Ռոդրիգո Գարսիա Մարկեսը | Նամակ հորս` Գաբրիել Գարսիա Մարկեսին

The New York Times
Մայիսի 6, 2020

Գաբո,
Ապրիլի 17-ը մահվանդ վեցերորդ տարելիցն էր, և աշխարհը, ինչպես միշտ, լի էր մարդկանցով, որոնք վարվում են ապշեցուցիչ ու ստեղծագործ անգթությամբ, վսեմ մեծահոգությամբ ու զոհողությամբ և հաճախ այս ամենի միջակայքում:
Մի բան է նոր` համավարակը: Ինչքան գիտենք` այն ծագել է շուկայում, ու հենց այդտեղ էլ ցատկ արել կենդանուց դեպի մարդը: Վիրուսի համար սա գուցե փոքր քայլ է, իսկ իրականում` մեծ թռիչք: Երևույթը անկանխատեսելի արագությամբ այնքան զարգացավ, որ բնական ընտրությունից փոխակերպվեց փոքր, սակայն անհագ հրեշի: Բայց ինչ անարդար է վիրուսը հիշատակել նման բառերով, ու ես ցավում եմ, եթե խոսքերս վիրավորական հնչեցին: Այն պարզապես չի հանդուրժում մեր մեջ եղած որևէ հատուկ հիվանդություն: Եվ քանի որ կարողանում է, վերցնում է ու տանում: Մենք կարող հասկանալ սա, չէ՞ որ չունի որևէ անձնական շահախնդրություն:
Չկա մի օր, որ մտքումս չլինի քո «Սերը ժանտախտի օրերին» վեպից որևէ հատված և վերնագրի այնքան չնչին տարբերությունը կամ անքնության համաճարակը «Հարյուր տարվա մենության» մեջ: Չեմ կարողանում չմտածել, թե դու ի՜նչ կստեղծեիր այս ողջ պատմությունից: Քեզ միշտ հրապուրում էին ինչպես իրական կամ գրական երևակայության ծնունդ համաճարակները, այնպես էլ երևույթներն ու մարդիկ, որոնք նորից ու նորից վերադառնում են:
Դեռ չէիր ծնվել, երբ Իսպանական գրիպի համաճարակը պատուհասել էր մոլորակը, բայց մեծացար մի տան մեջ, որտեղ հեքիաթներն էին թագավորում և որտեղ ժանտախտը, ինչպես ուրվականներն ու զղջումը հրաշալի գրական նյութ պիտի դառնային: Դու ասում էիր, որ մարդիկ վաղ անցյալի իրադարձությունների մասին պիտի խոսեն այնպես, ասես դրանք տեղի են ունեցել գիսաստղի օրերին` հավանաբար ակնարկելով Հալլեյի գիսաստղի հայտնվելը 20-րդ դարի սկզբին: Ես հիշում եմ՝ ինչ անհամբերությամբ էիր սպասում քո աչքերով այն տեսնելուն, երբ պիտի վերադառնար հազարամայակի ավարտին ընդառաջ: Այն հմայել էր քեզ. առեղծվածային ժամացույց, որ լռության ժամն է ազդարարում 76 տարին մեկ անգամ, շրջան` մոտավորապես հավասար մարդուն տրված ժամանակին: Զուգադիպությո ՞ւն է: Հավանաբար պարզապես մի նոր շեղող հնարք: Դու աթեիստ էիր, բայց եզրակացրիր, որ անհավատալի կլինի, եթե դա մի արարչական ծրագիր չլինի, հիշո՞ւմ ես: Պատմությունն առանց պատմողի: Սրա մասին դու ավելի շատ պատկերացում ունեիր, քան ես:
Համաճարակը վերադարձել է: Չնայած գիտական մեծ առաջընթացին և մարդկային ցեղի նշանավոր հնարամտությանը, մինչև այժմ մեր լավագույն պաշտպանությունը դրա դեմ ուղղակի ներսում փակվելն է, այդ գիշատիչից քարանձավում թաքնվելը: Սա խոնարհության պահ է նրանց համար, ովքեր անգամ մի փոքր հակվածություն ունեն դեպի համեստությունը: Մյուսների համար՝ հերթական ձանձրալի երևույթն է, որը պիտի ճնշեն:
Քեզ հարազատ երկու երկրները` Իսպանիան ու Իտալիան ամենաուժեղ հարվածն են կրում: Քո հին ընկերներից մի քանիսը պայքարում են Բարսելոնայի, Մադրիդի, Միլանի իրենց նույն բնակարաններում, ուր երկար տարիներ անընդհատ այցելել եք դու և Մերսեդեսը: Այդ սերնդի տարբեր մարդկանցից լսել եմ, որ իրենք վճռականորեն դիմադրելու են գոնե հենց միայն այն բանի համար, որ տասնամյակներ շարունակ քաղցկեղը, բռնակալությունը, աշխատանքը, պատասխանատվությունն և ամուսնությունը վերապրելուց հետո չմահանան գրիպի հետևանքով:
Մահն ինքնին այդքան չի վախեցնում մեզ, որքան` մանրամասները: Վերջին կանգառն առանց հրաժեշտի, այլմոլորակայինի հագուստով անծանոթների հոգատարությունը, ազդանշանի անգթութ ձայներ հանող սարքերը, նույն վիճակում գտնվող մարդկանցով շրջապատված լինելը, սակայն հեռու հարազատներից: Քո ամենամեծ անձնական վախը` մենությունը:
Դու հաճախ խոսում էիր Դանիել Դեֆոյի «Ժանտախտային տարվա օրագրի» մասին՝ որպես քո վրա ամենամեծ ազդեցություն թողած երկերից մեկի, մինչդեռ մինչև երեկ մոռացել էի քո ամենասիրելի «Էդիպուս արքան»-` համաճարակը մարելու արքայի ջանքերի մասին: Իմ հիշողության կիզակետում միշտ է եղել արքայի ճակատագրի հեգնանքը, իսկ հիմա այն, որ հենց համաճարակն է ազատ արձակում այն ուժերին, որոնք արագորեն հասցնում են ողբերգական հետևանքների:
Մի անգամ ասացիր` համաճարակները մեզ տանջում են, որովհետև հիշեցնում են մեր անձնական ճակատագրի մասին: Չնայած նախազգուշական միջոցներին, բժշկական օգնությանը, տարիքին կամ հարստությանը, ցանկացած մեկը կարող է հայտնվել դժբախտ վիճակագրության մեջ: Ճակատագիր և մահ, շատ ու շատ գրողների նախընտրելի թեմաները:
Կարծում եմ, եթե դու հիմա ապրեիր, ինչպես միշտ, գերված կլինեիր մարդով: Մարդ տերմինն այլևս չի կիրառվում այդ նշանակությամբ, բայց ես բացառություն կանեմ ոչ որպես հակում հայրիշխանությանը, որը դու ատում էիր, այլ որովհետև այն կարձագանքի երիտասարդ և խոստումնալից գրողի ականջներում, ինչպիսին դու էիր մի ժամանակ: Բայց դու ավելի լեցուն էիր զգայություններով ու մտքերով, որոնց հետ գիտեիր ինչպես վարվել, նաև սուր զգացողություն ունեիր, որ ճակատագրերը գրված են անգամ Աստծո պատկերով ստեղծված և ազատ կամքով անիծված արարածների համար: Դու կցավեիր մեր դյուրաբեկության համար, կզմայլվեիր մեր փոխկապակցվածությամբ, կտխրեիր մեր տառապանքի պատճառով, կբարկանայիր մի քանի առաջնորդների անտարբերության վրա և կհուզվեիր առաջնագծում գտնվող մարդկանց հերոսականությունից: Եվ անհամբերությամբ կլսեիր այն մասին, թե ինչպես են սիրահարները միասին լինելու համար խիզախում անցնել բոլոր խոչընդոտները` ներառյալ մահվան վտանգը: Եվ ամենից շատ, ինչպես մի ժամանակ, դու կներշնչվեիր մարդ էակով:
Մի քանի շաբաթ առաջ, տանը փակվելու առաջին օրերին ուղեղս լարված փորձում էր հասկանալ, թե ինչ է այս ամենը նշանակում, կամ գոնե ինչ դուրս կգա սրանից: Ես պարտվեցի: Մառախուղը շատ խիտ էր: Հիմա վիճակն ավելի սովորական է դարձել, քանի որ աստիճանաբար համակերպվում ես անգամ ամենաահարկու պատերազմներին, բայց նույնիսկ հիմա ես դեռ անկարող եմ իրավիճակի գոհացնող պատասխաններ գտնել:
Շատերը վստահ են, որ կյանքը իր նախկին հունին երբեք չի վերադառնա: Հավանաբար մեզանից որոշ մարդկանց կյանքում մեծ փոփոխություններ կլինեն, մեծամասնության համար` ավելի քիչ, բայց կարծում եմ՝ շատ շատերը կվերադառնան պարելու: Քանի որ համաճարակը հաստատումն է այն բանի, որ կյանքն անհետանում է ամենաանսպասելի ձևով, ուրեմն արդյո՞ք չարժե, որ հիմա մենք ապրենք լիարժեք և վառ կյանքով: Սա քո թոռներից մեկի փաստարկն է:
Տեղաշարժման սահմանափակումները սկսել են որոշ տարածքներում մեղմանալ, աշխարհը աստիճանաբար կփորձի խիզախել՝ վերադառնալու դեպի սովորականը: Մոտալուտ ազատության մասին երազանքը ստիպեց մոռանալ անգամ վերջերս աստվածներին տրված խոստումը: Մեր սեփական եսի ու մարդկային ողջ ցեղի վրա համաճարակի ազդեցությունը խամրում է: Անգամ շատերը, ովքեր ցանկանում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, այսուհետ հակված կլինեն մեկնաբանել այն ըստ իրենց հարմարության: Գնումներ անելն իսկ արդեն մեծ վերադարձ է կատարում՝ որպես սիրելի թմրանյութ:
Ես դեռ մշուշի մեջ եմ: Թվում է, թե անցած փորձառությունը յուրացնելու համար դեռ պիտի սպասեմ այսօրվա և ապագայի վարպետներին: Ես անհամբերությամբ եմ սպասում դրան: Մի երգ, բանաստեղծություն, ֆիլմ կամ վեպ, որը վերջապես ցույց կտա այն հիմնականը, որի շուրջ եփվում էին մտքերս ու զգացողություններս: Երբ հասնեմ այդ կետին, վստահ եմ, որ ինքս ինձ հասկանալու համար դեռ էլի անելիք կունենամ:
Միևնույն ժամանակ մոլորակը շարունակում է պտտվել, և կյանքը դեռ շարունակում է լինել առեղծվածային, հզոր և ապշեցնող: Կամ ինչպես ինքդ կասեիր ավելի քիչ ածականներով և շատ բանաստեղծականությամբ` ոչ մեկը չի կարող որևէ բան սովորեցնել կյանքին:
Ռոդրիգո

Մարկեսի որդին` Ռոդրիգո Գարսիա Մարկեսը կինոգործիչ է:

Թարգմանությունը անգլերենից` Լիլիթ Երանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *