուրքիայից կամ Հայաստանից, կամ էլ գալիս էր Ծոցի նավագնացների միջոցով։ Յուրաքանչյուր բաժակը համարժեք էր չորս դոլարին, ինչը ամենևին էլ էժան չէր։ Այսպիսով, սեփականատերը, ով էլ որ լիներ, պետք է որ հեշտությամբ հետ ստանար այդ լաբիրինթոսում ներդրած գումարները: Ինչ վերաբերում է եկած մարդկանց, գուցե նրանք դա արել են անզուսպ կյանքով ապրելու պարտավորության մռայլ զգացումից դրդված: Բայց այդ վայրի գոյությունը ցավալի հիշեցում էր այն մասին, թե իրականում որքան սահմանափակ էր նրանց կյանքը: Սա վերահսկվող միջավայր էր: Վիրտուալ աշխարհ, իսկական խմիչքներ՝ Թեհրանի տակ: Ոչ թե բար, այլ՝ դրա կրկնօրինակումը։ Վաճառասեղանի հետևում գտնվող կնոջից հարցրի, թե նման «խնջույքների» համար նախատեսված վայրերը որքան շատ են, և նա դադար առավ։ Չէր պատրաստվում հաղորդել այդպիսի տեղեկություն՝ իմանալով, թե որքան արագ կարող է ենթարկվել հարձակման կամ շանտաժի․ նրան մեղադրել չէի կարող։
Նայեցի շուրջս։ Օդում թմրանյութերի հոտ էր տարածվել։ Բոլորը ուժասպառ ու խամրած տեսք ունեին։ Երբ այս մասին հարցրի իմ բարմենին, նա ուսերը թոթվեց: Նա ինձ համար մարտինի էր լցրել իսկական մարտինիի բաժակի մեջ: Ես խնդրել էի երեք ձիթապտուղ, դրանք նույնպես ներառել էր։ Կանաչ թունդ ձիթապտուղները հանգստանում էին բաժակի մեջ՝ արհեստական վաճառասեղանի վրա՝ անանուն վայրում, որը և՛ բար էր, և՛ չէր: Հենց սա էր այն, ինչ փորձում էի բացատրել Նինային, թե ինչու եմ խնջույք ուզում։ Առեղծվածային զգացումն էր քաղաքի, որտեղ, ամեն դեպքում, չկար այն, ինչ կարելի էր տեսնել․ ի տարբերություն իմ ընկեր Զիբայի զգացողությունների, երբ նա մտածեց այս տարվա հալվող ձյան մասին։
– Նրանք ինչո՞ւ չպետք է ուժասպառ լինեն,- հարցրեց բարմենը։ – Դու էլ նույն հալին կլինեիր, եթե երեք օր էստեղ ընկած լինեիր։
– Ինչո՞ւ տուն չեն գնում։
– Ի՞նչ անեն։
Գոնե քնել։ Այն, ինչ ամենից շատն էի ուզում այդ պահին։ Մի-երկու կում մարտինին և ռեժիմի փոփոխությունը, որին կարծում էի՝ մի շաբաթ կդիմանայի, ի վերջո տապալեցին ինձ։ Խիստ պճնված մի կին անփութորեն պարում էր էլեկտրոնային մեղմ երաժշտության ռիթմի տակ։ Ես պատկերացնում էի անհեթեթությունը՝ հենց այդ պահին բարձրանալու նրա մոտ, հարցնելու նրա կարծիքը դեպի Իրան՝ ամերիկյան հնարավոր ներխուժման մասին: Թերևս նույնքան անհեթեթ կլիներ հարցը տալ վերջին սեղաններից մեկում խաղաքարտ խաղացող երիտասարդների խմբին: Փնտրեցի իմ ուղեկցորդներին, բայց այլևս չկարողացա նրանց նշմարել։ Փակ միջնորմի հետևում գտնվող զույգն աչքերը փակ բռնել էր միմյանց ձեռքը։ Կարմիր լամպը փայլեց նրանց դեմքերին՝ այլասերումով շողալով նրանց ակնթարթային անմեղության վրա:
Հաճախորդների մի նոր խումբ մտավ ներս։ Նրանք ավելի տագնապալի վիճակում էին։ Հագները՝ թանկարժեք հագուստ։ Նրանց միջից մի աղջիկ փորձում էր բարձրանալ վաճառասեղանի վրա պարելու։ Բայց բարմենը ինչ-որ բան շշնջաց նրա ականջին, և աղջիկը դժկամությամբ տեղի տվեց։
– Ի՞նչ ասացիք նրան։
– Ցերեկով դա թույլ չեմ տալիս։
– Ինչո՞ւ։
– Փչացնում է հանգիստ տրամադրությունը։
Նշան արեցի թավշյա հաստ վարագույրը՝ խաղաքարտով զբաղվողների կողքին, և հարցրի, թե ինչ կա այդ կողմում։ Առանձնասենյակներ։ Ինձ առաջարկեց գնալ և քնել ռեժիմի փոփոխությունից, որից բողոքում էի։ Մի քանի ժամից այստեղ այստեղ նորից մարդաշատ կլիներ, և ես կցանկանայի ոտքի վրա լինել՝ տեսնելու վաճառասեղանի վրա պարող կնոջը։
Ես չէի տեսնելու որևէ պարուհու այդ գիշեր կամ այս ճանապարհորդության ժամանակ մեկ այլ գիշեր։ Փռված էի կարմիր վարագույրից այն կողմ գտնվող կես տասնյակ առանձնասենյակներից մեկում՝ մեծ մեղք զգալով գիտնականին բնորոշ սովորական ծուլության համար, որն ինձ թույլ չտվեց չափչփել Թեհրանի մայթերն այս կարճատև այցի ընթացքում: Հետո մի անծանոթ մարդ մտավ սենյակ և սառնասրտորեն ասաց, որ բոլորս պետք է դուրս գանք. ինչ -որ մեկը տարածքում ոստիկանների էր նկատել։ Այսպիսով, մենք բոլորս նորից ճամփա ընկանք լաբիրինթոսի միջով, բայց այս անգամ դուրս եկանք աշխարհի երես, իսկ ջրից չոր դուրս եկած հաճախորդների մեծ շարքը շնորհակալ էր տուն գնալու լավ պատրվակի համար։ Թեև տղամարդու ձայնը դժգոհում էր, թե ինչու «բարը» բավականաչափ գումար չի վճարել տեղի ոսիկանությանը, որպեսզի դա տեղի չունենա: 1928-ի ԱՄՆ-ում ոգելից խմիչքներն արգելող օրենքի ժամանակաշրջանի խոսակցություններ։ Ես ունեի կինեմատիկ բավական պատկերացում, որ սփիքիզին կարող է որոշ ժամանակ քողարկված լինել: Ավելի ուշ ծաղկի խանութի մոտ, որտեղից սկզբում վերցրել էին ինձ, ես Պեժոյի անձնակազմին հարցրի՝ կարող եմ քիչ անց վերադառնալ։ – Խոսիր թանկագին տիկին Նինայի հետ,- ասացին ինձ։
Թանկագին տիկին Նինան չէր պատասխանում առաջիկա երկու օրերին։ Երբ վերջապես պատասխանեց, լալիս էր։ Նրա «կառավարության մարդը» խոստացել էր իրենց բիզնեսի 50%-ի սեփականությունը, իսկ հիմա փոխել էր իր կարծիքը։ – Ես գիտեմ, որ չպետք է հավատամ այն ամենին, ինչ լսում եմ էս քաղաքում։ – Բայց նա միշտ էլ հավատում էր և հավատում է։
Ինչ-որ առումով Զիբան ու Նինան մարմնավորում էին այն ձանձրալի էներգետիկան, որն այդքան ուժգին զգացել էի կրկնօրինակված բարում, որտեղի բարմենը ևս հայրենադարձած մեկն էր, ով Թեհրանում ապրում էր ընդհատակյա կյանքով։ Զիբան ու Նինան վերադարձել էին Իրան՝ իրենց կյանքը վերակառուցելու և կիսով չափ հաջողել էին․ մի երկրում, որտեղ կնոջը ժառանգությունը հասնում է կիսով չափ, քան եղբորը, և որտեղ նրա խոսքերը դատարանում ունեն կիսով չափ իրավական կշիռ, քան տղամարդունը։
Կարծում եմ՝ կանայք որպես պահեստային սպասում են իրենց ամերիկյան անձնագրերով։
Իսկ իմ պատկերացմամբ այն, ինչին նրանք սպասում են, լավ օրերի երազանքների համադրումն ու ազատագրումն է․․․ անգամ ներխուժումը։ Բայց արդյո՞ք նրանք կգտնեին իրենց երջանկությունը, եթե վերջինս կատարվեր: Թե՞ այդ երջանկությունն այնքան կեղծ կլինի, որքան, ասենք, ստորգետնյա սարսափելի բարը կամ երևակայական ժողովրդավարությունը, որ ողորմության պես շպրտել էին վերևից։

Թարգմանությունը՝ անգլերենից Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *