լռելու մի նոր հասցե
կախարդված երազների քաղաք
ուր չգրված
ու թաց բանաստեղծությունների
անձրևաբույր կա
և սալահատակը հայելու նման
վերապատմում է անավարտ վեպերը
իր վրայով սահող մեր կյանքերի
նոր երկնքի տակ
հիշողությունը պարզապես
դառնում մի վատնված կյանք
և մոռացումներն արդեն
լռելու մի նոր հասցե են շշնջում
աչքերիդ մեջ
փարիզ
04 2022
վերջին երազը
վերջին
ամենավերջին երազը
այդպես էլ չի մեռնում
ծերության անկողնում
կամ խեղանդամի սայլակի մեջ
նա թռչուն է դառնում
վաղ լուսաբացի՝
մեզնից մեկի պատուհանի տակ
ջրերի կարկաչյուն
շատրվանների մեջ՝
որևէ մեծ ու երջանիկ մայրաքաղաքի
որևէ գույնը լուսացույցերի՝
դիմապակուց այն կողմ
մեզ պահպանող —
մեզնից ազատագրված
ու մաքրված
և միշտ փրկված մեզնից –
որպես իմ մենություն
որպես քո մենություն
որ ամենուր մեզ հետ է
***
հիացմունքի
և ամպոտ ցնորքների
կախարդանքը
լցվում է արկղերի մեջ
փոշոտ մոռացումին
կամ կեսգիշերվա հիշողությանը
մատնվելու համար
— ով ավելի իմաստուն էր
ով ավելի մարգարե
երկար կկրի փշե պսակը
լուսաբացների
…և ամեն մի սփոփանք
չվերջացող կրակ է միայն
ում տրվել ենք
հեզությամբ մահացու
մինչև ոսկորները մեր
…չսիրելու չափ
…չսիրելու չափ
ճգնավորը
վիրակապից վիրակապ է չափվում
ժամանակը սիրո
և ճերմակ ճերմակ
վիրահատարաններում
անզգայացած ու կիսակյանք
սիրահարներ են բժշկվում
երջանկությունից
…և փրկության անապատներում
քամին վայելում է
ավազափոշին
բոլոր իրականացած երազների
…ճշմարիտ
ճշմարիտ եմ ասում
—երանի հոգով աղքատներին
հովվերգություն
ինչ-որ մոռացված
ու տեղ չհասած
վերադարձ կա
քարքարոտ արահետների վրա
ուր քամին հսկում է
խաղաղ
խաղաղ հիշողությունը
հողե ցանկապատների—
ծանրացած շքամուտքերից
և անվերջ բժշկվող պողոտաներից
անտեղյակ
անտեղյակ
գիշերների բուրմունքով
domination
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ
ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ
նմա զամենայն թագաւորութիւնս
աշխարհի, եւ զփառս նոցա…
Մատթէոս Դ։8
բարձր բարձր լեռների վրա
ժամանակն անվերջ
ու ինքնամոռաց սբագրում է
դեռ
անհավատալի
անհավատալի մի մեծ Մերժում
…և անհաշտ
անհաշտ սակարկում են դեռ
բարձր բարձր լեռների վրա
մարդու որդին
ու սատանան
atheism
վիրավոր սիրուն
դեռ չներած սերը
կասի
— այլևս չե՛մ սիրելու
և մեր արցունքները
մեզ կթաքցնեն
հնարավոր բոլոր
թաքստոցներում
չխոստովանելով
որ ուրացած սերը
խոստովանված սիրո
ստվերված կեսն է
14 08 22
միլան
la roma
մանրահատակ խաչմերուկներից
անտիկ աշխարհն է
աշխույժ բարձրանում
հավերժ նորաձև
և գեղեցկության չափ անմահ
աստվածներով
գնում է
խառնվելու սբ. Պետրոսի
տաճարի մոտ խմբված
հավերժական
ուխտավորներին
մեկ անգամ ևս
ուսերը թոթվելու
և այդպես էլ ոչինչ
գլուխ չհանելու
աշխարհից
երկնքից
ու Նազովրեցուց
հռոմ
26 08 22