Մհեր Արշակյան | Դևը

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

 

(բալլադ)

Համարենք, որ այլ կերպ չէր կարող լինել…
Աղջիկ էր, թախծի հետ` մի ձայնի,
ապրում էր աննկատ, հաշվելով տարիներ,
թե ում ժպիտն իրեն տանից կհանի:

Իսկ ինքը ժպտալ չէր սովորել,
չէր կորցրել ոչինչ ու չէր թախծել որբ,
փառք Աստծո, ոչ մի իրական սեր, հենց նոր էր
բաժանվել` միայն մտքում մեկին ուրվագծելով:

Մայրը սրտի հետ խնդիրներ ուներ,
հայրը կորցրել էր մի թոք,
ծխում էր անխնա ու դեմքով գունեղ
դստերն ասում` գնա այս տնից, ինձ թող:

Ու սիրեց աղջիկը` մի ոտքը դուրսն էր,
ու բոլոր մտքերը: Վերջապես:
Գրել էր ինչ-որ մեկը` Սատանան կուզեր
ձերը լինել, եթե նա լիներ ես:

Պապանձվեց, շնչահեղձ եղավ, սիրտը վազեց,
տղան աչքեր ուներ, բառերը` հովի թև,
ուզում էր գրկել աշխարհը, ամեն ինչ նրան ասել,
բայց դրսում COVID էր:

Փոխարենը նա գրկում էր Facebook-ը,
գրում էր բառեր. չէ, բաներ` բառերից անդին,
իր պատին հեղեղ էր, երկրաշարժ էր ու բուք էր,
իսկ աչքերի դեմ այդ տղան` Անդին:

Իր սրտում նույնպես բոլոր եղանակները կային`
բոլոր տարերքներով` աչքերի մեջ նայող,
աղջիկն այդ չգիտեր ինչպես հաղթել ահին,
ու վարակն այդ տուն չբերել, չմնալ անծնող:

Մարմինը դուրս էր ուզում, մարմինն ուզում էր սեր,
մարմինն այդ արդեն չէր ապրում մարմնում,
տղան ասում էր` մեզ երջանկությունն է հասել,
ի՞նչ ենք ուզում կյանքից, ո՞վ չի մեռնում:

Հինգ ամիս, ընկերներ, հինգ ամիս կարծես
նա զսպեց իրեն, սերը ծաղկում էր, դրսում` ամռան աշուններ,
և աղջիկը գրեց` ես ուզում եմ քեզ,
և տղան կորցրեց մտքի թելը. COVID-ն ու՞մ շունն էր:

Եվ եղավ առաջին հանդիպում, համբույր եղավ,
սերը փողոցներ էր չափում ու երկինքներ,
նրանք մի ուրիշ աշխարհ գիտեին, տեղն այն,
որտեղ վարակը սերն ինքն էր:

Անդին խաղացող հմայք ուներ` չտեսնված մինչ այդ,
երկփեղկված հայացք, ժպիտի մեջ անզիջում շուրթեր,
բոլոր սերերից մի բան կար այդ դեմքին` կրճատ,
որ ուզում էր հենց քո ստրուկը լինել ու բոլորին` Տեր:

Բայց նա աղջկան վարակում էր երազ ու կիրք`
իր անթարթ աչքերով, այնքան խորին, անհետք,
ոչինչ չէր հասկանում աղջիկը, ամեն ինչ` ասես փոսի մեջ կյանքի:
Ու սիրում էր դա հենց…

Երբեք աղջիկը չէր եղել սիրողների մեջ,
երբ ինչ-որ մեկը դրախտ էր քամում նրա սրտում:
Այս տղան եկավ, կանգնեց ու… վերջ:
Նույնիսկ բառեր չուներ արթուն:

Ամեն ինչ հանկարծ դարձավ աչքեր` հանկարծ անհուն,
ամեն ինչ` Գրքում չամփոփված սկիզբ ասես,
սիրուց դուրս արևը արև էր, անունը` անուն,
իսկ սիրո մեջ` սեր…

Ո՞վ գիտեր, թե ինչ էր կատարվում, վարակով տարված
այս աշխարհում ո՞վ էր տեսել ավելի սեր,
քամվում էին մարմինները հայացքով, մթնով իրենց անվան,
և քիչ էր թվում ամենը` կիրքը, անկողինը, հույսն էլ:

Եվ եղավ երկրորդ հանդիպում, երրորդ, յոթերորդ,
առօրյան է բացվում հեքիաթ առ հեքիաթ ու թևանց.
սերը չի մնջանում համբույրներով,
սերն ինքն իրեն չգիտի այսքան թեքված:

Քաղաքը մտնում էր խռպոտ քամիների տակ,
գիշերները` միայն չասվածներում գրված էջ,
որտեղ նրանք խաղում էին քաղցած խեղկատակ
կամ աշխարհի վերջ:

Աղջիկը չի ուզում տուն գնալ, ո՞վ կուզեր, հարց է,
տղան տանն սպասող չուներ, ասես ոչ մի տեղից էր իջել…
Տղան այդ շատ չէր, քանի դեռ չէր պարզվել,
որ սիրո համար նա ավելի քիչ է:

Համարենք, որ այլ կերպ չէր կարող լինել…
Եվ,-ասես չարքի բերանով, թե շնչով, Աստված գիտե,-
աղջիկը վատ երազ չէր տեսել, բայց ինչի՞ գինն էր`
տղան աղջկան գրեց` COVID եմ:

Ու վերջ: Անհայտացավ տղան, գնաց,
մութը հիմա ավելի գունավոր էր, քան` կյանքը,
ասես նա, ով չկար, չկար անխնա`
ոչինչ այլևս նույնը չէր, ուրիշ էր այնքան:

Մեկ ամիս, ընկերներ, մեկ ամիս տևեց ողջը,
կար տղան, հիմա չկա, ասես չէր եղել,
օ՜, եթե չմթներ օրը, թեկուզ սիրտը թող ճաք
տար ու պայթեր, կապրեր նա, չմութը դեղ էր:

Արձագանքի նման հեռավոր, անհասցե ու նրա նման անտողեր
տանջվում էր այդ մի կերպ կույսը ոտի վրա.
այդ օրից նա գրիչ չճանաչող թղթերին էր թողել
ապրելու մոտիվը:

Ու պայթեց լրիվ ուրիշ մի բան, լրիվ ուրիշ մի լուր,
COVID-ը գտավ ու բռնեց աղջկա կոկորդից,
բռնեց հորը, մորը, տանջեց մի հինգ օր, ինքը բուժվեց մաքուր,
բայց հիվանդանոցից տարավ մոր ու հոր դին:

Տղան չկար: Աղջիկը դեռ հույս ուներ անջրդի,
որ կգա իր սերը, որ ճակատագիրը չի հողի և դա:
Բայց՝ ի՞նչ, սարսափելին առջևում էր, Անդին`
այդ դեռ մոր փորում որբը, գրեց` սիրում է ուրիշին: Հուդա:

Մի հինգ օր, ընկերներ, շատ չէ, հինգ օր
աղջիկը աչք չփակեց, չքնեց կարճ ասած,
և միայն վեցերորդ օրը,-արևը ծագել էր խինդով,-
քունը հասավ:

Յոթերորդ օրը նա արթնացավ նոր աշխարհում,
իրականում միայն աչքերն էին բաց,
իր կյանքն աղջիկը տարել էր այս մարմնից հեռու,
որտեղ մեռածին է պիտո լինել հարբած:

Տղան չէր լինելու` յոթերորդ օրվա հասկանալու բան,
ու չէր լինելու ինքը նույնիսկ երեկվա հերոս,
ողջը մի շնչում դարձավ թույն ու տառապանք`
կողմնակի մահերով:

Թվում է, թե կյանքն է իր դռները բացել
ու ոչինչ այլևս տեղում չի մնա,
բայց` ոչ, սիրեց իր տառապանքն աղջիկը, կարծես
այնտեղ նա միշտ էր ժամադրվածի նման:

Փակվեց աշխարհն ընդմիշտ` մարդիկ, փողոցներ, վաղվա օր,
աղջիկը տեղափոխվեց երազներ, նահանջող աչքերով, հույսից հոշոտված,
ինքն այնտեղ ամեն ինչ էր` թագուհի ու թագավոր
և նույնիսկ մի քիչ էլ` կիսաստված:

Ինքն այնտեղ վերջապես ինքն էր`
մեկով պակաս կյանքի թեման…
Համարենք, որ այլ կերպ չէր կարող լինել`
այլ կերպ, այսինքն, ապրել շան նման:

Այսինքն, լինել կյանքից մի քիչ հեռու,
որտեղ ոչնչի անցյալը չկար:
Եվ ապրեց աղջիկը: Եվ ապրածի մեջ անընդհատ մեռնում
ու հառնում էր սերն ինչ-որ ուրիշ աղջկա:

Օր-օրի ինքն իրեն անծանոթ, ինքն իրեն օտար
աչքեր չունեցող հայացքով` չփակվող…
Նա արդեն ստվեր էր սոսկ, քարացած, դիվոտած,
ինչպես սրտում կանգ առած տող:

Նա արդեն կին էր, կին էր, կին էր,
երբ նրան գտան մեռած… երևի…
Համարենք, որ այլ կերպ չէր կարող լինել…
Որովհետև սիրել էր… դևի:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *