Հասմիկ Հակոբյան | Բառի ճանապարհը

Վարդան Հակոբյան բանաստեղծի հայտնությունը անկախության պոեզիայի դարասկզբյան ընթացքի ամենաուշագրավ իրողություններից մեկն է: Ի սկզբանե լինելով դասական բանաստեղծության տաղաչափական ու ազգային գաղափարախոսական հենքի վրա ստեղծագործող հեղինակ, բանաստեղծական կայացման հասնելով դեռ անցյալ դարի 70-ականներին, Վարդան Հակոբյանի բանաստեղծությունը անկախության պոեզիայի առաջին տասնամյակի զարգացման միտումներին համարյա անհաղորդ է մնում: Կարելի է ասել, որ Վարդան Հակոբյանի վերադարձը գրական ընթացքի տարեգրությանը կայանում է «Քրիստոսի ծաղիկները կամ դադարներ առանց շրջադարձների» (2001)՝ արցախյան ազատամարտը ներկայացնող լայնածավալ ասքապատման հայտնությամբ: Ավելի ուշ հրատարակված բանաստեղծական ժողովածուներն արդեն վկայում են բառի ու տարածության, բանաստեղծական ազատ տողի կայացման նոր ընթացք որդեգրած հեղինակի վերադարձի հայտնությունը: Եվ նույնիսկ կանխատեսելի օրինաչափություն կարելի է համարել, որ Արցախի ինքնորոշման ու անկախության կայացման նախահիմքերում կանգնած հեղինակի ստեղծագործությունը ինքնագիտակցման նոր փուլ էր թևակոխում պոեզիայի տարածքում երկիր ու պետականություն կառուցելու ընթացքին համընթաց: Հարցազրույցներից մեկում այն հարցին, թե ո՞րն է բանաստեղծական ձեր հավատամքը, բանաստեղծությունն ընդհանրապես հայրենիք ունի՞, հեղինակը պատասխանում է. «Անշուշտ: Բանաստեղծությունը հայրենիքի ինքնահաստատումն է» [1] :
Իսկ հայրենիքը ստեղծվում է բնության և սեփական ես-ի ինքաճանաչման ու ինքահաղթահարման միջոցով: Հեռուն, լեռը, խոտը, մանուշակը, ծառն ու թռչունը ճանապարհի միջոցով բանաստեղծության սեփականությունն են դառնում: Ճանապարհը տվյալ պարագայում կարևոր սիմվոլային արժեք է ձեռք բերում՝ ներկայանալով որպես հեռուն վերապրելու, սեփականացնելու ներհոգեկան իրողություն, սիրո ապրում դարձնելու հնարավորություն: Ջնջվում են ներսի ու դրսի տարածության սահմանները («Երկրիս տարածքներն իմ ներսից են սկսվում»), հենց սերն է դառնում տարածություն չափող միավոր.

Երկրիս սահմանները
ճշտելու համար՝
որպես չափման միավոր
ընտրում եմ
սերը: Եվ չկա
Արցախից ավելի մեծ երկրիր
Արցախից ավելի հզոր մի հայրենիք: [2]

Այս բանաստեղծությունը հերթական սիրո զեղում չէ առ հայրենիք. սեր բառը կայացման ու բովանդակավորման երկար ճանապարհ է անցել և նոր միայն հայտնվել բանաստեղծության տողում: Հենց այս բանաստեղծության օրինակն էլ փաստում է, թե որքան կարևոր է առանձին ստեղծագործության, բանատողի, մետաֆորային պատկերի ընկալումը գրողի աշխարհայացքային, համակարգային ամբողջության համապատկերում:
Ճանապարհի գաղափարական նշանակությունը Վարդան Հակոբյանի պոեզիայում կարևորվում է ևս մեկ պատճառով. այն աշխարհն իր ընթացիկ, փոփոխական էության մեջ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Բնության մեջ ամեն ինչ հոսում է, փոփոխվում, և հաջորդ վայրկյանին այլևս ոչինչ նույնությամբ հնարավոր չէ տեսնել, վերապրել: Հավերժական այս շարժումը բնության մեջ կատարվում է ներբնակ հակադիր ուժերի կողմից: «Բանաստեղծական հակադրամիասնությունների շղթան ստեղծում է գեղարվեստական աբստրահման մի մթնոլորտ, այլաբանական մի անեզրություն, ուր ամեն ինչ հակադարձվում է, քանզի վաղնջական ժամանակներից ճանաչելի իրականությունը անճանաչելի է նույնքան, որքան առաչյոք ինքն իր ներսում փակված, բայց աշխարհի միստիկական համայնապատկերի փորձառնությամբ վերադարձած ժամանակը»: [3]
Աշխարհի շարժումը դիալեկտիկական հակադրությունների մեջ ներկայացնող այս ընթացքի նախահիմքը հերակլիտյան փիլիսոփայությունն է, որը ոչ միայն ներկայանում է բանաստեղծական աշխարհի նախագաղափարի մեջ, այլև իր անմիջական բովանդակությամբ մշակութաբանական խաղարկման հնարավորություն է ստեղծում: Այսպես, օրինակ՝ «Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ» հանրահայտ տողը Վարդան Հակոբյանի պոեզիայում բանաստեղծական մետաֆորային պատկեր է դառնում. / Երկորդ անգամ, իհարկե, չես կարող մտնել գետը, համաձայնում եմ/ Հերակլիտի հետ, մանավանդ՝ երբ առաջին անգամ խեղդվել / ես այնտեղ/ («Պոեմ իմ մասին կամ 24-ն անց 81 րոպե», էջ 36 ):
Վարդան Հակոբյանի բանաստեղծությունը տարաշերտ գաղափարական իրողությունների մի բարդ համաձուլվածք է, որն ընկալման զգայական աստիճանում նույնպես անհնար է միանշանակ ընկալել: Բանաստեղծական տողը մեկ տիեզերական համաճանաչողության է միտվում, մեկ խիստ ազգային երանգներ ստանում, մեկ հնչում քաղաքացիական պաթոսով, մեկ վերափոխվում զգացմունքային նուրբ իրողության: Հաջորդաբար հայտնվող այս ընթացքները՝ մետաֆորային պատկերներ, տեսիլապատկերային վերհուշեր, փաստական ճշգրիտ տեղեկություններ, անմիջական ցիտատներ, մշակութաբանական բազմաթիվ հղումներ, զուգահեռ անցումների հաջորդական շաղկապվածությամբ հայտնվում են բանաստեղծական տեքստի ներփակ տարածքում՝ այն վերածելով բազմաձայն, բազմաբովանդակ մի ամբողջության: Բանաստեղծական տեքստը միանգամից մի շարք գործառույթներ է կատարում՝ մեկ ներկայանալով որպես փաստական տեղեկատվության աղբյուր, մեկ՝ ինքնության ու փնտրտուքի տարածք, մեկ՝ տարածություն ու երկիր կառուցող իրողություն:

[1]  Բանաստեղծը գիտի մի բան, որ իրենից բացի ուրիշ ոչ-ոք չի իմանում», Տես՝ Այստեղ:

[2] Վարդան Հակոբյան, Պոեմ իմ մասին կամ 24-ն անց է 81 րոպե, Ստեփանակերտ, 2009, էջ 38:

[3] Սիրանուշ Մարգարյան, Գրական զուգահեռներ,Երևան, 2009, էջ 16:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *