Վագներն ու կանայք | Սեր, կիրք, սնափառություն

Նամակներ ՝ ուղղված Միննա Փլաններին (Վագներ)

Դեռևս 1836 թվականին, քսաներեք տարեկան հասակում, Ռիխարդ Վագներն ամուսնանում է դերասանուհի Միննա Փլաների հետ (1809-1866):
Իրենց ամուսնությունը, սակայն, չենք կարող համարել հաջողված: Վագները, հետադարձ հայացք գցելով իր այդ ամուսնությանը, խոստովանում է, որ իրենց կապը պարզապես մի պատանեկան սխալ էր, քանզի չկար իր կնոջ կողմից ոչ մի հոգևոր կապվածություն:
Վագների անկայուն կյանքն իր բազմաթիվ տեղափոխություններով ու վերաբնակեցումներով, պարտատերերից փախուստով, քաղաքական հետապնդումներով, Միննան հիմնականում հանդուրժում էր հավատարմությամբ և համբերատարությամբ, բացառությամբ իրենց սիրային հարաբերությունների վերիվարների:
Վագների՝ Ցյուրիխի հարեւանուհու՝ Մաթիլդա Վեզենդոնքի հետ մտերմիկ հարաբերությունները Միննայի մոտ առաջացնում են բուռն խանդ, որն ի վերջո հանգեցնում է զույգի բաժանմանը։
Միննայի համար ֆինանսական հիմքեր ապահովելու համար Վագները հրաժարվում է պաշտոնական ամուսնալուծությունից։ Չնայած մշտական ֆինանսական դժվարություններին, Վագները միշտ հոգ է տանում կնոջ մասին։ Միննային ուղղված նամակները վկայում են այն մասին, որ նույնիսկ հարաբերությունների վերջնական խզումից և ամուսնալուծությունից հետո Վագները շարունակում է հուզմունքով անհանգստանալ Միննայի համար և շարունակում նվիրված լինել նրան: Միննան մահանում է 1866 թվականին սրտի երկարատև հիվանդությունից:
Զավակներ չունեին:

Լայպցիգ, մայիսի 6, 1835 թ.

Իմ սիրելի, սիրելի ու միակ կին: Ավելի քան քսանչորս ժամ է անցել առանց քեզ, մինչդեռ նախկինում քեզ հետ անցկացրած ամեն պահը հափշտակում էի ագահությամբ: Այս ի՞նչ է կատարվում, չեմ հասկանում: Մինչև հոգուս խորքը լցված եմ տխրությամբ և արցունքներով և ի վիճակի չեմ ուրախանալ ոչնչից, ոչնչից, ոչնչից: Դու ինձ համար շատ հարազատ ես դարձել. ես դա զգում եմ, դու՛ ամենագեղեցիկ, իմ սիրելի՜ կին: Ինչպե՞ս վարժվեմ քեզնից այդքան արագ բաժանվելուն, ինչպե՞ս կարող եմ լինել առանց քեզ: Դու դարձել ես իմ մի մասնիկը, և ես զգում եմ քո կորուստը մարմնիս յուրաքանչյուր բջիջում, երբ դու կողքիս չես: Ախ, եթե կիսեիր իմ կարոտի թեկուզ կեսը, ամբողջովին կլինեիր իմ սերն ու հիշողությունը։
Արցունքներս չեն դադարում: Ասա՛ ինձ, դու բարկանու՞մ ես ինձ վրա այն նամակի պատճառով, որը քեզ այդքան ուշ եմ ուղարկել։ Օ, եթե կարողանայի, կգայի քեզ մոտ ու հավերժ կմնայի քեզ հետ, ես դա լավ գիտեմ, կհրաժարվեի իմ ճանապարհորդությունից ու մնացած ամեն ինչից։ Ա՜խ, ո՞վ կարող է նկարագրել իմ մենությունը։ Այո՛, Միննա, ես սիրում եմ քեզ, և ների՛ր իմ համարձակությունը, ուստի հիմա հստակ գիտակցում եմ, որ ես քո մեջ շնչեցի այն կայտառությունն ու կենսական ուժը, որից դու զուրկ էիր նախկինում, կամ գոնե ես չէի նշմարում քո մեջ: Հաճախ մտածում եմ, որ դու ինձ չես սիրում, բայց այժմ համոզված եմ, այո, երբ քեզ նվիրեցի իմ վերջին համբույրը, քո սերը ծաղկեց, կրկնակի, ո՛չ, այն հազարապատիկ ուժով թափանցեց իմ մեջ։ Ա՜խ, հոգյակս, երբեք մի՛ մոռացիր ինձ, մի՛ դավաճանիր ինձ, եղի՛ր ինձ հավատարիմ, մնա՛ իմ Միննան, և եթե երբևէ սեր ես զգացել իմ հանդեպ, դարձրու՛ ամբողջ ուշադրությունդ ինձ վրա և երբեք մի՛ կիսիր ինձ ոչ ոքի հետ, որովհետև ես հանձնում եմ քեզ իմ սիրտն ամբողջովին ու անմնացորդ: Լսո՞ւմ ես։ Լսո՞ւմ ես։ Երբեք մի՛ դավաճանիր ինձ: Չես պատկերացնի, թե ինչ ցավալի զգացումով եմ հիշում բոլորիդ: Ես խորապես ցավում եմ՝ տեսնելով ձեզ այդ թշվառ ու նվաստացուցիչ պայմաններում: Ես կփորձեմ ինչ-որ բան անել Հաասի համար: Դու մերժեցիր իմ խնդրանքը՝ քեզ համար օգտակար լինելու: Դուք բոլորդ պետք է դուրս գաք այդտեղից, դա որոշված է: Ես ատում եմ Լայպցիգը և Մագդեբուրգը և շուրջբոլորը, ես միայն քեզ եմ սիրում։ Ա՜խ, շուտ արի այստեղ, որ քեզ տեսնեմ, տեսնեմ՝ դեռ սիրում ես ինձ, թե ոչ: Անմիջապես գրիր ինձ, եթե սիրում ես ինձ, եթե մտածում ես իմ մասին։ Գրի՛ր: Գրի՛ր: Եվ աջակցիր ինձ, իմ հրեշտակ: Շուտով ավելի շատ: Շուտով ավելի ուժգին: Ցտեսություն. Ցտեսություն. Հիշի՛ր ինձ, հիշի՛ր, մի՛ մոռացիր

Քո, Ռիխարդ

Ռայխելյան այգի, հետնաբակ
Հասցե՝ Ռոզալի Վագներ

***

Մագդեբուրգ, նոյեմբերի 5, 1835թ.
Միննա, ես հրաժարվում եմ հավատալ, որ դու ինձնից հեռացել ես, լքել ես ինձ: Միթե՞ չես վերադառնա ինձ մոտ: Սա չի կարող իրական լինել: Ա՜խ, անիծված լինի երեկվա օրը: Պետք է տեսնեիր, թե ինչ հոգեվիճակում էի երեկ: Գլուխս կորցրած թափառում էի, կորցրել էի մարմինս, վերածվել մի ստվերի: Ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում իմ առօրյայում՝ ո՛չ ջանքերս, ո՛չ գործերս, ո՛չ օպերան: Դու այդ ամենի շարժիչ ուժն էիր, կիզակետը, աղբյուրը, որից կախյալ եմ: Քո շուրջ են կենտրոնացած իմ բոլոր ձգտումները, իմ գործունեությունը: Ես այս ամենն անում եմ քո շնորհիվ, քեզ համար: Սիրելիս, այս օրվա նման ևս մեկ շաբաթ, և ես կհյուծվեմ վշտից ու կարոտից. նույնիսկ փողոցում չկարողացա զսպել արցունքներս: Ա՜խ, իսկ քո բնակարանը: Երբ ներս եմ մտնում, ցավն ինձ ջախջախում է։ Օ, Միննա, դու ինձ դժբախտ ես դարձնում ու նույնիսկ չես խղճում ինձ: Սիրտս կոտրված է, իմ առջև ամեն ինչ անշունչ է, տխուր է, ունայն: Եվ այս ապագան…Ինչի՞ս է այն ինձ դեռ պետք այստեղ: Ինչու՞: Եթե դու չվերադառնաս ինձ մոտ, և ես պարզեմ, որ դու որոշել ես ամրապնդվել Բեռլինում, ապա ես քո այդ քայլը ստիպված կլինեմ համարել դավաճանություն մեր սիրո հանդեպ: Այլևս աստվածներն անզօր կգտնվեն մեր փրկության մեջ: Ես վճռականորեն որոշել եմ հուսահատ արարքի դիմել: Որտե՞ղ: Ինձ չի հետաքրքրում. ես հաճույքով կնետվեմ դեպի հեռուները: Անհնար է, որ դու դեռ սիրես ինձ այս արցունքներն ու աղաչանքները սառնասրտորեն մերժելուց հետո:
Ա՜խ, Միննա, իմ աղջիկ, այն ամբողջ կրքով, որը բխում է իմ անեզր սիրուց, տե՛ս, թե ինչպես եմ գրկում քո ծնկները և, ասես հուսահատվելով մահվան սարսափից, աղաչում եմ քեզ՝ վերադարձիր ինձ մոտ կրկին: Եթե չգաս, իմ մահն անխուսափելի է, բայց եթե գաս, մեզ շուտով կսպասի երջանիկ ու հիանալի ապագա։ Ա՛րի, արի՛, այցելիր ինձ, այս անգամ ամբարտավան ձայներին մի՛ լսիր, որոնք բխում են մորիցդ, թե մեկ ուրիշից. լսիր ինքդ քեզ, լսիր քո սիրո ձայնին: Իսկ ինչո՞ւ պետք է այսպես աղաչեմ։ Չէի՞ կարող բոլորովին այլ կերպ խոսել։ Մի՞թե սիրո իրավունքով չէի կարող ասել՝ Միննա, վերադարձիր, ես հանդիսավոր կերպով առաջարկում եմ քեզ իմ ձեռքն ու մատանին, դու իմն ես: Եվ ես երդվում եմ Աստծուն, ես խոսելու մորդ հետ: Իսկ հիմա ուշադիր լսիր. Բեթմանն այնքան զայրացած էր, որ ցանկանում էր պայմանագիրը խզել, բայց ես արդեն մասամբ համոզել էի նրան, որ ների քեզ քո անօրինական հնարքի համար։ Նա ինձ ապացուցեց, որ «Ռոմեոն և Ջուլիետը» հովանավորված են ոչ թե իր, այլ Գրաբովսկու անմիջական կարիքների համար, և եթե նույնիսկ, Ջուլիետի դերը, որը նա բոլորովին չի նախատեսել քեզ համար, առաջարկի Գրաբովսկուն, քեզ բաժին կընկնեն Գրետխենի և Լուցիայի դերերը, դա հաստատ է:
Այնուամենայնիվ, պետք է սպասեք ժամկոչի վերադարձին, որպեսզի շարունակես մնալ քո լիարժեք իրավունքների մեջ: Սրանք իր իսկ խոսքերն են, նա միտումնավոր կերպով ասաց ինձ, որպեսզի քեզ փոխանցեմ։ Դու նույնիսկ ի վիճակի չես ինքդ քեզ հետ համաձայնության գալ, թե ում ես պատկանում՝ թատրոնի՞ն, թե ինձ։ Մենք կնշանվենք, դու պարզապես եղիր ինձ հետ, մնա իմ կողքին, ես կհոգամ քո մասին, մինչև վերջնականապես ոտքի կկանգնենք։ Միննա, ես քեզ ավելին չեմ կարող առաջարկել: Եթե մերժես այս ամենն ու լքես ինձ, հավանաբար կհասկանաս, որ ես այլևս չեմ կարողանա հավատալ քո սիրուն։ Աստված քեզ հետ: Ամեն։
Եվ, այսպիսով, ես ավարտում եմ խոսքս: Ավելին ասել չեմ կարող: Ես խոսեցի որպես սիրեկան և տղամարդ՝ ամեն ինչ կշռադատելով։ Դու էլ կշռադատիր ու հայտնիր կարծիքդ որպես կին:

Քո նշանածը՝ Ռիխարդ Վագներ

***
Բեռլին, մայսիսի 23. 1836թ.
Երեկ ծննդյանս օրն էր: Վատ ու անշուք օր էր: Հյուրեր չկային: Ոչ ոք չէր եկել՝ տարեդարձս շնորհավորելու:
Ախ, Միննա, սա իսկական դժբախտություն է… Ես չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե մեր այս դրախտային միությունն իրական չլիներ: Զգացմունքներս բթացել են ամեն ինչի հանդեպ, ներաշխարհս՝ խեղաթյուրվել: Միայն մի բան կարող է ինձ փրկել: Քեզ հետ երջանիկ կյանքը կարող է վերադարձնել ինձ իմ երբեմնի կենսական ուժը, որից զուրկ եմ հիմա: Միայն այդժամ ես կդառնամ ուժեղ ու երջանիկ ու կանցնեմ իմ տղամարդկային պարտականություններին: Յուրաքանչյուր չնչին հույսի մի նշույլ, որն ինձ հեռվից ձեռքով է անում, անէանում է, երբ դու չկաս, երբ կողքիս չես: Սիրելիս, քիչ առաջ ընթերցում էի քո բոլոր նամակներն իրենց ճշտգրիտ հերթականությամբ և օրհնյալի պես ուրախանում, որ մենք սիրում ենք իրար: Մեր սերը վերափոխվեց, զարգացավ ու դարձավ ավելի մտերմիկ և ամուր: Եվ այժմ մեր սերը դիպչում է ինձ մինչև հոգուս խորքը: Տե՛ս, իմ Միննա, ես տենչում եմ քեզ, կարծես գլուխս կորցրած մի դեռահաս լինեմ, կարոտում եմ քեզ նույն ուժգնությամբ, ինչպես մեկ տարի առաջ՝ նույնքան սիրավառ ու եռանդուն: Եվ սիրում եմ: Եվ ի՜նչ սիրով եմ սիրում: Ոչ մի զույգի չհաջողվեց պահպանել իրենց սերն, ինչպես մեզ: Մեզ հաջողվեց դա: Կյանքի դառն ու ընկճող տարաբախտությունների կիզակետում՝ կրելով տառապանքների թեթև բեռը, մենք ձգվում ենք իրար ու սիրում իրար՝ չնկատելով կյանքը մեր շուրջը: Կարծես կյանքը չի դիպչում մեզ, այն շրջանցում է մեզ: Իմ սերը քո հանդեպ դեռ այսքան ամուր չէր եղել: Հրաշալի է, այնպես չէ՞: Եվ ինչերի՜ միջով ենք անցել երկուսով: Մի՞թե մենք պարզապես սովորական սիրահարներ ենք: Բայց և այնպես, մենք բազմաթիվ փորձությունների միջով ենք անցել ու ավելի փորձունյա ենք ու սերտորեն միաձուլված ենք, քան բազմաթիվ այլ ամուսնական զույգեր: Մենք կպայքարենք ու փայլուն օրինակ կծառայենք, թե ինչ է կատարյալ ու իրական սերը, և ինչի է այդ սերն ընդունակ: Վերջերս օպերայի թատրոնում հանդիպեցի Ֆիդելոյին, Շվաբեն նստած էր կողքիս: Երբ Լեոնորը փրկեց Ֆլորեստանին ու գրկախառնվեց իր հետ, այդ պահին պարզապես չկարողացա զսպել տաք արցունքներս: Շվաբեին թվաց, թե իրենց դերասանական խաղն էր ինձ այդպես հափշտակել…Ա՜խ, պետք է տեսնեիր, ինչ էր կատարվում իմ ներսում:
Օ՜, բայց ինչ էր կատարվում ինձ հետ։ Մտածում էի, որ և՛ Լեոնորան, և՛ Միննան գուցե իրենց կյանքը կտա՞ն ինձ համար, թե նրանք այնքան մեծ տառապանքներ չեն կրի: Հեռանալ Միննայից: Ոչ, ես սառնասիրտ մարդկանց պես չեմ, ես ընդունակ չեմ դրան: Կին, ով պահապան հրեշտակ է, կին, ով իր քնքուշ սիրով սատարելու և ուղեկցելու է ինձ: Այդպես չէ՞, իմ Միննա, կանեի՞ր դա: Ես գիտեմ, որ դու դա կանեիր, դու ինձ ապացուցեցիր, իսկ ես՞, ի՞նչ կասես: Ուզածս ինչ է՞, չգիտեմ: Կարծու՞մ ես, մենք կարո՞ղ ենք դեռ պառակտվել, մի՞թե դեռ միասնական չենք, ի՞նչ կապ կարող է լինել ավելի ամուր, քան մերը։ Կա՞ ավելի ուժեղ բան, քան այն, ինչը կապում է մեր տառապանքն ու կարեկցանքը: Այդ ամենը մեզ միավորեց ու դու դարձար իմ կինը: Դու իմ կինն ես:

Ռիխարդ Վագներ
«Նա, ով ծնվել էր հանճար դառնալու համար»
Նամակագրություններ ու ձեռագրեր հրատարակված Բրունո Կեռնի կողմից, Վիզբադեն, 2013
(Տեքստը ընտրվել և հիմնովին խմբագրվել է Լայպցիգի հրատարակության կողմից, 1880-1898 թթ.)

Թարգմանությունը գերմաներենից՝ Տաթև Շվաբաուերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *