Բուկովսկին պոեզիան դարձրեց հընթացս:
Կաֆկայի հերոսները փակուղում գտնվելու ճակատագրով են վարակված, բոլորը «խաղում» են, այսպես ասած, Սատանայի փորում:
գրող է, որը հիմնական սյուժեն միշտ պահում է հետնապլանում:
Շեքսպիրը վերցնում է համաշխարհային բնավորություններ, որոնք բնության մեջ չկան: Դիցուք, Համլետը կամ Յագոն:
«Գոդո»-ում ոչ մեկը սեռ չունի…
Սարոյանի հերոսները սիրուց անակնկալի չեն գալիս…
Դորոթի Փարքերի «Զանգը»` տեքստ, որտեղ ոչ մի բառ չկա, կան միայն նյարդեր:
Ժամանակակից բանաստեղծությունն այսպիսին է` պիտի հասցնես գրել, քանի դեռ ուրիշը չի գրել:
Հեսսեն դանդաղ գործողության լեզու ունի, դեպքերը Հեսսեի լեզվի համբերությունը չունեն:
Չարենցի ամբողջ գրականությունը Կարսի անկումն իրենից վանելու ջանք է:
Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլը» սկզբից մինչև վերջ անոնս է…
Դոն Կիխոտի հետ տեղի ունեցավ հակառակը` նա չվերադարձավ, այլ` հետ եկավ: Նրա խելագարությունն այդ պահից է…
Բրոդսկուց հետո ես շարունակում եմ մնալ փոքրամասնություն…
Գրացիա Դելադան սյուժետային ինտերվալները լցնում է բնության ռեմարկներով:
Ուիսթըն Օդենի պոեզիայի հետ պետք է աշխատեն հանքագործները, ոչ թե գրականագետները:
Ցվետաևան միշտ ողբում է կորուսյալ սերը, որին կյանքը չի դիպել։
Կիկոսի «մայրը» փոքրիկ Դոն Կիխոտ է, որը ջրի ճամփին հյուսում է իր կյանքի միակ լեգենդը…
Բորխեսն իր լեզուն վերցրել է Պոյից` դա սյուժեն է առանց դեպքերի… Ֆոլքները` ուղիղ հակառակը:
Խավիեր Մարիասն ասում է միայն այն ճշմարտությունները, որոնք մյուսներն ալարում են ասել:
Պեռ Լագերկվիստի Բարաբբան ուլունքաթելի վրա է հավաքում Աստծո հանդեպ հավատը, որը կյանքի օգտին չէ:
Միլլերը գրում է կողպված գեղագիտությամբ:
Բուդդիստական գրականության մեջ «վերջին հնարավորության» պատմություններ չկան…
Հովհաննես Գրիգորյանն ընդարձակեց նույնիսկ առանց երևակայության լավ բանաստեղծություն գրելու սահմանները:
Համսունի «Սովի» հերոսը Ռասկոլնիկովն է առանց ոճիրի…
Ցանկացած ռուս պոետ մի կանացի տող ունի…
Շիմբորսկայի ամենաբարձր նոտան վերցված է ճակատագրի ընթացիկ էջից…
Մարկեսն ստեղծեց այնպիսի կերպարներ, որոնք հեղինակից անկախ կարող են վիճել` Աստված կա՞, թե՝ չկա:
Քաղքենու նշանաբանը` իրոք, Տեր իմ, մի քիչ ցուրտ է («Համլետ», Օզրիկ):
Թոմաս Մանը գրում էր Սատանայի կես ձեռքով, ոճի ծանրությունն այսաշխարհիկ չէ…
Ռեմարկը չի գրում, ընկերություն է անում:
Քեն Քիզիի տոտալիտարիզմի թերապիան ազատությունը չէ, այլ՝ ընկակումը, որ այլ կերպ չի կարող լինել:
«Վարպետը և Մարգարիտա» վեպում ոչ ոք մյուսի հարազատը չէ:
Առակն այնպիսի բան է, որ որքան գետնի երեսին է, երկու այդքան էլ գետնի տակն է…
Ժամանակակից սիրային ստիխը նույն արցունքների ստեղծագործություն է:
Չեխովի անդունդն ու Դոստոևսկու երկինքը, ինչպես, ի դեպ, «Ուլիսեսի» քաոսը, ազգություն ունեն…
Ավագ Եփրեմյանն սկսվում է բառային բոլոր կոմբինացիաներից հետո:
Անդրեևի Հուդան «ծաղրածուի» իր տրամադրություններն է շպրտում 12 աշակերտների վրա: Իսկ Քրիստոսից թաքցնում է իրեն:
Թոմաս Էլիոթը քաոսը զգեստավորող բանաստեղծ է, ոչ ավելին… Ու դա հասկանում ես ուրիշների կարկատաններից:
Պարույր Սևակ-Շատ կարևոր է, որ մարդը կարողանա վատ գրել…
Այնտեղ, որտեղ Հեմինգուեյը պարտվեց, այդ պարտությունն ունեցավ դեմք` Գրեգորին:
Սվետլանա Ալեքսեևիչի ձեռքը «Պատերազմը կնոջ դեմք չունի»-ն գրելիս կանգ է առել ու գրել է կանգնած ձեռքով…
Ուլիսեսը` ամենաժամանակավոր բանի` ներկայի մասին ամենածավալուն վեպը…
Որպեսզի Նարեկացին գրի Մատյանը, նա ավարտել է ամբողջ աշխարհի ու բոլորի հավատը:
Լյուիս Գլյուկի բոլոր նոտաները «դո» են, բայց տարբեր հնչեղությամբ…
Ռոբինզոն Կրուզոն անմարդաբնակ կղզում անմարդաբնակ է:
Չեսլավ Միլոշի պոեզիայից ուրիշ պոեզիան է բացվում:
Ես ճանաչում եմ մի բանաստեղծուհու, որի գրածը նման է աշխարհի ամենահամով ճաշին` փչացված քիչ ավելի շատ եփելով…
Ի՞նչ է «Կերպարանափոխությունը»` կարողանալ ասել` ես քեզ այդպիսին չգիտեի…
Ֆաուստը Մեֆիստոֆելից ամեն ինչ կարող է խնդրել, բայց բարեխոսել չի կարող…
«Անհանդուրժողականության դիսցիպլինա».-ահա այն ամենը ինչ կարելի է ասել քաղաքական գրող Դոստոևսկու մասին: Սոլժենիցինը սրա հակառակն է:
Ռակոլնիկովը համաշխարհային գրականության միակ կերպարն է, որին գրողն է քրքրում, որ բերի առաջին պլան:
Սարտրի «Դռնփակի» հերոսուհին` Էստելը հարմարավետ դժոխք է ուզում, որտեղ իր հմայքը մրցակից չի ունենա: