Ժամանակակից հունական պոեզիա

 

Կոստաս Կարիոտակիս
(Κώστας Καρυωτάκης)

«Սեր»

Խավարի մեջ էի: ՈՒ խավարն էի:
ՈՒ լույսի մի շող տեսավ ինձ:
Զովաբեր էր զվարթ նրա դեմքը,
Ես` չորաբեկ մի ասֆոդիլ*:
Ինձ ցնցե՜ց ջահելության զարթոնքը,
ՈՒ դառը շուրթերս ժպտացին:
Նրա աչքերն, ասես, ասացին,
Որ մենակ չեմ այլևս ու ավեր,
ՈՒ քնքշությունից նվաղեցի,
Ես, որին ցավը քար էր դարձրել:
(*ասֆոդիլ-ασφοδίλι- չոր տեղերում աճող ծաղիկ, մահվան ու սգո խորհրդանիշ հունական դիցաբանության մեջ)

 

Սպիրոս Դոյկաս
ΣΠΥΡΟΣ ΔΟΪΚΑΣ

դու այստեղ չես
ու ինձ հանդիպող
ամեն ծաղիկ
կորցրել է իր արժեքը
ես այն չեմ կարող քեզ նվիրել

 

Տիտոս Պատրիկիոս
Τίτος Πατρίκιος

 

Իմ լեզուն

Ինձ համար հեշտ չի եղել իմ լեզուն պահպանելը
այն կուլ տալ փորձող լեզուների մեջ,
բայց ես միշտ իմ լեզվով էի շարունակում հաշվելը,
ժամանակը մարմնիս հետ` իմ լեզվով հաշտեցնում
իմ լեզվով էի հաճույքը անհունին հասցնում
դրանով էի հիշում մի երեխայի`
կարճ խուզած գլխով,
քարի հարվածից սպիտակ սպիով:
Ջանում էի խոսք անգամ չկորցնել իմ լեզվից
Քանզի մահացածներն էլ էին նրանով խոսում հետս:

 

Կիկի Դիմուլա  
Κική Δημουλά

Վրձնահարվածներ

Վրձնահարվածներով
ինձ պատկերելն ու պարզելը դյուրին է
Ու ձանձրալի չէ
ձմռան գիշերներին:
Մի հաստատուն գիծ քաշեք սկզբում
ուղղաձիգ հրումով:
Սա կլինի իմ հավատը:
Մեկ այլ գիծ` անմիջապես դիմացը
մխրճեք գրեթե նրա կենտրոնում,
այնպես, որ
առաջինը սասանված երևա:
Մեծերը փոքրերի կողքին դրեք,
աղոտ գծերը ցայտունների կողքին,
որ հակումներս ցույց տան:
Ու շադիր եղեք, որ դրանք երբեք չավարտվեն,
թե չէ ինձ պարզաբանելը շատ խիստ կկարճեք:
Ցիրուցան արեք մի քանի գիծ,
բայց անհավանական ուղղություններով`
հակասություններս են:
Երկու հաստ գծեր կենտրոնում ավելացրեք
նրանց միջեւ եղած ճակատագրական ճեղքով:
Հիմա մատիտով
(կամ ձեր երևակայությամբ)
հոգացեք այն մասին, որ այս ամենի վրա
մի թանձր մշուշ նստի,
քանի որ միայն վրձնհարվածով
վիշտս նկարագրել չի հաջողվի:

 

Դինոս Խրիստիանոպուլոս
Ντίνος Χριστιανόπουλος

Երազներից կերտված անտառ է մենությունս
և դու թափառում ես ծառերիս մեջ
չթովեցին քեզ իմ թռչունները
տերևներիս սոսափն էլ չի հուզում քեզ
տրորում ես դու ծաղիկներս
շտապելով ուզում ես հեռանալ
երանի անանցանելի լինեին թավուտներս
երանի մոլորվեիր իմ անտառում

Թարգմանությունը հունարենից` Շամրիկ Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *