-Արփի՜, տեսե՞լ ես՝ ինչ ձյուն է եկել, իսկական ձյուն, է՜, Արփի՜, ա՜յ Արփի…
Պապի երրորդ կանչից հետո միայն Արփին արձագանքեց: Թե ինչու, երկուսն էլ լավ գիտեին.
-Իմ անունը Ձյունիկ է, ինձ Ձյունիկ ասա, Ձյու-նիկ, հասկացա՞ր,- ու խեթ-խեթ նայեց պապին:
-Հասկացա, բալա, հասկացա,- հերթական անգամ ասաց պապն ու խորը հառաչեց: Արփին այդ հառաչանքից հանկարծ իրեն մեղավոր զգաց.
-Պապ, պապ, հո չնեղացա՞ր:
Պապն իհարկե չէր նեղանում, նեղվում էր: Թե ինչու, վաղ էր Արփիին բացատրել: Եվ պապը դրա համար էլ էր նեղվում:
-Թող պատմեմ նրան էլի, թող իմանա՝ Արեգս ինչ հերոս տղա էր…-մի օր ասաց իր որդուն՝ Արփիի հորը: Բայց հայրը խիստ ընդդիմացավ.
-Մի մատ էրեխա է, հետը պատերազմի՞ց ես խոսելու, կմեծանա, ամեն ինչ էլ կիմանա:
-Բայց ախր…
-Չէ ու չէ,- թեման փակված էր:
***
Երեք տարի առաջ Արեգը՝ Արփիի մեծ եղբայրը, մեկնեց ծառայության: Թեեւ Արփին շատ էր փոքր, բայց հիշում էր եղբորը, նրա կապտականաչ աչքերն ու ձեռքերի ամրությունը: Իսկ եղբայրը, որ բոլորից լավ էր հասկանում քրոջը, խենթանում էր նրա մաշկի ճերմակության եւ ոսկեփայլ մազերի համար:
-Դու ձյուն ես, ճերմա՜կ-ճերմակ ձյունիկ,- կրկնում էր հաճախ եւ Արփիին իր գիրկն առնելով՝ ձեռքերը բարձրացնում եւ օդում պտտում նրան: Արփիի մոտ վախ եւ հրճվանք խառնվում էին իրար. նախ ծիծաղից թուլանում էր, հետո՝ իրեն փաթիլ երեւակայում եւ զվարթ-զվարթ կանչում.
-Ես ձյո՜ւն եմ, օդում ճախրող փաթիլ…
Արփին եղբոր մեկնելու օրն էլ էր հիշում: Թեեւ նա չէր հասկանում, թե ուր է գնում եղբայրը, թե ինչու են մոր աչքերն անվերջ թրջվում, ինչու է հայրը շարունակ Աստծո անունը տալիս, իսկ պապը՝ արտասովոր լռում, բայց զգում էր, որ ինչ-որ բան այն չէ: Եվ թեեւ Արեգն էլի իրեն օդ էր բարձրացնում եւ գլխապտույտ երջանկությունից Արփիին էլի թվում էր, թե ինքը մի ճախրող փաթիլ է, բայց այդ անգամ արդեն չէր կարողանում լիարժեք հրճվել.
-Արեգ, այ Արեգ, ինչու՞ է մայրիկը տխուր:
-Դե, որովհետեւ ես գնում եմ, Արփի:
Արփիին չէր հետաքրքրում, թե ուր: Նրա համար ամբողջ աշխարհն իր հինգհոգանոց ընտանիքն էր, իրենց փոքրիկ տնակն ու դիմացի անշուք պարտեզը: Դրանից դուրս աշխարհ չկար, եւ Արեգը հաստատ դրանից դուրս չէր էլ գնում: Դա Արփիի համար չէր քննարկվում: Չէր քննարկվում նաեւ Արեգի գալ-չգալը. բայց նա ո՞նց կարող էր չգալ: Իհարկե չէր կարող: Դրա համար էլ Արփին առանց երկար-բարակ մտածելու կհարցներ.
-Շուտ կգաս, չէ՞, Արեգ:
Արեգը նրան կնստեցներ իր ծնկներին, կշոյեր ոսկեծամիկները եւ թաքուն կշշնջար.
-Տես, Արփի, շուտով Ամանոր է, բայց դրսում մի բուռ ձյուն էլ չկա: Ես գնում եմ այնտեղ, ուր միայն ձյուն է՝ ճերմա¯կ-ճերմակ, ճիշտ եւ ճիշտ քեզ նման: Գնում եմ՝ քեզ համար ձյուն բերեմ, որ մեր պարտեզն էլ ծայրից ծայր ճերմակ ներկենք, որ Ամանորին առանց ձյուն չմնանք: Ու հենց գտնեմ, հենց կարողանամ քեզ ձյուն ուղարկել, միանգամից կվերադառնամ:
Այդ օրվանից անցել է երեք տարի, երկու Ամանոր, երրորդին էլ ահա մնացել են ժամեր: Արփին դեռ սպասում է: Նա երբեմն մտածում է, թե ինչու Արեգն այլեւս չի զանգում իրեն, մտածում է՝ ում է պետք ավելի շատ սպասել՝ Արեգի՞ն թե՞ ծնողներին, եւ այդպես էլ չի գտնում պատասխան: Չի գտնում եւ շատ ու շատ այլ հարցերի պատասխաններ:
Արեգից հետո մայրը հիվանդացել էր եւ հոր հետ մեկնել արտասահման՝ բուժման: Արփին չգիտեր՝ ինչ հիվանդ է մայրը, բայց քանի որ նա խոստացել էր՝ հենց վերադառնա, էլ տխուր չի լինի, Արփին խելոք-խելոք սպասում էր:
-Նրա հոգին է հիվանդ, ոչ թե մարմինը,- կրկնում էր պապը,- հոգու վերքին դարման չկա, բալա, չկա՜…,- ամեն անգամ որդու հետ խոսելիս նրան համոզում էր տուն վերադառնալ: Ասում էր՝ եկեք՝ Արեգիս կարոտը ձեզնից առնեմ, ասում էր՝ եկեք, գոնե էս էրեխու կողքին եղեք. ես էսօր կամ, վաղը…
***
-Արփի՜, ա՜յ Արփի…
Արփին շրջվեց, քննող հայացքով նայեց պապին եւ հազիվ լսելի ձայնով հարցրեց.
-Էլի հոգուս հե՞տ ես խաղում, պապիկ:
Արփին ձմեռն ամենից շատ էր սիրում: Դե իսկ ձյունը նրա հարատեւ երազանքն էր: Արդեն երեք տարի էր՝ տարեդարձի մոմերը փչելիս նա Ամանորի համար ձյուն էր մտապահում: Իսկ ձյունը միշտ գալիս էր ավելի շուտ կամ ուշ, բայց ոչ երբեք Ամանորին: Նա վազում էր, նստում պատուհանագոգին, անթարթ նայում փաթիլների դանդաղ վայրէջքին եւ ինքն իրեն էլի փաթիլ զգում: Հետո իր շնչից տաքացած ապակու վրա ինքն էր փաթիլներ նկարում եւ դրանց անուններ տալիս: Բայց Արփին միայն ձյան գալն էր սիրում, երբ ամեն ինչ ճերմակ էր, ինչպես ինքը: Հետո արդեն մարդիկ էին հայտնվում, կեղտոտում ձյունը. կարճ ասած՝ Արփիի հեքիաթը ավարտվում էր:
-Նրանք տրորում են ձյունը, հասկանո՞ւմ ես, պապիկ:
Ու պապը, նրան իր գիրկն առնելով, կպատասխաներ.
-Հասկանում եմ, ո՞նց չէ. մարդիկ ձյունն են տրորում, կյանքը՝ մարդկանց, բալա՜:
-Կյանքը՝ մարդկա՞նց. այդ ինչպե՞ս, պապիկ:
Բայց պապը էլ չէր պատասխանի, փոխարենն ամուր-ամուր կգրկեր թոռանն ու իր համբույրներով կխեղդեր նրան…
-Հոգուդ հետ չեմ խաղում, բալա, արի՝ տես…
Արփին գիտեր, որ պապը հաճախ է այդպես ասում՝ իրեն տեղից հանելու կամ հոգու հետ խաղալու համար: Այսօր տրամադրություն չուներ, չուզեց խաղալ: Մի քիչ էլ հոգնած էր: Աչքերը փակվեցին, եւ այդպես էլ քնեց՝ բազմոցին, առանց փոխվելու: Եւ երազում հանկարծ այնպես ժպտաց, որ պապին թվաց, թե ամեն ինչ առաջվա պես լավ է, թե իր հարսն ու որդին տանն են, թե աշխարհում հիվանդություն չկա, պատերազմ չկա, թվաց, թե Արեգն ուր որ է մտնելու է ներս ու կանչի.
-Ձյունի՜կ, ի՜մ Ձյունիկ…
***
Առավոտյան Արփին պապից շուտ արթացավ: Դանդաղ քայլերով մոտեցավ պատուհանին եւ համատարած ճերմակից հանկարծ աչքերը ցավեցին: Բացեց պատուհանը, շոշափեց պարանին նստած ձյունն ու հավատաց, որ տեսածը երազ չէ: Եվ երջանկությունից այնպես բղավեց, որ խեղճ պապը քնից վեր թռավ.
-Պապ, պապ, դու երեկ չէր խաբում, ձյուն է եկել, ամանորյա ձյուն, -տնով մեկ թռչկոտելով՝ անվերջ կրկնում էր,- ձյուն է եկել, ուրեմն՝ Արեգն էլ է գալու. վեր կաց՝ պատրաստվենք:
Պապը կիսաբաց աչքերով նայեց Արփիին, եւ սիրտը փլվեց.
-Պատուհանը փակիր, բալա՜, չմրսես: