ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Էսսե խաղաղության մասին կամ զրույց Մեսրոպի հետ

Մարիամ  ԿարապետյանՄեսրոˊպս, ի՞նչ ձայն եկավ, երբ այս ափսեով դիպա
այն մյուսին: Իսկ սրանցի՞ց… Գիտե՞ս՝ դեռ բոլոր ձայներն անուններ չունեն: Եվ իրար վրայով անցնում են: Կեսից իրար գտնում… Եվ կեսից հետոն ու այս պահը արդեն դիպել են իրար: Եվ կեսից դու կգտնես իմ ձայնը: Անձույլ ճռճռացող օրորոց…
Ահա այն ամենը, ինչ ես ունեմ հիմա: Եվ այսպես մշտապես՝ հետո լսելու համար…

Հնարավորություններով անվերջ պարբերականացվող հետո:
Եվ այժմ՝ խաղաղ, առանց ոչնչի դրվագված իրիկուն, երբ դու դեռևս կարող ես իրար վրա դնել քնով ու արթնությամբ խճանկարվող օրվա հատվածներն ու մի մե¯ծ խաղալիք ստանալ՝ բոլոր չեղած բաների նման: Գեղեցկությունը խաղաղ հատվածների, որ երբեք մտքից դուրս չեն գալիս, քանզի կրկնվում են: Պարզապես համադրել այլ կերպ: Դա նույն օրն է: Ինչպիսի¯ գեղեցիկ գայթակղություն…
Բառերի հանդիպադրումը ծավալում է: Մեկ բառն ավելի է ծավալում իրեն: Տարածությունը խորանում է մինչև ինքը: Ամեն ինչի տեղ էլ կարելի է փոխել: Անգամ տան: Առավելևս՝ ժպիտի ու հարցականի…
Անհետացող վերջալույսի նկար՝ բոլոր ելուստների ու կորությունների բծախնդիր, դանդաղ լրիվությամբ, պատահաբար ընթերցված բառերի հարևանության մասին, իր լինելու գայթակղության մեջ, պատահաբար կորած ու ազատված, երբ մթնշաղը շփոթելի է քնելու ժամի հետ…
«Ա»-ն ձայն է, և այնտեղ չես կարող կոծկել լացդ: Ուրեմն քնեցրոˊւ քեզ՝ ծորեցներով «շ»-ն: Մի օր էլ կարելի է թերթել սեփական արցունքների մասին գրառումները, և դրանք կարող են… քեզ դուր գալ: Չգայթակղվել:
Կմտածես՝ զզվելի կիսատություն, որ իսկապես զզվելի էլ չէ: Երբ իսկապես չխոսել էլ չես կարող: Համադրել բոլոր ծավալներդ ու ոչինչ չասել ըստ էության: Եվ այդուամենայնիվ, ինչ-որ պարզունակ մի ձևով հայտնաբերվում է ինչ-որ բան: Երբ կարող ես լինել նաև այն, ինչ ոչնչով աչքի չի ընկնում: Երբ կարելի է ջնջել օրացույցից հաջորդ օրերը, որ այսօրը տեղավորվի: Բայց այդուամենայնիվ՝ դրանք մնում են… Դա «հանուն»-ի ու «ընդդեմ»-ի փոխակերպում-տեղափոխությունն է՝ հավասար ոգևորությամբ: Եվ երբ հարկ կհամարես հրաժարվել երազանքից, խաղաղության վերածիր այն:
Ամենահետաքրքիրը միշտ «բայց»-երն ու «իսկ»-երն են, որովհետև նրանցով սկսվում է կառուցման հաջորդ շրջանը՝ անցածի ու եկողի հարաբերում-հաղթահարում-հավասարեցումով՝ հանուն երրորդի: Այստեղից է սկսվում անցումը: Այստեղից է սկսվում ինքնանցումը:
Տաք ու պաղ խառնուրդներ, որ ի չիք են դառնում, երբ շարժվում ես: Ընդգծիˊր ընթացքում չփոխվող մանկական ձեռագրերդ:
«Եվ ես ինքս ինձ էլ չեմ դատում, որովհետև ինքս իմ մասին բան չգիտեմ. բայց սրանով չեմ արդարանում, որովհետև նա, ով դատում է ինձ, Տերն է» (Ա. Կորնթ. 4:4):
Հավասարակշռում ամեն ինչի ու ոչնչի՝ ամեն ինչի օգտին:
Իսկ հասկանալու համար շաղկապվածը` հարկ է նախ հավասարեցնել «բայց»-ի ու «իսկ»-ի տրոհած մասերը, ապա նոր միայն որոնել հաջորդ մասի՝ նախորդին հակադարձ շարժումը, որպեսզի նոր միայն գա երկրորդ հավասարեցումը մեկ ընդհանուր-համընդգրկուն հայացքի մեջ…
Խաղաղ մտածել բոլոր ներկայությունների մասին…
Խորապես ըմբռնել «իսկ»-երն ու «բայց»-երը՝ ինքնանցում սովորել, որպեսզի հետո քո մեծ հայացքի մեջ լինես՝ ներկա ու բացակա, դատարկ ու լի, ԼԻՆԵՍ այսինքն…
Թողնել-անցնել-պահպանելու հավասարարժեքությունը մեկության մեջ՝ որպես հաստատում, «Կաˊ»…
Ամեն ինչ վերածել լինելու… Հարստություն, սակայն չունենալ նաև դա…
Հարցն ու խաղաղությունը՝ մեկտեղ:
Գայթակղությունն ինքնախաբեության չի՞ մղում: Եթե անգամ չի մղում, եթե իրոք կարողանում ես ստեղծել ամեն մի անցումից, ինքնամխիթարումից չե՞ս հոգնի: Մինչև ո՞ւր է տևում ինքնանցումը: Բացարձակի որոնումը չէ՞… Մինչև ո՞ւր կարող է հասցնել սևեռման բացակայությունը: Մինչև մի սահուն գրող գրչի՞, որով պարզապես հարմարավետ է ոչինչ չասելը…
Նախապատրաստություն մինչև վերջ: Փքուն ներկայություն, որ տևականորեն կապվում է մինչև վերջ չտևելուն: Նվազաբերել վաղվա մեջ: Անցնել ցավի աղոտ տարբերակի կամ դրա աղոտ բացակայության վրայով: Նորից ինքնանցել: Ժպտալ ու սիրել:
Սպասում հոգու հաջորդ քայլին:
Ուրեմն արդեն ԿԱ…
Գրիչ, որ գրչի տեսական հնարավորությունն է:
Մի հանգրվան, որ անցման հաջորդականության բոլոր անդամների համար ճիշտ է:
Մի բան, որ ևˊ կլինի, ևˊ չի լինի:
Սա թերևս մանրամասն ուսումնասիրել է հարկավոր՝ որպես հնարավոր այլընտրանք թեկուզ հեռուստաեթերի ազդեցությունների նկատմամբ դիրքավորվելու համար:
Դա նաև բանաստեղծելու ձև է և առհասարակ ապրելու ձև՝ կիրառելի այլազան հարաբերությունների մեջ: Դա նաև լավագույն տեքստերի հատկանիշն է: Նմանությունն Աստծուն երևի հենց այս Վերածումն է: Դա պարզ բառերի վերադարձն է, որոնք կհերքես ու ճանապարհ կանցնես, ու պարզ բառերին կհավելես քո ճանապարհի իմաստը: Տրված ու գտած ամեն մի բան, լավ թե վատ, ինքն իրենով չեզոք է: Արժեքը քո մեջ է: Եվ թող քո ճանապարհը խաղաղությունը լինի:
«Միˊ դատիր, որ չդատվես» ավետարանական պատգամ: Անձնավորման բարդ ճանապարհ, երբ մի բան հերքում ու ընդունում ես միաժամանակ: Հոգու փխրեցում: Քո ճանապարհի հիշողության և խաղաղության ավելացվող պահուստ: Այդ կերպ ընդունել բառերը և ամեն ինչ՝ մոտ տարածություններ, ժամանակի ընդունելի թյուրիմացություններ, որ գեղեցիկ են երբեմն, քանզի կանոնավոր են… Չի՞ կտրում հողից… Ի՞նչը կարող է լինել զուգահեռ. նաև ա՞յն, որ ևˊ կտրում է, ևˊչի կտրում հողից: Բաց համակարգի օրինակ, որ վերջավոր չէ և, այդուհանդերձ, վերջավոր է: Կիրառե՞լ սա ամեն ինչի նկատմամբ, այդ թվում և հենց դրա. ինքն իր նկատմամբ կիրառումների անվերջանալի բազմաբարդություն… Ավելի բարդ տարածություն. առարկան և դրա շրջանցումը՝ մեկտեղ:
Սահմանը, դրա բացակայությունը և երկուսի միևնույն տեղը…
Չի՞ դատապարտում ոչնչի…
Տարածությունը կազմակերպել մինչև հնչում…
Խաղաղությունը կազմակերպել մինչև տող…
Սովորել հրաժարվել:
Մնացածը լույսի համատեքստում արված բան է:
Խաղաղության վրա բացվող աչք:

…Պարի ու շարժման սահմանի մեջ դու արժանի լինես կատարելությանը: Դա ես ուզեցի քեզ համար, երբ քեզ լողացնելիս երգում էի.
«Կապույտ պատերի մեջ լինել,
ոտքերի ծայրին լինել»…
Եվ անգիր արեցի սա, որ գրեմ: Հետո ինչ ասես չհորինեցի մտքում, որ դու հետո հասկանաս: Ուրեմն թող լինի՝ անկախ հանգամանքներից…
Երբ լողացնելիս քեզ հետ երկար զրուցեցի այսպես, հայրդ ցանկացավ, որ որ դու նախ լուրջ, լուռ տղա կլինես: Նախ խորագետ, որ հետո ավելի…
Օրորոցային արջուկները լուռ սպասում էին, մինչ ընկերը կվերադառնար արթնությունից:
Ձգտումն առ լրիվությունը գայթակղում է դեպի լռություն:

Քեզ նախ և ապա այդ լռությունից՝ դարձյալ հանգամանքներից անկախ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *