Վարուժ Սուրէնեան | Մի ընտանեկան պատմութիին

Վարուժ Սուրենէան

ՄարսուբեանFragments of a Lost Homeland: Remembering Armenia; by Armen T. Marsoobian (Պատառիկներ մի կորած հայրենիքի․ Հայստանը յիշելիս, հեղ․ Արմէն Ց․ Մարսուբեան), I. B. Tauris & Co. – 2015, 358 էջ։

Վերջին տարիներին, ինչքան մօտեում էինք Մեծ Եղեռնի հարիւրամեակին, այնքան աւելի յաճախակի էինք հանդիպում օտար լեզուներով հրատարակւած հայոց ցեղասպանութեան մասին գրքերի, որոնք ընդգրկում էին գեղարւեստական կամ պատմա-փաստագրական բովանդակութիւն։ Երեւի դրանց ամենավերջիննեռից է Արմէն Ց(ոլակ) Մարսուբեանի վերոնշեալ գիրքը՝ անգլերէն լեզւով, որը ոչ գեղարւեստական վէպ է, եւ ոչ էլ փաստագրական։ Կամ աւելի շուտ թէ՛ մէկն է եւ թէ՛ միւսը։ Հէնց այս իւրայատուկ կառոյցը գիրքն առանձնացնում է միւսներից եւ հաճելի դարձնում որեւէ ճաշակի տէր ընթերցողի համար։
Գիրքը պատմում է հեղինակի մօրեկան՝ Դիլդիլեան գերդաստանի մասին։ Այն սկսում է գերդաստանի հիմնադիր՝ Մուրադենց Կարապետից 1780-ականներից եւ վերջանում 1922-ին, երբ Դիլդիլեանների վերջին անդամնեռը թողնում են Արեւմտահայաստանը եւ մեկնում Յունաստան։ Սակայն այն մեծապէս կենտրոնանում Կարապետի թոռան զաւակներ՝ Ցոլակի, Արամի, Հայկանուշի․․․ եւ նրանց ընտանիքների վրայ, որոնց կեանքը համընկաւ 1915-1922 թւականների ջարդերին ու տեղահանումներին։ Նշելի է, որ Արմէն Մարսուբեանը փիլիսոփայութեան դասախօս է ԱՄՆ-ի Հարաւային Քենեքթիքըթ նահանգային հանալսարանի եւ թոռն է Ցոլակ Դիլդիլեանի, ով 21-րդ դարասկզբին եղել է յայտնի լուսանկարիչ Սեբաստիա (այժմ՝ Սիվաս) նահանգի Մարզվան (այժմ՝ Մերզիֆոն) քաղքաքում եւ մեծ գործունէութիւն է ծաւալել այդ ասպարէզում Սեբաստիա նահանգում, շնորհիւ իր եւ եղբայրների միջոցով հիմնւած լուսանկարչատների։ Արամը եւ Հայկանուշի դուստր՝ Մարիցան, իրենց յուշերն են գրի առել իրենց առօրեայ կեանքից, որոնք նաեւ ականատեսի վկայութիւններ են պարունակում վերոյիշեալ թւականների դէպքերից։ Ուրեմն Ա․ Մարսուբեանին ժառանգութիւն է հասել ոչ միայն այդ երկու անտիպ յուշագրութիւնները, այլ նաեւ մեծ թւով լուսանկարներ, որոնց մի փոքր մասը հեղինակը օգտագործել է ներկայ գրքում։ Իհարկէ Մարսուբեանը բազմաթիւ ցուցահանդէսներ է կազմակերպել այս լուսանկարներից տարբեր երկրներում, ի թիւս այլոց՝ Թուրքիայում։ Դրանք պատմական մեծ արժէք են ներկայացնում այսօր, յատկապէս այն թուրքերի համար, ովքեր միայն վերջերս են տեղեկացել այդ ժամանակաշրջանում կատարւած խժդժութիւնների հետ։
Մարսուբեանը այդ անտիպ յուշագրութիւններից մեծ թւով մէջբերումներ է կատարել իր նախնիների կենքը եւ նրանց ապրած ժամանակաշրջանը ներկայացնելու համար։ Բայց նա չի բաւարարւել միայն այդ յուշագրութիւնները վերարտադրելով, այլ միաժամանակ պրպտելով ուրիշ պատմական գրութիւններ կամ ուսումնասիրելով այլ ժամանակակիցների յուշագրութիւններ կամ հետազօտութիւններ այդ ժամանակւայ իրադարձութիւնների մասին, աշխատել է քննութեան ենթարկել Արամի եւ Մարիցայի պատմածների վաւերականութիւնը։ Իսկ հէնց սա է որ գիրքը դաձնում է իւրայատուկ, որովհետեւ թէեւ գիքը յուզիչ պատմութիւնն է Դիլդիլեանների ապրած կեանքի, այնպիսի մի պատմական ու ճակատագրային ժամանակահատւածում եւ այնպիսի մի տարածաշրջանում, ինչպիսին էր Արեւմտահայաստանը անցեալ դարի սկզբին, այն նաեւ փաստագրական նիւթ է հայոց ցեղասպանութեան մասին։ Ուրեմն նիւթն արծարծւում է ո՛չ մէկ, այլ մի քանի դիտանկիւններից, որը պատճառ է դառնում դէպքերն աւելի առարկայական ներկայանան ընթերցողին։
Մարսուբեանը անգամներ ճամբորդել է Թուրքիա, այցելել է իր նախնիների ապրած վայրերը, աշխատել է վերապրել նրանց կեանքը, ընկալել այն ինչ տեղի է ունեցել եւ կապ հաստատել այն բոլորի հետ, որոնք մի ժամանակ մասն են եղել իր ծնողների կեանքին։ Այդպիսով հեղինակը զգացական կապ է հաստատում իր նիւթի հետ եւ դա մի ուրիշ ծաւալ է տալիս գրքի բովանդակութեանը, որն արդէն ինքնին գրաւիչ է եւ ընթերցողին ձգում է դէպի իրեն։
Գրքի կենտրոնական դէմքը Արամ Դիլդիլեանին պէտք է համարել, ով՝ հակառակ իր հաշմանդամութեան – որն այդ ժամանակ բացասական բնոյթ ունէր Թուրքիայի նման յետամնաց հասարակութեան մօտ եւ հետեւաբար սահմանափակումներ էր ստեղծում հաշմանդամների համար – չափազանց տոկուն, ձեռներեց եւ գործունեայ անձնաւորութիւն է եղել համայնքային աշխատանքների մէջ եւ որեւէ մանրամասնութիւն չի վրիպել նրա սուր աչքից իր յուշերի մէջ ներառելու համար։ Շնորհիւ այդ յուշերի մենք տեղեակ ենք, ոչ միայն Մարզվանի, Սեբեստիայի, Սամսոնի, Ամասիայի եւ այլ համայնքների կեանքին այլ նաեւ պետական կառոյցների վերաբերմունքը հայերի հետ, որոնց զարգացումն յանգում է մեզ ծանօթ աղետալի իրադրարձութիւնների։ Այդ ժամանակ ամերիկեան բողոքական կազմակերպութիւնները մեծ աշխատանք էին տանում Սեբաստիայում եւ այդ պատճառով էլ մեծ թւով հայեր, այդ շարքին նաեւ Դիլդիլեան ընտանիքի որոշ անդամներ, միացել էին բողոքական դաւանանքին։ Ուստի Արամը եւս ներքաշւում է նրանց բարեգործական աշխատանքներին, որոնց առաջ է տանում լուսանկաչատան իր գործերի հետ զուգահեռ։ Նա տարբեր պատասխանատւութիւններ է ստանձում բողոքական կառոյցներում՝ յատկապէս Անատոլիա վարժարանում (քոլէջ), որն այն օրերի մասշտաբով բաւականին զարգացած կրթական հաստատութիւն էր։ Նա նաեւ յաջողում է իրեն հասցնել Ամերիկայի միացեալ նահանգները, ուր կատարելագործելով իր լուսանկարչական գիտելիքները, վերադառնում է Արեւմտահայաստան եւ օգնում եղբօրը ընդլայնելու լուսանկարչական գործը։
Յետոյ վրայ է հասնում անիծեալ 1915-ը։ Դիլդիլեան գերդաստանի մի մասը՝ մի շարք միւս մարզվանցիների հետ միասին, ընդունելով իսլամ կրօնը – եւ անշուշտ վճարելով «փրկագին» կաշառքը – զերծ են մնում տեղահանումներից, թէեւ միւս քաղաքացիների մեծամասնութեան համար դա լինում է ժամանակաւոր, քանի որ տարածաշրջանի համար որոշւած բաժինը (քւոթա) լրացած չլինելու պատճառով, մեծ մասը յետագային ենթարկւում են իրենց ոչ կռօնափոխ հայրենակիցների ճակատագրին։ Իհարկէ Դիլդիլեանների փրկութիւնը այդ տեղահանութիւններից մեծ մասամբ կապւած էր նրանց լուսանկարչատնից եւ այն հանգամանքից, որ այդ ժամանակ նման թուրք արհեստաւորներ գոյութիւն չունէին, յատկապէս որ Ցոլակ Դիլդիլեանը զօրքի պաշտօնական լուսանկարիչն էր։ Պէտք է նշել, որ թւում է սա միակ պարագան չէ եւ օսմանեան պետութիւնը երբեմն ստիպւած է եղել նոյն պատճառով հայ արհեստաւորներին զերծանել տեղահանումներից։ «Նիւ Եորքըր» պարբերականի թղթակից՝ Ռաֆֆի Խաչատուրեանն էլ, իր անչափ հետաքրքիր յօդւածում, որը կոչւում է «Մէկ դար լռութիւն»*, եւ մէկ ուրիշ վաւերագրութիւն է 1915-ի դէպքերից, վկայում է, որ իր Տիգրանակերտցի դերձակ մեծ հօր ընտանիքի փրկութիւնը նրա արհեստի բերումով է եղել։
Ամեն դէպքում Դիլդիլեաննեի ազատումը տեղահանումներից, ոչ միայն յիշեալ ընտանիքի ողջ մնալուն է յանգում, այլ պատճառ է դառնում որ ուշագրաւ թւով հայ փախստականներ, մեծ մասամբ երիտասարդներ, թաքնւելով նրանց տանը փրկւել ստոյգ մահից: Սա մեծ քաջութիւն է պահանջում, որովհետեւ բացայայտւելու դէպքում, թէ՛ փախստականները եւ թէ՛ նրանց թաքցնողները, անմիջապէս մահւան դատավճռի էին ենթարկւում տեղի վրայ։ Իսկ Արամի եւ Մարիցայի յուշեր ոչ միայն պատմում են այդ օրերի դժւարին եւ ծանր պայմաններից, այլ նաեւ որոշակի պատկերացում են տալիս ընթերցողին ընթացող տեղահանութիւններից եւ բրտութիւններից։ Դրանք նաեւ պատմում են այդ արւեստասէր ընտանիքի այն անդամների մասին, որոնք զոհ գնացին այդ կազմակերպւած ցեղասպանութեանը։
1918-ին, իրավիճակը մի փոքր խաղաղւելու բերումով, Արամը՝ ամերիկեան «Մերձաւոր արեւելքի օգնութիւն» հիմնարկութեան աջակցութեամբ լծւում է հայ որբերի խնամքի հսկայական գործին եւ յաջողում է մեծ թւով մանուկներ ու պատանիներ փրկել մշտական կորուստից։
Թուրք-յունական պատերազմի սկիզբով դարձեալ վիճակը վատանում է հայերի – ինչպէս եւ յոյների – համար։ Վերսկսում են հալածանքները եւ բռնութիւնները, այս անգամ աւելի լկտի ու վայրագ, որովհետեվ դա կատարւում էր Մուսթաֆա Քեամալի հետեւորդն աւազակախմբերի միջոցով, ովքեր ոչ մի պետական կառոյցին պատասխանատու չէին։ Ցոլակ Դիլդիլեանի համար ուրիշ ելք չի մնում, բացի որ հաւաքել իր գերդաստանի մնացորդ անդամները եւ յունական մի հին ու անապահով նաւով նրանց հասցնել Յունաստան։ Հեղինակն այս դժւարին ու երկարատեւ ճամբորդութեամբ էլ վերջացնում է գիրքը, թէեւ մենք արդէն գիտենք որ այդ գերդաստանը ցրւում է աշխարհով մէկ։ Մի մասը մնում է Յունաստան, մի մասը փոխադրւում է Ֆրանսիա, իսկ մի մասն էլ իրեն հասցնում է Ամերիկայի միացեալ նահանգները։ Համընդհանուր ճակատագիրը՝ ցեղասպանութեան վերապրողների։
Վարուժ Սուրէնեան
*) “A Century of Silence։ A family survives the Armenian genocide and its long aftermath”, by Raffi Khachadourian, The New Yorker, No. January 5, 2015

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *