ՅՈՀԱՆ ԴԸ ԲՈՈՒԶԵ | Ցավդ տանեմ

Յոհան դը Բուզե

Բաժանումը մահվան կրտսեր քույրն է՝ երեկ ասեց նրբակազմմի օրիորդ, Էրոյի երթուղային տաքսիից իջնելիս, և քաղաքը այնպե՜ս էր բզզում, կարծես աստվածներն իրենց փողերն էին լարում մեծ սիմֆոնիա նվագելու համար, և Արարատը դարձյալ թաքնվում էր, իր սովորույթի համաձայն, այդ ծեր խաբեբան, որի մասին միկրոավտոբուսում նստած տղան ասաց, թե գոյություն չունի՝ հինգ հազար մետր լեռ-չգոյություն է, կա միայն մուսուլման դյուրաբորբոք գործավոր, որ հայ-թուրքական սահմանից այն կողմ մերթ առասպելական չափսերի ստվարաթղթե էկրան է դնում՝ վրան պատկերված է երկգլխանի լեռը, որի գագաթին հանգրվանել էր վեց հարյուր տարեկան Նոյի տապանը ժամանակների սկզբին, մերթ՝ ծուխ ու մշուշ ցուցադրող էկրան, մերթ էլ՝ ոչինչ չցուցադրող, պարզապես մոդեռնիստական ու խորհրդանշական սպիտակ-ու-սիպտակ էկրան:

Իմ երթուղայինն է տապանը՝ ասում էր Էրոն, երբ ցնցվում էր երկիրը, տարին մի քանի անգամ, իսկ նա Շառլ Ազնավուրյանի La Bohème, on est heureux (Լա Բոհեմ, երջանիկ ենք) ձայնագրության հետ երգում էր ու մտածում Հայաստանի արևմտյան սահմանի մասին, որը նման է աղջկա դիմագծերի՝ կճատ քթով, վեր ցցված մազափնջով ու վհուկի նեղ կզակով, և նա իր երկրով մեկ շրջում էր իր երթուղային տաքսիով՝ փնտրելով հոգնած ճամփորդների, որոնք ուղևորում էին դեպի աշխարհի չորս կողմերը, որոնց մասին ռուս ինչ-որ հարբեցող ասել է, թե նման են չորս հացթուխերի՝ Հյուսիս, Հարավ, Արևմուտք և Արևելք անուններով,- հենց այս հերթականությամբ,- որոնք մեկական վառարան ունեն և կրակը կամա թե ակամա վառ են պահում, Հյուսիսը՝ տաք գլխով, Հարավը՝ անշնորք ձևով, – կամ հակառա՞կը. դա նույնպես հնարավոր է, քանի որ հարբեցողը ռուսէր, ուստի՝ ամեն ինչ բավական խեղաթյուրված էր տեսնում,- ինչպես էլ որ լինի, բոլորը երկրպագում էին քամիներ թխող վառարանի մրոտված բերանը:
Էրոն շրջում էր փրկված մարդկության սկզբնական նավահանգստում, այնտեղ, որտեղ իր արարչական գործով հարբած Աստված անզսպորեն փորձեր է կատարել. մի երկրում՝ որդան կարմիրով, երեք հարյուր վաթսունհինգ հատիկ պարունակող նռներով, քամու թևերին բերված և կյանքից հոգնած հոգիներով, Կոլխիդայի լեռներից փչողշնչով, չորացած հացի պես ճարճատող գունավոր սարալանջերով, ընկույզի պես մութ քարանձավ-տներով, որձաքարի բեկորների պես ձկան թեփուկներով ծածկված ճանապարհներով, անբերրի, հողմահար, փրչոտ դատարկությամբ, մի խոսքով՝ այնպիսի վայրում, որտեղ ժամանակը գոյություն չունի:
Նա կանգ էր առնում ինչ-որ հյուրանոցի առջև, որի դռնապանը բոլորի ձեռքերն էր սեղմում և բոլորին ժպիտ պարգևում, որի բեռնակիրները տատանվում էին ավտոմեքենաների անտենաների պես, որտեղ աղջիկները նեղ ու հալվող շրջազգեստներ էին հագնում, և ուր ոչ ոք, ոչ ոք երբեք չէր գալիս, բացի գեր գործարարներից ու ալարկոտ հիպիներից, սակայն բացի նրանցից՝ ոչ ոք, որովհետև այդ հիմնարկը ծառայում էր որպես մաֆիայի փողերի լվացքատուն, այդ պատճառով էլ դատարկ էր և ուշադրություն ու սեր էր պահանջում, բայց երբ վերջապես հասնում էր սերը՝ նրբաճաշակ, բուրավետ մի սեր, ոչ բառը չիմացող պարսկական հավերժահարսերի տեսքով, դռնապանը հունական իր ժպտացող թատերադիմակն էր նետում դեն և ալբատրոսի պես թևերն էր բացում:
Այդ ընթացքում գեղադեմ մի պարոն նստեց Էրոյի երթուղայինը, այսինքն՝ իր բարձրահասակ մարմինը երկու հավասար մասի ծալեց, մի ձեռքով սրածայր կարճ մորուքը բռնելով, մյուս ձեռքով հենվելով եղևնափայտե գավազանին, ու թավ, բամբ ձայնով Էրոյին բարի լույս ասաց, ինչից հետո Էրոն երկար ժամանակ գլխով մերթ դրական, մերթ բացասական շարժումներ արեց, քանի որ պարոնը – ում անունը Հովան էր, կամ՝ Աստծո Պարգև, և այնքան էլ ջահել չէր, բայց բարեբախտաբար ջահել սրտի տեր էր – այս պարոն Աստծո Պարգևը, որ մանավանդ օտարերկրացի էր, անմիջապես սկսեց ավանդել Ծննդոց գրքի ութերորդ գլխի առաջինից հինգերորդ տողում նշված ստորգետնյա աղբյուրների և երկնքի սահանքների, ինչպես և իր ձեռնափայտի մասին, որը թանկարժեք առարկա էր, քանի որ ռուս կոմպոզիտոր Շոստակովիչը պատրաստել էր տվել բիլիարդի զարկաձողից:
– Ցավդ տանեմ, – Էրոն ասաց բարևի փոխարեն ու շարունակեց:– Ո՞ւր եք գնում, Հովան Աստծո Պարգև – և Հովանն իսկույն սկսեց տեղեկացնել, որ անկասկած ողջ աշխարհում բացի իրենից այլ օտարերկրացի չկա, որ իր պես ծանոթ է Մեսրոպ Մաշտոցի 405 թվականին ստեղծած 38-տառանոց այբուբենին, ապա ասաց, որ սերն է իրեն ստիպել ապաստան փնտրել այս տխուր երկրի գրկում, բայց սերը վաղուց վերացել է, իսկ մինչ օրս այս տխուր երկիրը շարունակում է պարուրել իրեն, ինչի պատճառով այլևս երբեք չի ընտելանա Բեռլինին կամ Բրյուսելին, այսինքն այն քաղաքներին, որտեղ փոքր-մոքր գործերով էր զբաղվում, և ի վերջո երթուղայինի վարորդին հայտնեց իր ուղևորության նշանակման վայրը՝ Խոր Վիրապ, Հայր Արարատի ստորոտին, որտեղ գտնվում է քրիստոնեական հինավուրց եկեղեցին:
Երկրորդ անգամ երկիրը ցնցվեց՝ երկինքը պատռելով, և ճեղքերից ջուր էր հեղեղվում նարնջաքարե տների վրա, և Էրոն վարպետորեն իր միկրոավտոբուսն էր վարում սալիկների վրայով, ազդանշան տալով ու ձեռքով բարևելով բարմեններին, փողոց մաքրողներին ու բարձրակրունկ կոշիկներով հավերժահարսերին, որովհետև բոլորին հավասարապես սիրում էր Կիլիկիայի չափ իր սրտով, ինչպես սիրում էր նաև Երևանը՝ աշխարհի ամենահին քաղաքը, որ հիմնվել էր մեր թվարկությունից առաջ 782 թվականին, ու որտեղ ծնվել էին նրա որդիներն ու դուստրերը, և վերհիշեց Շառլ Ազնավուրյանին, ում իր մեքենայով էր տեղափոխել 3 տարի առաջ, այն ժամանակ՝ խորհրդային անիծյալ արտադրանքի «Վոլգայով», երբ գուսանը նոր էր թագադրվել Հայաստանի Հանրապետության Արտակարգ դեսպան, և հիշեց թե ինչպես էին երկուսով բղավել Mourir d’aimer («Սիրելուց մեռնել») երգը, ծիծաղից խեղդվելով. ինչպե՜ս էր թռչում ժամանակը:
Շուկայի կաթնավուն կտուրի տակ, մուտքի առջև կանգնած, ձեռքը թափահարելով նրան կանգնեցրեց գյուղացի մի կին՝ հաղթանդամ, չսափրված, մոտ հիսուն տարեկան մի աղջիկ, որի շուրջը շարված էին թնդանոթի գնդերի նման՝ չվաճառված կաղամբներով լի ցանցեր, ծալված մի տախտակ ու քրթմնջող աղավնիներ, իսկ Մարտի կամ Լեյդի անունով այդ գեղեցկուհուն հաջողվեց մի դիպուկ շարժումով շալակել իր ապրանքը՝ միանգամից լցնելովԷրոյի փոխադրամիջոցի կեսը, մյուս կեսն էլ՝ իր ծլվլոցով, թե նրա գյուղում յուրաքանչյուր անսպասելի այցելուին հյուրասիրում են այծի պանրով ու օղիով, քանի որ կարող է լինել գյուղական կյանքը սիրող Հիսուսի վերամարմնավորումը, – Այդպես չէ՞, պարոն ջան – դարձավ Հովհան Աստծո Պարգևին, որ ժամանակը սպանելու համար բանաստեղծություններ էր թարգմանում, այդպիսով ինքն իրեն մատնելով որպես այլալեզու մարդ, ուստի՝ հնարավոր վերամարմնավորված Փրկիչ:
Էրոն խոսում էր դիմապակու մաքրիչների հետ, ասես լծված ձիերի դիմեր, որոնք շտապում էին մաքրել դույլերով երկնքից թափվող անձրևաջուրը, ճանապարհորդությունը հաջող ավարտին հասցնելու համար. հայհոյում էր նա և ասում՝ շո՜ւտ արեք և չո՜շ և ցո՜, բայց խեղճ մաքրիչներն ի վիճակի չէին առավել արագացնել իրենց արդեն տքնաջան աշխատանքը և տնքում էին, քիչ էր մնում կոտրվեին լուցկիների պես, – վա՜յ – ասեց Էրոն – ինձ մի՜ լքեք ջրհեղեղի և հայտնության այս երկրում, իսկ Հովան Աստծո Պարգևն ասաց, որ Ծննդոց գրքի ութերորդ գլուխն էլ ունի երջանիկ ավարտ, ու արտասանեց՝ Ջրերը շարունակեցին աստիճանաբար նվազել մինչև տասներորդ ամիսը: Տասներորդ ամսում՝ ամսվա առաջին օրը լեռների գագաթները երևացին:
Այդ ընթացքում, երթուղայինը ճողոպրել էր քաղաքի կենտրոնի ճանկերից, ահեղ դմփդմփոցով առաջ էր ընթանում, ձախի մոխրագույն բնակելի շենքերի և աջի տիտանական քարե հերոսների միջով, կանգ առնելով ինչ-որ պալատի ոսկեփայլ մուտքի մոտ, որին հսկում էին հռոմեական արձաններ ու ատրճանակը գրպանը դրած լավ տղաներ, և բայրոնյան տեսք ունեցող մի օլիգարխ Էրոյին աղերսեց, որ իրեն տանի Առյուծ արքայի կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Դոդի Գագոյի տունը, որպեսզի մասնակցի ինչ-որ գագաթի, գագաթի՞, այո՝ գագաթի, իսկ Մարտի Լեյդին սկսեց կարկաչել, և բանաստեղծությունը Հովան Աստծո Պարգևի կոկորդին մնաց:
Օլիգարխը հանգամանալից ներողություն խնդրեց այն բանի համար, որ իր բարձրաստիճան ոռը նախապատվություն էր տալիս ժանգոտ արճճե երթուղայինին, ոչ թե վարորդով Պորշեին, բայց՝ – ի՞նչ անենք. սարսափելի եղանակ է. ասես Ծննդոց գիրքն է կրկնվում, ասես պատմությունն է անընդհատ կրկնվում -, ապա վերջին նորությունները հաղորդեց Դոդի Գագոյի վերաբերյալ, – կուզե՞ք իմանալ բոլորդ -, սակայն ոչ ոք չարձագանքեց, որովհետև բոլորը շատ զբաղված էին մտածելով թե՝ մեզ ի՞նչ, իսկ ի վերջո նա որոշեց պարզապես պատմել, այլևս չդիմացավ:
Վերջերս (պատմում է Օլիգարխը) հռոմեացի-հռոմեացիէինք խաղում, ասպարեզիկներով, գլադիատորիկներով ու ստրկուհիներով, ամեն ինչով, և դրանից հետո գնացինք Գագոյի խրճիթի տանիքի գազանանոցը, որպեսզի դիտենք ինչ-որ ներկայացում, որի մեջ երկու առյուծ էշ էինհոշոտելու, բայց էշը լավ ինքնապաշտպանվում էր և քիչ մնաց թանկարժեք առյուծներին վնասի, իսկ մենք ուզում էինք արյուն տեսնել, և որոշեցինք մեր հրացաններով կրակել էշի վրա. այդպես էլ արեցինք, ապա կոկա-կոլայով կոնյակ խմեցինք, որովհետև հրաշալի օր էինք անց կացրել – մեջբերում եմ Օլիգարխի խոսքերը -, ապա Մարտի Լեյդին փսխեց Հովան Աստծո Պարգևի քրտնաթաթախ մոկասինների վրա:
Էրոն դարձյալ սեղմեց արգելակը, այս անգամ կանգ առավ քամուց ծածանվող մորուքով սիրուն սևազգեստի համար, որ ձուկ վաճառողի ցելոֆանե ծածկի տակ կանգնած՝ անհույս ավտոստոպ էր անում և երթուային տաքսիին լցրեց այնպիսի բուրմունքով, որ հիշեցնում էր այն փոսը, որտեղ Տրդատ Գ արքայի հրամանով տասներեք տարի շարունակ բանտարկված էր եղել Գրիգոր Պարթևը՝ հետագայում սրբացված Գրիգոր Լուսավորիչը, ում ազատումը համընկավ իսկական քրիստոնյա պետության ստեղծման հետ, սակայն – ո՜վ զարմանք – Սիրուն Սևազգեստը բոբիկ էր, քանի որ ճգնավորի կյանքով էր ապրում, իսկ հիմա գնում էր այլ Բոկոտն Սևազգեստի այցելության, որովհետև ուզում էր նրան ասել՝ Ցավդ տանեմ, եթե, իհարկե, թույլատրեր նախախնամությունը, որովհետև ջրհեղեղը դադարելու մտադրություն չուներ:
Դիմապակու մաքրիչներից մեկը կոտրվեց, իսկ Էրոն, հայհոյանքներ թափելով, Հովան Աստծո Պարգևին հրամայեց, որ ժամանակ առ ժամանակ բացի պատուհանը, օձի պես ծռմռելով դուրս հանի իր երկար մարմինը և դիմապակին մաքրի իր կիով… կներե՜ք, Շոստակովիչի ձեռնափայտով. հրաման, որ Հովան Աստծո Պարգևը հանդիսավորապես մերժեց կատարել, որովհետև խորապես վիրավորեց նրա արժանապատվությունը, և այդ պատճառով Էրոն տրվեց «մոտավորապես որտե՞ղ է ճանապարհը» խաղին, որը սովորական պայմաններում արդեն սխրագործություն է այս տխուր երկրում, սակայն ճիշտն ասած՝ միևնույն էր, ժամանակների վերջը վրա էր հասնում, արդեն մեր դուռն էր թակել, բայց իհարկե ոչ մեկը չէր բացել:
Երթուղայինը կանգ առավ Պափոս դիսկոտեկի առջև, որը ստրիպտիզ ակումբի հետ մեկ տանիքի տակ էր, հայտնի Լաս Վեգաս թաղամասում, ավելի ճիշտ՝ հայաստանյան Լաս Վեգասում, և հագուստից դատելով՝ նոր ամուսնացած մի զույգ մտավ, որ – երկրի սովորությունների համաձայն ու փեսայի վերնաշապիկի սխալ կոճկված կոճակից դատելով – հավանաբար լավ թավալգլոր էր եղել հարսանյաց սրահին կից ննջասենյակում, ինչից հետո խնջույքը ամբողջ ուժգնությամբ շարունակվել էր, հանգամանք, որի շնորհիվ փեսանհասցրել էր իրեն թույլ տալ – որպես բիս – ստրիպտիզի ներկայացում դիտել հարակից հիմնարկում, մի խոսքով՝ ժամանակը եկել էր, որ զույգը վերադառնա իր մեկուկես սենյականոց բնակարանը Բանգլադեշում. Բանգլադե՞շ, ի՞նչեր եք խոսում, ոչ, իհարկե խոսքը իսկական Բանգլադեշի մասին չէ, այլ այն թաղամասի, որ նույն անունով են կոչում, որովհետև այնտեղ բենգալական թշվառություն է տիրում:
Զույգը բաղկացած էր սպիտակ, մետաքսապատ, թաց, իգական տարրից և սև, բամբակապատ, թաց, արական տարրից, երկուսն էլ խոզի պես հարբած, մռթմռթում էին՝ կյանքիդ մեռնեմ, կյանքիդ մեռնեմ. մեկը թռչնանման տղամարդ էր, մատուցողների ընտանիքից, բայց ինքը դժբախտաբար գործազուրկ էր և Նյու Յորքում գործ էր երազում, ոչ, ոչ թե Նյու Յորքում, կամ էլ՝ այո, բայց հայաստանյան Նյու Յորքում, իսկ մյուսը, ընդհակառակը, հաղթանդամ հարս էր, միջնադարյան քնարերգության ամբիոնի անպետք դիպլոմով, կարմիր ներկված մազերով և այնպիսի կոնքով, որ առանց որևէ դժվարության կկարողանար եռորյակներ ծնել. ավելորդ է ասել, որ նրանց հայտնվելուց ի վեր միկրոավտոբուսի մեջ ասեղ գցելու տեղ չմնաց:
Երբ երկիրը երրորդ անգամ ցնցվեց, հետևի նստարանին, որը ծածկված էր ծվեն-ծվեն եղած յուղոտ բարձով և որի վրա երեք սերունդ քածեր իրենց լակոտներ էին ծնել, բազմեց անընդհատ ծխող, վառ դեղին կոստյումով փոքրամարմին մի տղամարդ, որ ասես այլ ժամանակաշրջանից ուղղակիորեն մեզ մոտ նետված լիներ, և պարզվեց, որ ոչ այլ ոք էր, քան վաղ քսաներորդ դարի բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, Ստալինին անհաճո մի քանի տողերի հեղինակ, որ – ըստ երևույթին – մտադիր էր մի տեսակ հետմահու արձակուրդ անցկացնել իր երազանքների երկրում, գեղեցիկի պապենական երկրում, սակայն, ցավոք, Աստծուն անհաճո օր էր ընտրել, ինչն ապացուցեց նրա խոսքերի տոնը՝ На горе Арарат растёт крупный виноград, ինչը ռուսերեն լեզվով շուտասելուկ էր, որ նշանակում է՝ Արարատ լեռան վրա խոշորահատ խաղող է աճում:
Ո՜վ կպատկերացնի, որ հեղեղված ճանապարհի եզրին, ցեխի գողտրիկ մի կույտի վրա կանգնած, թաթիկը տարուբերելով՝ ավտոստոպ էր անում մի աղջիկ՝ եղեգի ցողունի պես ընկճված, անասելիորեն երիտասարդ, փրկության կամ արքայազնի սպասող, կապիկի պես գեղեցիկ, Արարատը բարձրանալու և Նոյյան տապանի մնացորդները գտնելու վճռականությունից հարբած, և այս վերջին նպատակով էլ զինված էր թեթև շապիկով ու հողաթափերով, և ցրտից ու ջերմից դողացող՝ բարձրացվեց Էրոյի հիվանդատար միկրոավտոբուս, որտեղ Օլիգարխի և Աստծո Պարգևի ծնկերը նրան պատգարակ ծառայեցին:
Գնալով ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում, թե Էրոն ո՞ւր էր տանում իր ուղևորներին, որովհետև անտեսանելի էր դարձել ճանապարհը, որով առաջ էր ընթանում, և անձրևաջրերը քշել էին բոլոր նպատակակետերը, թեև մի միայնակ բան առայժմ կանգուն էր, ի ցինիկական դաս նոր սերունդներին՝ «Նաիրիտ» գործարանը, Հայաստանի Խորհրդային Հանրապետության հպարտությունը, մի քանի տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող քաղաքի չափով, որը, սակայն, Իվանի մեկնումից հետո վերածվել էր ուրվականների քաղաքի՝ երկաթյա հսկայական միջատներով, երկաթբետոնե խաչերով, սառը կաթսաների կամ հսկայի շրջազգեստի կետոսկրերի նման ծխնելույզներով, ոչ մի տեղ չտանող, կեռումեռ անող և օձի պես գալարվող գազատարներով, և մեթան գազի կուտակման հետևանքով մի քանի օր առաջ պայթածխորդանոցի սևացած մնացորդներով:
Ու հենց այնտեղ, նրբագեղ տառերով գրված «վաճառվում է» հայտարարություն կրող պատռոտված վահանակի և հնարավոր գնորդի բեռնատարի արանքում, որի կողին նշված էր «China Shipping», թրջված մի ծերունի սպասում էր, որ գա մի ավտոբուս, որն այլևս չէր շրջում կամ գալու ճանապարհին անդունդ կանգառն էր գնացել, իսկ Էրոն չէր կարող բախտի քմահաճույքին թողնել Թրջված Մարդուն, որովհետև Թրջված Մարդը – ինչպես պատմում էր նա – նրա ծանոթներից մեկն էր, որ երկար տարիներ աշխատել էր Նաիրիտ գործարանում և մինչև հիմա ամեն օր հերթափոխության ժամանակ գործատեղ էր գալիս, իբր թե գործարանը դեռ չէր փակվել, մի խոսքով՝ երկչոտ տխմարի մեկն էր, որ այսօրվա դրությամբ գոյատևում էր հողից աճող նուռիկներով և, չնայած երթուղայինի մեջ մատնաչափ ազատ տեղ իսկ չէր մնացել, հաջողվեց Թրջված Մարդուն խցկել Զույգի կողքին՝ միևնույն նստարանին:
Երկիրը ցնցվեց չորրորդ – և վերջին – անգամ, անցած անգամներից ավելի ուժգնորեն, իսկ Էրոյի միկրոավտոբուսը նման էր խաղալիք թմբուկի, որի վրա Աստված պարապում էր իր փայտիկներով, և ամբողջ մարդկության աչքերից հոսող ջրերը, բոլոր ժամանակների վշտերից թափված բոլոր արցունքները միանգամից անխնա տեղացին Հայաստան կոչված խեղճուկրակ երկրի գլխին, ի հուսահատություն Էրոյի, որ քշում էր աչքերը փակ, որպեսզի ավելի լավ տեսնի իր պատկերացնած ճանապարհը, տխրահունչ մի երգ երգելով՝ Ուխտ եմ կնքում, որ այլևս երբեք մի էակ չոչնչանա ջրհեղեղի ջրերի պատճառով, և որ այլևս երբեք երկրին կուլ տվող ջրհեղեղ չլինի, և շնչահեղձ ավարտեց՝ աղեղս ամպերի մեջ կթողնեմ:
Էրոյի խոսքերը դեռ չէին հասցրել սառել, երբ երթուղայինը մշուշի թաց հանգույցի միջով սահեց ու այլ աշխարհ մտավ, և այժմ պարզ դառավ, որ վաղուց դուրս էր եկել սովորական ճանապարհից՝ հայտնվելով լուսնաշխարհի բլրի լանջին, ո՜չ, բլրի վրա չէր, այլ հսկայի վրա, ոչ՝ սարի վրա էր, իսկ ոչ լուսնային, այլ Խոր Վիրապ կոչվող երկրային վայրում՝ քրիստոնյաների համայնության օրորոցում, Ամենաբարձր Գագաթի, Ամենասուրբ Լեռան, Ամենաքնած Հրաբխի ստորոտին, որի գագաթին մի ժամանակ հանգրվանել է երեք հարյուր տասը մետր երկարություն ունեցող Նոյյան տապանը – այդ երկարության մասին են վկայում գերանները, որ վերջերս հատնաբերել է մուսուլման, քրիստոնյա և անհավատ հետազոտողներից բաղկացած արշավախումբև – և որ այդ օրվանից ի վեր համարվել է բոլոր հոգնած ուղևորների հոգևոր հայրենիքը, իսկ Էրոն ուրախ բացականչեց, որովհետև հայ-թուրքական սահմանը, որը հերմետիկ փակվել էր 1915 թվականի սպանդերի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով և 1993 թվականի ղարաբաղյան պատերազմի հետևանքով, պարզվեց, որ այդ սահմանը անհետացել էր, ինչի շնորհիվ հայ հոգու սրբագույնն այլևս չէր գտնվում թշնամական արտերկրում:
Սկսեցին ուրախ բացականչել նաև երթուղայինի ուղևորները, այսինքն՝ ուրախ բացականչեց Հովան Աստծու Պարգևը, որն անմիջապես ընդհատեց իր թարգմանչական աշխատանքը, երկու կտոր արեց իր ձեռնափայտը և խաչակնքեց երեսը, որովհետև իրականացել էինՀայր Արարատի մասին աստվածաշնչյան խոսքերը, ուրախ բացականչեց նորապսակ Զույգը, որ իրար ականջների այլևս չէր կաթում Մեռնեմ կյանքիդ, այլ՝ Մեռա կյանքիդ, որովհետև իրոք կարծում էին, թե կյանքի և մահվան միջև սահմանն անցել են, և ուրախ բացականչեց նաև Սիրուն Բոկոտն Սևազգեստը, որ եղանակի զարմանալի փոփոխությունը համարեց այն երանելի պահը, որին ամեն քրիստոնյա հոգի անհամբեր սպասում է ամբողջ կյանքի ընթացքում՝ անցյալի մառախուղը շատ թանձր էր եղել, իսկ հիմա մոլորված ազգերը, բոլորը վերադառնում էին իրենց համընդհանուր հոր մոտ, և ուրախ բացականչեց Օլիգարխը, որն իսկույն սկսեց բարձրաձայն երազել, որ լեռը կգնի և լեռան կողքին տիեզերքի կենտրոնը կազմելիք հեքիաթային դղյակ կկառուցի, ուրախ բացականչեց Մարտի Լեյդի անունով հիսունամյա չսափրվածաղջիկը, որ ուրախությունից պատուհանից արձակեց իր աղավնիներին, որոնք լեռան վրա էին սավառնում հրեշտակների պես, ուրախ բացականչեց Օսիպ Մանդելշտամը, որ լացելով ինքն իրեն ասաց՝ արթուն ես, մի՜ վախեցիր քո ժամանակից, մի եղի՜ր խորամանկ, և ուրախ բացականչեց, իհարկե, նաև Տապանը Որոնող Աղջիկը, որ թրջված շապիկի փոքր գրպանից հանեց տապանի հանգրվանը նշող թրջված մի թուղթ և միանգամից սկսեց հրահանգներ տալ, և ուրախ բացականչեց նույնիսկ թախծոտ Թրջված Մարդը, որ լեռան հրաբխային շերտերի մեջ նշմարեց Նաիրիտ գործարանի վերականգնված պատերը:
Առանց որևէ դժվարության Էրոն բարձրացավ մինչև գագաթը, անցնելով խաղողի այգիներով ու սառցադաշտերով, ուղղակի անցնելով ժամանակի կրաքարե շերտերով, մինչ ներքևում հեղեղված աշխարհը վերածվել էր արևաշող անապատի՝ թթենիներով և տների հողե տանիքներով, աշխարհի չորս կողմերում ապրող խորհրդավոր հացթուխներով, և հետքերով կենդանի այն էակների, որոնք այնտեղ ապրել էին և հույս էին ունեցել և աղոթել էին իրենց աստվածներին, սակայն բոլոր աստվածներն ուշ, թե շուտ որոշել էին, որ իրենց արարչությունը մեծ սխալ էր եղել և պետք է ոչնչացնել, հետո կորստի զգացում ունենալով ու զղջալով, անմիջապես նոր, ավելի մեծ սխալ արել. բա ինչ անենք:
Երթուղյաինը կանգ առավ 5137 մետր բարձրության վրա, ուղևորներն իջան, շողշողում էր ալյումինե նրբաթիթեղով փաթաթված արևը, մշտական սառույցը այրում էր նրանց աչքերը, ալեկոծության արձագանքներ էին լսվում, և նրանք ըմպում էին երիտասարդացնող լեռնային օդը, սառցադաշտը ճռթճռթում էր երեխայի ձեռքով թերթվող դրախտի գրքի էջերի պես, քամու ուժով հավաքված ձյունաթմբերը նման էին ոսկյա փակ ծաղիկների, աշխարհը արարվել էր, վերջացել ու նորից արարվել էր, բայց ոչ ոք դրա մասին ոչինչ չէր հիշի, ոչ հրեշտականման աղավնիները, ոչ սառույցի մեջ զետեղված տապանի գերանները, ոչ էլ ինքը՝ սառույցը:
Էրոն հետդարձի ճանապարհը բռնեց և դատարկ միկրոավտոբուսով վերադարձավ Երևան, ազդանշան տալով ու ձեռքով բարևելով բարմեններին, փողոց մաքրոողներին ու բարձրակրունկ կոշիկներով հավերժահարսերին, որովհետև բոլորին սիրում էր. նա վերադաձավ տուն, երկար աշխատանքային օրն ավարտվել էր, նա դանդաղ հեռանում էր, ինչպես հեռանում էր և լեռնաշղթան՝ նրա միկրոավտոբուսի հայելու մեջ, – Աստված իմ, ի՜նչ օր – և Էրոն իր միկրոավտոբուսը քշում էր անձրևից ամենուրեք առաջացած վիթխարի ջրափոսերի միջով ու երկրաշարժերից առաջացած ճեղքերի եզրով, վերադարձավ քաղաք, վերադարձավ տուն:
Նա իր միկրոավտոբուսը կանգնեցրեց ջրամբարի ափին, ամերիկյան դեսպանատան սպիտակ շենքերի դիմաց, ոտքով անցավ անթերի ծաղկանոցների ու երկաթբետոնե պատերի երկայնքով և ռազմական հագուստով լոլոզ զինվորականների կողքով, իջավ ջրամբարի ափը, սայթաքելով ցեխի մեջ, և հայտնվեց փոթորկից ծեծված, թունավորված ջրերի գարշահոտով պատված, թիթեղապատ ու պլաստմասսե մի աշխարհում, մի աշխարհում, որը քաղաքակիրթ աշխարհից հեռու էր, որը, սակայն, միաժամանակ քաղաքակիրթ աշխարհին մասնակից էր. նա հայտնվեց մի աշխարհում, որին հսկում էին տափակ ու արագ դնչերով շներ. մի աշխարհում, որ նրա աշխարհն էր՝ Էրոյի աշխարհը, երրորդ աշխարհը, աշխարհ որ ուներ անկողին ծառայող թաղիքի ծվեններ, աթարով սարքած ցանկապատ, ինքնաշեն վառարան, պոլիէթիլենային շշերից շինված ջրատար, մետաղալարե ձկնորսական ցանց և ոտքերը մաքրելու ցեխոտ լաթ, վրան տեքստը՝ добро пожаловать, որը Իվանի լեզվով նշանակում է՝ բարի գալուստ:
Առավոտյան կանգնեց հիվանդ ջրամբարի բարձրադիր ափին, որ տեսնի Արարատը, որ աղոթի առ Արարատ, սակայն չկար Արարատը, այլևս չկար, կարծես սահմանից այն կողմ ինչ-որ մեկը տեղադրած լիներ մոդեռնիստական սպիտակ-ու-սպիտակ հսկայական կտավ, կարծես՝ լեռան գոյության մասին բոլոր հիշողությունները շիկացած երևակայության արդյունք լինեին, կարծես մարդկությունը նրան հորինած լիներ, որպեսզի կյանքը շատ տխուր չլինի, և Էրոն, լսողությունը լարելով, որսում էր քամիներ թխող վառարանի ֆշշոցը և – ո՜վ զարմանք – հարավից նրան կանչող ձայներ լսեց, անտեսանելի լեռից կանչող ձայներ, պարզ չէր՝ լացո՞ղ ձայներ էին, թե՞ ծիծաղող ձայներ, սակայն հավանաբար սրանց էլ պատկերացնում էր միայն, ապա պառկեց իր յուղոտ թաղիքե մահճակալի վրա, քթի տակ մրմնջալով՝ Ցավդ տանեմ, ցավդ տանեմ , և մոմի պես հանգավ:

Երևան, հոկտեմբեր 2012 թ.

Հոլանդերենից թարգմանեց Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *