Էդուարդ Ասադով | Մի հեռացիր իմ երազից

Շա՜տ են նրանք, ում հետ կարող ես անկողին մտնել,
Ի՜նչ քիչ նրանք, ում հետ ուզում ես արթնանալ,
Առավոտյան բաժանվելիս՝ շրջվել,
Ձեռքով անել, ժպտալ,
Ու սրտատրոփ սպասել լուրի՝ ամբողջ մի օր:

Շա՜տ են նրանք, ում հետ կարող ես պարզապես ապրել,
Առավոտյան սրճել, խոսել, վիճել…
Ում հետ կարող ես ծովափ հանգստի մեկնել,
Եվ ընդունված կարգով. ուրախության ժամին թե տխրության՝
Լինել կողքին… ու չսիրել:

Ի՜նչ քիչ՝ նրանք, ում հետ ուզում ես երազել,
Նայել՝ ինչպես են երկնքում լողում ամպերը,
Առաջին ձյան վրա սիրո խոսքեր գրել,
Ու գիտակցել. լոկ նրա մասին են քո բոլոր մտքերը:
Առավել երջանկություն չճանաչել ու չերազել:

Ի՜նչ քիչ՝ նրանք, ում հետ լռում ես,
Ով հասկանում է կես խոսքից, կես հայացքից,
Ում ՝ նվիրել ափսոս չեն տարիներդ,
Ում փոխարեն՝ պարգև որպես,
Պատրաստ ես դիմանալ ցավին, կրել մահապատիժ…

Ու կրկնվում է շրջապտույտը.
Հեշտ հանդիպում են, բաժանվում անցավ,
Պարզ պատճառով. շա՜տ են նրանք, ում հետ կարող ես անկողին մտնել,
Ու քիչ նրանք, ում հետ ուզում ես արթնանալ:

 

 

***
Մի´ հեռացիր իմ երազից.
Դու հիմա այնպես անո՜ւշ ժպտում ես,
Ասես, նվիրել ես փորձում ինձ
Լույսի կտոր՝ հենց արևից,
Մի´ հեռացիր իմ երազից:

Մի´ հեռացիր իմ երազից.
Ձեռքերը, որ այնպես քնքուշ փարվել են,
Երկինքն ասես ծիածանել են,
Ու չկա առավել ոչինչ,
Մի´ հեռացիր իմ երազից:

Անցյալում՝ անվերջ տարածություն,
Հանդիպումների միջև՝ բաժանման կսկիծ,
Չապրված օրերի ցնծություն,
Մի հեռացիր իմ երազից:

Մի´ հեռացիր իմ երազից,
Հիմա, երբ վերջապես կողքիս ես,
Երբ ջերմ հայացք, ժպիտ ու սիրտ ես,
Ամենը բավարար չէ, քի´չ է ինձ,
Մի´ հեռացիր իմ երազից:

Մի´ հեռացիր իմ երազից,
Ու թող կորցրած հաջողությունը
Լացով ու ծիծաղով թակի մեր դուռը,
Չէ՞ որ հենց դա է կարևորը ամենից,
Մի´ հեռացիր իմ երազից:

Մի´ հեռացիր իմ երազից,
Ամեն գիշեր պատրանքներիս մեջ հայտնվիր,
Ցերեկը, կատակով անգամ, ինձ մի´ լքիր,
Ու չկա առավել ոչինչ,
Մի´ հեռացիր իմ երազից:

 

****

Ես կարող եմ քեզ շա՜տ սպասել,
Երկար-երկա՜ր, հավատարիմ-հավատարի՜մ,
Գիշերներն անքուն լուսացնել
Մեկ, երկու տարի, ողջ կյանք երևի…

Թո´ղ թերթերն օրացույցի
Պտտվեն (այգու) տերևների պես,
Միայն թե իմանամ՝ զուր չէ,
Որ, իրոք, պետք է քեզ:

Քեզ հետ, կողքիդ կանցնեմ
Ավազները, թավուտն անտառի,
Սարեր, արգելքներ,
Ցանկացած ճանապարհ,
Որ ծանոթ չէ անգամ սատանային:

Ամենը կանցնեմ անտրտունջ,
Ետևում կթողնեմ վախերը,
Միայն թե իմանամ՝ զուր չէ,
Որ չես լքի կեսճամփին:

Քեզ համար պատրաստ եմ տալ
Ամենն՝ ինչ ունեմ այսօր, վաղը,
Հանուն քեզ կընդունեմ աներկբա
Չար բախտի դառնահամը:

Երջանիկ կլինեմ ժամեժամ
Ողջ աշխարհը նվիրել քեզ,
Միայն թե իմանամ՝ զուր չէ,
Զուր չէ, որ սիրում եմ քեզ…

Թարգմանությունը ռուսերենից՝ Աղավնի Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *