Հալինա Պոշվիատովսկան (1935-1967) 20-րդ դարի երկրորդ կեսի լեհ պոեզիայի կարևոր դեմքերից մեկն է։
Նա ծնվել է Չենստոխովայում, ամբողջ կյանքում տառապել է սրտի լուրջ արատից, որը դարձել է նրա մահվան պատճառը՝ ազդելով նաև նրա անձնական կյանքի, հարաբերությունների և քնարերգության վրա։
Բանաստեղծուհու դեբյուտը եղել է 1956 թվականին Չենստոխովայի թերթում։ Նրան առաջինը նկատել է քննադատ և բանաստեղծ Տադեուշ Գիերիմսկին։ Պոշվիատովսկայի բանաստեղծական առաջին ժողովածուն լավ է ընդունվել քննադատների կողմից։ Նրա պոեզիան պտտվում էր սիրո և մահվան թեմայի շուրջ՝ միահյուսված մարդկային գոյության առեղծվածի շուրջ։ Բանաստեղծուհին անընդհատ փորձում էր ապրել՝ չնայած հիվանդությանը ձգտելով առավելագույնս օգտագործել իր փխրուն ու անցողիկ կյանքի յուրաքանչյուր պահը։ Նա անընդհատ խորանում էր իր կանացիության մեջ՝ լի սիրո և մտերմության ծարավով և միևնույն ժամանակ լի քայքայվելու և մեռնելու մշտական կեղեքիչ գիտակցմամբ: Պոշվիատովսկայի կյանքի վերջում լույս է տեսել նրա ինքնակենսագրությունը՝ Opowieść dla przyjaciela – «Պատմություն ընկերոջս համար» վերնագրով։
Բանաստեղծուհու ամուսինը՝ նկարիչ, լուսանկարիչ և կինոռեժիսոր Ադոլֆ Ռիշարդ Պոշվիատովսկին (1930-1956) նույնպես ծանր հիվանդ էր և ուներ սրտի արատ։ Նրանց ամուսնությունը տևեց ընդամենը երկու տարի՝ 21 տարեկանում Հալինան այրիացավ։ Պրոֆեսոր Եժի Ալեքսանդրովիչի և այլ լեհերի աջակցությամբ 1958 թ․-ին Հալինան մեկնեց ԱՄՆ՝ սրտաբանական վիրահատության, որը կատարվեց Ֆիլադելֆիայում։ Այնուհետև նա կրթաթոշակ ստացավ էլիտար Սմիթ քոլեջում, որտեղ ստացավ արվեստի բակալավրի աստիճան: Չնայած Սթենֆորդի համալսարանի դոկտորանտուրայում սովորելու առաջարկին՝ Հալինան վերադարձավ Լեհաստան՝ որոշելով փիլիսոփայություն ուսումնասիրել Կրակովի Յագիելոնյան համալսարանում։ Բանաստեղծուհին մահացավ սրտի հերթական վիրահատությունից հետո 1967 թվականին՝ Վարշավայում։
Մոտ եղիր ինձ
մոտ եղիր ինձ
միայն այդժամ
ես չեմ մրսում
ցուրտ է փչում հորիզոնից
երբ խորհում եմ
ինչ մեծ է նա
ինչ փոքր եմ ես
ինձ պետք են
երկու թևերդ փակ
երկու ճառագայթներ տիեզերքի
***
ուզում եմ գրել քո մասին
քո անունով պահել ցանկապատը ծռված
կեռասը սառած
քո շուրթերի մասին
ծալել թեքված տողերը
քո թարթիչների մասին ստել, որ մուգ են
ուզում եմ
խճճել մատներս մազերիդ մեջ
գտնել փոսիկը պարանոցիդ
որտեղ խլացած շշուկով
սիրտն հակադրվում է շուրթերին
ուզում եմ
անունդ խառնել աստղերին
արյան հետ
լինել քո մեջ
ոչ թե քեզ հետ
անհետանալ
ինչպես կաթիլն անձրևի, որին կուլ է տվել գիշերը
*****
իմ տան մասին
որի պատերը
կիսատ-պռատ երազներից են տաք
կգրեմ սիրունագույն մի բանաստեղծություն
մանկան մազերի մասին
որ չեն խճճվի երբեք
իմ կանացի ձեռքերում
շուրթերի մասին, որոնք մռայլ ծարավով
չեն կախվի գիշերներիս անհանգստության վրա
սիրո մասին, որ ծաղկում է
ամեն շշուկված բառում
վարդերի երանգներում
բույրի մեջ նոր հերկած խոտի
և աստղերի հապշտապ անկման մեջ
դառը
ոչնչացման մեջ թիթեռի թևերի
մարած բոցերի մեջ մոմի
սիրո մասին
որ կատարյալ է իր թխպոտ պատրանքով
****
երբ սիրում եմ
ուրեմն սիրում եմ
ու գիտեմ որ սիրում եմ
ամբողջ մարմինս տրվում է սիրուն
ու դիտելով ամենաչնչին թրթռումները
նուրբ մանրաթելերի
ինքնաճանաչման մեջ եմ սուզվում
ինչպես լճակում
ու հենց նույն ալեկոծ արյունը
սնում է ուղեղս
ու կուրծքս
և իմ մտքերը բարձրանում են ճիշտ կրծքիս նման
ու մտքերով ձգվում եմ դեպի անունը քո
ինչպես
ձեռքերս ձգվում են դեպ պարանոցդ
հորիզոնը ծածկված է կարմրով
այդ արևն է մեռնում
որպեսզի գիշերը ծնվի
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի