Պատերազմի մեջ, ինպես եւ սիրո, Ձեր միակ հույսը վերջին նռնակն է,մի եզակի տարբերությամբ՝ սիրո մեջ հետմահու մեդալներ չեն բաժանում։
Եթե ինչ-որ մեկը, ամենայնիվայնու, չի կարողանում Ձեզ ներել Ձեր միակ հանցանքը՝ գոյությունը այս Լուսնի տակ, ապա համոզվեք, որ դուք ի վիճակի եք հասկանալ նրա մանկությունը եւ դրանից ծնվող դեւերը, ապա նոր` ատրճանակ ձեռք բերեք։
Եթե Ձեզ խանդում են Ձեր մեն-մի հատիկ գոյության համար, ապա համոզվեք, որ դուք իսկապես գոյություն ունեք։
Եթե Ձեզ ինչ-որ մեկը չի լսում, դժվար չէ հասկանալը՝ ինչ-որ մեկը Ձեզ երբեք չի լսի․ գլխապատառ փախեք։
Եթե Ձեզ ինչ-որ մեկը չի հասկանում, ապա նախ վստահ դարձեք՝ Դուք բավականաչափ հասկանալի եք, ապա նոր սկսեք կասկածել դիմացինին մտավոր հաշմվածության, եւ հետո՝ նարցիսիզմի մեջ։
Եթե Ձեզ շարունակ մեղադրում են, ապա հիշեք՝ մեղադրանքներն այդ ինչ-որ մեկի փրկությունն ու փախուստն են իրականությունից եւ սեփական ցավից։
Եթե Ձեզ ցավում է սիրո չափից, ուրեմն, շնորհավորում եմ՝ դուք դատապարտված եք ամենագեղեցիկ մահին։
Եթե որեւէ բան դատապարտել եք բաց թողնելուն կամ ոտնակոխ անելուն հենց առաջին հայացքից, ուրեմն էլ ինչի՞ն եք սպասում։
Եթե սպասում եք, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, ապա հիշեք՝ ժամանակը խիստ զբաղված է Ձեր ցանկություններն ու հայացքները փոխելով։
Էմոցիոնալ հաշմվածության, որ ունենք բոլորս, գլխավոր մեղավորները հավասարաչափ մեր մայրն ու հայրն են, ապա ջարդված խաղալիքները, որ չենք կարողացել թափել, եւ ապա նոր՝ ցուցափեղկում դրված խաղալիքը, որ մեզ համար չեն առել։
Փսիխոպատ չեն դառնում, փսիխոպատ դարձնում են․ հիշեք սա, եթե որոշել եք հղիանալ։
Փսիխոպատների մասին․ եթե Ձեզ պարտադրվում է մի կառավարություն, որ առաջին օրից ցույց է տալիս հայերենի ուղղագրության ֆանտաստիկ ողբերգական իմացությունը, ապա ոչինչ ավելին այդու պետք չէ սպասել։
Եթե Ձեր գլխում նոյեմբերի տասից առաջ մի իրականություն էր, իսկ դրանից հետո՝ մեկ այլ, ապա մի շտապեք ինքնասպան լինել, գաղթել, հուսալքվել կամ հայհոյել․ դրանք արդեն ժամանակավրեպ են։ Հավաքեք Ձեր մեջ եղած ողջ տղամարդկությունն ու սիրահարվեք։ Եթե էշանալ, ապա միայն սիրուց։
Եթե հոգնել եք, մարդկայնորեն կամ կիսաաստվածային Ձեր բնազդներով, ապա այցելեք հոգեբուժարանում ապրող եւ արդեն պարաֆրենիայի հասած կամ պալիատիվ խնամքի տակ գտնվող մարդկանց ու կտեսնեք՝ ինչքան քիչ բան գիտեք հոգնության եւ առհասարակ ինքներդ Ձեր մասին։
Եթե հոգնել եք, եւ այլեւս ոչինչ չի օգնում, մնացեք տանը, կարդացեք Մարսել Պրուստ, խմեք մի բաժակ կոնյակ եւ քնեք։
Եթե ցինիզմն այլեւս փրկօղակ չէ, ապա հեռացեք, հեռացեք, հեռացեք․․․ ավելին՝ Դոն Կիխոտի հետմահու նոթերից է։ Եւ ես Ձեզ հասկանում եմ։ Եւ ես Ձեզ հասկանում եմ․․․
Գրությանհետ՝ եթե սա կարդալիս ցանկություն ունեք ինձ գրողի ծոցն ուղարկելու, ապա անհրաժեշտ է իմանալ, ես վաղուց այնտեղ եմ։
Թյուրիմացությամբ եւ սիրով։