Սի Մուրոն | Նորից ետ նայել

Նորից ետ նայել

Բուդդան ասել է. եթե նախորդ կյանքում հինգ հարյուր անգամ ետ նայես նրան գտնելու հույսով, այս կյանքում նա մի պահ կանցնի քո կողքով*։
ուրեմն՝ քանի՞ անգամ պետք է ետ նայեմ, որ կարողանամ ապրել քո սրտում…

Ողջ կյանքս անդադար ետ եմ նայում`
թափահարելով հերթական թաշկինակը դեպի երկինքը,
որքան կարոտախտ, որքան բաժանման ցավ.
վերջապես ջրի հետքերով ես գնում եմ հեռու։
Հիմա փնտրում եմ նախորդ կյանքիս հետքերը,
սար ու ձոր անցնում, որպեսզի հասնեմ քո աչքերին․..
Նախորդ կյանքում հինգ հարյուր անգամ ետ նայելը այս կյանքում գեթ մի անգամ քո՝ կողքովս անցնելու դիմաց.
ես հազար անգամ եմ ետ նայել, որ այս կյանքում գեթ մի պահ կանգ առնեմ քո առաջ։
Հարցնում եմ Բուդդային. քանի՞ անգամ պետք է ետ նայեմ, որ կարողանամ ապրել քո սրտում,
իսկ Բուդդան լուռ է: Եվ ինձ մնում է միայն նորից ու նորից ետ նայել՝
ինչպես թիթեռն է իրեն կրակը նետում ամեն անգամ.
գուցե անիմաստ է, և չկա ոչ մի արդարացում։

Ետ նայել, նորից ետ նայել
հազար անգամ, տասը հազար անգամ. դու իմ աչքերում ես, իմ սրտում,
ես նորից ու նորից շրջված սպասում եմ քո քնքշությանը,
ես նորից ու նորից շրջված երազում եմ մեր համատեղ կյանքի մասին։
Նախորդ կյանքում ես նավակի մեջ նստած ետ էի նայում,
և ջրաշուշանի տերևները դարձան տխրություն իմ աչքերում,
հիմա Բուդդան իրագործում է մտքերս
հիմա նա թույլ է տալիս, որ նկատես ինձ։

Ես շատ երկար եմ փնտրել ու հոգնել եմ,
պարզապես ուզում եմ կանգ առնել գրկումդ,
պարզապես ուզում եմ, որ ձեռքերդ սրբեն աչքերիս արտասուքը,
պարզապես ուզում եմ ջերմությունդ տաքացնի սառցակալած ձեռքերս։
Մի՛ հարցրու, թե ինչու եմ հազարավոր մղոններ անցել քեզ գտնելու հույսով.
ես Մըն Փո** ապուրը չեմ կերել, սիրտս անհանգիստ էր քեզ համար,
մի՛ հարցրու՝ ինչու եմ արտասվում,
ես Մըն Փո ապուրը չեմ կերել, դեռ տանջում է նախորդ կյանքիս բաժանման ցավը,
այդ երջանկության արցունքներն են,
որ թափվում են քո կրծքին,
նախորդ կյանքիս տառապանքները դարձել են ծաղկած յասամաններ…
Ուզում եմ ձեռք ձեռքի նստենք ծառի տակ, ու հինգ թերթանի յասամանը*** հաջողություն գուշակի մեզ:

Հիմա ես նորից ու նորից ետ եմ նայում,
հիմա ես նորից Մըն Փո ապուրը չեմ ուտում,
հաջորդ կյանքում ես դեռ հազարավոր մղոններ եմ անցնելու՝ քեզ գտնելու հույսով,
հաջորդ կյանքում մենք դեռ ձեռք ձեռքի փնտրելու ենք հինգ թերթանի յասամանը։

 

*ըստ ավանդության մի աղջիկ առաջին հայացքից սիրահարվում է, սակայն տեսադաշտից կորցնում է տղային և երկար ժամանակ աղոթում Բուդդային։ Բուդդան խղճում է նրան և մեկ հնարավորություն է տալիս` ասելով, որ եթե նա ամեն բան թողնի, հինգ հարյուր տարի մեդիտացիա անի, սպասի և ետ նայի, հաջորդ կյանքում տղան կանցնի նրա կողքով։ Աղջիկը դառնում է ժայռ և նրանից կամուրջ են սարքում, հինգ հարյուր տարի հետո տղան անցնում է կամրջի վրայով։ Բուդդան ասում է, որ մի պահ հպվելու համար աղջիկը ևս հինգ հարյուր տարի պետք է ետ նայի ու սպասի, Բուդդան նրան ծառ է դարձնում, իսկ տղան գալիս և քնում է ծառի տակ։ Բուդդան առաջարկում է ևս հինգ հարյուր տարի սպասել, որպեսզի նրանք կարողանան ամուսնանալ, իսկ աղջիկը հրաժարվում է, ասելով, որ այդքանն էլ իրեն հերիք էր։ Բուդդան ժպտում է և ասում, որ այդպես ավելի լավ է, քանի որ մի տղա արդեն երկու հազար տարի է, սպասում է այդ աղջկան հանդիպելու համար։ Այստեղից էլ «500 անգամ ետ նայել մեկ անգամ կողքով անցնելու դիմաց» արտահայտությունը։

**Մըն Փոն աստվածուհի է, որը ոգիներին վերածնվելուց առաջ ապուր է տալիս, որպեսզի նրանք մոռանան նախորդ կյանքը

***հինգ թերթիկ ունեցող յասամանը երջանկության, հաջողության ու իսկական սիրո խորհրդանիշն է

 

Ծաղկած ծառ

Ի՞նչ կարող եմ անել
որ հանդիպես ինձ
կյանքիս ամենագեղեցիկ պահին…

ես Բուդդային աղոթեցի հինգ հարյուր տարի
խնդրեցի Բուդդային, որ մեր ճամփաները հատվեն

Բուդդան ինձ դարձրեց ծառ
որ աճեմ այն փողոցի մոտ, որով պիտի անցնես

ծաղիկներս զգուշորեն ծաղկել են
արևի տակ
ամեն ծաղիկը հույսն է նախորդ կյանքիս

Երբ կանցնես իմ կողքով
ուշադիր լսիր
դողացող տերևներին.
սպասմանս տենչն է

երբ անտարբեր անցնես իմ կողքով
ինձ թողնես քո ետևում
ընկե՛ր
այդ ծաղկաթերթերը չեն, որ թափվում են.
իմ թոշնած սիրտն է

 

Կարոտախտի հին մեղեդին

«Միայն որովհետև դու մի պահ շրջվեցիր ու հայացք գցեցիր ինձ, ես սկսեցի մտածել քո մասին օր ու գիշեր»։
Հին ժողովրդական երգ

Հին ժամանակներում էլ
նման պատմություններ կան.
Քոնհոու նվագող աղջնակ, տասնվեց տարեկան կլիներ
գուցե այս գիշեր այդ աղջիկը ես եմ։

Այն նուրբ, համեստ հոգին
որ տարիներ առաջ Քոնհոու էր նվագում, սպասում
Նա,
ով ժամանակ էր սպանում, լալիս, մինչ թռչուններն էին երգում ծաղկունքին գարնան։

Մի՛ ծիծաղիր արցունքներիս վրա, մի՛ ծիծաղիր, որ թույլ եմ
որքան կանայք են երգել այս երգը դարերով։
Որքան բաժանումներ են եղել
ծաղկած մագնոլիայի տակ։
Գարնան այս տաք գիշերով
որքան գեղեցիկ ձայներ են երգել կարոտախտի հին մեղեդին։

 

***

Կարծում էի
քեզ այնքան խոր, այնքան ցուրտ
վայրում եմ թաքցրել՝
անցյալում, սրտիս խորքում։
Կարծում էի
եթե չխոսեմ այդ մասին
եթե թողնեմ, որ օրերը անցնեն
դու վերջապես
կդառնաս մի
հինավուրց գաղտնիք…
Բայց մի անքուն գիշեր
վաղաժամ ճերմակած մազերս
կրկին հիշեցրին
անցած տառապանքներս։

 

Ընտրություն

Եթե աշխարհ գալս
Քեզ լոկ մեկ անգամ հանդիպելու համար է
միլիարդավոր լուսատարիների մեջ լոկ մի ակնթարթ հանդիպելու համար,
մի ակնթարթ ընդամենը՝ իր ողջ քաղցրությամբ ու դառնություններով
ուրեմն թող այդպես լինի.
թող գեթ մի պահ տևի այս ամենը։

Ես երախտագիտությամբ խոնարհվում եմ բոլոր երկնային մարմինների առաջ,
որ թույլ տվին հանդիպել քեզ
ու բաժանվել քեզանից։
Երկնային Տիրոջ պոեմն ավարտելուց
հետո, մենք կրկին դանդաղ կծերանանք։

 Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի
Խմբագիր՝ Գևորգ Համբարձումյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *