«Մեդիա մարդակերություն (կաննիբալիզմ)» կամ թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի ․․․
«Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»:
Մատթեոս, 26։26
1974 թ․ Նեապոլի Մորրա ստուդիայում սերբական ծագումով կատարողական նկարչուհի Մարինա Աբրամովիչը ներկայացրեց իր «Ռիթմ 0» շոուն։ Այս ներկայացումը պարզապես գեղարվեստական արտահայտչամիջոց չէր. դա նկարչի և հանդիսատեսի միջև փոխհարաբերությունների սահմանները ստուգելու համարձակ ուսումնասիրություն էր: Նրան հետաքրքրում էր, թե արդյոք կարող ենք դեռևս չվստահել մարդկանց, երբ նրանք հայտնվում են իշխանության մեջ:
Շոուի այցելուներին Աբրամովիչն ասաց, որ ինքը վեց ժամ չի շարժվի, անկախ նրանից, թե ինչ կանեն իր հետ: Ըստ այդմ՝ նա իրեն պասիվ դեր էր վերապահել․ հասարակությունն այն ուժն էր, որը կներգործեր նրա վրա: Ավելի հստակ՝ նրա կողքի սպիտակ սավանով ծածկված սեղանին, որը նման էր զոհասեղանի, դրված 72 առարկաները կարող էին կիրառվել նրա վրա։ Առարկաները երկու տեսակի էին՝ «հաճույք պատճառող առարկաներ» (կամ «անվնաս առարկաներ») և «ցավ պատճառող առարկաներ» (կամ «վտանգավոր առարկաներ»)։ Հաճույք պատճառող առարկաներից էին փետուրները, ծաղիկները, օծանելիքը, գինին, հացը, բամբակը, թերթը, գիրքը և այլն։ Ցավ պատճառող առարկաներից էին խոհանոցային դանակը, մկրատը, ածելիները, մտրակը, կացինը, փամփուշտով ատրճանակը և այլն։ Մարդկանց թույլատրվում էր այդ առարկաներն օգտագործել իրենց ուզած ձևով. ցուցանակը տեղեկացնում էր, որ առարկաները կիրառողները պատասխանատվություն չեն կրում իրենց արարքի համար: Վեց ժամ շարունակ նկարչուհին թույլ տվեց հանդիսատեսին առանց հետևանքների ձեռնածել իր մարմինն ու հենց իրենց՝ հանդիսատեսների գործողությունները: Ընդսմին՝ հանդիսատեսը բաղկացած էր «փողոցից բերված պատահական անցորդներից», ինչպես նաև «արվեստի աշխարհի որոշ երկրպագուներից»։
Սկզբում հանդիսատեսը խաղաղ էր շփվում նկարչուհու հետ, սակայն մի քանի ժամից նեապոլյան գիշերը թեժանում է։ Շուտով հանդիսատեսի արձագանքները վերածվում են դաժանության ալիքի: Երրորդ ժամից սկսած՝ մարդիկ սկսում են ֆիզիկական բռնության ենթարկել նրան՝ «վնասակար առարկանները» կիրառելով նրա վրա։ Պատռում են նկարչուհու հագուստները, նրան կտրում են ածելիներով․․․ Ինչ-որ մեկը նույն ածելիներով կտրվածք է անում նրա կոկորդի մոտ, որ արյունը լիզի: Այնուհետև նրան ենթարկում են սեռական ոտնձգությունների, վարդի փշեր խրում փորը և սպառնում ատրճանակով։ Նրա նվիրվածությունը ստեղծագործությանն այնքան անսասան էր, որ նույնիսկ բռնաբարության կամ սպանության սպառնալիքը չէր կարող նրան հետ պահել: Այդուամենայնիվ, հանդիպելով նրա կամքի ժխտմանը, մարդկային հոգեբանության ենթադրյալ փլուզմանը՝ հանդիսատեսների շրջանում սկսում է ձևավորվել պաշտպանական խումբ: Ավելի ուշ, երբ ինչ-որ մեկը լիցքավորված ատրճանակը դնում է նրա ձեռքը և փողն ուղղում նրա գլխին, հանդիսատեսների միջև կռիվ է սկսվում․ «արվեստի աշխարհի ներկայացուցիչներն ապստամբում են ագրեսիվ կողմնակի մարդկանց դեմ» (Թոմաս ՄքԷվիլլի), և միջոցառումը հայտարարվում է ավարտված։
Ուշագրավն այն է, որ այս ողջ ընթացքում հանդիսատեսը «չէր տեսնում ինքն իրեն» մինչև այն պահը, երբ Աբրամովիչը սկսեց քայլել դեպի հանդիսատեսը․․․ Նրանք բոլորը փախան, «որպեսզի խուսափեն իրական առերեսումից» (Մարինա Աբրամովիչ)։
Մի կողմ թողնելով այս կատարման մեջ անձի համար վտանգավորն ու ռիսկայինը և այն իրականությունը, որն ապրում են մարդիկ, ուշադրություն դարձնենք կոլեկտիվ գործողություններին, որոնք դրսևորվեցին հընթացս կատարման: Բանն այն է, որ Աբրամովիչի մարմինը, փաստորեն, միջոց էր, որով ստուգվեցին նաև մարդկանց մտավոր և բարոյական սահմանները։ Երբ հնարավորություն է տրվում գործելու առանց սահմանափակումների, որոշ մարդիկ արտահայտում են իրենց ներքին ծայրահեղ դաժանությունը: Այդպիսով՝ ներկայացման ընթացքը վեր է հանում ավելի խորը հասարակական խնդիրներ և բացահայտում իշխանության և դրա չարաշահումների, պատասխանատվության բացակայության հարցերը, որոնք հատուկ են արդի հասարակությանը։ Նկարիչը հետագայում ասել է․ «Այս աշխատանքից իմ քաղած փորձառությունն այն էր, որ [․․․] եթե որոշումները թողնես հանրությանը, քեզ կարող են սպանել»:
Այսպիսով՝ «Ռիթմ 0» կատարումը դաժան հիշեցում է այն իրականության մասին, որը կարող է ի հայտ գալ, երբ մարդկային բնազդները մնում են անվերահսկելի, և քաղաքակրթության բարակ շերտը պատռվում է՝ բացահայտելով մարդկային էության և հասարակության մասին հում և հաճախ անհանգստացնող ճշմարտությունները: Ներկայացումն ընդգծում է ինչպես անհատների, այնպես էլ հասարակության ներսում կարեկցանքի և դաժանության ներուժը: Եվ ակամա ականատեսն ենք դառնում խմբային ինքնության և անհատական ինքնության առճակատմանը, երբ «արգելքների (տաբուների) և հիշողության համայնքը» քայքայվում է՝ աստիճանաբար վերածվելով ինքնօրինակ «մարդակերական (կաննիբալիստական) համայնքի»։
Այսպես, Աբրամովիչին ենթարկելով դաժանության տարբեր ձևերի, ինչպիսիք են հագուստը կտրելը, մաշկը քերծելը կամ նույնիսկ բռնությամբ սպառնալը, հանդիսատեսն ինչ-որ իմաստով սպառնում էր նրա ինքնությանը՝ իբրև անհատի: Հանդիսատեսը նաև նվազեցնում էր նրա ազատ կամքը՝ վերածելով նրան պասիվ օբյեկտի՝ սեփական զվարճության կամ ագրեսիայի համար։ «Ռիթմ 0»-ում որոշ հանդիսատեսների դրսևորած վարքագիծը զրկում էր Աբրամովիչին մարդկայնությունից, քանի որ նրանք Աբրամովիչին վերաբերվում էին զուտ որպես սեփական ցանկությունների առարկայի կամ կտավի: Այս ապամարդացումը (dehumanization) թույլ տվեց դաժանության և բռնության գործողություններ, որոնք սովորական հանգամանքներում անհնարին կլինեին:
Այսու՝ «ուրիշ(ներ)ին» մարդկային որակներից զրկելով՝ անհատները կամ խմբերը ստեղծում են հոգեբանական հեռավորություն, որը թույլատրելի է դարձնում սպառման խորհրդանշական գործողությունները: Իսկ մարդկության սպառման եղանակներից են բռնությունն ու դաժանությունը, շահագործումն ու ճնշումը, բարոյական արժեքների ու էթիկական սկզբունքների քայքայումը․․․ Դա մի բան է, երբ ապամարդացված «ուրիշը» զրկվում է արժանապատվությունից, ինքնավարությունից կամ հիմնական իրավունքներից, և վերածվում զուտ առարկայի կամ ապրանքի: Ավելի հստակ՝ այն մի բան է, երբ սպառվում է մարդկայնությունը։ Ապամարդացմամբ անցում է կատարվում խորհրդանշական մարդակերության, որը արտահայտում է հասարակության խժռող բնույթը կամ մեկի կողմից մեկ ուրիշի ինքնության և մշակույթի սպառումը: Ապամարդացումը պարզեցնում է մարդկային բարդ ինքնությունը՝ դարձնելով սպառվող բան:
Ի՞նչ է նշանակում, սակայն, մարդկանց համար այսօր «մարդակերություն» հասկացությունը։ Այս անհարմար հարցի պատասխանը կարող է մեծապես տարբերվել հասկացության բառացի սահմանումից, ըստ որի՝ «մարդակերությունը գործողությունն է կամ գործելակերպը, երբ մարդիկ ուտում են այլ մարդկանց»։ Հասկացման տարբերությունը կախված է ոչ միայն նրանից, թե ինչպես է պատասխանողը առնչվում մարդակերության հետ, այն է՝ մարդակե՞րն է, զո՞հը, վկա՞ն, թե՞ ականատեսը, այլև՝ թե այդ հասկացությունը բառացի՞ է հասկանում, թե՞ այլաբանորեն կամ խորհրդանշականորեն․․․
Գիտնականները պնդում են, որ մարդակերությունը վարքագիծ է, որը նկատվել է մարդկանց մոտ էվոլյուցիոն պատմության ողջ ընթացքում: Այն ոչ միայն հատուկ է տարբեր մշակույթներին, ոչ միայն հազարավոր տարիներ առաջվան, ինչպես ենթադրվում էր նախկինում, այլև մեր օրերին: Իսկ վերջին շրջանում ակնհայտորեն մարդակերության հանդեպ հրապուրանք կա։ Գրականությունից մինչև ֆիլմեր, երգերից մինչև հումոր ցույց են տալիս, թե ինչպես է մարդակերությունը արմատավորվել արդի մշակույթի մեջ։ Երևում է ոչ միայն մարդկանց մոլուցքը, այլ նաև ընդգծվում է այն բացարձակ հաճույքը, որը մարդիկ ստանում են դրանից՝ լսելով դրա մասին, խորհելով դրա մասին, երևակայելով այն:
Մարդակերության թեմայով բանավեճերը պտտվել և պտտվում են բազմաթիվ հայեցակարգերի շուրջ, որոնցից յուրաքանչյուրը հստակորեն տարբեր ոսպնյակներ է տրամադրում մարդակերության մանրամասները դիտարկելու համար: Սոցիալական մարդակերությունը միջմշակութային տաբու է շատ հասարակություններում, մի բան, որը խիստ մերժված է մարդկանց և մշակույթների ճնշող մեծամասնության կողմից: Կարելի է առանձնացնել հատկապես փոխաբերական (հասարակական) և մարդաբանական (կենսաբանական) դիտանկյունները, որոնցից փոխաբերականը հիմնականում տեսադաշտից դուրս է մնացել։ Մինչդեռ «մարդկանց սպառումը» նշանակում է ավելին, քան պարզապես մարդկային միս ուտելը, և ինչ-որ չափով մենք բոլորս այս կամ այն կերպ սպառում ենք մարդկանց: Եվ դա հատկապես սրությամբ է դրսևորվել վերջին շրջանում՝ թվանշանային համակեցության գերիշխանության պայմաններում՝ այդպես վերածվելով նաև «թվանշանային կամ մեդիա մարդակերության»։ Անանունությունը և հեռավորությունը երբեմն հանգեցնում են «ուրիշի» ապամարդացմանը․ մարդիկ կարող են առցանց դրսևորել այնպիսի վարքագիծ, որը նրանք չէին անի դեմ առ դեմ շփումների մեջ, ինչպիսիք են կիբերհարձակումը, ոտնձգությունները կամ ապատեղեկատվության տարածումը: Սա կարող է ստեղծել թունավոր միջավայր, որտեղ անհատները փոխաբերաբար «սպառվում» են ուրիշների բացասական գործողություններով: Այդու՝ մեդիա մարդակերությունը (ինչպես և խորհրդանշական մարդակերությունը) ներառում է ինչ-որ բանի փոխաբերական սպառում, լինի դա մեդիա բովանդակություն, թե հոգեբանական տարր:
Հետհումանիզմի ի հայտ գալը ավելացնում է մարդակերության թեմայի հրատապությունը։ Այն ծառայում է և՛ մարդուն բնորոշելուն, և՛ անհատներին այս կատեգորիայից դուրս դնելուն: Անգամ գրվում և թարգմանվում են գրքեր, անցկացվում են դասընթացներ՝ մարդկանց «սոցիալական մարդակերություն» սովորեցնելու համար։ Այնտեղ քեզ սովորեցնում են ստել և ճանաչել սուտը, այնտեղ քեզ սովորեցնում են ձեռնածություններ անել և չտրվել ձեռնածություններին, մեկ ուրիշ տեղ սովորեցնում են մրցակիցներին ճանապարհից հեռացնել առանց զենքի` ստորությամբ, ստով և այլ կերպ։ Այնտեղ նրանք սովորեցնում են ձեզ «ուտել» մարդկանց, ովքեր ձեր ճանապարհին են, և ձեզ ենթարկել անհրաժեշտ մարդկանց․․․
Եվ այս ամենը կոչվում է «սեփական մրցունակության բարձրացում» կամ «մրցակցային առավելությունների ձեռքբերում»։ Սպառվող սոցիալական կապիտալին փոխարինում է հակասոցիալական հակակապիտալը․ փլուզվում են սոցիալական կապերը, գործընկերային կամուրջները և անգամ սոցիալական-ընտանեկան կապերը։ Եվ փլուզվում է հանրույթը, ոչնչանում է մարդը, և այդ ամենը չի կատարվում ինքնաբերի, այլ ինքնաոչնչացմամբ և ոչնչացվելով «մարդակերների» կողմից: Ավելի շուտ՝ հասարակությունը վերածելով «խորհրդանշական մարդակերների»։ Բանն այն է, որ ապամարդացմամբ ոչ թե տվյալ մարդն է վերածվում գազանի, որին պետք է «ոչնչացնել» կամ թե «հոշոտել», «խժռել», այլ ապամարդացնողներն իրենք իրենց իսկ գործողություններով վերածվում են մարդակերների։ Նրանք է, որ վերածվում են գազանի, որ կարողանան իրենց գործողությունների մեջ լինել վստահ և ազատ։ Այդպես նվազեցվում, նսեմացվում կամ քայքայվում են մարդուն մարդ դարձնող հիմնական հատկությունները, ինչպիսիք են ապրումակցումը, կարեկցանքը, արժանապատվությունը և հարգանքը ուրիշների հանդեպ:
Այսպիսով՝ մարդկային հոգեբանության մեջ խորհրդանշական մարդակերությունը փոխաբերական հասկացություն է, որը ներկայացնում է մեկ այլ էակի խորհրդանշական էության, ինքնության կամ ուժի յուրացումը կամ սպառումը: Այս երևույթը հաճախ նկատվում է այն համատեքստերում, որտեղ առկա է ուժի զգալի անհավասարակշռություն, երբ մի սուբյեկտը գերակայում է մյուսի նկատմամբ: Նման վարքագծի հիմնավորումը կարելի է գտնել սոցիալական հոգեբանության և ուժային դինամիկայի տեսություններում:
Նախ, դիտարկենք սոցիալական ինքնության տեսությունը, որը պնդում է, որ մարդիկ ձգտում են պահպանել կամ բարձրացնել իրենց ինքնագնահատականը` նույնանալով հաջողակ կամ հզոր խմբերի հետ և հեռու մնալով ավելի քիչ հարգված կամ լուսանցքային խմբերից: Իրավիճակներում, որոնք բնութագրվում են իշխանության անհավասարակշռությամբ, մարդիկ հաճախ ձգտում են հաստատել իրենց գերակայությունը կամ գերազանցությունը նրանց նկատմամբ, ում ընկալում են որպես ստորադաս: Խորհրդանշական մարդակերությունն այս համատեքստում դառնում է միջոց, որով անհատները կամ խմբերը փոխաբերաբար կլանում են ենթակա սուբյեկտի անհատականությունը կամ ուժը՝ ամրապնդելով իրենց գերակայության զգացումը:
Երկրորդ, ապաանհատականացման հայեցակարգը վճռորոշ դեր է խաղում իշխանության անհավասարակշռության պայմաններում խորհրդանշական մարդակերությունը հասկանալու համար: Ապաանհատականացումն առաջանում է, երբ մարդիկ խմբի ներսում կորցնում են իրենց ինքնության և անձնական պատասխանատվության զգացումը, ինչը հաճախ հանգեցնում է վարքի, որը շեղվում է նրանց բնորոշ բարոյական կողմնացույցից: Իրավիճակներում, երբ կողմերից մեկը զգալի իշխանություն ունի մյուսի նկատմամբ, օրինակ՝ Մարինա Աբրամովիչի «Ռիթմ 0» ներկայացման ժամանակ, որտեղ նա զիջեց վերահսկողությունը հանդիսատեսին, հանդիսատեսը կարող է զգալ անանունության զգացում և նվազեցնել պատասխանատվությունն իր գործողությունների համար: Սա կարող է դրդել նրանց ներգրավվել խորհրդանշական մարդակերության գործողությունների մեջ, որտեղ հանդիսատեսները, ոգեշնչված ենթադրյալ իշխանությամբ, վերահսկողություն են հաստատում խոցելի մարդու նկատմամբ:
Ավելին, սոցիալական գերակայության տեսությունը ենթադրում է, որ աստիճանակարգային հասարակություններում մարդիկ դրդված են պահպանել և ամրապնդել սոցիալական աստիճանակարգը՝ իրենց գերիշխող դիրքը պահպանելու համար: Այն դեպքերում, երբ որևէ մարդ կամավոր հրաժարվում է իր ինքնավարությունից, ինչպես դա արեց Աբրամովիչը Ռիթմ 0-ում, հանդիսատեսը, ընկալելով իրեն որպես ավելի մեծ ուժ և հեղինակություն, կարող է իրեն հարկադրված զգալ վերահսկողություն հաստատելու խոցելի անձի նկատմամբ: Խորհրդանշական մարդակերությունը ծառայում է որպես գործիք, որի միջոցով հանդիսատեսը հաստատում է իր գերակայությունն ու գերազանցությունը Աբրամովիչի նկատմամբ՝ ամրապնդելով առկա ուժային անհավասարակշռությունը․․․
Եվ քանի որ սոցիալական ցանցերը և ԶԼՄ-ները շարունակում են մնալ այնպիսի հարթակներ, որտեղ անդադար ճեղքվում են հնարավորի սահմանները տեխնոլոգիական նորարարության, օգտագործողների վարքագծի և սոցիալ-մշակութային ազդեցությունների միջոցով, ապամարդացման հավանականությունը մեծանում է, քանի որ անհատներն ու խմբերը կարողանում են օգտագործել այդ հարթակները՝ առաջ տանելու իրենց օրակարգը, հավերժացնելու կարծրատիպերը և մեծացնելու պառակտումները մարդկության միջև: Վնասակար կարծրատիպերի և խտրական պատմությունների տարածման հարթակներ տրամադրելով՝ թվանշանային այս տարածքները ոչ միայն արտացոլում են, այլև հավերժացնում են այն անարդարությունները, որոնք պահպանվում են ցանցից դուրս: Մի աշխարհում, որտեղ սոցիալական մեդիան դարձել է ազդեցության և ուժի հոմանիշ, ապամարդացման ուժերին դիմակայելու և մեղմելու հրամայականը ավելի քան հրատապ է։
Կա՞ արդարացում նոր ժամանակների այս սարսափելի արարքին, երբ մարդու «մարմինն ուտելու» արարողակարգը փոխարկվել է «մարդու կյանքը կամ հոգին ուտելու» արարողակարգով․․․ Արդյո՞ք մարդկությունն ընդունակ է առաջընթացի, թե՞ մենք դատապարտված ենք խրվելու բռնության և մեղքի կռվի մեջ, ներփակվել ուրիշին տանջելու և արցունքները սրբելու միջև ընկած տարածության մեջ․․․ Արդյո՞ք բռնության և մեղքի փուլերը մեր էության անխուսափելի մասն են, թե՞ մենք կարող ենք դրանք գերազանցել գիտակցված ջանքերի և հավաքական կամքի միջոցով․․․ Հարցադրումներ, որոնք շոշափում են մարդկության գոյության հիմքերը՝ ստիպելով մեզ կասկածի դակ դնել փոփոխության, կարեկցանքի և բարոյական էվոլյուցիայի մեր կարողությունը:
***
․․․ Որքան պարզունակ են մնացել մարդիկ քաղաքակրթության բարակ ծածկույթի տակ, և որքան կենդանի են այն թաղված ազդակները նրանց ներսում, որոնք քաղաքակրթվելով ավելի վտանգավոր են դարձել: Եվ մենք կորցնում ենք ինքներս մեզ, կորցնում ենք այդ շատ մեծ բարոյական առավելությունը՝ դառնալով քաղաքակիրթ երկրների շատ ու շատ բնակիչների պես օտարված, զայրացած ու միայնակ՝ չճաշակելով հենց այդ քաղաքակրթության պտուղները, ինչպես ինչ-որ նվաճված երկրի աբորիգենները։
Եվ այդուամենայնիվ, մարդկային առաջընթացի ներուժը կախված է մեր էության ավելի մութ կողմերին դիմակայելու և դրական փոփոխությունների համար ակտիվորեն աշխատելու մեր պատրաստակամությունից: Թեև այս ճանապարհը հղի է դժվարություններով, պատմությունը տալիս է մարդկային ոգու ճկունությամբ և հնարամտությամբ առաջնորդվելու, այն է՝ փոխակերպող առաջընթացի բազմաթիվ օրինակներ: